Հայնրիխ Հայնե՝ Սուրենյանցի թարգմանությամբ

Վարդգես Սուրենյանցի տաղանդի ու նրբագեղության դրսևորումները գեղանկարչությունից դուրս  նրա արվեստի սիրահարները կգտնեն Սուրենյանց  թարգմանչի գործերում: Գրական հրաշալի նկարազարդումներով հայտնի գեղանկարիչը  հաճախ էր տրվում թարգմանության վայելքին: 10 լեզուների  գիտակ Սուրենյանցը բնագրային թարգմանություններ է արել արևմտաեվրոպական գրականությունից:  Շեքսպիրից թարգմանել է «Հուլիոս Կեսար», «Ռիչարդ Երկրորդ», «Վինձորի զվարճասեր կանայք», «Օթելլո» և «Ամառային գիշերվա երազ» պիեսները: Թարգմանել է նաև Օսկար Ուայլդ, Գյոթե  և Հայնե:

«Մենք ստիպված ենք մեծ առավելություն համարել, եթե թարգմանիչը բանաստեղծական երկասիրության 13 պատճենում բնագրի բոլոր մնացյալ հատկությունները կարելույն չափ պահպանել է»,- թարգմանության  արվեստի մասին ասում էր նկարիչը: Ներկայացնում  ենք Հայնրիխ Հայնեի   բանաստեղծությունների՝ Սուրենյանցի թարգմանությունը: 

 

***

Սիրտոս ճնշված է, հոգիս պղտորված,

Անցյալ դարերը միտքս են ընկնում,

Երբ հյուրընկալ էր, զվարթ էր աշխարհ,

Մարդս էլ հանգիստ էր ապրում աշխարհում։

Իսկ այժմ ամեն բան ասես փոխված է․

Չորս դին նեղություն, կսկիծ է տիրել։

 

Ասես վերևում աստված մթնած է,

Եվ ներքևումը՝ սատանան մռայլ։

Չորս դին մելամաղձ, տխուր պատկերներ,

Մգլած, սառած է այժմ ամեն բան,

Եվ եթե այդ փոքրիկ սերը չլիներ,

Չէինք ունենա ոչ մի ապաստան։

 

***

Երբ իմ ցավերից ձեզ գանգատվեցի,

Լուռ լսում էիք դուք մեծ ձանձրությամբ,

Բայց երբ նոցանից երգեր հյուսեցի,

Դուք ինձ գովեցիք չափազանցությամբ։

 

***

Երբ իմ չքնաղը ինձնից հեռացավ,

Ես բոլորովին խնդալ մոռացա,

Սրախոսում էր մեկը անհաջող,

Սակայն ծիծաղել ես չէի կարող։

Իսկ այն օրից, երբ նրանից զրկվեցա,

Ես լալ հավիտյան իսպառ մոռացա։

Սիրտս ճաքում է ցավից իր նեղող,

Սակայն լաց լինել երբեք չեմ կարող։

 

 

Հայնրիխ Հայնե

Գերմաներենից թարգմանությունը՝ Վարդգես Սուրենյանցի