Հայոց պատմությունը հասանելի է Եվրոպայի համար

Իսավերտենցի «Հայոց պատմություն» ֆրանսերեն գիրք ալբոմը
18-րդ դարի սկզբից Վենետիկի Սուրբ Ղազար կղզում գործող Մխիթարյան միաբանությունը դառնում է ոչ միայն եվրոպական գրականության, գիտության և ընդհանրապես ժամանակի հասարակական-քաղաքական մտքի տարածողը հայ իրականության մեջ, այլև Մխիթարյանները Հայաստանն են ներկայացնում աշխարհին՝ իրավամբ դառնալով հայ մշակույթի դեսպանները Եվրոպայում, փոքրիկ Հայաստան ստեղծելով Ս. Ղազարում:
Մխիթարյաններն իրենց առջև խնդիր են դնում եվրոպական տարբեր լեզուներով հանրահռչակել հայ ժողովրդի մշակույթը, պատմությունը և այն հերոսական ուղին, որով նա անցել է դարերի խորքից։ Ըստ այդմ՝ նրանք սկսում են հայոց պատմությանը նվիրված գրքեր հրատարակել իտալերեն, ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն և այլ լեզուներով:
Այս առումով առանձնանում է հատկապես Հայր Հակոբոս վարդապետ Իսավերտենցը (1835-1902), որը 1888 թվականին Վենետիկում ֆրանսերեն հրատարակում է «Հայոց պատմություն» (Histoire de l’Arménie) մեծադիր գիրք-ալբոմը, որը հայոց դարավոր պատմության տարբեր իրադարձությունները ներկայացնում էր հանրամատչելի շարադրանքով և տպավորիչ փորագրանկարներով:
Հայր Իսավերտենցը ծնվել էր 1835 թ. Զմյուռնիայում: 1846թ. ընդունվում է Մխիթարյանների՝ Վենետիկում գործող Մուրադ Ռաֆայելյան վարժարանը, որն ավարտելով ձեռնադրվում է և դառնում Մխիթարյան միաբանության անդամ: Մխիթարյան հայրերի շարքում նա իր կարևոր վաստակն ունի հայագիտության բնագավառում: Հեղինակ է մի շարք պատմական, փիլիսոփայական, աշխարհագրական, լեզվաբանական աշխատությունների:
Իսավերտենցը հիանալի տիրապետում էր անգլերեն, հունարեն, իտալերեն, ֆրանսերեն լեզուներին և արժեքավոր նպաստ է բերել նաև հայերեն տարատեսակ աշխատություններ այդ լեզուներով թարգմանելու հարցում: Հատկապես նշելի է նրա մեծ ներդրումը Հայր Ղևոնդ Ալիշանի Կիլիկիայի պատմությանը նվիրված «Սիսուան» մեծադիր հատորի ֆրանսերեն հրատարակման գործում:
Նա նաև որոշ ժամանկ եղել է առ այսօր հրատարակվող նշանավոր «Բազմավէպ» պարբերականի խմբագիրը (1871-1872 թթ.):
Հայր Հակոբոս վարդապետ Իսավերտենցը վախճանվել է 1902թ. օգոստոսի 28-ին: Արևելքից արևմուք Իսավերտենցի մահվան բոթը հաղորդած հայկական ամսագրերում և թերթերում կարմիր թելի նման այն միտքն է անցնում, որ նա հայ ժողովրդի իրական նվիրյալ էր: «Բազմավէպ»-ի մահախոսականում և Թիֆլիսում հրատարակվող «Մշակ» թերթի հաղորդագրության նախաբանում ասվում էր, որ «նա իր ողջ գործունեությունը նպատակամղեց հայ ժողովուրդը Եվրոպային ծանոթացնելու գործին, որով ինքը անծանոթ մնաց»: Եվ այդ նույն միտքն ավելի խտացված կերպով կարդում ենք Մարսելում տպվող «Արմէնիա» լրագրում. «Իսավերտենցի մահով Մխիթարեան Միաբանութիւնը կործրեց իր անուանի երախտավոր միաբաններից մեկին, իսկ հայ ազգը զրկվեց Հայաստանը օտարներին ծանօթացունող վաղեմի ժրաջան մի գործչից»:
«Հայոց պատմություն» գիրքը գրելիս Հակոբոս Վարդապետն իբրև պատմական հենք օգտվել է Մովսես Խորենացու (5-րդ դ․) «Հայոց պատմություն»-ից և Միքայել Չամչյանի (1738-1823 թթ.) եռահատոր պատմական աշխատությունից՝ դրանցից ընտրելով և եվրոպացի ընթերցողին ներկայացնելով թե´ նշանավոր իրադարձությունները և թե´ այն դեպքերը, որոնք իրեն գեղեցիկ և հուզիչ են թվացել:
Այսպիսով, Իսավերտենցի հրատարակած «Հայոց Պատմություն» գիրքն ունի 390 էջ և դրանում տեղ են գտել իտալացի նկարիչների ստեղծած 62 փորագրանկարներ: Այս մեծադիր ալբոմի հրատարակությունն իրականացվել է հնդկահայ վաճառական Հովհան Հարությունյան Բատավիացու բարերարությամբ:
Փորագրանկարների ստորագրություններից պարզ է դառնում, որ դրանք պատրաստել և հրատարակությանը մասնակցել են ժամանակի իտալացի հայտնի երեք նկարիչներ՝ Ջուլիանո Ձասսոն, Ջովանի Ֆուզարոն և Ջուզեպպե Կանելլա Կրտսերը:
Իտալացի այս նկարիչները եվրոպական դասական գեղանկարչության լավագույն ավանդույթներով կարողացել են վերստեղծել հայոց պատմության իրապատում և առասպելական միջավայրը՝ բնապատկերների, ճարտարապետական շինությունների, քաղաքային ու ռազմական տեսարանների, պալատական ինտերիերների, ժամանակի հագուստների, զենքուզրահի վարպետորեն պատկերմամբ։
Սակայն, հասկանալի է, որ փորագրիչները ստեղծագործական երևակայությունից և նկարչական ձիրքից բացի պետք է նաև որոշակի գիտելիքներ ունենային հայ ժողովրդի պատմության և մշակույթի վերաբերյալ: Այս հարցում նրանց օգնել է Հայր Իսավերտենցը: Նա Վենետիկի Ռաֆայելյան վարժարանում սովորելու տարիներին վարժվել էր նաև նկարչական արվեստի մեջ և անձամբ աշխատել է իտալացի նկարիչների հետ՝ նրանց գիտելիքներ հաղորդելով հայկական մշակույթի մասին, որպեսզի նրանք տեքստին հարազատ մնալով՝ ճիշտ պատկերեին կերպարների էությունը, տիրող տրամադրությունը, շրջապատը և անգամ բնությունը, որ վերջինս տեղայնանար և պատմականանար ըստ տվյալ իրադարձության:
Գիրքը սկսվում է հայոց պատմության ակունքներից՝ հայերի նախահայր Հայկի և թշնամի Բելի ճակատամարտի պատմությունից և ավարտվում է Դավիթ Բեկի 1720-ական թվականներին Սյունիքում ծավալած ապստամբական շարժմամբ: Սակայն գրքում տեղ գտած վերջին պատկերը վերաբերում է 1269թ.-ի իրադարձություններին՝ Կիլիկյան Հայաստանի Հեթում Երկրորդ արքայի՝ իր զավակների մահվան համար ողբալուն, և հետագա դարերի դեպքերի նկարագրությունները գրքում մնացել են առանց համապատասխան նկարազարդումների: Հավանաբար, նկարիչները չեն կարողացել ժամանակին ավարտել փորագրանկարների պատրաստումը և վերջին 8 թեմաները մնացել են առանց պատկերների: Այս առումով կարևոր է ընդգծել, որ Իսավերտենցը ցանկացել է իտալացի նկարիչներին պատվիրել նաև գրքում հրատարակված նկարների ավելի փոքր չափերով փորագրանկարները՝ հետագայում դրանք նաև հայկական դասագրքերում տպագրելու համար: Սակայն իտալացի նկարիչներից մեկը պատահարի արդյունքում խեղդվել է Վենետիկի ջրանցքներից մեկում և չի հասցրել կատարել աշխատանքը: Հակոբոս Վարդապետը մինչ մահ փափագել է իրականացնել նաև այդ մանկավարժական ծրագիրը, սակայն այդպես էլ չի հասցրել:
Եվրոպական արվեստում իրար հաջորդած երկու այս ոճերը Մխիթարյան միաբանության ստեղծագործություններում և հրատարակություններում միաձուլվել են, և իրենց յուրօրինակ արտահայտությունը գտել նաև Հայր Իսավերտենցի գրքի պատկերներում:
Ռոմանտիզմին բնորոշ ձևով պատերազմների, ճակատամարտերի և մենամարտերի բոլոր տեսարաններում որպես երկու ծայրահեղություններ տարբերակվում են բարին և չարը: Ինչպես, օրինակ, Հայկի և Բելի ճակատամարտի փորագրանկարում: Իսկ նկարների կոմպոզիցիայում պահված է կլասիցիզմին բնորոշ սիմետրիկ հավասարակշռության սկզբունքը: Փորագրանկարչությունն ի տարբերություն գեղանկարչության, սահմանափակված լինելով միայն սև և սպիտակ գույներով, լուսաստվերային մոդելավորմամբ ապահովում է փորագրանկարների եռաչափ տեսքը:
Հարկ է նշել, որ գրքի փորագրանկարների երեք հեղինակներն ունեն իրենց տարբերվող անհատական ձեռագիրը, սակայն նրանք հետևել են կլասիցիստական ոճին և ներկայացման պատմողական տարբերակին:
Գրքում զետեղված նկարների մեծ մասի հեղինակը Ջուլիանո Ձասսոն է: Նրա և Ջուզեպե Կանելլա Կրտսերի փորագրանկարներին բնորոշ է դինամիզմը: Կերպարները շարժուն են, նրանց դեմքերը հաճախ արտահայտում են բուռն հույզեր: Ըստ սյուժեյի թելադրման դրանք հաճախ նաև լցված են եթերային, երազային շնչով: Օրինակ, նախաքրիստոնեական Հայաստանը ներկայացնող նրա փորագրությունները, որոնցում օդում ճախրող աստվածները, վիշապները և խորհրդավոր արտաքինով երկարամորուս քրմերը փոխանցում են անտիկ, հեթանոսական, առասպելական միջավայրի շունչը:
Ջովանի Ֆուզարոյի աշխատանքներին բնորոշ են ստատիկ և կայուն գծերը, հավասարակշռված և համաչափ կոմպոզիցիաները, զսպված և թույլ արտահայտված հուզականությունը:
Առանձնակի ուշադրության են արժանի փորագրանկարներում պատկերված կանացի կերպարները: Հայ հերոսուհիները հաճախ հունական աստվածուհիների են նմանվում իրենց նուրբ արտաքինով, սանրվածքով և հագուստով: Նրանց սլացիկ մարմինները հելլենիստական քանդակներ են հիշեցնում, սակայն նրանք արձանի նման անկենդան չեն․ նրանց հույզերն ու ապրումները դրոշմված են իրենց դեմքին:
Վստահորեն կարող ենք ասել, որ Հակոբոս Վարդապետ Իսավերտենցի «Հայոց պատմություն» գիրքը Մխիթարյան միաբանության օտարալեզու կարևորագուն հրատարակություններից մեկն է, քանի որ այն Եվրոպայի համար հանրամատչելի ձևով ճանաչելի դարձրեց հայոց դարավոր անցյալը՝ սկզբնավորումից մինչև գրեթե հրատարակչի ապրած օրերը:
Հայոց պատմության տարբեր դրվագները պատկերող այս գրքի փորագրանկարները վարպետորեն միաձուլում են կլասիցիզմի և ռոմանտիզմի գեղարվեստական ավանդույթները։ Եվ այդ նկարազարդումները ոչ միայն ծառայում են որպես պատմական իրադարձությունների վիզուալ պատկերում, այլ նաև հայ ժողովրդին ներկայացնում են որպես եվրոպական էսթետիկ պատկերացումների և բարքերի կրող:
Այսպիսով, կարող ենք ասել, որ իտալացի նկարիչները հայոց պատմական նշանավոր դրվագները պատկերել են հին արևելյան և հունահռոմեական անտիկ պատմության կարևոր դեմքերի ու դեպքերի հետ միահյուսված՝ դրանով իսկ հայոց պատմությանը համաշխարհային պատմության շունչ հաղորդելով։
Շողակաթ Դևրիկյան
Պատկերներ․
Նկ. 1 Ջուլիանո Ձասսո «Հայկի և Բելի ճակատամարտը»
Նկ. 2 Ջովանի Ֆուզարո «Գիսակ զորավարը պատերազմի ժամանակ փրկում է Հայոց Արտաշես թագավորին»
Նկ. 3 Ջուլիանո Ձասսո «Վարազդատ թագավորը սպանում է իր վրա հարձակված հինգ լամբարդացիներին»
Նկ. 4 Ջուզեպպե Կանելլա Կրտսեր «Արտաշեսի հուղարկավորությունը»
Նկ. 5 Ջուլիանո Ձասսո «Հեթում Առաջինը ողբում է իր զավակների համար»
Նկ. 6 Ջուլիանո Ձասսո «Տիգրանուհին հարսնության է գնում Մարաստանի Աժդահակ թագավորին»




