Հայկական ներկապնակ ցրտաշունչ Պետերբուրգում

Հազվադեպ է պատահում, որ Հայաստանից դուրս ծնված (այն էլ՝ կիսով չափ հայ)  նկարչի համար հայկականը լինի ստեղծագործության կարևորագույն, անբաժանելի մաս: Զավեն Արշակունին այդ արվեստագետներից է, և ավելին՝ բացառիկ ոչ միայն դրանով: Ի հեճուկս կյանքի բազում դառնությունների՝ նրան վիճակված էր դառնալ Սանկտ Պետերբուրգի ամենաճանաչված և ազդեցիկ արվեստագետներից մեկը, որի գործերն այսօր էլ զարդարում են ռուսական առաջնակարգ թանգարանների ցուցադրությունները։

Զավենի հայրը՝ Պետրոս Արշակունին, քանդակագործ էր Երևանից, որը Լենինգրադ էր մեկնել ուսանելու և որպես օգնական աշխատում էր քանդակագործ Ն․ Տոմսկու մոտ՝ տեղի հայկական Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում։

Լենինգրադում էլ 1932-ի մայիսի 13-ին ծնվում է Զավենը։ Վաղ տարիների ամենավառ հիշողությունները՝ ուղևորությունները տրամվայով և Նևա գետը, հետագայում հաճախ պիտի արտացոլվեին նրա կտավներում։ Սակայն սկսվում է պատերազմը, և ապագա նկարիչը մանուկ հասակում վերապրում է լենինգրադյան դաժան շրջափակումը։ Զավենը որբանում է, երբ դեռ տասը տարեկան էլ չկար․ հայրը զոհվում է Պուլկովյան բարձունքներում, իսկ մայրը՝ Լյուդմիլա Մարտինովան մահանում է սովից։ Հասկանալիորեն, հետագայում նկարիչը չի սիրել պատմել շրջափակման տարիների մասին ու հազվադեպ է անդրադարձել այդ թեմային։

Որոշ ժամանակ Զավենը մնում է որբանոցում, այնտեղ զբաղվում նկարչությամբ, իսկ 1944 թվականին նրան գտնում է հորեղբայրը և փոխադրում իր մոտ՝ «վարդաբույր» Երևան, որտեղ Զավենն ապրում է մինչև 1946-ը։ Լենինգրադում Արշակունին նախ սովորում է Գեղարվեստական միջնակարգ դպրոցում, ապա 1954 թվականին ընդունվում է Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ՝ սովորելով Մինաս Ավետիսյանից մեկ կուրս ցածր։ Բնական է, որ թե՛ ոճական և թե՛ գունային նմանություններ կան այս երկու նկարիչների ձեռագրում։ Այլ հարց է, որ Արշակունին նախընտրել է բազմազանությունը և՛ արտահայտչամիջոցներում (նա զբաղվել է գեղանկարչությամբ ու գրաֆիկայով, բեմանկարչությամբ ու դեկորատիվ-կիրառական արվեստով), և՛ ոճում, և՛ թեմաներ ընտրելիս։ Հանուն արդարության արժե նշել, որ բազմաթիվ աշխատանքներում («Դեպի տուն», «Բակ», «Կանայք», «Աշուն», «Երեկոյան փողոց», «Փողոց» և այլն) Արշակունին ակնհայտորեն հետևել է ինչպես Մինասին, այնպես էլ իր ամենասիրելի նկարիչ Սարյանին։

Ակադեմիայում սովորելու տարիներին Արշակունին վերստին այցելում է Հայաստան, ինչը նշանակալի ազդեցություն է թողնում նրա ստեղծագործական սկզբունքների ձևավորման վրա։ Հայրենադարձ նկարիչների արվեստանոցներում նա ծանոթանում է պայմանականություններից զերծ արվեստին, տեղեկանում ԽՍՀՄ սահմաններից դուրս գոյություն ունեցող գեղարվեստական շարժումների և երևելի վարպետների մասին։ Այս շրջանում նրա ստեղծած գեղանկարները («Հին Երևան», «Գյուղ սարերում» և այլն) ոչ մի ընդհանրություն չունեն արվեստի մասին խորհրդային պաշտոնական պատկերացումների հետ։ Հովվերգական շունչն ու արևային գույներն են տիրապետում «Հայաստան» (1959), «Հայաստան․ Գարունը լեռներում» (1960) գործերում․ վերջինիս ավելի ուշ ոճական և թեմատիկ վերանդրադարձն է «Աղբյուրի մոտ» աշխատանքը (1999)։

Ֆորմալիզմի դեմ պայքարի պատճառաբանությամբ խոստումնալից ուսանող Արշակունուն թույլ չեն տալիս պաշտպանել դիպլոմային աշխատանքը՝ հայկական թեմայով արված «Գարուն» կտավը։ Ի վերջո, նա ավարտում է ինստիտուտը մեկ այլ՝ առավել ռեալիստական աշխատանք ներկայացնելով։

1962-ին Մինասի հորդորով Արշակունին իր «Գարուն» կտավը ներկայացնում է Հայաստանում կազմակերպված ցուցահանդեսին, արժանանում ջերմ ընդունելության և անձամբ ծանոթանում Մարտիրոս Սարյանի հետ, իսկ կտավն իր տեղն է զբաղեցնում Հայաստանի պետական պատկերասրահում։ Հայկական երանգներով ոգեշնչված Արշակունին սկսում է նույն գույներով պատկերել ցրտաշունչ, խոնավ Լենինգրադը։ «Կարծում եմ, որ հայրս է մեղավոր․ նա է արևի այդ կտորը իմ մեջ դրել»,- կատակում էր Արշակունին։ Հետագայում էլ իրականության ուրվատեսիլային այլափոխումը մնալու է Արշակունի արվեստագետի բնորոշ գծերից մեկը։ Արվեստաբան Միխայիլ Գերմանն այդ ոճը բնորոշում է որպես «երազներ իրականության մասին»։

1960-70-ականների սահմանագլխին Արշակունին հրապուրվում է կուբիզմով, ինչի արտահայտություններն են «Պատուհան» (1968), «Նատյուրմորտ հայելիով», «Առավոտ» (1969), «Ձմեռ» (1970) մեծածավալ կտավները։

Այլ համախոհ արվեստագետների հետ նա ստեղծում է «Տասնմեկի» գեղարվեստական խմբակը, որի 1972 թվականի ցուցահանդեսը Օխտայում մեծ իրարանցում առաջ բերեց։ Հակադրվելով խորհրդային գաղափարախոսական մոտեցումներին՝ նրանք նախընտրել էին առավել անկաշկանդ, քնարական պատկերումը՝ շեշտը դնելով քաղաքային բնապատկերների և նատյուրմորտների վրա: Արշակունու աշխատանքները կրկին քննադատվեցին չափազանց վառ և ֆորմալիստական լինելու համար։ Հենց այդ պատճառով Արշակունու արվեստի շուրջ առաջացավ լայն հետաքրքրություն, նրա գործերի ցուցահանդեսները, արվեստանոցը դարձան ռուս մտավորականության ժամադրավայրերը։ «Սա իմ աշխարհն է. այն գեղեցիկ է, և ես ուրիշ աշխարհի կարիք չունեմ»,- նշում էր Արշակունին, որն արդեն Լենինգրադ-Պետերբուրգի ամենաճանաչված նկարիչներից մեկն էր։ Նրա նախընտրած թեմաներն էին քաղաքային և գյուղական պատկերները, թատրոնը և կրկեսը, խնջույքները և զրույցները, ավետարանական պատմությունները։

Իր համար ճգնաժամային 1980-ականների երկրորդ կեսին Արշակունին կրկին անդրադառնում է հայկական բնապատկերին («Աշնանային լեռներ» 1985, «Աղբյուրի մոտ», «Ցլիկներ», «Կանայք», «Բարկաս Սևանում» 1987), ազգային և կովկասյան մոտիվներին («Տոն», 1988)։

Տարբեր տարիներին Արշակունու կերտած լավագույն դիմապատկերներից են «Պատուհանի մոտ» (1963), «Կանացի դիմանկար․ Նկարիչ Մարինա Ազիզյան», (1969, երկու տարբերակ) և «Սուրեն ու Սպեյ» (1980) կտավները։

1966 թվականից Արշակունին սկսում է զբաղվել թատերական նկարչությամբ, ձևավորում լենինգրադյան հինգ թատրոնների ներկայացումները։ Այս բնագավառի նրա կարևորագույն աշխատանքներից է Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի ձևավորումը (1972, Օպերայի և բալետի փոքր թատրոն, բեմադրությունը՝ Բորիս Էյֆմանի), որի նախաառաջնախաղային վերահսկողությունն իրականացրել է ինքը՝ մեծ կոմպոզիտորը։

Իր 80-ամյա կյանքի ընթացքում Արշակունին ստեղծել է զգեստների էսքիզներ, ինտերյերի առարկաներ և պահարաններ, զբաղվել է գրաֆիկայով, գրքերի ձևավորմամբ։ 1991-ին լույս է տեսել ԽՍՀՄ-ում Իոսիֆ Բրոդսկու առաջին գրքույկներից մեկը՝ հայազգի արվեստագետի նկարազարդումներով։

1995 թվականին փողոցում խուլիգանական հարձակման հետևանքով Արշակունին ծանր վնասվածք է ստանում։ Դրանից հետո նկարչի (որն իրեն, այնուամենայնիվ, երջանիկ մարդ էր համարում) ստեղծագործության տիրապետող թեման է դառնում կրոնական միստիցիզմը։ Նա հրեշտակներ, սրբեր է պատկերում՝ հաճախ 1910-20-ականների ռուսական գեղանկարչության՝ կարմիրով ազգային ոգին շեշտող Ա․ Արխիպովի և խորհրդապաշտական իմաստավորման ձգտող Կ․ Պետրով-Վոդկինի ազդեցությամբ։ Այդ շրջանի որոշ նկարների նախատիպ են հանդիսացել նկարչի կինը՝ Նինան և որդին՝ Պյոտրը։ Հարցազրույցներից մեկում Արշակունին պատմում է, որ փոքրիկ Պետյայի հետ հաճախ է այցելել հայկական եկեղեցի․ «Ներս էինք մտնում, մոմ վառում։ Ես միշտ ուզում էի, որ նա հայերեն խոսք լսի, ոչինչ, որ չի հասկանում։ Ինքս լեզվին չեմ տիրապետում, քանի որ Լենինգրադում եմ ծնվել ու մեծացել, իսկ երեխան գոնե թող լսի»։

Բնավորությամբ համեստ լինելով՝ Արշակունին կոչումների հետևից չի ընկել ու չի էլ արժանացել դրանց․ «նկարչի կոչումը նրա անունն է»։ Այդուհանդերձ, 2007-ին նա ընտրվեց Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի թղթակից-անդամ, իսկ 2012 թվականին արժանացավ ակադեմիայի Ոսկե մեդալին։

Արշակունին ունեցել է հիսունից ավելի անհատական ցուցահանդեսներ։ Նկարչի առաջին անհատական ցուցահանդեսը բացվեց 1967 թվականին՝ «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի խմբագրությունում (Մոսկվա)։ Հետագա առավել նշանակալի ցուցահանդեսներից նշենք Դրեզդենի գեղարվեստական թանգարանում (1980), Լենինգրադի նկարիչների միությունում (1981), պետերբուրգյան «Մանեժում» (1998, Լևոն Լազարևի հետ), Ռուսական թանգարանում (2002) կայացած ցուցահանդեսները։ 2007-ին Տրետյակովյան պատկերասրահում ցուցահանդեսի բացման առիթով նույնանուն հանդեսը գրել է․ «Պատահական չէ, որ Արշակունին գեղարվեստական ​​ոգեշնչում է փնտրում իր պատմական հայրենիքի՝ Հայաստանի մոտիվներում (ծնված լինելով Լենինգրադում՝ նա երկրպագում է Արշակունիների իր հնագույն պատկառելի դինաստիան)»: Հոդվածագիր Ն․ Յուրասովսկայայի խոսքերով՝ «Արշակունու սերը Մարտիրոս Սարյանի, Արիստարխ Լենտուլովի, Կուզմա Պետրով-Վոդկինի, Անրի Մատիսի և Մարկ Շագալի արվեստի հանդեպ առաջնորդել է նկարչին»։

Զավեն Արշակունին մահացել է 2012 թվականին՝ իր ծավալուն անհատական ցուցահանդեսի բացումից մի քանի օր առաջ։ Ըստ այդ ցուցահանդեսի համադրող Մարինա Ջիգարխանյանի՝ չնայած ապրած ծանր կյանքին՝ նկարիչը կրել է լույսի և ուրախության զգացողությունը ու դրանցով առատորեն կիսվել բոլորի հետ։

Դեռ 1984-ին լույս տեսավ արվեստաբան Լև Մոչալովի՝ Արշակունուն նվիրված գիրք-ալբոմը։ Մոչալովը կարծում էր, որ աշխարհի հետ նկարչի շփման միջոցը գույնի լեզուն է։ Գրող Դմիտրի Բիկովն Արշակունուն բնորոշել է որպես «մեծ նկարիչ», իսկ բանաստեղծներ Միխայիլ Յասնովը և Անդրեյ Չերնովը նրան բանաստեղծություն են նվիրել։ Արշակունին Ռադի Պոգոդինի «Գրքույկ Գրիշկայի մասին» վիպակի պերսոնաժներից մեկի նախատիպն է։

Արվեստաբանները մշտապես շեշտում են հայկական արմատների կարևորությունն Արշակունու գունապնակի և նկարչական յուրաձևության կազմավորման գործում։ Եվ իրավամբ կարելի է պնդել, որ նրա ստեղծագործությունը ոչ միայն ռուսական, այլև հայկական մշակույթի անբաժան մասն է, ինչը դեռ ըստ արժանվույն պիտի բացահայտվի հետագա սերունդների կողմից։

 

Աշոտ Գրիգորյան

Պատկերներ․

2․ «Գայանե» բալետի ձևավորման էսքիզ, 1972 թ.

3․ Աշունը քաղաքում, 1984 թ.

... ...