Հարություն Դելլալյան` ճեղքելով պատնեշները

Այս տարի օգոստոսի 8-ին լրացավ Հարություն Դելլալյանի 85-ամյակը: Տարին հոբելյանական է, և չլիներ 2020-ին սկսված և առ այսօր չավարտվող պատերազմը, համազգային ապատիան և հուսահատությունը, պետք է որ տաղանդաշատ կոմպոզիտորի հոբելյանական համերգներն ու միջոցառումները շարունակվեին ամբողջ  տարին: Հասկանալի պատճառներով ամենևին այդպես չեղավ: Այդուհանդերձ, կոմպոզիտորի ծննդյան օրից երկու ամիս անց, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հոբելյանական համերգը՝ մեկ հարկի տակ  համախմբելով տաղանդավոր երաժիշտների, Դելլալյան ընտանիքի անդամներին ու նրբաճաշակ հանդիսատեսին: Համերգային ծրագրում Դելլալյանի կամերային ստեղծագործություններն են՝ «Նվիրում Կոմիտասին» դաշնամուրային սոնատը, Սոնատ-պոեմ ջութակի և դաշնամուրի համար, Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար, «Մեդիտացիա»`կլառնետի և դաշնամուրի համար և «Լռության րոպե»` a capella կանանց երգչախմբի համար։

 

Կոմիտասն՝ Ամենահայր

«Նվիրում Կոմիտասին» ստեղծագործությունը, որն ուղենշային է կոմպոզիտորի համար, ասես խորհրդանշում է այն կենդանի ու ժառանգական կապը Կոմիտասի հետ, որով հատկանշվում է նրա երաժշտությունը: Այդ հոգևոր ժառանգորդության ու  հարազատության մասին բազմիցս զրուցել ենք կոմպոզիտորի դստեր, ջութակահար, «Հայրիկ Մուրադյան» հասարակական կազմակերպության նախագահ Նարինե Դելլալյանի հետ, որի վկայությամբ կոմիտասյան ակունքի հետ Դելլալյանի  երաժշտության կենսական կապը գալիս է դեռ վաղ մանկական տարիներից. «Հայրս իր օրագրում գրում է, թե ինչպես էր իր մայրը, երբ իրենք դեռ փոքրիկ երեխաներ էին, նրանց համար երգում մեր հայկական մեղեդիները: Մայրը, որը շատ զարգացած կին էր, կարծում եմ հրաշալի գիտակցելով, թե ինչ պետք է ներարկի իր երեխաներին, հենց Կոմիտաս էր երգում, ու այնուհետև այդ մեղեդիներն արմատներ ձգեցին հորս մանկական հոգում: Եվ նա իր ամբողջ կյանքի ընթացքում ապրեց դրանցով: Գիտեք, երբ  ինքը պետք ուներ ինչ-որ մեկի ջերմ ձեռքի հպմանը, գնում էր Կոմիտասի մոտ՝ նրա հետ խոսելու, Կոմիտասից հոգևոր կապով խորհուրդներ ստանալու և այո՛, Կոմիտասը նրա համար մնաց Ամենահայր: Եվ դրա ապացույցը նաև այդ հրաշալի սոնատն է՝ «Նվիրում Կոմիտասին», որը հայտնի է ամբողջ աշխարհում, կատարվել է բազմաթիվ բեմերում և արժանացել հրաշալի արձագանքների: Երևի թե դա հենց իր սիրո և հոգու մղումն էր, որն  այնքան հասկանալի է և՛ հայ մարդուն, և՛ այլազգի ունկնդրին, քանի որ համամարդկային երաժշտություն է»:

Արդեն տարիներ շարունակ Դելլալյանի կոմիտասյան սոնատը Հայկ Մելիքյանի համերգացանկի ամենակատարվող գործերից մեկն է. երևանյան հոբելյանական համերգը ևս բացառություն չէր: Դելլալյանական կենսաթրթիռ ելևէջներին Հայկը մշտապես հավելում է իր էմոցիոնալ գերխիտ մեկնաբանությունը. « «Նվիրում  Կոմիտասին» սոնատն արդեն շատ երկար տարիներ է, որ կատարում եմ աշխարհի տարբեր բեմերում, տարբեր ժողովուրդների ունկդրի առջև: Եվ միշտ զարմանում եմ թե ինչպես կարող է դելլալյանական երաժշտությունը տարբեր ազգերի հուզել՝ մինչև  անգամ արցունքներ: Համերգներից հետո եղել են դեպքեր, երբ մարդիկ արցունքներով մոտեցել են ինձ, հետաքրքրվել կոմպոզիտորի կենսագրությամբ, նրա գործունեությամբ: Եվ ինձ համար, որպես կատարող, միշտ պատիվ է ներկայացնել Դելլալյանի երաժշտությունը, որովհետև կապը Կոմիտասի հետ, իհարկե, այդ սոնատի դոմինանտ ուժն է, և Կոմիտաս ասելով՝ ինքնին ընկալում ենք հայ ժողովուրդ: Ի վերջո, նա այն բացառիկ կոմպոզիտորներից է, որի երաժշտության մեջ մեր ժողովրդի ասելիքն է՝ կանչը, որը չափազանց անմիջական կապ է հաստատում ունկնդրի հետ և հուզում նրան մինչև հոգու խորքը: Գուցե այդ է պատճառը, որ ամեն անգամ այն կատարելիս նոր հույզերով ու զգացմունքներով եմ լցվում: Այս սոնատը կատարելուց հետո ես ծանոթացա Դելլալյանի այլ կամերային գործերին և նույնպես սիրահարվեցի դրանց: Ես փնտրում էի նաև այլ գործընկերների, մյուս երաժիշտ-կատարողներին, որոնք համակարծիք կլինեին ինձ, և մենք կարող էինք համահունչ մտածել նրա երաժշտության շուրջ»:

 

Մեծ երաժշտություն՝ ծնված փակ համակարգում

Ամեն անգամ, երբ հնչում է Դելլալյանի երաժշտությունը, ինքնաբերաբար հետահայաց մի պատկերաշար ասես մեզ վերադարձնում է խորհրդային տարիներ: Սա մի տեսարան է, որը գուցե ծնվել է կոմպոզիտորի կյանքի պատմությանը ծանոթանալիս. Երևան, ֆրեզերային հաստոցների գործարան, որտեղ Հարություն Դելլալյանը երկար տարիներ աշխատել է որպես ֆրեզերագործ բանվոր: Ծանր ֆիզիկական աշխատանքի ընթացքում նրա գլխում անվերջ հնչում է երաժշտությունը՝ գուցե անավարտ, դեռ չնոտագրված, թերևս անմշակ, բայց այդ երաժշտությունը նրան հանգիստ չի տա, մինչև չվերածվի ավարտուն ստեղծագործության: Երբ Դելլալյանը գրում էր իր հրաշալի գործերը, Խորհրդային Միությունը մի փակ համակարգ էր, որում ցանկացած մարդ, առավել ևս ստեղծագործող անհատը մշտապես բախվում էր սահմանափակումների պատնեշին: Առեղծվածներով և զարմանալի իրողություններով լեցուն նրա կյանքի գլխավոր սերերը ընտանիքն ու երաժշտությունն էին: Երևանյան կոնսերվատորիա ընդունվելով երեսունհինգ տարեկանում՝ նա թիկունքում ուներ դժվարություններով և մաքառումով լեցուն տարիներ, որոնցում, սակայն, գերիշխում էին արարման ձգտումն ու սերը: Դելլալյանի ամբողջ կյանքն ու ստեղծագործությունը թերևս լավագույն օրինակն է, թե ինչպես փակ համակարգերն իրենց ներսում ստեղծում են նոր գեղագիտություն ու ներքին մեծ ազատություն: Որտեղի՞ց նրա մեջ այդ նորարարության տարերքն ու խորհրդային կաղապարներից դուրս մտածողությունը հարցին ի պատասխան Նարինե Դելլալյանը հիշում է՝ հայրիկի միտքը մշտապես գերզբաղված էր արևելյան փիլիսոփայության, հասարակությանն անհայտ հեղինակների ուսումնասիրությամբ: Այդ տարիներին, երբ արտերկրի լավ գրականությունն անհասանելի էր Հայաստանում, նա կարդում էր թղթերի վրա տպագրված օրինակներ, որոնք սակավաթիվ մարդկանց ձեռքից ձեռք էին անցնում։ 80֊ական թվականներին, երբ Հայաստանում Զարյան գրեթե չէր տպագրվում, նա Կոստան Զարյանի բանաստեղծություններով երաժշտություն էր գրում: Թերևս նույն կերպ ուսումնասիրում էր նաև համաշխարհային երաժշտությունը, որովհետև Դելլալյանի գրադարանում կային այդ տարիների ամենաժամանակակից կոմպոզիտորների պարտիտուրները։ Եվ այս ամենն օրեցօր, անտեսանելի, բայց ամենազգայուն թելերով կապվում էր նրա հոգում հնչող երաժշտությանը, խմորվում ու վերափոխվում որակապես նոր մտածողության ու գեղարվեստական որակի, որն ազգային ու համամարդկային էր միաժամանակ:

Դելլալյանի՝ Թավջութակի և դաշնամուրի սոնատի հայտնի կատարողներից Սևակ Ավանեսյանի գնահատմամբ դելլալյանական երաժշտության մեկնաբանության բանալին նաև նրա տրամադրությունները, ապրումներն ու հույզերը կիսած մարդկանց և ընտանիքի անդամների հիշողություններում է. «Հայրս կոմպոզիտոր է, և ես մանուկ  հասակից կամա թե ակամա ուսումնասիրել եմ բոլոր հայ կոմպոզիտորներին, որոնք լինում էին մեր տանը: Ընտանիքով շատ մտերիմ էինք Դելլալյանի ընտանիքի հետ: Օրինակ, փոքր տարիքից ես միշտ հետևում և հիանում էի թավջութակահար Լևոն Մուրադյանով, ինչ բարեբախտություն է ունենալ այդպիսի հայ երաժիշտ և մտերիմ լինել նրա ընտանիքի հետ: Մենք հիմա փորձում ենք կարդալ Բրամսի նամակները, Բեթհովենի մասին պատմություններ լսել, որպեսզի հասկանանք, թե ինչպիսի մարդիկ էին նրանք, և ինչպես նվագենք նրանց երաժշտությունը: Եվ այսօր հնարավորություն ունենք խոսել Դելլալյանի դուստրերի հետ ու քննարկել, հասկանալ, թե ինչի մասին է մեր նվագած  երաժշտությունը: Ընդհանրապես, մի քանի կոմպոզիտորներ կան, որ բավականին ուշ են սկսել երաժշտություն գրել, բայց Դելլալյանը կարողացավ ստեղծել ինչ-որ մի բան, որը և՛ հայակական է, և՛ դասական, և՛ մոդեռն և՛ շատ տաբերվող: Անկեղծ ասած իր ստեղծագործություններից միայն մի գործ եմ բախտ ունեցել նվագել՝ Թավջութակի սոնատը և կարող եմ ասել, որ մինչև օրս այն չի կարելի համեմատել հայ կամ խորհրդային որևէ այլ կոմպոզիտորի ստեղծագործության հետ»:

 

Ճեղքելով պատնեշները 

Եվ հենց Դելլալյանին էր վիճակված լինել այն բացառիկներից մեկը, որը ճեղքեց բոլոր պատնեշները, և նրա երաժշտությունը հնչեց աշխարհի ամենահեղինակավոր համերգասրահներում ու բեմերում, հասավ մինչև Սպիտակ Տուն, «Կարնեգի Հոլ», կատարվեց Տորոնտոյի Կոնսերվատորիայում, Վենետիկի «Սուրբ Մարկոս» տաճարում և այլ հեղինակավոր երաժշտական բեմերում: Դելլալյանի երաժշտության յուրօրինակ «դեսպաններն» ու հանրահռչակողները դարձան Սփյուռքի այնպիսի հայտնի երաժիշտներ, ինչպիսիք էին Արթուր Փափազյանը, Պերճ Ժամկոչյանն ու Արամ Ղարաբեկյանը: Ցավալիորեն կարճատև՝ ընդամենը 13 տարվա ստեղծագործական կյանքի ընթացքում կոմպոզիտորը հեղինակեց գործեր, որ գրչակից ընկերներն իր ժամանակից առաջ էին որակում: Եվ անվերջ կարելի է բացահայտել Դելլալյանին, նրա ստեղծագործությունները փնտրել նվագախմբերի ու երաժիշտների համերգային ծրագրերում ու պարզել, որ կան հեղինակներ, որոնց երաժշտությունը պարտադիր չէ, որ ամենահաճախ ու բոլոր համերգասրահներում հնչի, բայց այդ երաժշտությունն այնքան անքակտելիորեն կապված է քո երաժշտական ակունքին, որ կարող է մշտական ուղեկիցդ դառնալ: Այսօր էլ Դելլալյանի ժառանգության մեջ կան գործեր, որոնք դեռ չեն ձայնագրվել ու համերգային կատարումներ չեն ունցել: Այդ շարքում Նարինե Դելլալյանն առաջինը հիշատակում է «Հուշարձան նահատակներին» սիմֆոնիկ պոեմը և Երկրորդ  սիմֆոնիան. «Ցավոք սրտի դեռ կան ստեղծագործություններ, որոնք սպասում են իրենց կատարմանը: Դրանցից մեկը, որը շատ ցանկալի է լսել՝ Կոստան Զարյանի     բանաստեղծության հիման վրա գրված «Հուշարձան նահատակներին» սիմֆոնիկ պոեմն  է: Եվ անկեղծորեն պետք է ասեմ, որ ամեն տարի, ապրիլի  24-ին ես մեծ ցավով սպասում եմ, որ ևս մեկ տարի, գուցե հաջորդ տարի հնչի այս ստեղծագործությունը, որովհետև վերնագիրն արդեն իսկ կարծես հուշում է, թե ինչի մասին է այդ գործը: Եվ պետք է որ մենք փոքր-ինչ ավելի հոգատար լինենք այն ժառանագության հանդեպ, որը թողնում են  մեզ մեր մեծերը: Իսկ մենք պատասխանատու ենք այդ ամենը պահպանելու, հնչեցնելու և շարունակելու համար»:

Եվ բնավ պատահական չէ, որ հենց «Շարունակություն» անունն է կրում Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Դելլալյան ընտանիքի համատեղ նախաձեռնությունը՝ մեկնարկել կոմպոզիտորական արվեստի մրցույթ, որը նվիրվում է Հարություն Դելլալյանի հիշատակին: Մրցույթի առաջին մրցանակակիրները պարգևատրվեցին հենց հոբելյանական համերգի շրջանակում:

 

Նունե Ալեքսանյան