Յակոբ Խուպէսերեան. «Չնկարեմ նե, կխենթենամ»

Նկարիչ, քանդակագործ Յակոբ Խուպէսերեանի (Հակոբ Խուբեսերյան ) մասին առաջին անգամ լսեցի Տորոնտոյում՝ իր անհատական ցուցահանդեսի բացման օրերին։ Անմիջապես տեղեկություններ փնտրեցի համացանցում, որպեսզի մինչև ցուցահանդես գնալն ինձ համար բացահայտեի մի հայ նկարչի, որի անունը, ցավոք, երբևէ չէի լսել։ Զարմանքս մեծ եղավ՝ համացանցում նրա մասին տեղեկությունները, մեղմ ասած, աղքատիկ էին։ Մինչդեռ, ցուցահանդեսը, որում հայտնվեցի, քիչ է ասել՝ տպավորիչ էր։ Սրահում ներկայացված գեղանկարները, քանդակները, գծանկարները տաղանդավոր ստեղծագործողի արվեստի կատարյալ նմուշներ էին։

Յակոբ Խուպէսերեանը ծնվել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում։ Նկարչության հանդեպ սերը նկատվել է դեռևս մանկության տարիներից։ 1955 թվականին նա մեկնել է Իտալիա և ընդունվել Հռոմի Գեղեցիկ արվեստների դպրոց, որն ավարտել է 1960 թվականին։ 1961 թվականից Յակոբ Խուպէսերեանը մշտական բնակություն է հաստատել Կանադայում, ընտանիք ստեղծել և մինչև իր կյանքի վերջը բնակվել Տորոնտոյում։

Հայաստանում երբևէ չցուցադրված արվեստագետը Կանադայում, Միացյալ Նահանգներում և Ֆրանսիայում ներկայացել է բազմաթիվ անհատական և խմբային ցուցահանդեսներով՝ արժանանալով մի շարք մրցանակների, այդ թվում`Մոնրեալի Արվեստի ինստիտուտի Նկարչության առաջին մրցանակ (Arts Appliques in Montreal), Կանադացի նկարիչների ընկերության Գնման մրցանակ (Purchase Award of the Society of Canadian Artists), Փարիզի Ռեյմոնդ Դյունկան ակադեմիայի Նկարչության գլխավոր մրցանակ, Կանադայի Արվեստների խորհրդի ճամփորդության համար տրվող գլխավոր դրամաշնորհի մրցանակ, Ֆրանսիայում՝ Ռուբենսի մրցանակ և այլն:

1968 թվականին UNICEF-ի շնորհավորական քարտի դիզայնի համար ընտրվել է Յակոբ Խուպէսերեանի «Արկտիկական պար» գեղանկարը, և այդ տարիներին Կանադայի վարչապետ Պիեռ Էլիոթ Թրյուդոն այն օգտագործել է որպես Սուրբ Ծննդյան պաշտոնական շնորհավորանքների բացիկ։ Իսկ ահա Տորոնտոյի գլխավոր հեռուստաընկերություններից  մեկը՝ CBC-ը Յակոբ Խուպէսերեանի արվեստի մասին հեռարձակել է «Հեծյալները» ծավալուն ֆիլմը:

Խուպէսերեանի ստեղծագործական աշխարհը մինիմալիստական է. գեղանկարներն ու քանդակներն ասես բնականորեն շարունակեն միմյանց: Կերպարներն ունեն ընդգծված գծանկարային դիմագծեր ու սիլուետներ, որոնք լույսի ու ստվերի զգայուն համադրությամբ ստեղծում են մի միջավայր, որտեղ լռությունն ասելիք է, գիծը՝ անձնական պատմություն կամ դրվագ, իսկ գույնը՝ հիշողություն։

Յակոբ Խուպէսերեանին բախտ ունեցա հանդիպելու 2017 թվականին՝ իր անհատական ցուցահանդեսի բացման օրը։ Ցուցահանդեսը նախաձեռնել էր նկարչի ազգականուհին, նրա արվեստի մեծ երկրպագուն՝ Հուռի Արթինյանը,  նաև մեկը, որ նախանձախնդիր ու հետևողական է նրան ըստ արժանվույն ներկայացնելու և գնահատելու հարցում։ Ինքը՝ Յակոբ Խուպէսերեանը, մարդու՝  լուռ ու հավակնություններ չունեցող տեսակ էր, ցուցադրվել չէր սիրում։ Այդ պատկառելի տարիքում շարունակում էր նկարել՝ առանց իր աշխատանքները ցուցադրելու հատուկ մտադրության: Ցուցահանդեսի բացման օրն էլ քչախոս էր, այցելուների հիացական հայացքներին գրեթե անհաղորդ։ Մի փոքրիկ զրույց, այնուամենայնիվ, ինձ հաջողվեց ունենալ նրա հետ։

Հ.Խ.-Սկսել եմ գրիչով գծելուց։ Լավ էի նկարում, ուսուցիչներս նկատեցին, խրախուսեցին։ Բայց ինչ-որ պահից մասնագիտական կրթության պետք ունեի և, ուրեմն, գնացի Իտալիա սովորելու։ Երբ միտք ունիմ, անմիջապես պիտի գիծ քաշեմ, պիտի նկարեմ, այլապես կմոռանամ։

Մ.Մ.-Շատերին է հետաքրքրում՝ նկարչի մտքում արդեն կա՞ նկարը, երբ նա վրձինը կամ մատիտը ձեռքն է առնում, թե՞, այնուամենայնիվ, գործը ստեղծվում է ընթացքում։

Հ.Խ.-Ես միշտ մտքիս մեջ ունեմ գործը։

Մ.Մ.-Երևի յուրաքանչյուր ստեղծագործող մարդ իր երկխոսությունն ու զրույցն է սկսում աշխարհի, մարդկանց հետ։ Դո՞ւք ինչ եք ուզում ձեր գործերի միջոցով փոխանցել աշխարհին, մարդկանց։

Հ.Խ.-Եթե շիտակ ըսեմ նե, աս պատկերներն ուղղակի իմ միտքն են եկած, ես հատուկ ջանք մը չեմ գործադրած, որպեսզի անոնց ստեղծեմ։ Ուզած եմ մարդ գծել՝ մարդ գծած եմ։

Մ.Մ.-Ձեր նկարներում հայկականության ինչ-որ հետք կա՞։

Հ.Խ.-Չէ, կը կարծեմ, որ հայկական մթնոլորտ ու թեմա չկա իմ գործերուս մեջ։

Մ.Մ.-Շատ խաղաղ են ձեր ստեղծագործությունները։

Հ.Խ.-Ադի չէի գիտեր, դուք ասացիք, ես ալ իմացա։ Ես Ալեքսանդրիա եմ մեծցած, ծովը շատ գացած, ծովը շատ գծած եմ, ինձի շատ ներշնչած է ծովը, ծովը շատ կսիրեի։

Մ.Մ.-Իսկ շա՞տ եք նկարում։

Հ.Խ.-Չնկարեմ նե, կխենթենամ։

Տորոնտոյում բացված այս ցուցահանդեսում, փաստորեն, վերջին անգամ իր կենդանության օրոք ներկայացված էին նրա տարբեր տարիների քանդակները, գեղանկարներն ու գծանկարները։ Իր ստեղծագործական կյանքի սկզբնական շրջանում նա միայն սև ու սպիտակ գծապատկերներ էր անում, գույնով սկսել է  աշխատել համեմատաբար ավելի ուշ։ Ցուցահանդեսում ներկայացված նրա կտավները գունային հարմոնիկ միջավայր էին ստեղծել՝ մեղմ, ավազագույն դեղինի գերակայությամբ։ Կենտրոնում միշտ մարդն է, որը դիմագծեր չունի, սակայն ավելի քան արտահայտիչ է նրա կերպարն այդ լռության մեջ։ Նրա աշխարհում գիծը դառնում է շարժում՝ ստեղծելով պատկերը որպես իրականություն տեսնելու մի պատրանք։ Բրոնզե քանդակները կարծես կենդանի գծապատկերներ լինեն. գրկախառնված զույգեր, անդեմ ձիավորներ, ընտանիք, ծովեզերք, գծի, ստվերի և լուսավորությունների զգայուն խտություն ու լուծումներ, որոնց շնորհիվ ստեղծագործությունները եռաչափության տպավորություն են թողնում։

Շատերն են նշում,որ Յակոբ Խուպէսերեանի արվեստում ելակետը քանդակագործի մտածելակերպն է։ Եվ ինչպես ցուցահանդեսի այցելուներից մեկը նկատեց՝ երկրաչափական գծերը ստեղծել են հավասարակշռության, խաղաղության զգայական մի մթնոլորտ, որը, կարծես, երաժշտություն լինի։ Հուռի Արթինյանն ասում է՝ Խուպէսերեանը տպավորված էր Վերածննդի և Բարոկկոյի դարաշրջանի նկարիչներից, ազդված էր Ֆրանչեսկո Բորրոմինիի ճարտարապետությամբ։ 

Փաստը, որ Հայաստանում Յակոբ Խուպէսերեանին չեն ճանաչում, և որ նա երբևէ չի ցուցադրվել հայրենիքում, մտերիմները բացատրում են նրա ոչ հետևողականությամբ և նրա արվեստով զբաղվողների սխալ մարտավարությամբ։ Մինչդեռ նա մեր լավագույն ստեղծագործողներից է, և նրա ստեղծագործություններն ավելի քան արժանի են հայկական մշակութային համապատկերում հիմնավորվելու՝ գոնե հետմահու ցուցադրություններով։

Այսօր Յակոբ Խուպէսերեանի կտավները, քանդակները բազմաթիվ մասնավոր պատկերասրահներում մշտական ցուցադրության են, այդ թվում նաև՝ Տորոնտոյի Station Gallary-ում, որտեղ նրա լավագույն գործերից մեկն է՝ «Մեկնումը»։ Բազմաթիվ հայտնի անհատներ նրա արվեստի երկրպագուն են և իրենց մասնավոր հավաքածուները համալրել են Խուպէսերեանի ստեղծագործություններով։ Նրա գործերից ուներ կանադահայ հռչակավոր լուսանկարիչ Յուսուֆ Քարշը, ինչպես նաև՝ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը։ Շատ անվանի ընկերություններ, այդ թվում՝ Volkswagen-ը, Toyota-ն, Anca Laboratories-ը, Honeywell-ը ձեռք են բերել հայազգի նկարչի գործերը։ Սակայն ամենաուշագրավը նրա՝ Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված գործերից մեկն է, որն արդեն տարիներ շարունակ ցուցադրվում է Չիկագոյի Հոլոքոստի թանգարանում։ 

 

Մերի Մուսինյան









 

... ... ... ...