Հայկ Մելիքյան. «Ապրե՛լ... առավել ցայտուն պատգամ չի կարող լինել»

Պատմությունը գուցե կրկնվի այնքան ժամանակ մինչև սթափվենք

-Սիրելի Հայկ, ավարտին է մոտենում 2021 թվականը: Ակնհայտ է, որ այս տարին չափազանց ծանր ժառանգություն ստացավ 2020-ից՝ սարսափելի դաժան հետևանքներով պատերազմը, համավարակը և համաշխարհային անցանկալի զարգացումները: Պիտի խնդրեմ, որ գնահատեք Ձեր 2021-ը՝ ոչ միայն ստեղծագործական առումով, այլև այս բարդ իրավիճակի տեսանկյունից:

-Իսկապես, տարին ամփոփելու ժամանակն է. նախագծերը, ձայնագրությունները, համերգները ու ամենակարևորը՝ խառը մտքերը դեռ չեն թողնում մի փոքր կենտրոնանալ ու հետահայաց գնահատել 2021 թվականը։ Հատուկ ցանկացա նշել մտքերի մասին, քանի որ այս տարին հոգեկան առումով խիստ սպառող էր՝ հենց մտքերի խառնաշփոթության և ապրումների առումով, հիմա պատասխանում եմ հարցին ու մտածում, որ հոգիս, ընդհանուր առմամբ, խաղաղ չի եղել։ Որպես արտիստ, վերջին երկու տարիների ընթացքում զուտ գեղագիտական նկրտումներով չեմ առաջնորդվել, դրանք միշտ շաղախված են եղել բոլոր այն ողբերգություններով, որոնք թվարկեցիք։ Իմ յուրաքանչյուր կատարում ու հրապարակում տոգորված էր մի տեսակ ծանր պատասխանատվությամբ։ Իմ թիմի հետ մշտապես մտածում էինք, թե ինչպես կարող ենք հիշելով՝ ապրելու, պայքարելու, գործելու ոգի սերմանել։ Այդ իսկ պատճառով անցնող տարում իմ գրեթե բոլոր կատարումների հայեցակարգում նշված առաջնահերթությունն էին։ 

-Ստեղծագործող ցանկացած մարդու համար վերը թվարկված խնդիրներն իրական մարտահրավերներ են, անձամբ Դուք ինչպե՞ս եք դրանք հաղթահարում:

-Դրանք հաղթահարելու հարցում ինձ օգնում էին հանդիսատեսը, իմ համախոհներն ու թիմը։ Ինչ-որ առումով փոխադարձ հոգեբանական թերապիա էին այս տարվա համերգները՝ իմ և իմ հանդիսատեսի միջև։ Թերևս կցանկանայի առավել ինքնամփոփ լինել այս տարի, բայց իմ սոցիալական ես-ն առավել ուժեղ գտնվեց։ 

-Այս տարին Ձեզ համար հագեցած էր ստեղծագործական շատ հետաքրքիր մտահղացումներով, որոնցից էր «Սողոմոն և Սողոմոն» խորագրով համերգային նախագիծը՝ նվիրված Սողոմոն Թեհլիրյանի դատավարության 100-ամյակին և Կոմիտաս Վարդապետի տարեդարձին: Ինչո՞վ Ձեզ հետաքրքրեց այս, եթե կարելի այդպես ասել, փաստագրական-երաժշտական նախագիծը:

-Շնորհակալություն այս նախագիծը հիշատակելու համար. սա հենց նույն համատեքստի արգասիքն է. հեղինակը Էռնա Ռևազովան էր։ Այս նախագիծը փոքրիկ ցասում էր ու կոչ աշխարհին, ինչպես նաև բոլոր հայերին՝ չմոռանալ մեր պատմության կարևորագույն էջերից մեկը, մի պատմական դատավարություն, որի ընթացքում գերմանական դատարանն արդարացեց Սողոմոն Թեհլիրյանին՝ Հայոց Ցեղասպանության գլխավոր ճարտարապետի նկատմամբ հաշվեհարդարի համար։ Այս նախագծին պատրաստվում էինք տեղի ունեցող բոլոր իրադարձություններին զուգահեռ, իսկապես բարդ էր, բայց պետք էր անել ու հիշատակել այս կարևոր իրադարձության մասին։ Մյուս՝ մեր հանճարեղ Սողոմոնի երաժշտական բացառիկությունը նկարագրելու համար երևի ոչ մի բառապաշար չի հերիքի, սակայն նրա ճակատագիրը խորտակեց Հայոց Մեծ Եղեռնը։ Այս համատեքստում շատ էինք ցանկանում հավասարակշռել մյուս Մեծ հայի, սակայն բոլորովին ուրիշ Սողոմոնի սխրանքը։ Ու բնավ պատահական չէր, որ այս տարի նաև փոխադրեցի ու երևանյան հանդիսատեսին ներկայացրեցի Ալեսանդրո Սկարլատիի «Տիգրան Մեծ» օպերայի չքնաղ արիաներից մեկը։  

-«Ի՞նչ կլիներ, եթե Կոմիտասը չբախվեր Հայոց ցեղասպանության, իսկ  Լիգետին՝ նացիսզմի ողբերգությանը կամ Շոստակովիչի կյանքում չլիներ պատերազմը»: Այս հարցադրումներն էին հնչում Ձեր՝ «Եղբայրներին» խորագրով համերգի առիթով, որն իրականացրեցիք թավջութակահար Սևակ Ավանեսյանի հետ: Ուրեմն, ինչպիսի՞ն է նման ողբերգություններին բախման արդյունքը:

-Արդյունքում երկրի ամենաբանական էակը կորցնում է տաղանդավորներին, հատուկ եմ շեշտում բանականություն ունենալու այս շռայլության մասին, որն ի վնաս մարդկության է օգտագործվում։ Որքան էլ որ վերամբարձ հնչի՝ այս համամարդկային ողբերգությունն իմը, Սևակինը և բոլորինս է, ախր, կյանքն անընդհատ ապտակում է մեզ, բայց կրկին դաս չենք քաղում։ Այս համերգում, իհարկե, կար ապրումակցում ու նաև կարևոր ուղերձ մեր հայրենակիցներին. աշխարհում մեծ ողբերգություններ են ապրել շատ ազգեր ու անհատներ, սակայն միշտ հաղթել է ստեղծագործելու անմահ ոգին, կարողացել են կործանել Կոմիտասին, բայց ոչ մի դեպքում նրա թողած մաքրամաքուր ու համամարդկային երաժշտությունը։ Շոստակովիչն ու Լիգետին արտացոլել են իրենց ճակատագրերում խոր հետք թողած բանական էակի հերթական «մսաղացները», բայց հենց երաժշտության միջոցով նաև ամոքել են իրենց հոգիները։ Պատմությունը գուցե կրկնվի այնքան ժամանակ մինչև սթափվենք։

-Այդ համերգային նախագիծը Դուք վերնագրել եք «Եղբայրներին»: Արդյո՞ք դա միայն բարոյական պարտք էր մեր նահատակ տղաների հիշատակի առջև, թե՞ այսօր կա նման նախագծերի հանրային պահանջը:

-Ըստ երևույթին մենք ցանկանում էինք ստեղծել և ձևակերպել այդ պահանջը. մենք հավերժ խոնարհվելու ենք մեր նահատակ եղբայրների առջև՝ չդադարելով կյանքին ընդառաջել իր գլխավոր պահանջով, այն է՝ ապրե՛լ։ Համերգի ընթացքում մենք անդրադարձել ենք այն Մեծերին, որոնք ձգտել են երբևէ չդադարել ստեղծագործել ու ապրել. առավել ցայտուն պատգամ չի կարող լինել։ 

-Տարին եզրափակում եք մի աննախադեպ համերգային ծրագրով, որը նվիրում եք Հայաստանի գլխավոր ժամացույցի 80-ամյակին: Այդ առիթով գրել եք «Երևանյան կամպանելլա» ստեղծագործությունը, որը, կարծեմ, առաջին ստեղծագործությունն է՝ դաշնամուրի և քաղաքային ժամացույցի զանգերի համար: Դուք, ընդհանրապես, մեր արժեքների պահպանության ջատագովներից եք, ինչքանո՞վ նմանօրինակ նախագծերը կարող են արժեքների հանդեպ հանրային վերաբերմունք ձևավորել:

-Երևի այս տարվա փիլիսոփայության բարձրակետն է այս նախագիծը. հասկանում եք, մեր հրապարակի ժամացույցը մեզ շատ բան ունի ասելու, այն երբեք կանգ չի առնում, ավելին, մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի այն կանգ չառնի՝ անկախ նրա հայացքի ներքո տեղի ունեցող լավ և վատ իրադարձություններից։ Շատ ցանկանում եմ, որպեսզի մենք ավելի սիրենք մեր ունեցածը՝ գործով ու վերաբերմունքով, մեր չքնաղ քաղաքն ու երկիրը, մեր օրհներգն օրվա ընթացքում բազում անգամներ արտաբերող զանգերը։ Սրանք մանրուքներ չեն, սա տրված չէ մեզ ի վերուստ, սա իրական կյանքն է, որի կերտողը մենք ենք։ Պետք է կարողանալ գնահատել մեր ունեցած նույնիսկ ամենափոքր բանը՝ նաև վշտի ու ցավի ժամանակ, սա հենց այն հանրային վերաբերմունքն է, որ շատ կցանկանայի թևածեր մեր քաղաքի ու երկրի բոլոր անկյուններում։  

-Այս դժվար ժամանակներում մեր ժողովրդին ի՞նչ է պետք հետպատերազմական ճգնաժամը հաղթահարելու և մեջքն ուղղելու համար: Այդ իմաստով ի՞նչ կարող են անել մշակույթի մարդիկ:

-Ես ինձ համար գտել եմ դրա բանալին. լինի մշակույթի մարդ, թե քարից հաց քամող գյուղացի, մեզնից յուրաքանչյուրը կարող է միայն մեկ բան անել. լինել իր տեղում, անել սեփական գործն ու շատ սեր դնել արածի մեջ, չդադարել ոչ մի վայրկյան էլ ավելի լավը դառնալ։ Պետք է պարզապես դա անել՝ առանց հարցադրումների, կասկածի, առանց առաջ ու հետ նայելու։

 

Հարցազրույցը՝ Նունե Ալեքսանյանի