Հայ դրամատուրգիան ունի ազգային դիմագիծ, ինչը Եվրոպայում կորսվում է

Վերջին տարիներին գիտության ասպարեզում միջազգային համագործակցային հարաբերություններն ընդլայնվել են: Նման ծրագրերից մեկով 2024 թվականին Հայաստանում էր Վարշավայի համալսարանի պրոֆեսոր, հումանիտար գիտությունների դոկտոր, Բելառուսագիտության ամբիոնի վարիչ, թատերական քննադատ Անդրեյ Մոսկվինը, որն այստեղ էր եկել հետազոտելու Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի պատմությունն ու հայ դասական դրամատուրգիան: Անդրեյ Մոսկվինը Վարշավայի համալսարանի «Արևելյան և կենտրոնական Եվրոպայի թատրոնի և դրամայի հետազոտական լաբորատորիայի» ղեկավարն է և «Արևելյան և կենտրոնական Եվրոպայի թատերագիտություն» («Studia Teatralne Europy Środkowo-Wschodniej») գիտական հանդեսի հիմնադիր-խմբագիր: Հինգ մենագրությունների հեղինակ է, որոնք նվիրված են բելառուսական և ռուսական գրականությանը և թատրոնին: Հիմնական գիտական հետաքրքրությունները խորհրդային երկրների պետական թատրոնների և ռեժիսուրայի ձևավորումն է՝ 1920-30-ական թթ. և հետխորհրդային շրջանի թատրոնի և դրամատուրգիայի տրանսֆորմացիաները: Կազմել և խմբագրել է գիտաժողովների զեկուցումների ժողովածուներ, ինչպես նաև՝ 21 դրամատուրգիական անթոլոգիաներ, որոնք ներկայացնում են Բելառուսի, Ռուսաստանի, Սլովենիայի, Ուկրաինայի, Սլովակիայի և Հայաստանի արդի դրամատուրգիան:
Պրոֆեսոր Մոսկվինի հետ մեր համագործակցությունը սկսվել է դեռևս 2015-ին՝ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում Չեխովյան փառատոնի՝ «ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երկրորդ թատերական երիտասարդական ֆորումի» շրջանակներում, ուր ես մեկնել էի մասնակցելու իբրև թատերագետ և դրամատուրգ: Մեր ծանոթության արդյունքում ծնվեց ժամանակակից հայ դրամատուրգների պիեսների լեհերեն անթոլոգիան կազմելու գաղափարը: «Արդի հայ դրամա» ժողովածուն լեհերեն լույս տեսավ 2019 թվականին, Վարշավայում: Համագործակցությունը և բարեկամությունը Հայաստանի հետ շարունակական դարձան: 2021-ին Մոսկվինի խմբագրած գիտական հանդեսի երկրորդ հատորի դիտակետում հայ թատրոնն էր, ամսագրի շապիկին՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի լուսանկարը: Բաժինը կոչվում էր «Ֆոկուս Արմենիա», որը ներկայացված էր ընթերցողին 10-ից ավելի գիտական տեքստերով, ինֆորմացիոն հոդվածներով ու լուսանկարներով արդի հայ թատրոնի ներկայացումներից (հայկական բաժնի կազմող՝ Անուշ Ասլիբեկյան): Այնուհետև Անդրեյ Մոսկվինի առաջարկով ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը՝ Վարշավայի համալսարանի և ԵԹԿՊԻ-ի համագործակցությամբ 2022 թ. հոկտեմբերի 6-7-ը կազմակերպեց «Արդի հայ թատրոն. նոր միտումներ և հիմնախնդիրներ (1990-2022)» միջազգային գիտական նստաշրջանը: Մոսկվինի 2024 թ. հայաստանյան այցն էլ ավելի ամրապնդեց Արվեստի ինստիտուտի և Վարշավայի համալսարանի գիտական կապերը: Երևանից մեկնելուց առաջ մեր վերջին թեյախմության ընթացքում պրոֆեսորի հետ փորձեցինք ամփոփել աշխատանքներն ու հետագա անելիքները:
Թեև արդեն մասամբ ներկայացրեցի Հայաստանին նախապատվություն տալու հիմնական դրդապատճառները, սակայն պրոֆեսոր Մոսկվինին մեր ուղղած առաջին հարցն էր՝ ինչո՞ւ այնուամենայնիվ Հայաստան: Չէ՞ որ կարող էր ցանկացած եվրոպական երկիր մեկնել հետազոտական գործունեություն ծավալելու:
Անդրեյ Մոսկվին -Ժամանակին ընդունված էր հարևան պետությունների հետ համագործակցել, օրինակ՝ Լեհաստան-Բելառուս, Լեհաստան-Ռուսասատան, Բելառուս-Ուկրաինա, սակայն վերջին տարիներին նոր ուղղություն է վերցրել Լեհաստանը՝ գիտական կապեր ստեղծել հեռավոր կամ ոչ հարևան երկրների հետ՝ քանի որ այդ կապերը թույլ են, կամ զարգացած չեն: Իմ ընտրության հարցում մեծ դեր խաղաց մեր ծանոթությունը Մինսկի Երիտասարդական ֆորումի ընթացքում: Նախ պետք է հասկանալ, որ դիմացինդ ևս համագործակցության պատրաստակամություն է հայտնում: Ղազախստանում և Վրաստանում ևս լավ մասնագետ ընկերներ ունեմ, սակայն համագործակցությունը չի ձևավորվում միայն ծանոթությամբ, այլ աշխատելու երկկողմ պատրաստակամությամբ և ցանկությամբ: Ինձ համար կարևոր էր գնալ մի երկիր, որտեղ կա թատերագետ գործընկեր, որը լավ գիտի երկրի թատերական իրավիճակը, գիտի երկրի տվյալ ոլորտի մասնագետներին, ունակ է նրանց համախմբել, բանակցել, գիտաժողովներ կազմակերպել: Հաճախ դրամատուրգիան մնում է ստվերում, չի լուսաբանվում, բարեբախտաբար դուք նաև որպես դրամատուրգ ներգրավեցիք այս ոլորտով հետաքրքրված մարդկանց ևս, ընտրեցիք հեղինակների, որոնց թարգմանեցինք լեհերեն: Որպես ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի թատրոնի բաժնի ավագ գիտաշխատող կամուրջ հանդիսացաք մեր համալսարանի և Արվեստի ինստիտուտի միջև, և մենք ահա տեսնում ենք աշխատանքի արդյունքները:
Անուշ Ասլիբեկյան -Շնորհակալ եմ: Մեզ համար իսկապես մեծ պատիվ է ձեզ պես Հայաստանը սիրող, հայ արվեստը ու անհատին գնահատող գործընկեր ունենալը: Անգնահատելի է ձեր հայանպաստ գործունեությունը մշակույթի ոլորտում: Այս հինգ ամիսների ընթացքում ռուսերեն թարգմանություններով ծանոթացաք նաև հայ դասական դրամատուրգիային, մի քիչ խոսենք դրամատուրգիայի մասին: Փորձենք համեմատել դասականը և նորը:
Անդրեյ Մոսկվին -Բարդ է այսպես ամբողջական վերլուծություն անել, այո, արդեն մասամբ ծանոթ էի հայկական արդի դրամային: Այժմ էլ կարդացի 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայ դասական դրաման, տեսագրությամբ դիտեցի հին ներկայացումներ: Պետք է ասեմ, որ առաջին հայացքից աչքի է խփում այն, որ հայ դրամատուրգիայի ուժեղ կողմը մարդն է՝ իբրև անհատ, իբրև հասարակության մասնիկ: Ինչո՞ւ ենք մենք սիրում դրամատուրգիան, քանի որ նրա միջոցով հասկանում ենք, թե արդյոք ինչպե՞ս է մարդը ներկայացված կոնկրետ դարաշրջանում, կոնկրետ ժամանակահատվածում, կոնկրետ տարածաշրջանում, և սա շատ ուժեղ է դրսևորված հայ դրամատուրգիայում: Երկրորդ ուժեղ կողմը պիեսներում առկա իրոնիկ վերաբերմունք է թե՛ իրավիճակին, թե՛ մարդուն, թե՛ կյանքին, սա թեթևացնում է, թուլացնում է այն դրամատիկական ուժեղ լիցքը, որն առկա է այս պիեսներում: Երրորդը՝ թեև թարգմանաբար եմ կարդացել, սակայն գիտեմ, որ դրանք գրված են Թիֆլիսի բարբառով, արևմտահայերենով: Դուք այդ պիեսները կարդում եք ու լսում թատրոնում հենց այդ դիալեկտներով, ինչը ձեր հարստությունն է: Դուք շատ ուժեղ դրամատուրգներ ունեք, Շանթը, Շիրվանզադեն, Սունդուկյանը, Պարոնյանը հզոր վարպետներ են:
Անուշ Ասլիբեկյան -Լինելով քսանից ավելի դրամատուրգիական անթոլոգիաների կազմող, խմբագիր, թարգմանիչ. տիրապետելով բազմաթիվ երկրների դրամատուրգիական պատմական ժառանգությանն ու ներկա դրսևորումներին՝ ինչպե՞ս կգնահատեք արդի հայ դրամատուրգիայի վիճակը:
Անդրեյ Մոսկվին -Այսօր դրսում հետաքրքրում է այն դրամատուրգիան, որում կա ազգային ինքնատիպություն, դիմագիծ, մշակութային տարբերություն, յուրահատկություն, այն, ինչ Եվրոպայում կորսվում է: Իսկ ձեր արդի պիեսներում դա կա: Դրաման միշտ այն է, ինչը ցավում է, ինչ այսօրվա մարդուն անհանգստացնում է, ձեր դրամատուրգիայում միշտ ցավ կա, ողբերգություն: Մեր համատեղ կազմած անթոլոգիայի պիեսներն առանձնանում են բազմաժանրությամբ, դրանցում նաև թեմաներն են տարբեր՝ Արցախյան առաջին պատերազմը, ձեր անկախությունը, Հայոց Ցեղասպանությունը, հայկական պատմությունը և այլն: Ինքնության կարևոր գծեր, որոնք հետաքրքիր են արտերկրի ընթերցողին: Իրավիճակներն համամարդկային են, սակայն թեման լոկալ, ազգային, ուստի եվրոպական ընթերցողին հետաքրքիր է կարդալ, հասկանալ:
Անուշ Ասլիբեկյան -Իսկ ինչպե՞ս խթանել արդի դրամատուրգիայի հետագա զարգացումը:
Անդրեյ Մոսկվին -Շատ կարևոր է դրամատուրգիական ամսագրեր ունենալ, օրինակ Եվրոպայում բոլորը կարդում են «ԴԻԱԼՈԳ»-ը: Համարները դրված են մարդկանց սեղաններին: «ԴԻԱԼՈԳ»-ն արտացոլում է Եվրոպան: Մեր համատեղ անթոլոգիաները նույնպես դրան են միտված, գալիս են Եվրոպայում ասելու, որ դրամատուրգիան արդի հայ գրականության, մշակույթի մաս է կազմում: Մյուս կողմից Լեհաստանում թյուր պատկերացումներ կան Կովկասի մասին, իրենց համար նախ դա Վրաստանն է, Հայաստանն առաջին հերթին եկեղեցիներ են և հոգևոր ժառանգությունը: Ճիշտ է, խորհրդային շրջանում թարգմանվել են հայ գրողների ստեղծագործությունները ռուսերեն, լեհերեն: Այսօր այդ գրքերը գրադարաններում են, բայց չեն ներկայացվում: Պետք է նոր կյանք տալ, վերհանել մոռացությունից: Հայ-լեհական մշակութային կապեր միշտ եղել են, Լեհաստանում հայկական մշակութային հանրույթ կա, բայց տեղային, լուրջ արդյունքի համար ինստիտուցիաներ են պետք: Օրինակ, սլովակիական ինստիտուտ կա, լավ կլիներ հայկական էլ լիներ: Մենք տպում ենք ժողովածուներ, բայց եթե դեսպանատունը ներկայացնի դրանք Լեհաստանում, ապա այդ աշխատանքները նաև եվրոպական հանրույթի սեփականությունը կդառնան: Մեր գործունեությունն ակադեմիայի հետ համարենք առաջին փուլ: Շնորհակալ եմ Արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանին պատրաստակամության և ջերմ վերաբերմունքի համար: Հուսամ՝ հետագայում այս գործում կներգրավվեն կառավարությունը, դեսպանատունը, որպեսզի օգնեն ընդլայնել աշխատանքները:
Անուշ Ասլիբեկյան -Շնորհակալություն, պրոֆեսոր, հուսով ենք առաջիկայւմ ձեզ դարձյալ Հայաստանում տեսնել՝ այս անգամ Սունդուկյան թատրոնին նվիրված ձեր մենագրության և մյուս ժողովածուների շնորհանդեսները Երևանում անցկացնելու պատրաստակամությամբ:
Զրուցեց արվեստագիտության թեկնածու, դոցենտ, թատերագետ Անուշ Ասլիբեկյանը