Հակոբ Օշական՝ միշտ հակառակ հոսանքին

Հակոբ Օշականի մուտքն արևմտահայ և ապա սփյուռքահայ գրականություն նշանավորվեց այն հանգամանքով, որ թե՛ որպես գրող, թե՛ որպես գրաքննադատ նա միշտ հակառակ էր գնում հոսանքին ու տիրապետող դեմքերին, աչքի ընկնում սեփական՝ տարբերվող ու հաճախ անսովոր տեսակետներով, որոնք նրան փառք ու հռչակ բերեցին, բայց և շարունակական հալածանքների պատճառ դարձան։ Ստեղծագործական աննպաստ պայմանները չխանգարեցին նրան իր գրիչը փորձել ամենատարբեր գրական ժանրերում ու դառնալ իր ժամանակի ամենաբեղուն հեղինակներից մեկը. նա չորս տասնյակից ավելի հատորների հեղինակ է, մի մասը՝ դեռևս անտիպ։

Հակոբ Քյուֆեճյանն աշխարհ էր եկել 1883-ի ձմռանը՝ գետնափոր մի նկուղում, Բուրսա տեղափոխված գյուղացիների ընտանիքում։ Հայրը հիշողության մեջ տպավորվել էր մահվան մահճում՝ թաղման օրը, երբ Հակոբի խոստովանությամբ՝ սկիզբ առավ իր անհուն կսկիծը։ Երեք զավակներին պահելու բեռը ծանրանում է մոր ուսերին, ձմեռները ստիպված վերադառնում են հայրենի Սյոլյոզ գյուղ։ Այսպիսով, մանուկ և պատանի հասակում ճաշակած դժվարությունները պիտի կոփեին Հակոբի բնավորությունը՝ դարձնելով նրան ավելի անդրդվելի, սկզբունքային և քմահաճ։ Աղքատության ու ըմբոստ բնավորության պատճառով նա ստիպված էր կիսատ թողնել ուսումը Արմաշի դպրեվանքում, որտեղ արտակարգ ընդունակություններ էր ցուցաբերում, ու, ըստ էության, նա գրականության գիտակ, գրաբարագետ, գրող, ուսուցիչ ու քննադատ է դառնում սոսկ ինքնակրթությամբ։ 19 տարեկանից աշխատում է որպես ուսուցիչ ու այս ասպարեզում գործում շուրջ 40 տարի՝ մինչև մահը։

1902 թվականին Օշականի աշակերտները նրանից գաղտնի նրա «Առաջին արցունքը» պատմվածքը հրատարակում են Պոլսի «Արեւելք» թերթում․ այն թաղականների, հոգաբարձուների և ուսուցիչների շրջանում փոթորիկ է առաջ բերում, ու Օշականն արտաքսվում է դպրոցից։ Ահա այսպես, տպագրված երախայրիքից սկսած այս անհանգիստ մտավորականը պիտի իր անվան շուրջ մեծ աղմուկ առաջացներ և հալածանքների ենթարկվեր։

Մոր մահից հետո Հակոբը տեղափոխվում է Մալկարա, ապա Պոլիս, որտեղ Եղիշե եպիսկոպոս Դուրյանի աջակցությամբ դասավանդում է Գատըգյուղի վարժարանում․ «Գիւղէն կու գայի։ Օձիք չէի գործածեր: Խնդալ չէի գիտեր»։ Զուգահեռաբար տպագրվում է Պոլսի ու Իզմիրի պարբերականներում։ Այս շրջանում է լույս տեսնում նրա «Թիւրքմէնին աղջիկը» զգայացունց պատմվածքը․ հեղինակը դեռ լիովին չէր ձերբազատվել օտար ազդեցություններից, սակայն արդեն ակնհայտ են նկարագրական բացառիկ ուժը, թարմ սյուժեի փնտրտուքները։

1915-ի ապրիլի 24-ին Օշականին հաջողվում է խույս տալ իրեն հետապնդող թուրք ոստիկաններից ու շուրջ երեք տարի թաքնվել ձեղնահարկերում՝ շարունակելով զբաղվել գրականությամբ։ Ութ անգամ ձերբակալվում է, բայց ամեն անգամ խիզախորեն ազատում գլուխը․ քաղաքականությամբ չզբաղվող, որևէ կուսակցության չպատկանող Օշականը պատրանքներ չէր տածում, քանզի «ամէնքս ալ մէկ էինք, թուրքին աչքին»։

Ի վերջո, գերմանական սպայի համազգեստով նա անցնում է Բուլղարիա, որտեղ էլ ամուսնանում է Արաքսի անունով մի աղջկա հետ։ Երկու տարի անց, երբ կրկին Պոլսում էր, որդեգրում է Օշական գրական անունը։ 1922-ին ծնվում է որդին՝ Վահեն՝ հետագայում նշանավոր բանաստեղծ և գրող։

Երեք աշխարհամասերում երկար դեգերումներից հետո Օշականը վերջապես հաստատվում է Կիպրոսում ու Մելքոնյան կրթական հաստատությունում ստանձնում գրականության ուսուցչի աշխատանքը, ինչին ընդդիմանում են մի շարք ազդեցիկ անհատներ, այդ թվում՝ Կիլիկիո Հայոց կաթողիկոս Սահակ Բ Խապայանը։

Լինելով խստապահանջ, երբեմն նույնիսկ կոշտ անձնավորություն՝ նա այնուամենայնիվ ներքուստ սիրում էր իր աշակերտներին ու քաջալերում նրանց առաջին քայլերը։ Օշականի երախտագետ աշակերտներից Մուշեղ Իշխանը այսպես է նկարագրել նրան․   «Յ. Օշական մեր հայերէնի ուսուցիչն է եւ շաբաթը քանի մը անգամ կու գայ, բթամատին եւ ցուցամատին միջեւ բռնած գիրք մը օրօրելով։ Կու գայ եւ իր ծանր մարմինը կը նետէ աթոռին ու հեգնախառն ժպիտով անուշցած նայուածքը կ՚ուղղէ մեր վրայ։ Իր դասերը ժամանակի ընթացքին միայն գրաւիչ կը դառնան ինծի համար, սկզբնական օրերուն ծանր յուսախաբութիւն պատճառելէ ետք»։ Իսկ Օշականի հոգեզավակներից Պողոս Սնապյանի խոսքերով՝ «ինք հասած էր տեղ մը, կը գտնուէր բարձունքի մը վրայ, ուր իր սէրը նշանակութիւն ունէր տղուն համար, հաւատքը կը խանդավառէր, գնահատանքը մղում կու տար անոր քայլերուն»։

Օշականի համոզմունքն էր, որ հայ ժողովրդի «ամէնէն բարձր մշակոյթը՝ իր գոյութիւնն է»։ Դուստրը՝ Անահիտը պատմել է, որ ամեն ապրիլի 24-ին նախորդող օրերին հայրը հիվանդանում էր ու կորցնում ախորժակը․ աչքի առջև հայտնվում էին ընկերները՝ Վարուժանը, Զոհրապը, Շահրիկյանը, Զարդարյանը, Արտաշես Հարությունյանը։

Սակայն որպես քննադատ նա հայ հեղինակներին գերադասում էր համեմատել միմիայն համաշխարհային մեծությունների հետ ու որևէ «մեղմացուցիչ հանգամանք» հաշվի չէր առնում․ վա՛յ այն գրողին, որ Օշականի չափանիշներին չէր համապատասխանի, առանց վարանելու կոչնչացներ նրա վարկն ու հեղինակությունը։

1914-ին Դանիել Վարուժանի, Կոստան Զարյանի ու Հակոբ Սիրունու հետ դառնում է «Մեհյան» գրական պարբերականի խմբագիրը, կամ ինչպես իրեն կոչում էին՝ այն քրմապետը, որ կուռքերի առջև ծնկելու փոխարեն տապալեց նրանց։ Իհարկե, ուներ իր նախընտրելի բանաստեղծները, որոնց մասին դիպուկ բնորոշումների հեղինակ է, ինչպես այս մեկը․ «Վարուժանով կը հպարտանանք, Դուրեանով կը տառապինք։ Մեծարենցով կ’անուշնանք։ Վահան Թէքէեանով կը զգաստանանք»։ Բարձր է գնահատել Սայաթ-Նովային՝ որպես Արևելքի մեծագույն բանաստեղծներից մեկը։ Օշականի համար որևէ բանաստեղծություն առաջին հերթին հուզումի հանդես էր, տեսիլների, ձայների, խռովքների յուրահատուկ համադրություն։ Նա գրաքննադատի կարևոր հատկանիշներից էր համարում անկախությունը, անաչառությունը և կիրքը, փույթ չէ, որ երկրորդն ու երրորդը հազվադեպ են զուգադիպում։

Առանձնապես քննադատական ու շատ դեպքերում անարդարացի էր նրա վերաբերմունքը սովետահայ որոշ գրողների նկատմամբ (դա չխանգարեց, որ 12-րդ դարի հայ մատենագրությանը նվիրված իր աշխատության ձեռագիրը նա ուղարկի Խորհրդային Հայաստան՝ Ավետիք Իսահակյանին)։ Սակայն Օշականի հայացքները, թեկուզ և վիճելի, գրական դատողությունների համար լավ մեթոդոլոգիական հիմք էին, Վազգեն Շուշանյանի բառերով՝ կշռելու մարդիկը ափերուն մեջ։ Եթե քննադատությունը նա պայմանավորում էր անհատական ընկալումներով, «գրական սուր զգայարանքով» (Մ․ Իշխան), ապա գրական երկերն ըստ նրա՝ հասարակությունից են բխում, ոչ սոսկ անհատներից։

Օշականը գրական հրապարակախոսության փնտրված դեմքերից էր իր «Հինէն ու նորէն», «Սերմնացան», «Մոռցուած բաներ», «Վկայութիւն», «Գրականութեան համար», «Անգղին կտուցին տակ», «Մայրիներու շուքին տակ» գրքերով, և իհարկե՝ «Համապատկեր արեւմտահայ գրականութեան» տասհատորյա հիմնարար աշխատությամբ։

Մեծ հռչակ վայելելով իբրև խստապահանջ գրաքննադատ՝ որպես գրող նա շատ առումներով մնաց չկարդացված ու քիչ ուսումնասիրված։ Բազմաժանր հեղինակ էր Օշականը՝ միաժամանակ պատմվածագիր, հեքիաթագիր, վիպասան, թատերագիր և բանաստեղծ։ Հատկապես բարձր են գնահատվել նրա վեպերը՝ «Ծակ-Պտուկը», «Հաճի Ապտուլլահ», «Մնացորդաց» և այլն…

Որպես գրող նա հետևորդը եղավ ոչ միայն ֆրանսիական գրականության, հատկապես՝ Ֆլոբերի և Պրուստի, այլև՝ ինչն արևմտահայ գրականությանը պակաս հատուկ է՝ Դոստոևսկու և Ջոյսի, իր գրականության կենտրոնում պահելով մարդկային կրքերը (երբեք չբացառելով էրոտիկան), մտածմունքները, կերպարների ներքին կյանքի փոթորկումները, համադրելով իրապաշտությունը տպավորապաշտության հետ։ Օշական-գրողին պակաս հատուկ են հանդարտ, անխռով նկարագրությունները։ Գեղեցկության՝ որպես բնության ոճավորված «կրկնավորման» հետևորդ լինելով՝ նա նաև ինքնատիպ մտածող էր։ «Արուեստագէտ սերունդ»-ում նա նշում է․ «Ազգերը չեն կրնար զատուիլ իրենց անցեալէն՝ առանց պատիժի», և ապա՝ «Հայ ազգայնականութիւնը խորքին մէջ ուրիշ բան չէ՝ եթէ ոչ սա ամենանախնական պապակը մարդու պէս կարենալ ապրելու»։

1945-ին Երուսաղեմում Կյուրեղ պատրիարքի նախագահությամբ կազմվում է հոբելյանական հանձնախումբ, որը պիտի նշեր Օշականի գործունեության քառասնամյակը։ Սկիզբ է առնում հալածանքների մի նոր փուլ․ սփյուռքի առաջադիմական շրջանակները, նկատի ունենալով Օշականի քննադատական վերաբերմունքը Խորհրդային Հայաստանի գործիչների հանդեպ, թիրախավորում են թե՛ նրա անձը, թե՛ վաստակը, նրան անվանելով «հակահայաստանեան տարր», «ժողովուրդի ուխտեալ թշնամի»։ Սփյուռքահայ թերթերը համատեղ կոչով դիմում են հոբելյանական հանձնաժողովին՝ ազատել Օշականին ուսուցչի աշխատանքից ու արգելել «Վկայութիւն մը» գործի հրատարակությունը։ Մյուս կողմից, Օշականի պաշտպանությամբ հանդես են գալիս Արշակ Չոպանյանը, Կարո Սասունին, Նիկողոս Սարաֆյանը, Անդրանիկ Ծառուկյանը և այլք։ Հալեպում՝ հոբելյանական հանդիսությանը զուգահեռ, վարժարաններից մեկում կազմակերպվում է Օշականի «հակակրանքի երեկոն»։ Փարիզում Օշականի հոբելյանը նշել ցանկացող Շավարշ Միսաքյանին վտարում են Ֆրանսահայ գրողների միության վարչությունից։ Ըստ «Հայրենիք» ամսագրի՝ ՀԽՍՀ արդարադատության մինիստր Գառնիկ Նազարյանը հայտարարում է. «Որքան շուտ մաքրվեն Օշականները, այնքան լավ հայրենիքի համար»։ Ինքնասպանություն գործելու  մտքից Օշականին հետ է պահում սոսկ իր ձեռագրերի ճակատագրի մասին մտահոգությունը․․․ Նա մահանում է սրտի կաթվածից, 1948 թվականի փետրվարի 17-ի գիշերը՝ Հալեպում։

Ականատեսի վկայությամբ՝ նրա մահն ալեկոծել է ամբողջ քաղաքը, քսան հազարից ավելի հայեր են հրաժեշտ տվել հայ մտավորականին՝ հեղեղելով փողոցներն այն աստիճան, որ զարմացած արաբները հարցրել են․

-Ո՞վ է այս հանգուցյալը, արդյո՞ք հայոց թագավորն է․․․

Իր գրած մահախոսականում Շավարշ Միսաքյանը փաստում է, որ Օշականի վաստակն անօրինակ էր՝ նույնիսկ իր հակասություններով հանդերձ։

Հեղինակի մահվանից 27 տարի անց միայն Խորհրդային Հայաստանում առաջին անգամ տպագրվում են Օշականի արձակ գործերից մի քանի հատվածներ։

Ազդեցություններից ազատվելու մեջ էր որոնում նա գրական իրական կշիռը․․․ Օշականի գլխավոր խնդիրն էր՝ փրկել կյանքն արվեստով․ նա իր ստեղծագործությամբ ջանաց հավերժացնել կորուսյալ Հայաստանը՝ բերելով նոր գրական ծրագիր, ինքնուրույն ոճ ու մոտեցումներ։ «Մնացորդաց» եռահատոր վեպով նա փորձեց մոռացումից փրկել հայ  աշխարհը՝ իր վարքուբարքով ու կերպարներով, նաև զուգահեռաբար հանգամանորեն ներկայացրեց թուրք ժողովրդի էությունն ու սովորույթները, որպեսզի հայը նրան ավելի լավ ճանաչի։ Գրական կերպարներից շատերը վերցված էին կյանքից, մասնավորապես այն փոքրիկ բնակավայրերից, որտեղ նա ուսուցչություն էր արել, և որոնք այլևս անհետացել էին Եղեռնի բոցերի մեջ՝ իրենց երազային հետքերը թողնելով սոսկ Օշականի գրականության մեջ։ Սակայն, ավա՜ղ, «Մնացորդացը»՝ մի բացառիկ երևույթ հայ գրականության մեջ, դեռ սպասում է իր ընթերցողին․․․

 

Աշոտ Գրիգորյան