Հարություն Հակոբյան․ հրաշագործների արքան

Որպես կանոն՝ այն, ինչ մեզ զվարճացնում է ու գունազարդում կյանքի գոնե մի քանի ակնթարթները, ամենևին էլ հեշտությամբ չի ստեղծվում։ Ահա թե ինչու այդքան քիչ են սիրված կատակերգակները, կրկեսի հաջողակ արտիստները կամ ծաղրանկարիչները։ Ձեռնածու Հարություն Հակոբյանը ոչ միայն կայացավ իր ընտրած դժվարագույն մասնագիտությունում, այլև ճանաչվեց լավագույնը՝ ոչ միայն սոցիալիստական երկրների ճամբարում, այլև դրա սահմանագծից դուրս։ 1957 թվականին Հակոբյանը հաղթեց Կոլոմբոյի (Շրի Լանկա) միջազգային մրցույթում, 1959 թվականին Փարիզի մրցույթում արժանացավ Գրան պրիի ու Ռոբեր-Ուդենի ոսկե մեդալի, 15 տարի անց ԳԴՀ–ում նրան շնորհվեցին Բոսկոյի անվան մրցանակը և Վ. Դուրովի մեդալը, իսկ 1987 թվականին Կառլովի Վարիում անցկացված մրցույթում նա պարգևատրվեց «Աճպարարության արքա» պատվավոր տիտղոսով։ Հակոբյանը Մոգերի միջազգային ակումբի պատվո անդամ էր, կրում էր «Միջազգային մոգության արքա» կոչումը։ Նա առաջին և միակ ձեռնածուն (իլյուզիոնիստն) էր, որն իր անօրինակ վաստակի համար արժանացավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման, իսկ նրա որոշ հնարամիտ ֆոկուսների կատարման տեխնիկան ներկայացվել է «Նաուկա ի ժիզն» և «Յունի տեխնիկ» գիտամասսայական ամսագրերում։ 

Տարիների հեռավորությունից դժվար է պարզել, թե ո՞ր հատկանիշների շնորհիվ Հակոբյանը նվաճեց այդ բարձունքները, սակայն փաստ է, որ բնատուր տաղանդից բացի նրան հատուկ են եղել համառությունը և ինքնակատարելագործման անհագ ձգտումը։ Ինքը՝ Հակոբյանը համոզված էր, որ «ցանկացած բեմելույթի հաջողությունը կախված է կատարողի ջանասիրությունից և աշխատասիրությունից»։

Դաժան է եղել նրա մանկությունը։ Ծնվել է 1918 թ․ ապրիլի 25-ին՝ Իգդիրում։ Հայրը՝ Հմայակը, դարբին էր։ Ցեղասպանության հետևանքով նրանք ստիպված էին լքել իրենց տունը։ Փոքրիկ Հարությունը կորցրեց մորը։ Հետագայում հայրը կրկին ամուսնացավ, սակայն խորթ մոր հետ Հարությունի հարաբերությունները բարդ էին։

Թերևս խուսափելով իր մանկության ողբերգական հիշողությունների վերապրումից՝ Հակոբյանը որպես ծննդավայր նշում էր Երևանը։

Պատանի Հարությունը Երևանի փողոցներում ջուր էր վաճառում։ Ռուբեն Զարյանն իր հուշերում այսպես է նկարագրում երևանցի ջրավաճառներին․ «դրանք մատաղհաս տղաներ էին, արևահար, գլխաբաց, ոտաբոբիկ, կարճ շալվարով ու մեծ մասամբ՝ առանց վերնաշապկի»։ Շատերը նույնիսկ դպրոց հաճախելու ժամանակ չեն ունեցել։ Մի անգամ, երբ խիստ շոգ էր, գնորդը մեղադրում է Հարությունին, իբր ջուրը տաք է ու հարվածում է նրան, ինչի հետևանքով Հարությունն ընկնում ու ջարդում է աջ ձեռքի ցուցամատը։ Ոսկորը ծուռ է կպչում, ինչը հետագայում անսովոր հնարավորություններ է ընձեռում Հարությունին՝ միանգամից խաղաթղթերի երկու կապուկներով մանիպուլյացիաներ կատարելու համար։

1935-ին նա ավարտում է Երևանի խորեոգրաֆիայի ուսումնարանը և ընդունվում Պարի պետական անսամբլ։ Սակայն հայրը շատ էր ուզում, որ որդին ինժեներ դառնա ու ապահովի իր օրվա ապրուստը, ուստի Հարությունը ավարտում է շինտեխնիկումը և աշխատանքի անցնում Հայշինում։ 1937-ին նա գործուղվում է Մոսկվա՝ ուսումը շարունակելու։ Ընդունվում է Մոսկվայի հողաշինարարական ինստիտուտ, սակայն ամեն ինչ գլխիվայր է շրջվում է, երբ Հարությունն առաջին անգամ դիտում է մի աճպարարի ելույթ։ Նա ամբողջ ազատ ժամանակը նվիրում է աճպարարական փորձերին՝ պատրաստում է ռեկվիզիտ (բեմիրեր), ուսումնասիրում է պարզագույն հնարքների գաղտնիքները ու ընդունվում գեղարվեստական ինքնագործունեության խմբակ։ Երբ ավարտեց ինստիտուտը, նա արդեն հաջողությամբ ելույթ էր ունենում ակումբներում։ 1942-ին նա սկսեց հանդես գալ Մոսկվայի պետական էստրադայի կազմում։ Որպես օրիգինալ ժանրի արտիստ՝ նա շուրջ 1600 ելույթ ունեցավ ռազմաճակատում։ Ավարտական հնարքը հետևյալն էր․ Հակոբյանը թաշկինակի տակից դուրս էր բերում օղու բաժակը, խմում հաղթանակի համար և բաժակը վեր էր նետում այնպես, որ այն անհետանում էր։

Պատերազմի ժամանակ նա շրջափակման մեջ հայտնվեց, ենթարկվեց կոնտուզիայի, սակայն չթողեց իր զբաղմունքը։ Հակոբյանի հռչակն օրեցօր աճում էր, նա հանդես էր գալիս սիրված երգչուհիներ Լիդիա Ռուսլանովայի և Կլավդիա Շուլժենկոյի հետ նույն  ծրագրում, նրա ելույթներին երբեմն հեռադիտակներով հետևում էին գերմանացիները։

Պատերազմի ավարտից հետո նա մի քանի անհավանական տրյուկ հորինեց․ դրանցից մեկում ասիստենտուհիները թռչում էին Հակոբյանի շուրջը, իսկ մյուսում Հակոբյանին ձեռնաշղթաներ ու զսպաշապիկ էին հագցնում, ապա մտցնում պարկի մեջ և կապում, սակայն աճպարարն արագ ազատվում էր դրանցից ու գոչում․ «Շղթաներից բացի՝ մենք կորցնելու ոչինչ չունենք»։ Նա նաև իրականացնում էր բարդ հոգեֆիզիկական, բիոմեխանիկական հնարքներ․ հանդիսատեսն աճպարարի բացակայությամբ որևէ իր էր թաքցնում, իսկ նա հայտնաբերում էր այն։ Ընդ որում, Հակոբյանին կողքից հսկում էին, կապում էին աչքերը, գլխին պարկ հագցնում։ Բացի այդ՝ Հակոբյանն անցկացնում էր հիպնոսի մասսայական սեանսներ։

Չցանկանալով նման լինել այլ աճպարարների՝ նա աստիճանաբար սկսեց ազատվել խոշոր ռեկվիզիտից ու հանդես գալ սոսկ որպես ձեռնածու․ «ես ցանկանում էի բեմից հեռացնել բոլոր իրերը, որոնցով մարդիկ սովոր էին տեսնել մեր ժանրի արտիստներին, քանի որ ուզում էի արվեստի այդ տեսակին առավելագույն ազնվականություն հաղորդել»։ Եթե իլյուզիոնիստը սովորաբար ինչ-որ գործիքակազմ ու սարքավորումներ է կիրառում, ապա ձեռնածուի համար գլխավորը մարզված ձեռքերն են․ դա աճպարարության ավելի բարդ տեսակ է, ուստի զարգացնելով ձեռքերի ճկունությունը, օրը շուրջ 16-18 ժամ մարզելով մատները, նա առաջին հերթին բարձրագույն մակարդակի հասցրեց իր կատարողական տեխնիկան։ Հակոբյանի խոսքերով՝ «ձեռնածուի ձեռքերը կարելի է համեմատել դաշնակահարի ձեռքերի հետ»։ Նա սկսեց բեմ դուրս գալ մանր ռեկվիզիտով՝ գնդիկներ, խաղաքարտեր, ծխախոտ, պարան, թաշկինակ և այլն, դրանով առանձնանալով մյուս իլյուզիոնիստներից։ Որպես ձեռնածու՝ հորինեց հազարից ավելի հնարքներ։ Բազմիցս դիտելով նրա հնարքները՝ հանդիսատեսն այդպես էլ չէր հասկանում, թե ինչպես է Հակոբյանը դրանք իրականացնում, ասենք՝ կպցնում է պատռված ու ճմրթված աֆիշի պատառիկները կամ պարանի կտորներից մեկ ամբողջական պարան է ստանում։ Ներկաներն առանձնապես ցնծում էին, երբ բեմի վրա նա թևքերը վեր էր ծալում ու հնարքներ էր ցուցադրում հանդիսատեսի տրամադրած իրերով։ Եթե նույնիսկ գաղտնիքը բացահայտվում էր, հակոբյանական արագությամբ ու ճկունությամբ այն կրկնել ոչ ոք չէր կարողանում։

Հակոբյանի ձեռքերն օժտված էին զարմանալի զգայունությամբ, այն աստիճան, որ երբ մատներից արյուն էին վերցնում, նա մի քանի օրով դադարեցնում էր ելույթները։ Միշտ կրում էր բնական կաշվից ձեռնոցներ ու աշխատում էր կոպիտ կենցաղային գործերով չզբաղեցնել ձեռքերը։ Բացի այդ՝ Հակոբյանը փայլուն հիշողություն ուներ։ Իսկ բեմից հնչող նրա հայաշունչ ռուսերենը, որով նա մեկնաբանում էր իր հնարքները, այն հրապուրիչ մեղեդիները, որ նա մեղմաձայն կատարում էր, ժպիտ էին հարուցում ու, անշուշտ, շեղում էին հանդիսատեսին։

Առաջին կնոջից երկու զավակ ուներ։ Հետագայում ամուսնացավ երգչուհի Լիայի հետ, որը դարձավ նրա օգնականը։ 1956-ին ծնվեց նրանց որդին՝ Հմայակը, որը Ռուսաստանում ճանաչված ձեռնածու և դերասան է։

1973 թվականին Հակոբյանն ավարտեց ԳԻՏԻՍ-ի ռեժիսորական բարձրագույն դասընթացները, այսպիսով չորորդ անգամ ընդլայնելով իր մասնագիտական կարողությունները։

Մեծ պահանջարկ ունեին Հակոբյանի հեղինակած գրքերը՝ «Ֆոկուսներ էստրադայում» (1961), «50 ուշագրավ ֆոկուս» (1964), «Հրաշքների աշխարհում»(1980), «Կախարդության դասեր եմ տալիս» (1993) և այլն, որոնցում զետեղված էին նրա հնարքների բացահայտումները․ այլ հարց է, որ այդ հնարքները կատարման բազում տարբերակներ ունեին, որոնց առավել արժեքավոր մասն, իհարկե, գաղտնիք էր մնում։

Հակոբյանին ներգրավում էին Մալայա Բրոննայայի թատրոնի ներկայացումներում՝ որպես հնարքների բեմադրիչի։ Եթե ժամանակը ներում էր, Հակոբյանը դերերով հանդես էր գալիս կինոյում․ նրա ամենահայտնի կինոդերը Մուստաֆան էր «Թեհրան-43»-ում, որը գերմանացի ահաբեկչին պիտի ատրճանակ փոխանցեր։ Նույն դրվագը Հակոբյանն ամեն անգամ նոր հնարքով է իրականացնում, ուստի խաղընկերները, մոռացած իրենց անելիքը, հափշտակված հետևում էին աճպարարի ձեռքերին։

1980-ականներին հայկական հեռուստատեսությունը հաճախ էր ցուցադրում Հակոբյանին նվիրված «Սովորական հրաշքներ» կինոնկարը (1981), որի մի շարք դրվագներ նկարահանվել էին Հայաստանում։ Այս կինոնկարը էկրանին էր գամում մեծին ու փոքրին․ հաղորդումների մեծ մասի անտանելի գորշությունից հոգնած հեռուստադիտողն իսկական հրաշքի ականատեսն էր դառնում, խորհրդային սահմանափակումներով լի կյանքը վերածվում էր տոնախմբության, հեքիաթի։ Հակոբյանը պարկերով նամակներ էր ստանում  երկրպագուներից, շատերն այցելում էին նրան տանը, և յուրաքանչյուրին նա ընդունում էր, ջանում օգտակար լինել, քանզի անչափ սիրում էր իր հանդիսատեսին։ Նա հաճախ էր կրկնում․ «Ես աշխատում եմ ոչ թե բոլոր հանդիսատեսների, այլ՝ նրանցից յուրաքանչյուրի համար»։ Հյուրախաղերով հանդես է եկել հարյուրից ավելի երկրներում և ամենուր հիացրել հանդիսատեսին։ «Պաղի ժուղ» ֆրանսիական թերթը 1959 թ․ գրում էր․ «Ձեռնածու Հակոբյանի բեմելույթն իսկական հրաշք է։ Նա մանիպուլյացիայի մեծ վարպետ է»։ Հակոբյանի հնարքներով հետաքրքրվում էին նույնիսկ անվանի գիտնականները, մասնավորապես՝ Սերգեյ Կապիցան, որն ասում էր․ «Հակոբյանն ամեն ինչ կարող է»։

Ձեռնածուների արքային շատ կոլեգաներ էին նախանձում, մի անգամ տան շքամուտքում նա նույնիսկ մահափորձի ենթարկվեց։

Հակոբյանն իր ժամանակների միֆական կերպարներից էր․ նրա մասին պատմությունները շրջում էին ԽՍՀՄ-ով մեկ։ Ահա դրանցից մեկը․ Հարությունը սիրավեպ է ունենում իր երկրպագուհի Մարգարիտայի հետ, որին սիրահետում էր Բերիան։ Վերջինիս վրեժից ազատվելու համար ձեռնածուն ստիպված մեկնում է Հայաստան ու Մոսկվա վերադառնում միայն Ստալինի մահից հետո։ Ըստ մեկ այլ պատմության՝ մոսկովյան ելույթներից մեկի ժամանակ Հակոբյանն իր մատանին նետում է դահլիճ։ Դահլիճում նստած բարձրաստիճան պաշտոնյաները անպատշաճ են համարում ոտքերի տակ փնտրել այն։ Հասկանալով դա, Հակոբյանը կատակում է․ «Պետք չէ՛, մի՛ փնտրեք, մատանին ինձ մոտ է»։ Հակոբյանի տաղանդով հիանում էին նաև ԽՍՀՄ ղեկավարները՝ Նիկիտա Խրուշչովը և Լեոնիդ Բրեժնևը, որոնք սիրում էին հյուրընկալել ձեռնածուին ու նրա հնարքներով հիացնել արտասահմանյան հյուրերին։

«ԽՍՀՄ գլխավոր մոգը» համոզված էր, որ երիտասարդ տարիքում մահացած ծնողները շատ կուրախանային՝ տեսնելով իր հաջողությունները բեմում։ Նա կապված էր հայրենիքի ու հայրենակիցներին հետ, ելույթներով պարբերաբար հանդես էր գալիս Հայաստանի քաղաքներում և դարձավ իր ժանրի միակ ներկայացուցիչը, որն արժանացավ Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստի կոչման (1961)։ «Երեկոյան Երևանում» (№2, 1984 թ․) տպագրված հարցազրույցում նա ասել է․ «Երևանը, ինձ հարազատ լինելուց բացի, նաև հոգևոր իմ հանգրվանն է, ուր ամեն անգամ այցելելիս արմատներիս զորությունն ավելի եմ զգում»։

Ամբողջ կյանքում Հակոբյանն անդադար պարապում և կատարելագործվում էր, հաճախ նույնիսկ երազում էր ռեկվիզիտը տեսնում։ Նա ասում էր․ «Ես ջանում եմ աշխատել ոչ թե ուրիշներից, այլ ինքս ինձնից ավելի լավ»։ 1995 թ․ Հակոբյանը տվեց իր վերջին համերգ-բենեֆիսը և թողեց բեմը, սակայն ո՛չ իր սիրելի զբաղմունքը։

Հմայակ Հակոբյանի խոսքերով, երբ երկարատև ծանր հիվանդությունից հետո հայրը 2005 թ․ Հին Նոր տարվա գիշերը հեռանում էր կյանքից, արդեն հրաժեշտ էր տվել հարազատներին ու հոգեվարքի մեջ էր, նրա հրաշագործ ձեռքերը մինչև վերջին ակնթարթը շարունակում էին աշխատել, խաղաքարտերով մանիպուլյացիաներ կատարել։ Թե՛ Հակոբյանի կյանքի օրոք, թե՛ հետագայում շատերը փորձեցին կրկնել նրա հնարքները, հորինել նորերը, սակայն արքայական գահը նա այդպես էլ ոչ ոքի չզիջեց․․․

 

Աշոտ Գրիգորյան

... ...