Գուրգեն Մահարու 17 հատորները. վերջապես ունենք ամբողջական Մահարի

Գրքի երևանյան 5-րդ փառատոնի շրջանակում ի թիվս այլ կարևոր հրատարակությունների ներկայացվեց նաև Գուրգեն Մահարու պատկառելի ժառանգության 17 հատորյակը: «Անտարես» հրատարակչության՝ Մահարու Երկերի լիակատար ժողովածուի հրատարակումն իրականացվում է գրողի որդու՝ Գրիգոր Աճեմյանի աշխատասիրությամբ: Խմբագրական աշխատանքները կատարել են գրականագետներ Արքմենիկ Նիկողոսյանն ու Վարդան Մատթեոսյանը:

 

Մահարին` իր բոլոր գրած-չգրած տողերով

Գուրգեն Մահարու գիտական հրատարակությունը մի ձեռնարկ է, որը ստեղծվել է Գրիգոր Աճեմյանի 40 տարվա աշխատանքի արդյունքում: Հսկայածավալ աշխատանքի ամբողջ ընթացքում նա բախվել է բազմաթիվ խնդիրների. առաջին խոչընդոտը արխիվի բացակայությունն էր։ Եվ Գրիգոր Աճեմյանը ստիպված էր ամեն ինչ սկսել զրոյից. «ձեռքիս տակ ոչինչ չի եղել, հավաքել եմ զրոյից` նախասովետական շրջանի մամուլից մինչև, ես կասեի, մեր օրերը, նաև Թբիլիսիի մամուլը»: Ցավոք, Գրիգոր Աճեմյանը վատառողջ էր ու ներկա չէր շնորհանդեսին, և գրքերն ու կատարված ահռելի աշխատանքը ներկայացրեց խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը։ «Գործ ունենք մի հրատարակության հետ, որն ընդգրկում է Մահարու ամեն մի տառը։ Մինչև այս լույս տեսած երկերի ակադեմիական հրատարակությունները՝ Թումանյան, Իսահակյան, Դեմիրճյան, Միքայել Նալբանդյան, արվել են պետության կողմից։ Անկախ Հայաստանի պատմության մեջ սա դասական գրողի առաջին գիտական հրատարակությունն է, որն իրականացնում է մասնավոր հրատարակչություն։ Սա և՛ պատիվ է, և՛ բեռ է. ամեն հատորի միայն տպագրական ծախսը երկու միլիոն դրամ է: Տասը տարի է արվում է այդ աշխատանքը․ 17 հատորը մեծ գործ է, մեզանում 600 բանասիրական գիտությունների թեկնածուներ կան, այդ թվում՝ մահարիագետներ, սակայն չի եղել մեկ գիտնական, որը թեկուզ երկու տողով անդրադարձ ունենա։ Սա մի աշխատանք է, պաթետիկ չհնչի, դժվար օրերին և դժվար պայմաններում արած, որը կանխորոշում է, որ գալու են նոր ժամանակներ, և մենք ապրելու ենք ամենաբարգավաճ երկրում»,- տպագրության դժվարությունները ներկայացնելով հանդերձ լավատեսությամբ նշեց խմբագիրը։

Մահարու ժառանգության մեջ հատուկ ուսումնասիրության թեմա է նրա նամակագրությունը, այնքան մեծածավալ, որ Արքմենիկ Նիկողոսյանը համեմատության համար արձանագրում է՝ Հովհաննես Թումանյանն ընդամենը երկու հատոր նամակագրություն ունի։ Խմբագրի գնահատմամբ Մահարու նամակագրությունն ամբողջացնում է նրա ապրած ժամանակի համապատկերը. «Ովքեր ուզում են հատուկ պատկերացում ունենալ ժամանակի գրական դաշտի ինտրիգների մասին՝ ով ում է ատում, ապա նամականու էպիստոլյար ժանրը  ժամանակի պատկերն է իր ամբողջ դաժանությամբ։ Աքսորավայրից նամակների 99 տոկոսն անպատասխան է։ Ահա ինչն է դառնագին․ բոլորի նամակները հավաքող, ծանոթագրող-կազմողը՝ Գրիգոր Աճեմյանը չի կարող հրատարակել աքսորից իրեն ուղղված նամակները։ Որդին վառել էր հոր նամակները։ Ինչևէ, 17 հատորն ընդգրկում է այն, ինչ երբևիցե գրել է Մահարին։ Վերջապես ունենք ամբողջական Մահարի` իր բոլոր գրած-չգրած տողերով, իր իմացություններով, հետաքրքրություններով ու ժամանակի բարդությամբ։ Մանրամասն ծանոթագրություններով այս հատորներն առաջին հերթին ուղղված են ընթերցողական լայն շրջանակին, սակայն առատ նյութ են նաև գիտական ուսումնասիրությունների համար»։

Իսկ ինչպե՞ս վաղօրոք պլանավորած տասնհինգ հատորը վերածվեց տասնյոթի։

Ստիպված են եղել խմբավորել Մահարու հոդվածները՝ կինոխոսականներ, թատերախոսականներ, ռեցենզիաներ։ Մահարին ամեն ինչին արձագանքել է, գրել բոլոր ներկայացումների մասին։ 60-ականներին տարեկան 400 գիրք է կարդացել՝ բոլորին էլ անդրադարձ կա։

17-րդ հատորն ընդգրկում է Մահարու անհայտ կամ կորած համարվող գործերը։ Երբ տարիներ առաջ մահացավ գրողի կինը՝ Անտոնինա Մահարին, բնակարանում  հայտնաբերվեց պատի մեջ ներկառուցված գաղտնի պահարան։ Բացվեց մի գեղեցիկ դուռ, տռուզ թղթապանակներ, որոնց մեջ վեպ, պիեսներ, մորը գրած նամակներ։ Մի խոսքով՝ լրացուցիչ ևս մեկ հատոր։

Ծանոթագրական բազան ևս ահռելի է, օգնության է հասել անգամ Գրիգոր Աճեմյանի բանավոր հիշողությունը։ Մահարու երկերի լիակատար ժողովածուի առաջին հատորն ընդգրկում է նրա՝ 1916-1969 թվականներին գրած բանաստեղծությունները, որոնց թվում շատ են առաջին անգամ տպագրվողները։ Եվ իհարկե՝ մեկնաբանություններով։

 

Մահարու Չարենցը

Իր հարցազրույցներից մեկում Մահարին ասել է՝ այն, ինչը մոտ է ինձ, առաջացնում է վառ տպավորություններ, որոնք ես երկար եմ հիշում։

Հայ գրականության մեջ երկու անուն՝ Մահարի և Չարենց, միմյանց կապված են եղել հոգևոր ու անձնական կապերով։ Մահարին հանճարեղ պոետին անվանել է «իմ եղերական, մեծ բարեկամ և ուսուցիչ», և հուշագրության, գրական հրապարակագրության մեջ մշտապես անդրադարձել է Չարենցին. հատկանշական է, որ 1932 թվականի հուշերը կարդացել է նաև Չարենցը։ 1957 թվականին գրված «Չարենց-նամեն» հուշերում ուրվագծվող մի ամբողջական Չարենց է, կարդացվում է մեծ գրավչությամբ, ինչպես Մահարու ցանկացած տեքստ։ «Չարենցի մեկ օրը» պոետի ստեղծագործական դիմանկարն է. մի դրվագ կա, երբ այգում տեսնում են հին երկրի պարերը կատարողներին, Չարենցն ասում է․ «Գնանք, լացս գալիս է, երբ տեսնում եմ այս պարերը։ Հասկանում ես, մի ամբողջ ժողովրդից այս պարը մնաց։ Զարհուրելի, ողբերգական պար է»։

Հայ գրականության լավագույն վեպերից մեկի՝ Մահարու «Այրվող Այգեստանների» նախաբանում ևս հիշատակվում է Չարենցը․ «Ինչպես մեծ կարսեցին մի օր գունազարդեց և նկարազարդեց իր կորած ծննդավայրը», «ես էլ մի վերջին անգամ գրեցի իմ Վանը․․․»։  

Վեպը հաջողելու չափանիշը նույնպես Չարենցի անվանն է առնչվում․ «Ու եթե ինձ հաջողվել է իմ այրվող այգեստանների ծուխը հասցնել իմ մեծ նախնիների ստեղծած փառապանծ կոթողների բարձրությանը»․․․

 

Գայանե Մկրտչյան