Հայերը Սուրբ քաղաքում. հայկական Երուսաղեմը Կլոդ Մութաֆյանի նոր գրքում

Երևանում՝ Մատենադարանի նիստերի դահլիճում ներկայացնելով իր նոր՝ «Երուսաղեմը և հայերը» պատկերագիրք-ուսումնասիրությունը Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, Սորբոնի համալսարանի պրոֆեսոր և հայագետ Կլոդ Մութաֆյանը կատակում է՝ այս գիրքը քովիդի արդյունք է, նկատի ունենալով այն 2,5 տարիները, երբ համավարակն իրեն ստիպեց մեկուսանալ սենյակում և ամբողջությամբ տրվել Սուրբ քաղաքում հայերի ներկայության 1600-ամյա պատմության ուսումնասիրությանը: Բայց ամեն ինչ սկսվել էր շատ ավելի վաղ՝ գրեթե տասը տարի առաջ, երբ Կլոդ Մութաֆյանին առաջարկեցին զբաղվել Երուսաղեմի հայկական թանգարանի վերաբացման բարդ ու պատասխանատու գործով: Ի վերջո, Մութաֆյանն ընդունեց այդ առաջարկը և իր գաղափարակից ընկերների՝ պատմաբան Ռայմոնդ Գևորգյանի և թանգարանագետ Հարութ Պեզճյանի հետ սկսեց հսկայածավալ աշխատանքը: Մութաֆյանը Երուսաղեմի հայկական թանգարանում առաջին անգամ եղել է գրեթե կես դար առաջ և առ այսօր չի մոռանում այնտեղ ապրած հուսախաբությունն ու հիասթափությունը, քանի որ թանգարանը, մեղմ ասած, անմխիթար վիճակում էր: Թերևս այդ պատճառով համաձայնեց ստանձնել այդ պատասխանատվությունը և շուրջ տասը տարի նվիրվեց չափազանց աշխատատար ծրագրին: Թանգարանի համար կատարված տասնամյա ծավալուն ուսումնասիրությունից հետո միայն հասկացավ, որ կուտակված գիտական նյութը տասն  անգամ անհրաժեշտից ավելի է: Այդպես էլ ծնվեց «Երուսաղեմը և հայերը» գրքի գաղափարը, որը հեղինակի գնահատմամբ հարուստ է նոր և հետաքրքիր փաստական նյութերով. «Գրքում բավական նորություններ կան, շատ հետաքրքիր նկարագրություններ կան, շատ են ճամփորդների վկայությունները, և առանձնահատուկ կարևոր ու հետաքրքիր են եվրոպացի ճամփորդների գրությունները, որոնք միշտ հայերին առանձին գլուխներ են նվիրել: Այս մարդիկ ուխտագնացության համար Երուսաղեմ այցելությունից հետո հուշեր գրելիս երբևէ չեն շրջանցում հայերին: Օրինակ, նրանցից ոմանք խանդավառվում են հայերի քրիստոնեության ընդունմամբ, մյուսները դա սխալ էին համարում: Ես սկսել եմ Մեծն Տիգրանից. ինչո՞ւ նա Երուսաղեմ չմտավ, մինչև Աքրա գնաց, բայց ստիպված էր հետ վերադառնալ, քանի որ հռոմեացիները հարձակվեցին Հայաստանի վրա: Մեծն Տիգրանի մասին ամենակարևոր պատմիչը երուսաղեմցի մի հրեա էր՝ Ֆլավիուս Ժոզեֆը, որը հունարեն էր գրում: Ավելի ուշ, երբ սկսեցինք քրիստոնեության շրջանի ուսումնասիրությունը, պարզեցինք, որ հետևելով փաստերին կարող ենք պնդել, որ բոլոր մեծ հայերը՝ լինի հոգևորական կամ քաղաքական գործիչ, բոլորը՝ Գրիգոր Լուսավորչից մինչև Մաշտոց, որոշ ժամանակ եղել են Երուսաղեմում»:

Ընդգծելով այն իրողությունը, որ Հայաստանից դուրս ամենահարուստ հայկական մշակութային ժառանգությունը գտնվում է Երուսաղեմում, հայագետը չափազանց կարևոր է համարում բացառիկ այդ արժեքների հանրայնացումը: Հիշատակում է Երուսաղեմի մեծարժեք ձեռագրատունն իր 3000 ձեռագրերով, որը Մատենադարանից հետո ամենամեծն է աշխարհում և դարձյալ հիշեցնում է՝ աշխարհում Թորոս Ռոսլինի պահպանված յոթ  ձեռագրերից չորսը հենց այստեղ են պահվում և, իհարկե, չի մոռանում նաև հայկական մանրանկարչության գլուխգործոցներից մեկը՝ Կեռան թագուհու Ավետարանը, որ դարձյալ Երուսաղեմում է: Սուրբ քաղաքում հայերի ունեցած առաջնակարգ դիրքի լավագույն վկայություններից մեկը պատմաբանը համարում է Երուսաղեմի Հին քաղաքի կրոնական հատվածների բաժանումը՝ մահմեդական, հրեական, քրիստոնեական թաղամասեր և քրիստոնեականից բոլորովին առանձին՝ հայկական թաղամասը, ինչն, ըստ գիտնականի, ընդգծում է հայերի առանձնաշնորհյալ դիրքը Սուրբ քաղաքում:

Իր տասնամյա ուսումնասիրությունները պատկերագրքով ներկայացնելու որոշումը Մութաֆյանը հիմնավորում է բնօրինակ պատկերները ցույց տալու անհրաժեշտությամբ. «Հատուկ որոշեցի ոչ թե գրություններն արտագրել, այլ ձեռագիրը ցույց տալ, որը շատ ավելի գեղեցիկ է: Կարևորը նկարներն են, ոչ թե գրությունը»:

Սուրբ քաղաքում հայերի ներկայությունը փաստող վավերագրերի շարքում Մութաֆյանն  առանձնացնում է Նազարեթի Ավետման եկեղեցու հայկական գրությամբ քարը, որը, թերևս, ամենահին հայերեն գրությունն է: Հայկական հիշատակների կարևորագույն  վկայություններից մեկը հայագետը համարում է խճանկարները, որոնցից առավել հայտնին ու ամենավտանգվածը Դամասկոսի՝ Մուսրարայի խճանկարն է, մյուսը՝ 6-7-րդ դարի ռուսական վանքի խճանկարը: Մուսրարայի մեծածավալ խճանկարը տասնամյակներ շարունակ պահվում էր անմխիթար վիճակում՝ խոնավության մեջ ու առանց պահպանության պատշաճ պայմանների, բացի այդ այն հասանելի չէր այցելուներին: Թանգարանի վերաբացման աշխատանքների ընթացքում, ըստ էության, փրկվել է նաև մեծարժեք մասունքը. այժմ նշանավոր խճանկարը զարդարում է վերաբացված  թանգարանի կենտրոնը և պահվում է լավագույն պայմաններում:

Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի գնահատմաբ Մութաֆյանի՝բացառիկ հարուստ պատմական նյութով հագեցած ուսումնասիրությունը գալիս է լրացնելու և ամբողջացնելու այն մեծ ավանդը, որն ունի ֆրանսահայ գիտնականը հայագիտության մեջ: Բայց Կլոդ Մութաֆյանի չորս տասնամյակների պատմագիտականժառանգության մեջ Վահան Տեր-Ղևոնդյանը հատկապես բարձր է գնահատում Լևանտյան տարածաշրջանին վերաբերվող նրա հետազոտությունները. «Բնավ պատահական չէ, որ օրեր առաջ վերջապես վերաբացվեց Երուսաղեմի հայկական թանգարանը, որում հնագույն նմուշները հասնում են մինչև 5-6-րդ դար: Բայց Կլոդ Մութաֆյանի վերջին քառասուն տարիների վաստակը  գնահատելով, ես կցանկանայի նախ և առաջ ընդգծել, որ նա մեր խոշորագույն կիլիկիագետներից է: Սկսած պատմագիտության մեջ իր առաջին քայլերից, նրա հետաքրքրության առաջնահերթ առարկան Կիլիկյան Հայաստանն էր և է մինչև օրս: Բայց պետք է նշեմ, որ նա նաև ընդհանրապես Մեծ Ասորիքի կամ եվրոպական բառով ասած՝ Լևանտյան տարածաշրջանի գիտակ է: Մութաֆյանի ուսումնասիրությունները չափազանց կարևոր են, դրանց առանցքում Կիլիկյան Հայաստանի 300 տարվա պետականության պատմությունն է, որը մեր ընդհանուր պատմական համապատկերում թե՛ ռազմաքաղաքական, թե՛ մշակութային չափազանց կարևոր դեր ունի, որովհետև Մեծ Հայքից դուրս հայ ժողովուրդը, թերևս, որևէ մի տեղ այդպիսի ծաղկում և բարգավաճում չի ապրել, ինչպես Լևանտում։ Հենց այստեղ է ծնվել, կերտվել Կիլիկյան Հայաստանը, որը մեր ժողովրդի ստեղծագործ մտքի և ամբողջ ժառանգության բարձրակետն է, զուգահեռաբար, իհարկե, ունենալով Զաքարյան Հայաստանում ծաղկող մշակույթը: Ի վերջո, Մեծ Հայքից  դուրս Լևանտը կամ Մեծ Ասորիքը, որի մեջ մտնում են այսօրվա և՛ Սիրիան, և՛ Լիբանանը, և՛ Պաղեստինը, և՛ Վերին Միջագետքի մի մասը, և՛ Դաշտային Կիլիկիան, այս ամբողջը միասին ավելի քան 1000 տարի հայերի համար դարձան հարազատ օջախ, և այդ հանգամանքը մինչև այսօր էլ իր արդիականությունը չի կորցրել: Տեսեք, այսօր մեր նվիրապետական չորս  Աթոռներից երկուսը գտնվում են հենց այդ գոտում, նաև Սփյուռքի առանցքային կառույցները, միությունները և դրանց ղեկավար հայտնի ազգային գործիչները ծագումով  հիմնականում Սիրիայից կամ Լիբանանից են: Այսինքն մեր ամբողջ կրոնական, կրթական, քաղաքական ներուժը դուրս է գալիս հայկական Լևանտից: Եվ Մութաֆյանի բոլոր ուսումնասիրությունները գալիս են լրացնելու այս հազարամյա օջախի պատմությունը, որ  կոչվում է Լևանտ կամ Մեծ  Ասորիք»:

Ի դեպ, 2022-ը հոբելյանական է հայտնի հայագետի համար և 80-ամյակի առիթով Կլոդ Մութաֆյանն արժանացել է Մովսես Խորենացի մեդալի:

 

Նունե Ալեքսանյան  

 

...