Հայաստանի օպերայի եւ բալետի 100-ամյակին ընդառաջ

Մեկ դար առաջ Հայաստանում ստեղծվեց թատերախումբ, որը դրեց հայաստանյան օպերային եւ բալետային արվեստի հիմքը։ Ճիշտ է, տակավին 1860-ականներին փորձեր են կատարվել ստեղծելու առաջին հայկական օպերաները. 1912-ին Ալեքսանդրապոլում կայացել էր Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի առաջին բեմադրությունը՝ սիրող դերակատարներով, 1913-ին նույն օպերան ներկայացվել է Երեւանում, սակայն օպերա-բալետային մշտական խումբ Հայաստանում ստեղծվել է 1924-ին և ոչ թե մայրաքաղաք Երեւանում, այլ քաղաքային ավելի մեծ ավանդույթներ կրող Լենինական-Գյումրիում։ Չնայած առկա բազմաթիվ հոգսերին ու կարիքներին (բավական է նշել, որ այդ ժամանակաշրջանում Գյումրիում էր գտնվում աշխարհի ամենամեծ մանկատունը՝ լցված հիմնականում Ցեղասպանությունից փրկված որբերով), թատերասեր եւ եվրոպական քաղաքակարթությանը հետամուտ Լենինականի Քաղլուսվարչությունը որոշել էր հիմնել մի լուրջ օպերա-օպերետային խումբ։ Կազմվել է նախահաշիվ, հնարավոր է եղել որոշ համեստ նպաստ ստանալ եւ մի քանի ամսվա ընթացքում ստեղծել հայկական առաջին օպերային հաստատությունը՝ Լենինականի օպերա-օպերետային խումբ անունով։ «Աղաղակող բացը, որ զգացվել է բեմական արվեստի ճյուղերում, դա օպերայի բացն է եղել,- այդ օրերին գրել է Գուրգեն Մահարին,- մի բաց, որ զգացվել է հայկական թատրոնի ծննդյան օրերից մինչև մեր օրերը, որի մասին մտածելը հրամայական դարձավ անցյալ տարվանից, երբ Ռոստովի օպերային խումբն անցավ Հայաստանի բեմերով։ Ռոստովի օպերետային խումբն իր օպերետների թարմությամբ շարժեց Հայաստանում մինչ այդ «Աշուղ Ղարիբ»-ներով լեցուն արդեն ճապաղված և տաղտկացած լիճը. հարկավոր էր անել ավելին, քան արված էր 1923 թվին.... Եվ ահա Լենինականի Գործադիր Կոմիտեն անում է մի «րիսկ». գոնե առաջին շրջանում այդպես էր թվում. նա բավականին աչքառու ստուդիայով կազմակերպեց մի խումբ օպերա-օպերետային դերասաններից, հրավիրեց հմուտ ռեժիսսյոր եւ դիրիժյոր, գործի սկիզբը դրավ Թիֆլիսում։ Շուրջ 7-8 ամսվա համառ աշխատանքներից հետո, այսօր Լենգործկոմը տեսնում է իր նյութական եւ բարոյական զոհողությունների լիուլի վարձատրությունը։ Խմբի առաջին ներկայացումը «Ֆաուստ»-ն էր. ճիշտ է, մեծ նավերը մեծ ջրեր են պահանջում. առաջին մոմենտին թվում էր, որ օպերետային «Գյումրի»-ն հազիվ թե ունենա նախասիրություն դեպի լուրջ օպերան, բայց տոմսերի արագ սպառումը եւ օպերային օրեր ապրող Լենինականի խանդավառ ոգեւորությունը եկան մեզ ասելու, որ Գործկոմը չէ սխալվել իր գեղեցիկ ձեռնարկի մեջ, եւ որ մեր ծովերն էլ այնքան էլ փոքր չեն օպերային նավերի համար» (Գուր. Մահ., Հայկական օպերա, «Նոր ակոս», թ. 1, 15.06.1924, էջ 47-48)։

Լրացուցիչ 1000 ռուբլի է հատկացվել թատերախմբի հրավիրյալ արտիստներին, իսկ այն ղեկավարելու համար 1924-ի ապրիլի 1-ին Թիֆլիսից հրավիրվել է Ռուսաստանում ճանաչված օպերետային բեմադրիչ Վ. Վալերյանով-Չիսլյանը։ Վերջինիս մասին, ցավոք, ժլատ տեղեկություններ են պահպանվել. մեզ անհայտ է անգամ նրա անունը։ Ծնվել է Նոր Նախիջեւանում, 1876 թվականին, մասնագիտական կրթությունն ստացել է Իտալիայում եւ Ֆրանսիայում։ Որպես բեմադրիչ աշխատել է Լենինգրադում, Տոմսկում, Վլադիվոստոկում եւ Թիֆլիսում։ Հայաստանի առաջին օպերա-օպերետային խմբի համար Վալերյանով-Չիսլյանն իր շուրջը համախմբել է հիմնականում հայազգի երգիչների եւ պարողների։ Խումբն ամբողջությամբ Լենինական է հասել 1924 թվականի հունիսի 13-ին, որտեղ նրանց սպասել է շտապ վերանորոգված եւ նոր դեկորներով օժտված թատրոնը։ Տպավորիչ է նորաստեղծ թատերախմբի նախատեսած առաջին ներկայացումների քանակը եւ ընտրված ստեղծագործությունները. երեք օպերա («Ֆաուստ», «Կարմեն», «Դեւը») եւ հինգ օպերետ («Գեյշա», «Հարեմի գաղտնիքները», «Սիլվա», «Կարմիր արեւ», «Բայադերկա»)։

Խմբի ստեղծման մասին Վալերյանով-Չիսլյանը հայ մամուլին պատմել է հետեւյալը. «Այս 2 ամսում շատ նեղություն քաշեցինք, որովհետեւ հարմարություններ համարյա չկային։ Խմբի արդեն հրավիրված անդամները շատ էին թույլ եւ անհամապատասխան իրենց ստանձնած դերերին։ Ես հրավիրեցի ավելի կարող ուժերի, եւ այժմ մեր խումբը օպերետային մասշտաբով կարելի է ասել լավ է, իսկ օպերայինը Լենինականի եւ Երեւանի բեմերի համար՝ բավարար։ Խմբի մեջ լավ եւ նույնիսկ առաջնակարգ ուժեր են. օպերային - Վենեցյանովը, Իսեցկին, Շանշյանը, Մազավեցկայան եւ Տեր-Դանիելյանը, օպերետային - Սանամյան, Գանջումյան եւ Արարատյան։ Կազմակերպված է երկսեռ երգեցիկ խումբ՝ 20 հոգուց, եկել է Բագվի Պետթատրոնի նվագախումբը՝ 20 հոգուց եւ Թիֆլիսի Պետթատրոնի բալետը՝ 6 հոգուց» (Լ. Գյուլումյան, Լենինականի օպերետային խումբը, «Խորհրդային Հայաստան», 18.06.1924)։

Ըստ Վալերյանով-Չիսլյանի՝ իրենք համադրել են օպերետը եւ օպերան, «որպեսզի օպերետայի միջոցով կարելի լինի պահել օպերան, որովհետեւ այժմ հասարակությունը ձգտում է ավելի հանգստանալու եւ միեւնույն ժամանակ զվարճանալու ու գեղարվեստական բավականություն ստանալու. իսկ այդ ամենն ընդունակ է տալ միայն օպերետը. օպերան՝ այժմյան ծանր լարված աշխատանքից հետո, իր բովանդակությամբ պահանջում է լարված ուշադրություն, որ ավելի է հոգնեցնում առանց այն էլ ծանր աշխատանքից ազատված, հոգնած հասարակությանը։ Հենց դրանով էլ մասամբ պետք է բացատրել այժմյան դրամայի անհաջողությունը։ Մարդիկ պահանջ են զգում առողջ ծիծաղի, եւ պետք է ընդառաջ գնալ» (նույն տեղում)։

Այստեղ մի ճշտում կատարենք. Վալերյանով-Չիսլյանն «օպերա-օպերետան հայերեն լեզվով» ասելով նկատի ունի եվրոպական ստեղծագործությունների կատարումը հայերեն, քանի որ հավանաբար նա տեղյակ է եղել «Անուշի» եւ արեւելյան հայալեզու երաժշտախաղերի բեմադրություններից, սակայն վստահաբար չի իմացել, որ իրենից առաջ Թիֆլիսում, Մոսկվայում եւ Կ.Պոլսում Գերասիմ Արիստակյանը հայերեն թարգմանությամբ բեմադրել է «Աիդա», «Դեւ» եւ «Ֆաուստ» օպերաները։ Լայն հանրության համար այն առավել անհայտ է եղել, ինչպես վկայում է ժամանակի մամուլը «Հայկական օպերա» վերնագրի ներքո. «Այսպիսի զարմացական հարցով էին կարդում մեր մի քանի «Զարգացած ինտելիգենտները» Լենինականի օպերա-օպերետային խմբի առաջի հայտարարությունը՝ այսօրվա «Ֆաուստի» ներկայացման մասին» (Բանվոր, Հայկական օպերա, «Մարտակոչ», 20.06.1924)։

Բարեբախտաբար, ժամանակի մամուլում պահպանվել է վկայություն Լենինականի օպերա-օպերետային խմբի ներկայացման փորձի մասին.

«Նվագախումբը փառավոր կերպով կատարում է «Ֆաուստի» նախերգանքը (увертюра)։

Մեր բոլորիս ծանոթ Շարա Տալյանը խաղում է Ֆաուստի դերը, ձայնը ենթարկել է զգալի մշակության, կարողանում է գրավել լսողին։ Վենեցիանով-Մեֆիստոֆելը մանավանդ իր առաջին երգերում, ուր մասամբ մասնակցում է երգեցիկ խումբը՝ հիացմունք է պատճառում։

Հեռվից լսվող գեղջկուհիների երգը, փողոցի տեսարանի ամփոխի վիճաբանությունն այնքան լավ կազմակերպված, ներդաշնակ էր, որ մարդ չի հավատում, թե այդ բոլորը կատարվում է հայերեն եւ Լենինականում, բայց դա իրականություն է ստացել՝ Հայաստանում։

Ներկա եղողներից շատերը, որոնց թվում եւ տողերիս գրողը, սաստիկ հուզվում են, ինչ խոստովանեմ, հազիվ էի կարողանում զսպել ուրախության արցունքը։

Ո՞վ կարող էր երեւակայել Հայաստանում, մասնավորապես Լենինականում օպերա, այն էլ հայկական օպերա, օպերա ոչ կիսատ-պռատ, այլ ամբողջ իր կազմով, լավ անսամբլով, երգեցիկ խմբով, նվագախմբով, ամենն իր տեղում։

Տպավորությունը չափազանց էր ուժեղ. ի՞նչ անուն կարելի էր տալ այս մեծ, փառահեղ գործին։ Մեր կյանքում սկիզբ է առնում նոր կուլտուրական գործ, չեղած, չերազած նույնիսկ, մենք ունենք սեփական օպերա, մեզ համար այս օրը պետք է համարվի մի պատմական օր։

Այո, սա մի խոշոր պատմական օր է, կուլտուրական նվաճումի, հաղթանակի մի մեծ օր, մի մեծ տոն, ու մենք չենք կարող այդ մեծ գործի նախաձեռնողներին եւ իրականություն դարձնողներին չողջունել ու չասել՝ կեցցե հայկական օպերան» (Բանվոր, Հայկական օպերա, «Մարտակոչ», 20.06.1924)։

Ահա եւ վկայություն օպերա-օպերետային խմբի առաջին ներկայացման մասին.

«Հունիսի 17-ը Հայաստանի եւ մասնավորապես Լենինականի համար մի պատմական օր էր. այդ օրվանից սկսվեց հայկական օպերայի պատմությունը։ Վերանորոգված, մաքրված թատրոնի դահլիճը, բալկոնը լցված էին տոնական տրամադրությամբ եւ զարդարված հասարակությամբ։ Տոմսերը վաճառված էին, եւ շատերը դուրսը մնացին։

Նշանակված ժամին, ուղիղ 9-ին ընկ. Ա. Հախումյանը, որպես քաղ. լուս. բաժնի վարիչ՝ բեմից հայտարարում է հայկական օպերան բացված. ոգեւորված ծափահարություններ. օպերային նվագախումբը նվագում է, եւ խումբը երգում է «Ինտերնացիոնալ»։ Ընկ. Հախումյանը, ողջունելով այդ մեծ պատմական օրը, տալիս է գործի կազմակերպման համառոտ պատմությունը եւ ասում, որ շարունակելու համար բացի Գործկոմից՝ անհրաժեշտ է եւ հասարակական օգնությունը։ Նա հայտնում է, որ հասարակական օգնություն կազմակերպելու համար մի խումբ նախաձեռնողներ դիմել են Գործկոմին եւ ստացել նրա թույլտվությունը՝ կազմակերպելու «Հայկական օպերայի Բարեկամների Ընկերություն», եւ հրավիրեց հանդիսականներին մասնակցելու այդ ընկերությանը։

Սկսվեց ներկայացումը. խաղացին «Ֆաուստ»։ Հանդիսականներից շատերն իրենց ականջներին չէին հավատում, որ «Ֆաուստ» խաղացվում է հայերեն եւ այդքան հաջող մեր Լենինականի բեմի վրա։ Ներկայացման ժամանակ շատ անգամ ընդհատվում էր խաղը հասարակության ծափահարություններով։ Խաղն անցավ շատ հաջող. ներկայացման վերջում բեմ հրավիրվեցին օվացիաներով գլխավոր դերակատարները. րեժիսյոր Վալերյանով-Չիսլյանը եւ երաժշտական մասի ղեկավար-դիրիժյոր Մելիք Փաշայանը։

Հանդիսականներն այդ օրն իրավամբ անվանեցին պատմական, կույլտուրական հաղթանակի օր. կային առաջարկներ, որ հունիսի 17-ն ամեն տարի առնվի թատրոնում, որպես մեծ, պատմական անցքի օր» (Լ. Գ., Հայկական օպերա, «Խորհրդային Հայաստան», 22.06.1924)։

Ներկայացմանը «Ֆաուստը հայոց լեզվով» վերտառությամբ անդրադարձել է նաեւ մոսկովյան «Ժիզն իսկուսստվա» (Արվեստի կյանք) ամսագիրը (1924, թիվ 37, էջ 17)։

Հիրավի, նշված իրողությունը պատմական նշանակություն ուներ, եւ ոչ միայն Հայաստանում առաջին անգամ օպերային խումբ ստեղծվելու, այլեւ առաջին անգամ բալետային բեմադրություն ներկայացնելու առումով։ 1924-ի հունիսի 17-ին «Ֆաուստից» հետո ցուցադրվել է «Վալպուրգյան գիշերը»՝ Դմիտրի Դմիտրիեւ-Շիկանյանի բեմադրությամբ, պարող Գորսկու եւ պարուհիներ Ալֆյորովայի, Մեժինսկայայի, Ճաբուկիանիի մասնակցությամբ։ Ճիշտ է, «Վալպուրգյան գիշերը» նույն «Ֆաուստի» մի տեսարանն է՝ միայն պարային համարներով, սակայն այն վաղուց ի վեր աշխարհի թատրոններում ընդունված է ներկայացնել որպես առանձին լիարժեք բալետային բեմադրություն։

Ընդունված է հայ բալետի հիմնադրման թվական ներկայացնել 1924-ի սեպտեմբերի 12-ը, երբ Երեւանի նորաբաց Պետթատրոնում հայ բալետի հիմնադիրներից Իլյա Արբատով-Յաղուբյանը ներկայացրել է «Շամիրամ եւ Արա Գեղեցիկ» բալետային ներկայացումը եւ կամ 1926-ը, երբ Երեւանի պարարվեստի ուսումնարանում ներկայացվել է հատված «Կոպելիա» բալետից։ Սակայն հայկական բալետային բեմադրություն առաջին անգամ արդեն ներկայացվել էր 1921-ին, Կ.Պոլսում, իսկ Հայաստանում, ինչպես տեսանք, 1924-ի սեպտեմբերից մի քանի ամիս առաջ, Գյումրիում՝ ի դեմս «Վալպուրգյան գիշերի»։ Բալետի մասնակիցներն էին վրաց-լատվիական ծագումով պարուհի, հետագայում Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստուհի Թամարա Ճաբուկիանին (1907–1978, վրացի մեծանուն բալետի պարող Վախթանգ Ճաբուկիանիի քույրը), վրացական բալետի ականավոր պարող, հետագայում՝ դիրիժոր Սերգեյ Գորսկին (Տեր-Ղեւոնդյան, 1903–1980-ականներ), իսկ բալետմայստեր Դմիտրի Դմիտրիեւ-Շիկանյանը (1901–1986) դարձավ հայ բալետի երախտավորներից։ Հավելենք, որ Լենինականի խմբում հանդես են եկել նաեւ հայ օպերայի ապագա մեծանուն դեմքեր Շարա Տալյանը, Հայկանուշ Դանիելյանը, Լեւոն Իսեցկին (Տեր-Հովհաննիսյան), իսկ երգիչ Վենեցիանովը Իտալիայում կրթություն ստացած եւ ռուսական տարբեր թատրոններում հանդես եկած ժամանակի նշանավոր բարիտոն Սոկրատ Իսահակյանն էր, որը հետագայում հաստատվել է Գերմանիայում։ Նշված է նաեւ սոպրանո Նինա Մազովեցկայայի անունը, որն ազգությամբ ռուս լինելով՝ կարողացել է արագ սովորել հայերեն դերերգերը։

1924 թվականի օգոստոսին Լենինականի խումբը ներկայացրել է «Դեւը» եւ «Կարմեն» օպերաները՝ հայերեն, վերջինում Կարմենի դերը կատարել է Մարիաննա Սեդմարը, Խոսեինը՝ Շարա Տալյանը։

Լենինականի օպերայի մասին վկայություն է թողել նաեւ ոչ այլ ոք, քան խորհրդային ականավոր պետական գործիչ Անատոլի Լունաչարսկին։ Հայաստանում գտնվող Լունաչարսկին իր «Երեք օր Խորհրդային Հայաստանում» հոդվածում նշել է, որ Լենինականում «Միտինգից հետո ինձ հրավիրում են օպերա։ Ինչպե՞ս թե օպերա։ Ահա հենց այս թալանված Լենինականու՞մ։ Այո, այստեղ կա օպերա եւ այն էլ՝ հայկական առաջին օպերան Հայաստանի ողջ գոյության ընթացքում: Հարկ չկա ուսեր թոթվելու դրա առթիվ: Մարդիկ շատ ազգային վիրավորանքներ են կրել եւ այսօր հսկայական եռանդ լարելով՝ նորից սկսում են հիմնել իրենց տնտեսությունը, իրենց կենցաղը, եւ նրանք սաստիկ ցանկություն ունեն հենց այժմ ունենալ քաղաքակրթության մի որեւէ քաղցր պտուղ, մի որեւէ մխիթարական բան, մի որեւէ ուրախություն ու իսկ եւ իսկ այնպիսին, որ միացներ իր մեջ ազգային օրինական զգացմունքը եւ բաղձանքը՝ հաղորդակից լինելու համաշխարհային քաղաքակրթության ամենաճոխ արտահայտություններին: Եվ ահա Լենինականում կազմակերպվում է օպերա: Թե՛ նվագախումբը եւ թե՛ երգիչները, իհարկե, ստանում են չնչին բան, սակայն թատրոնի դահլիճը այնուամենայնիվ լի է ծայրե ի ծայր, եւ հայ հասարակությունն առաջին անգամ լսում է սեփական լեզվով ռուսական եւ եվրոպական օպերաներ: Այդ լուսավորված դահլիճի շքեղ տպավորությունը, գեղեցիկ կերպով զարդարված բեմը, օտար լեզվով նշանավոր երգերի երգելը եւ դահլիճը լցրած հանդիսականների ուշադրությունը,- ահա այդ է իմ վերջին տպավորությունը Լենինականի մասին» («Խորհրդային Հայաստան», 12.09.1924)։

Վերոհիշյալ զրույցում Վալերյանով-Չիսլյանը հույս էր հայտնել՝ Լենինականի խմբով հյուրախաղերով շրջելու արտասահմանի հայ համայնքներում։ Խմբին, սակայն, վիճակված էր կարճատեւ գոյություն՝ ներկայացումներ տալով երկու ամիս Լենինականում եւ մեկ ամիս՝ Երեւանում: Մի կողմից փոքրիկ Լենինականում անհնար էր առանց տեղական ուժերի, միայն հրավիրյալ արտիստներով մշտապես պահել նման մի խումբ, մյուս կողմից՝ մայրաքաղաքային արվեստի տեսակներ օպերան եւ բալետը տրամաբանորեն պիտի զարգանային Երեւանում։ Սակայն փաստ է, որ Հայաստանում հաստատութենական (ինստիտուցիոնալ) ձեւաչափով օպերայի եւ բալետի թատերախումբ առաջին անգամ հիմնվել է Գյումրիում, 1924 թվականին։

Կրկնենք, որ հայ օպերան եւ հայ բալետն ունեն արդեն ավելի քան մեկդարյա պատմություն, իսկ այս տարի լրանում է Հայաստանի օպերայի եւ բալետի հիմնադրման 100 տարին։ Եվ որքան էլ ժամանակները մտահոգիչ են, այնուամենայնիվ, արժե նշանավորել այդ կարեւոր դարադարձը ինչպես նրա ծննդավայր Գյումրիում, այնպես էլ Երեւանում...

 

Արծվի Բախչինյան

Պատկերներ.

Գլխավոր- Դրվագ Լենինականի օպերա-օպերետային թատերախմբի «Գեյշա» ներկայացումից (1924)

1. Սոկրատ Վենեցիանով

2. Լենինականի օպերա-օպերետային նվագախմբի ղեկավար 19-ամյա Ալեքսանդր Մելիք-Փաշայանը (1905–1964)՝ ապագա հայ նշանավոր դիրիժորներից մեկը։

3. Նինա Մազովեցկայա

4. Վ. Վալերյանով-Չիսլյան

 

 

... ... ... ...