Հակոբյանի «Տիկնիկը», որ անհայտության մեջ ապրել է 60 տարի

Որովայնից «վիրավոր» տիկնիկ` պառկած բարձի վրա` աթոռին. նկարիչ Հակոբ Հակոբյանի ստեղծագործությունն  է: Ով տեսել է նրա` մանեկեններով կտավների շարքը, պետք է որ չզարմանա, գուցե նաև մտածի, թե այս մանկամարդուն ավելի վաղ Հակոբյանի մի որևէ կտավում հանդիպել է: Բայց արի ու տես, որ Հակոբ Հակոբյանի  «Տիկնիկը» կտավը, որը նա ստեղծել է 1960-ին, ավելի քան 60 տարի մնացել է անհայտության մեջ, և այս տարի նոր միայն գտնվել է:

Այս նկարի գոյության մասին տեղյակ էին միայն նկարչի հարազատներն ու... տիկնիկի տիրոջ ընտանիքը: Նկարը հեղինակի եգիպտական շրջանի`պատկերագրական իմաստով ոչ ստանդարտ գործերից է: Այն չի տպագրվել ոչ մի ալբոմում, կատալոգում, հոդվածում: Գուցե Եգիպտոսում ներկայացվել է որևէ ցուցահանդեսում, բայց այդ մասին ևս մեզ տեղեկություններ չեն հասել:

Իսկ պատմությունը հետևյալն է`Կիպրոսի հայաշունչ կրթական օջախներից մեկում` Մելքոնյան վարժարանում ուսանելու տարիներին Հակոբ Հակոբյանը մտերմանում է Գրիգոր Քեշիշյանի հետ: Եվ Գրիգորի տուն նրա հերթական այցելության ժամանակ Հակոբյանը նկատում է ընկերոջ դստեր վնասված տիկնիկն ու միանգամից հետաքրքրվում է անկենդան այդ «մարդուկով»: Արդյունքում նկարիչը պատկերը հանձնում է կտավին:

Շատ ավելի ուշ, երբ Գրիգորի ընտանիքը հայրենադարձվում է Հայաստան, երկար տարիների ընդհատումից հետո վերջապես կրկին հանդիպում է Հակոբ Հակոբյանի հետ: Իսկ առավել ուշագրավն այն է, որ այդ հանդիպման ժամանակ նկարիչն իր հետ բերում և Գրիգոր Քեշիշյանի դստերը` Ծովինար Քեշիշյանին է նվիրում «Տիկնիկը» կտավը. այլ կերպ ասած`տիկնիկը վերադարձնում է տիրոջը: Մինչև օրս Ծովինար Քեշիշյանը խնամքով պահպանում էր կտավը, և զարմանալի է, որ այս տարիների ընթացքում երբևէ ջրի երես չէր հանել այն: Ու երբ այս տարի Հայաստանի ազգային պատկերասրահում Հակոբ Հակոբյանի 100-ամյակի առիթով բացվեց «Հակոբ Հակոբյան. հոգու հայելի» հոբելյանական ցուցահանդեսը, Ծովինար Քեշիշյանը ցանկություն հայտնեց հանրայնացնել իր համար այդքան թանկ և հարազատ կտավը  ու այն ներկայացնել ցուցահանդեսի շրջանակում: Կարելի է ասել, որ Հակոբյանի անհայտ ստեղծագործությունն այս կերպ նոր կյանք ստացավ ու վերածնունդ ապրեց:

Եվ եթե դուք ուսումնասիրելու լինեք Հակոբ Հակոբյանի` ավելի ուշ շրջանի` 1990-ականների ստեղծագործությունները, ինչպես, օրինակ` «Ընտանիք» (1990) կամ «Մայրություն» (1997) կտավները, ձեր աչքից չի վրիպի տիկնիկի կերպարը: Դժվար է ասել` դրանք ստեղծվել են դեռևս 3 տասնամյակ առաջ նրա պատկերած «Տիկնիկի» ազդեցության ներքո, թե ոչ, բայց այն իրողությունը, որ այդ կերպարը կարմիր թելի նման անցնում է նկարչի ստեղծագործություններում, փաստ է:

 

Աննա Բաբաջանյան

... ...