Հայոց ազգային բանակը մեր անկախության ամենամեծ ձեռքբերումն է

Դեռ 28 տարի առաջ Վազգեն Սարգսյանը խոսում էր այն մասին, որ ԱԶԳ-ԲԱՆԱԿ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆ եռամիասնությունն այլընտրանք չունի: Ինչպես միշտ հերոսները խոսում են՝ մենք չենք լսում: Եվ այսօր ունենք այն, ինչ ունենք: Հայոց բանակի օրվա առիթով «ArtCollage»-ի ընթերցողներին առաջարկում ենք կարդալ Վազգեն Սարգսյանի 1997 թվականի Մարտի 1-ի հեռուստաելույթի տեքստը:
***
Առանց համաժողովրդական սիրո և հոգածության, անգամ լավ բանակով երկիր չի պահվում:
Դիմելով Ձեր ինքնագիտակցությանը՝ մենք պաշտպանության նախարարությունում կարիք ունենք գտնելու ԱԶԳ-ԲԱՆԱԿ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆ միասնական ուղիները. միմյանց օգնելու, վստահելու ճանապարհները:
Հայ ժողովուրդը վերջին 7-8 տարիներին համազգային սխրանք է գործել, և անչափ ցավալի, ճակատագրական կլինի, եթե թյուրիմացությունների, անվստահության, անմիաբանության պատճառով հանկարծ տանուլ տանք արյունով ու մաքառումներով ձեռք բերվածը:
Յուրաքանչյուր ժողովուրդ իր պատմության ընթացքում գոնե մեկ անգամ իր կռիվը պիտի մինչև վերջ տա: Աշխարհի ուժեղներն այդ բանն արել են միջին դարերում. մյուսները՝ ավելի ուշ, և յուրաքանչյուրն ըստ արժանվույն իր տեղն ու դերն ունի այս արևի տակ: Մենք, ցավոք, մեր բոլոր կռիվների կեսին հոգնել, անտարբեր ենք դարձել, պառակտվել ենք: Արդյունքում՝ 20-րդ դարավերջին ընդամենը գոյատևման կռիվ ենք տալիս: Մաքառում ենք պետականության ձևավորման համար: Տասնյակ, հարյուր տարով ետ ենք ընկել ծաղկող-բարգավաճող երկրներից: Մինչդեռ, քաղաքակրթությունը Նոյ նահապետի հետ հենց մեր հողից է ծնունդ առել, քրիստոնեությունը, որպես քաղաքակրթության հիմնաքար, պետականորեն առաջինը մենք ենք ընդունել:
Մոռանա՞նք այդ մասին:
Պատմությունն այսօր մեզ հրաշալի հնարավորություն է ընձեռել. վերհիշել մեր նախնյաց փառքը, հասնել ժամանակի գնացքին: Ավելին՝ մեր ողջ պատմության ընթացքում մենք երբեք ավելի մոտ չենք եղել մեր վերջնական հաղթանակին. Էլի մեկ-երկու լիարժեք քայլ, էլի մի քիչ համբերություն, փոխադարձ հանդուրժողականություն, և 21-րդ դարը մերն է լինելու:
Հայոց ազգային բանակը, որ մեր անկախության ամենամեծ ձեռքբերումն է, պատրաստ է դառնալ մեր միասնության խարիսխը: Հասարակական-տնտեսական նոր հարաբերությունների, բևեռացումների պայմաններում բանակը դեռևս միակ ավազանն է, ուր միաձուլվում են մեր ժողովրդի բոլոր խավերը: Օգնենք, որ համաձուլվածքը մաքուր և կտրուկ լինի: Պաշտպանենք մեր բանակը շուկայական ու քաղաքական ներխուժումներից, որպեսզի վաղը՝ պատերազմի կրկնման դեպքում, նա մեզ պաշտպանի: Ավելին՝ եթե ուզում ենք, որ պատերազմը չկրկնվի, ապա մենք հակառակորդից առնվազն երկու գլուխ ուժեղ բանակ պիտի ունենանք: Այսօր ունենք այդ առավելությունը:
Հանուն խաղաղության պիտի չկորցնենք այն:
Ես վախենում եմ մեր հասարակության, նաև սփյուռքահայերի այսօրվա անտարբերությունից՝ հնարավոր ռազմաքաղաքական բարդությունների նկատմամբ: Սթափվել է պետք, առջևում ծանր անակնկալներ կան:
Ես վախենում եմ ընդդիմության ատելությունից՝ բանակի նկատմամբ: Սթափվել է պետք, դա նաև ձեր և ձեր երեխաների պաշտպան բանակն է:
Ես վախենում եմ իշխանությունների թուլացող ուշադրությունից՝ բանակաշինության նկատմամբ: Սթափվել է պետք, պատերազմը դեռ չի ավարտվել:
Վերջապես ես վախենում եմ բոլոր հնարավոր «փրկիչներից»: Ուզում եք փրկել՝ խնդրեմ, լծվեք, միասին տանենք այս ծանր նավը: Աշխատանք այնքան կա, որ բոլորիս կհերիքի, բոլոր հայերին՝ աշխարհի բոլոր ծայրերում: Միայն այսպես մենք կամրապնդենք մեր համազգային, համաշխարհային դիմադրությունը վաղվա փորձությունների նկատմամբ: Իսկ զինված ուժերն այդ դեպքում կլինեն անպարտելի:
Վազգեն Սարգսյան