Հակոբ Գյուրջյան՝ արյան շարժմանը ներդաշնակ

Որպես մեծ սփյուռք ունեցող ժողովուրդ հայերս բազմաթիվ արվեստագետներ ենք ունեցել, որոնք միաժամանակ և՛ զարգացրել, և՛ միմյանց են կապել համաշխարհային ու հայկական կերպարվեստները՝ իրենց ավանդույթներով ու ժամանակակից միտումներով։ Այս իմաստով առանձնահատուկ անհատականություն է Հակոբ Գյուրջյանը, որը ծանոթ էր հայ քանդակագործական և ճարտարապետական ժառանգությանը, ուսանել էր եվրոպական մեծագույն քանդակագործների մոտ, հարել արվեստի նորագույն ուղղություններին, ու ստեղծելով իր հեղինակային ոճը՝  հարյուրավոր աշխատանքները կտակեց հայրենիքին, որոնց ոգով ու գեղագիտությամբ դաստիարակվեցին հայ քանդակագործների մի քանի սերունդներ։

Երբ Գյուրջյանն արվեստի աշխարհ մտավ, նոր էր թափ առնում ար-դեկո ուղղությունը․ այդ ուղղությանը հատուկ շատ գծեր կարող ենք գտնել Գյուրջյանի գործերում՝ հին քաղաքակրթությունների կերպարվեստի ազդեցությունը, նեոկլասիցիզմի և կուբիզմի ֆորմաների զուգադրումը, ֆովիստական ներկապնակի օգտագործումը, անիմալիստական և բուսական մոտիվները։

Հայ իրականության մեջ Գյուրջյանն առաջինն է անդրադարձել բազմաժանր քանդակագործությանը: Բոլորաքանդակի, բարձրաքանդակի, հարթաքանդակի, դեկորատիվ արվեստի տարբեր հնարքների միջոցով նա ընդլայնեց պլաստիկ արտահայտչականության սահմանները, կարողացավ հասնել դիցաբանական, պատմական, այլաբանական-խորհրդանշական կերպարների բազմակողմանի բացահայտմանը: Ընդ որում, նա մեծ վարպետությամբ ոգի և ձև էր հաղորդում ամենատարբեր նյութերի՝ գիպս, կրաքար, թրծակավ, բրոնզ, մարմար, փայտ և ամենակարծր՝ բելգիական գրանիտ։

Հակոբ Գյուրջյանը ծնվել է 1881 թվականի դեկտեմբերին՝ Արցախի Շուշի բերդաքաղաքում՝ առևտրական Մարգարի բազմազավակ ընտանիքում։ Փոքր հասակում կորցրել է ծնողներին ու մնացել մեծ եղբոր՝ Գրիգորի խնամքին, որի շնորհիվ էլ կրթություն է ստացել։ Շուշիի ռեալական դպրոցում Հակոբի հայերենի ուսուցիչն ազգագրագետ Երվանդ Լալայանն էր, որի հետ նա շրջեց ամբողջ Ռուսահայաստանով, տեսավ Մասիսն ու Անին, Սևանն ու Արաքսը, Խոր Վիրապն ու Գանձասարը․․․

Հակոբը վաղ տարիքից խաղալիքներ էր պատրաստում, կերտում ու նկարում մարդկանց ու կենդանիների ֆիգուրներ։ Նրա համար կարևոր նշանակություն է ունենում Փարիզից վերադարձած իր համաքաղաքացի նկարիչ Ստեփան Աղաջանյանի հետ հանդիպումը։

1899-ին մեկնում է Մոսկվա, ընդունվում Ֆիդլերի ուսումնարանը, միաժամանակ ուսանում Պաոլո Տրուբեցկոյի քանդակագործական արվեստանոցում։ 1906-ին ամուսնանում է շուշեցի մեծահարուստ ընտանիքի դուստր Հայկանուշ Ղալամյանի հետ, բժիշկ դառնալու նպատակով նրա հետ գնում Մոնպելիե, սակայն, ի վերջո, հաղթանակում է կերպարվեստի նկատմամբ սերը։ 1907 թվականին Գյուրջյանը տեղափոխվում է Փարիզ և սովորում Ժյուլիենի գեղարվեստի ակադեմիայում, որտեղ պարբերաբար արժանանում է մրցանակների և դառնում նշանավոր հաստատության լավագույն ուսանողներից մեկը։ Այստեղ նրան դասավանդում են քանդակագործներ Պոլ Լանդովսկին, Ռաուլ Շառլ Վերլեն և Անրի-Լեոն Գրեբերը։ Ակադեմիային զուգահեռ Հակոբ Գյուրջյանը հաճախում է Օգյուստ Ռոդենի արվեստանոցը՝ որոշ ժամանակ կրելով իմպրեսիոնիզմի ազդեցությունը։ «Գիպսն ու կավը պետք է տրորել սրտի զարկերին համաչափ, արյան շարժմանը ներդաշնակ…»,- համոզված էր Գյուրջյանը։ Ըստ նրա՝ բնությունը քանդակում պետք է նշմարվի արվեստագետի երևակայության և ոճավորման չափավորության միջոցով։

Նրա առաջին շրջանի երևելի գործերից է «Կնոջ իրանը» (1908), որում կոր, սլացիկ գծերը, շեշտված ներքին զգացմունքայնությունը, դինամիզմը հեղինակի վարպետության արտացոլումն են։ «Նրան հուզում է դժվարագույն մի գաղափար՝ մարմարի և բրոնզի միջոցով հաղորդել հոգու անորսալի շարժումը»,- Գյուրջյանի մասին գրում է բանաստեղծ Սերգեյ Գորոդեցկին։ Ռոդենի ազդեցությունը կարելի է զգալ Գյուրջյանի վաղ շրջանի դիմաքանդակներում (Մարգարիտ, Շիրվանզադե, Արշակ Չոպանյան, Մաքսիմ Գորկի), ինչպես նաև «Քնած Դեմոնը» և «Տոլստոյ» («Մտածողը») քանդակներում։ Ցնցող ողբերգականությամբ է կերտված «Մահացող Քրիստոսը» (մարմար, 1914):

Գյուրջյանի համար ոգեշնչման կարևոր աղբյուր էր նաև 19-րդ դարի վերջերին ծագած և Եվրոպայում ու Ռուսաստանում մեծ տարածում ստացած սիմվոլիզմի (խորհրդապաշտություն) գեղարվեստական ուղղությունը: Դրա վառ արտահայտություններից են վրուբելյան «Դեմոնի» տպավորությամբ կերտված քանդակները։

1915-ից քանդակագործը բնակվում է Մոսկվայում, մասնակցում «Արվեստի աշխարհ» խմբակի ցուցահանդեսին, ականատես լինում Հոկտեմբերյան հեղաշրջմանը, սկսում Մեծ թատրոնի առջև տեղադրվելիք Կարլ Մարքսի հուշարձանի ստեղծման աշխատանքները, սակայն նրան չի վիճակվում իրականացված տեսնել իր այս մտահղացումը։ Պետության պատվերով իրականացվող մեկ այլ մոնումենտալ աշխատանք՝ Վրուբելի հուշարձանի գիպսե նախօրինակը, փշրվում է քանդակագործի չտաքացվող արվեստանոցում։

1915-ին Գյուրջյանը ստեղծում է Լև Տոլստոյի կիսանդրու փոքր, ապա՝ մեծ, մարմարյա տարբերակը, որը ցանկանում էր տեղադրել Ռուսաստանում, սակայն դա նրան չհաջողվեց, ու այն կանգնեցվեց Փարիզում՝ հեղինակի մահվանից հետո։

1914 թվականին քանդակագործն ամուսնալուծվում է, մի քանի տարի անց երկրորդ անգամ ամուսնանում իր արվեստի երկրպագուհի Տատյանա Էրիկսոնի հետ։ Գյուրջյանը չէր կորցնում կապը հայրենիքի ու ծննդավայրի հետ, նրա քանդակներում էլ արտացոլվել են հայ ժողովրդին պատուհասած ողբերգությունները՝ «Վար», «Հայ գեղջկուհիներ» բարձրաքանդակները, «Գաղթ» կոմպոզիցիան և այլն։

Մի անգամ անակնկալ Գյուրջյանի մոսկովյան արվեստանոց են այցելում Մաքսիմ Գորկին ու Վլադիմիր Լենինը․ վերջինս շատ է հավանում Գյուրջյանի գործերը, աջակցում է նրան (պահպանվել են Գյուրջյանի և Լենինի համատեղ տեսակադրերը)։ Մոսկվայում Գյուրջյանը տեղեկանում է, որ փարիզյան իր արվեստանոցն այրվել է՝ վաղ շրջանի աշխատանքների մեծ մասի հետ․ այդ ծանր հարվածից քանդակագործի աջ ձեռքը որոշ ժամանակ դադարում է աշխատել: Լունաչարսկու համաձայնությամբ նրան ուղարկում են Փարիզ՝ իբր ուսանելու, սակայն Գյուրջյանն այլևս չի վերադառնում․ շուշեցի Հակոբը լավ գիտեր, թե ինչեր կարելի է սպասել հեղափոխության առաջնորդից ու նրա արյունարբու հաջորդից։

Ժամանակակիցները պատմում են, որ Գյուրջյանը Ֆրանսիայում ապրում էր լիաթոք կյանքով, պահանջված արվեստագետ էր ու սովորաբար բարձր գին էր սահմանում իր աշխատանքների համար։ Հայ հավաքորդ և մեկենաս Տիգրան Խան-Քելեկյանը, որը նյութապես աջակցել էր նաև Պիկասոյին և Մատիսին, իր կիսանդրին կերտելու համար մի անհավանական գումար է վճարում Գյուրջյանին, իսկ մի մեծահարուստ Բելգիայից սեփական ինքնաթիռով էր հասնում Փարիզ՝ հայ քանդակագործին բնորդելու․․․ Երվանդ Քոչարի դիպուկ բնորոշմամբ՝ «Գյուրջյան-արձանագործն այն երջանիկներից է, որը կարողացել է արժանանալ արվեստների մայրաքաղաք Փարիզի կախարդական ժպիտին, որն անմահություն է խոստանում, և որի սրտին տիրանալ ոչ ոք չի կարողացել…»: Լավ ընդունելություն են գտնում Գյուրջյանի՝ Նյու Յորքում (1924) և Փարիզում (1926) տեղի ունեցած  անհատական ցուցահանդեսները՝ նրան բերելով միջազգային ճանաչում և հռչակ։ Նա ցուցադրվեց մինչև իսկ Ճապոնիայում՝ Պիկասոյի և Մայոլի կողքին։

Քննադատների ու արվեստասերների հիացմունքին ու դրվատանքին են արժանացել Գյուրջյանի կերտած մեծաթիվ դիմաքանդակները (Բեթհովեն, Շալյապին, Ռախմանինով, Սարյան, Գարեգին Հովսեփյան և այլք)․ որպես դրանց ամենաարտահայտիչ առանձնահատկություն նշվել են աչքերը, որոնք կերտվել են ամենատարբեր տեխնիկայով՝ դատարկ խոռոչներից մինչև ճշգրիտ կատարմամբ գունավորված բիբեր։ Պայմանական լուծումներով արված գյուրջյանական մեկ այլ գլուխգործոցի՝ «Սալոմե»-ի  կերպարում արվեստաբան Հենրիկ Իգիթյանի գնահատմամբ շոշափվում է «յուրաքանչյուր նյարդը, ներքին հուզական լարումը, որ զսպվել է արտաքին թվացյալ հանգստությամբ»։ «Սալոմե»-ի բրոնզե բնօրինակը պահվում է Հայաստանի ազգային պատկերասրահում, իսկ մեկ այլ՝ 80 սմ բարձրությամբ գունավորված թրծակավից տարբերակը գտնվում է Ֆրանսիայի հայկական թանգարանում։

1922 թվականից մինչև 1939-ը Գյուրջյանը ստեղծեց մի շարք «Պիետաներ»՝ տարբեր չափերի բարձրաքանդակներ և բոլորաքանդակներ, որոնցից ամենախոշորը տեղադրված է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանոցում՝ Ղուկասովների գերեզմանին։ 

Քանդակագործի՝ 1920-ականների շրջանի մյուս նշանակալի աշխատանքներից են «Կլեոպատրա», «Կորիդա», «Լեդա» քանդակները, բացի այդ՝ նա նախագծում և պատկերում էր ինտերիերի ու գարնիտուրի տարբեր առարկաներ։

Ցավոք, սահմանափակ ֆինանսավորման պայմաններում Գյուրջյանը որպես մոնումենտալիստ պակաս երջանիկ եղավ, քան որպես հաստոցային գործերի հեղինակ։ «Գյուրջյանի գլուխգործոցը, որը նա իրականացրեց զանազան նյութերով, «Հաղթանակ»-ն է։ Նա երազում էր այդ գործը մոնումենտալ չափերով իրականացված տեսնել որևէ հրապարակում...»,- գրում էր Երվանդ Քոչարը։

Ցավոք, չիրականացավ նաև Գյուրջյանի՝ Առաջին համաշխարհային պատերազմի հայ ռազմիկների հուշարձանը ստեղծելու մտահղացումը։ Իսկ երբ նա ներկայացրեց Զորավար Անդրանիկի մահարձանի իր տարբերակը, հուշարձանի տեղադրմամբ զբաղվող հանձնաժողովն այն ոչ լիարժեք համարեց ու մերժեց առաջարկը։

Գյուրջյանը հյուրընկալ ու ընկերասեր անձնավորություն էր, լավ հարաբերություններ ուներ իր գործընկերներից շատերի հետ։ 1917-ին Երվանդ Քոչարը Թիֆլիսում տեղի  ունեցած հայ արվեստագետների ցուցահանդեսում ծանոթանում է Գյուրջյանի հետ ու հիանում Մելիքյան ամուսինների դիմաքանդակներով. «…Այնքան կենդանի և ազնիվ շնչով տոգորված էին այդ արձանները, որ տղաները թաքուն համբուրում էին կնոջ շուրթերը, իսկ աղջիկները՝ տղամարդու մարմարե ազնվական ուսերը… Ի՛նչ նրբություն, ի՛նչ երազական քնքշություն… Ինչ հիացմունքով ու ոգևորությամբ էինք հետևում, երբ նա քանդակում էր Շիրվանզադեին, և ինչպիսի վարպետությամբ նա կերտեց մեծ գրողի կապույտ աչքերի տիրական հայացքը, հապա զորավար Անդրանիկի հուժկու, առյուծանման գլուխը…»: Մեծ փառքի արժանանալով Ֆրանսիայում՝ Գյուրջյանն օժանդակում էր հայ արվեստագետներին, գործուն կերպով անդամակցում հայ արվեստագետների «Անի» միությանը, մասնակցում ցուցահանդեսներին։ Փարիզում Գյուրջյանի արվեստանոց այցելած Վիգեն Իսահակյանը ջերմությամբ է վերհիշել իրենց հանդիպումը, քանդակագործին՝ «բարձրահասակ, մեծ, սև աչքերով, մազերը նույնպես սև, փայլուն» ու նրա «մաքուր, լուսավոր» արվեստանոցը, որտեղ «ուրույն կարգ ու կանոն կար», «զգացվում էր հոգատար կնոջ ձեռքը»։ Հայրենիքի կարոտը միշտ վառ մնաց Գյուրջյանի սրտում․ Փարիզում հանդիպելով Սարյանին՝ նա ասել է․ «Մարտիրոս, հայրենիքից հեռու ապրելը միևնույնն է, թե ապրել առանց ներկապնակի»։

1930-1940-ականներին Գյուրջյանը ստեղծեց մի շարք մեծարժեք քանդակներ՝ «Սիամի կատուն», «Աղվես», «Մուրացիկ կապիկ», «Դոգ», նյու ժանրի «Պատանեկություն», «Իրան» և հատկապես կորագծային փայլուն լուծումներով «Կարիատիդը»:

Գյուրջյանի վերջին աշխատանքը մահվանից քիչ առաջ ավարտած «Սևամորթի գլուխը» քանդակն էր։ Կյանքի վերջին տարիներին կրծքահեղձուկով տառապող քանդակագործը վախճանվեց 1948-ի դեկտեմբերի 28-ին։ Ֆրանսիացի արվեստաբան Մաքսիմիլիան Գոտիեն գրեց․ «Նրա մահը մեզ վրա ազդեց իբրև հայրենակցի մահ։ Մենք մոռացել էինք արդեն, որ նա հայ է։ Սակայն մի՞թե նա կարող էր մոռանալ իր երկիրը»։

Քանդակագործի այրին՝ Տատյանան և նրա երկրորդ ամուսինը՝ ճանաչված ֆրանսահայ դիմահարդար և բանակի սպա Հակոբ Առաքելյանը վառ պահեցին Գյուրջյանի հիշատակը։ 1955 թվականին Առաքելյանը կազմակերպեց Գյուրջյանի ստեղծած Լև Տոլստոյի արձանի բացումը Փարիզի կենտրոնում գտնվող Տոլստոյի հրապարակում, ապա 1959-ին նա ֆրանսահայ մշակութային միության գործիչ Աղասի Դարբինյանի հետ նախաձեռնեց Գյուրջյանի 400 ստեղծագործությունների և արխիվի տեղափոխումը  Երևան, իսկ 1963-ին Հայաստանին նվիրաբերեց ևս 42 քանդակ։ 1977-ին վախճանված Առաքելյանը թաղված է Բուլոնի գերեզմանոցում՝ Գյուրջյանի և Տատյանայի կողքին․ նրանց գերեզմանին վեր է խոյանում մեծ սև խաչը՝ ֆրանսերեն գրություններով։

Իր անսահաման աշխատասիրության շնորհիվ Գյուրջյանը թողել է ահռելի ժառանգություն։ Մինչև օրս էլ նրա նորահայտ աշխատանքների բացահայտումներ են լինում՝ լինի դա Ազգային պատկերասրահում բացված «Մերկի հանդերձները» ցուցահանդեսը, փնտրումը համաշխարհային աճուրդների կայքերում, թե կատալոգային ցանկերում (այդպես հայտնաբերեցի Ղուկասովների գերեզմանի լուսանկարը)։ 1960-ականներին Գորկու դիմաքանդակը տեղադրվեց ռուս գրողի անունը կրող դպրոցի առջև․ այն ցարդ Գյուրջյանի՝ Հայաստանի մայրաքաղաքում տեղադրված միակ գործն է։ Նրա աշխատանքները պահվում են Պոմպիդու կենտրոնում, Ֆրանսիայի հայկական թանգարանում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, մասնավոր հավաքածուներում։

Այսօրն էլ Գյուրջյանի քանդակներն ու գծանկարները հաճախ ներկայացվում են միջազգային աճուրդներում, որտեղ մեծ պահանջարկ ունեն․ այսպես, նրա «Հաղթանակի» 47-68 սմ չափերով փորձնական տարբերակը (1926, բրոնզ՝ պատված սև պատինայով) ֆրանսիական աճուրդում վաճառվեց 70 հազար եվրոյին մոտ գումարով։

Արվեստաբան Շահեն Խաչատրյանի բնորոշմամբ՝ Գյուրջյանը եղավ «նոր ժամանակների քարի մեր արվեստի առաջին խոշորագույն ավանդապահը»։ Չնայած մեծ ցանկությանը՝ քանդակագործը չկարողացավ վերադառնալ հայրենիք, քանի որ կարող էր ստալինիզմի զոհը դառնալ, սակայն նա հիրավի հսկա գործ կատարեց՝ իր աշխատանքները կտակելով Հայաստանին։ Եթե մինչև այդ էլ նա հայ քանդակագործների համար ուղենշային արվեստագետ էր, ապա հետագա տարիներին նրա գործերը ներկայացնող սրահը Հայաստանի ազգային պատկերասրահում ուսումնառության և ուսումնասիրության հարուստ նյութ, յուրահատուկ դպրոց եղավ  նրանց բոլորի համար։ Այդ ավանդույթն այսօր էլ շարունակվում է, իսկ պատկերասրահում վերանորոգումից հետո առաջինը վերաբացվեց նոր շնչառություն ստացած գյուրջյանական սրահը՝ մեծ վայելք պարգևելով թե՛ մասնագետներին, թե՛ նրա աշխարհը կարոտած արվեստասեր այցելուներին․․․

 

Աշոտ Գրիգորյան

Լուսանկարներ․

2․ Տոլստոյի կիսանդրին, Փարիզ

3․ «Հաղթանակ», փորձնական տարբերակ

4․ «Պիետա» - Ղուկասովների գերեզմանը Պեր Լաշեզում

... ... ...