Գծից այն կողմ՝ բեմից ներս

Թատերախոսական-էսսե՝ Էդգար Էլբակյան կրտսերի հիշատակին

Երևանի խամաճիկների պետական թատրոնում առաջնախաղ է՝ սակայն ո՛չ խամաճիկներով, ո՛չ էլ մանկական, թատրոնի խաղացանկը համալրվել է մի բեմադրությամբ, որն իր ձևով ու բովանդակությամբ կգրավի հատկապես պատանի ու երիտասարդ հանդիսատեսին, և որից շատ բաներ ունի սովորելու մեր երիտասարդությունը: Մեր խիստ նյութականացված կյանքում, երբ նոր սերնդին պարտադրվում են սպառողական արժեքներ, այս գողտրիկ բեմադրությունը բոլորովին այլ արժեհամակարգ է սահմանում: Բեմում երիտասարդ դերասաններ են, խաղում են իրենց պես երիտասարդների կյանքից մի դրվագ, սակայն հայերենը խեղված չէ, ժարգոն ու փողոցային լեզու չկա, մի բան, որ մեր օրերում տարօրինակ ու զարմանալի է երևում, և ողջունելի է: Ճիշտ է գտնված կյանքի ու գրականության, արվեստի և իրականության միաձուլման այն չափը, երբ հանդիսատեսն իրեն կզգա խիստ ժամանակակից մի իրականության մեջ, սակայն ներկայացումից հետո իր հետ կտանի բարեգթության և պոեզիայի անդիմադրելի ուժի ազդեցությունն ու դրոշմն իր կյանքում: Սյուժեի հիմքում հավերժական թեմաներն են՝ հայրերի ու որդիների բախում, երիտասարդական մաքսիմալիզմ, հուսահատություն, որը հաղթահարվում է սիրով, սիրահարությամբ, մարդկային ջերմ հարաբերությունների վերականգնումով ու հատկապես՝ գրականությամբ: Սա գրեթե դեղատոմս է, որն անվրեպ աշխատել է բոլոր ժամանակներում և այսօր էլ չի վրիպի, եթե ավագներն ուղղորդեն երիտասարդներին, ցույց տան արժեքավորի ու հոգևորի դարպասները, օգնեն բացել դրանք ու իմաստավորել իրենց կյանքը:

Ներկայացումը նվիրված է Էդգար Էլբակյան կրտսերի 40-ամյակին, հունիսի 30-ին նրա ծննդյան օրն էր: Պիեսը գրվել է նրա երեք պատմվածքների՝ «Վերքը», «Գծից այն կողմ», «Ճանապարհ դեպի հավերժական սեր. երկինք» պատմվածքների, «Մետրո», «Կյանքի շեմին» բանաստեղծությունների ու հանրությանն արդեն ծանոթ ու սիրելի երգերի հիման վրա: Իմ սերնդակիցները սրտի կսկիծով, ափսոսանքով են հիշում ստեղծագործական էներգիա ճառագող ու այդ արարման էներգիայով շրջապատում բոլորին վարակող, շարժիչի պես անդադրում, զվարթ, բարի աչքերով ու լայնաժպիտ պատանուն՝ Էդգարին, որը, ցավոք, լքեց երկրային կյանքն ընդամենը 18-ում: Զուգահեռ կուրսերում էինք սովորում Թատերականում, նրան կողքից նայելով՝ անվերջ հասկանում էինք, թե որքան բան կարելի էր հասցնել Էդգարի օրինակով, իսկ մենք, ահա, պարզապես ընդմիջում ենք անում:

Նրա կորստյան լուրն առնելով՝ ինստիտուտն, ասես, համրացել էր, ցնցված էինք, պարզապես չի կարող նման բան լինել, չէինք հավատում: Թատերականի «Արվեստ» ուսանողական ամսագրի խմբագիրն էի, հիշում եմ, ամսագրի արտահերթ համարն ամբողջությամբ նվիրեցինք Էդգարի հիշատակին՝ իրենց ցավն էին արտահայտում ընկերները, կուրսեցիները, դասախոսները: Նաև ստեղծագործություններից զետեղեցինք համարում: Դա ամենաքիչն էր, որ կարող էինք անել նրա վառ ու տաղանդավոր հիշատակի առջև: Իր կարճ, սակայն բովանդակալից կյանքի ընթացքում, Էդգարը հասցրել է թողնել մոտ հարյուր բանաստեղծություն, պատմվածքներ, երեսունից ավելի երգեր, որոնք մեկտեղվեցին ժողովածուում գրող տատիկի՝ Էլդա Գրինի հոգածության ու խմբագրման շնորհիվ՝ ընկերների նախաձեռնությամբ: Ինչպես հարազատներն են նշում, Էդգարը լուրջ չէր ընդունում իր շնորհը, նա չէր էլ մտածում կենսագրություն ստեղծելու մասին, թեև բոլոր նախադրյալներն ուներ Աստծուց առատաձեռնորեն օժտված այդ երիտասարդը: Ջանք չէր գործադրում, նա պարզապես այդպիսին էր՝ հորդառատ գետ էր, շառաչուն ջրվեժ, ստեղծագործական հրաբուխ, որն անվերջ ժայթքում էր նորանոր գաղափարներով, որոնք դառնում էին երգ ու տող, պիես ու պատմվածք, բեմադրություն ու երաժշտություն: Իմ սերնդակիցներն ու ինձնից ավագները չեն մոռացել նաև Սունդուկյան թատրոնում Յուջին Օ՝Նիլի «Սերը ծփիների տակ» սքանչելի բեմադրությունը (բեմադրիչ՝ Արմեն Էլբակյան), որի երաժշտությունը հեղինակել էր 17-ամյա Էդգարը: Այդ մեղեդային ու դրամատիկ երաժշտությունը տպավորել էր անգամ ավագ սերնդի կոմպոզիտորներին:  Էդգարի ստեղծագործությունների «Գծից այն կողմ» ժողովածուն երեք հրատարակություն է ունեցել, առաջինը՝ 2002-ին: Համանուն ներկայացման առաջնախաղին թատրոնի նախասրահում դրված է 2023-ին վերահրատարակվածը, ցանկացողները կարող են թատրոնից ձեռք բերել վաղամեռիկ գրողի ստեղծագործությունների ժողովածուն:

Բեմադրության հեղինակներն են Էդգար Էլբակյան կրտսերի քույրը և մայրը՝ Լիլի և Աննա Էլբակյանները, ուրիշ էլ ո՞վ ավելի լավ կզգար ու կբացեր պատանու աշխարհն այնքան ազնիվ ու անվնաս, ինչպես իր հարազատները: Նախ Լիլին սյուժեն է ստեղծել, որի հիմքում եղբոր երեք պատմվածքներն են, ապա իր մասնակցությունը բերելու ցանկություն է հայտնել Աննա Էլբակյանը: Հեշտ որոշում չէր մոր համար, ավելի շուտ՝ խիզախում էր, «գործ ունենալ նրա հոգու հետ»՝ ինչպես նա է նշում, վերհանել անցյալը, բացել ալբոմներն ու իրականությանն առճակատվել, ասել է թե՝ գծից այն կողմ նայել: Սակայն այնպես, որ բյուրեղացած ցավից լուսատու մի ստեղծագործություն ծնվի, որը տխրությամբ չի համակի հանդիսատեսին: Արդյունքում՝ երեք համահեղինակ, երկու բեմադրիչ և գործողություններում հնչող Արմեն Էլբակյանի առինքնող ձայնը՝ որդու բանաստեղծություններն ընթերցելիս: Ներկայացման մեջ հնչում են Էդգարի երգերը («Լուսին», «Կառապան», «Երկու-երկու կատու» երգերը և Աննա Էլբակյանի «Կարոտ» երգը, որը նա գրել է որդու կորստից հետո) թե՛ հենց Էդգարի և մայրիկի քնքուշ կատարմամբ, հին ձայնագրություններով, թե՛ մորաքրոջ աղջկա՝ երգչուհի, կոմպոզիտոր Էվա Ոսկանյանի կենդանի կատարմամբ բեմում՝ որպես ներկայացման մի մաս:

Ընտանեկան ստեղծագործական աշխատանքն այս թատրոնում արտասովոր բան չէ, այս բազմատաղանդ թատերական ընտանիքը գրեթե միշտ այս կամ այն չափով ստեղծագործական համագործակցության մեջ է, նաև հայ բեմին հեղինակային ներկայացումներ է նվիրել (հիշենք «Ուշացած թռչուն» լեգենդար բեմադրությունը): Խամաճիկների թատրոնում, առհասարակ, ընտանեկան մթնոլորտ է, ամբողջ անձնակազմն ասես Էլբակյան մեծ ու համերաշխ ընտանիքի անդամներ լինեն:

Սակայն չթվա, թե Էդգարի երգերի ու պոեզիայի հուշ-երեկո է, խաղացանկում լիարժեք ներկայացում է՝ հեղինակի կենսագրությանը չառնչվող մի պատմությամբ: Արշոն (Հայկ Սարգսյան) սովորում է Թատերական ինստիտուտում: Հեշտ կյանք բաժին չի հասել նրան. հայրը հեռացել է ընտանիքից, մայրը (Հասմիկ Տեր-Կարապետյան) հիվանդության պատճառով անկողնուն է գամվել: Տղան չի հավատում այլևս սիրուն, ընտանեկան արժեքներին, թերևս՝ միայն ընկերությանը, շնորհիվ կուրսընկերոջ՝ Քրիսի (Աշոտ Մարաբյան): Արշոյի դերակատար Հայկ Սարգսյանն արտաքնապես շատ է հիշեցնում Էդգարին: Կյանքից դառնացած ու կոպիտ այս երիտասարդին կարելի է տեսնել գրամեքենայի առջև ստեղծագործելիս, գրքերով հետաքրքրվելիս, ընկերոջ հետ ռեժիսորական մոտեցումներ որոնելիս՝ իր ապագա դիպլոմային աշխատանքի համար:

Հանգամանքների բերումով Արշոն բացահայտում է Էդգարի գրականությունը: Բեմադրական բանալին գտնված է. արտասովոր արտահայտչականությամբ, պատկերային մտածողությամբ, խոր սիմվոլիկայով, լակոնիկ, բայց ասելիքով այնքան խորունկ այս էտյուդ- պատմվածքները նյութ են դառնում Արշոյի դիպլոմայինը նկարահանելու համար, և հանդիսատեսի աչքի առջև ընկերները բեմը վերածում են նկարահանման հրապարակի: Հե՞շտ խնդիր է փոքրիկ բեմում տարածություններ, հարթություններ ստանալ, այն էլ այն դեպքում, երբ բեմում ոչ թե տիկնիկներ, այլ իրական մարդիկ են: Այստեղ պետք է հիացմունք հայտնել բեմանկարչի՝ Գարեգին Եվանգուլյանի հանդեպ, որի բեմական աշխատանքները երևանյան թատրոնների ամենատարբեր չափերի բեմերում (Խամաճիկներից մինչև Պատանի հանդիսատեսի ու Սունդուկյան թատրոններ) հիացնում են իրենց հնարամտությամբ, պրոֆեսիոնալիզմով, ֆունկցիոնալությամբ, տարածաչափական ճշգրիտ զգացողությամբ: Քաղաքի ամենափոքրիկ այս բեմում նկարիչն ու բեմադրիչները կարողացել են բնակարանի պատրանք ստանալ, որտեղ կան խորություններ, սենյակներ, միջանցք ու խոհանոց: Նշենք նաև զգեստների նկարչի՝ Հելեն Տիտանյանի հետաքրքիր աշխատանքը՝ ոճային ու համահունչ  ժամանակի շնչին:

Եթե Լիլի և Աննա Էլբակյանների ստեղծած սյուժեն ընթանում է մի ռիթմով ու ոճով՝ կյանքային տրամաբանությամբ, կենցաղային իրավիճակներով, երիտասարդների ինքնաորոնումների ու ինքնաճանաչողության շրջանակում, ապա ներկայացումն իր թատերայնության տարերքին ու բարձունքին է հասնում «նկարահանման հրապարակում»՝  Էդգարի պատմվածքները մեկնաբանելիս, որոնք, բեմադրիչի խոսքով, իրենց ասոցիացիաներն են եղբոր պատվածքներից: Առանձին դրվագներով դրանք «բեմադրվում» են հանդիսատեսի աչքի առջև՝ իբրև ֆիլմ: Իրար հետ ուղղակիորեն չառնչվող պատմվածքները բեմադրական հնարանքների շնորհիվ՝ առանձին-առանձին սիմվոլիկ պատկերներ են դառնում, որտեղ գերիշխում է պոետիկ մթնոլորտը, թատերայնությունը, հարուստ նշանաբանությունը, գումարած՝ վիդեո պրոյեկցիաները, որոնք անվերջ ընդլայնում են բեմական սահմանափակ տարածությունը, այն առաձգական դարձնում (սենյակ, նավ, ծով, մետրո, գնացքի վագոն, բնություն), հանդիսատեսին տանում գծից այն կողմ՝ մի տեղ, ուր նա չի եղել, կամ եղել է երազներում, որտեղ այնքան գեղեցիկ է ու եթերային, ու որտեղից վերադառնալ չես ուզում: Ռեժիսորական աշխատանքը խորապես տպավորում է:

Դերասանախաղը ևս երկու մեկնաբանություն ունի, երիտասարդները որպես ընդհանրական տիպեր են հանդես գալիս, իսկ Հասմիկ Տեր-Կարապետյանը, որպես հոգեբանական դպրոցի դերասան, իր շուրջ է հավաքում բոլորին՝ բեմական մեծ փորձառությամբ: Հիմնական դրամատուրգիական գծով նրա կերպարն անկողնուն գամված կին է, որն ավարտին առողջանում է՝ հոգատար երիտասարդների ջանքերով, Էդգարի գրքի շնորհիվ: Թվում է, թե առանձնապես անելիք չկա, պառկած է դերասանուհին, սակայն Հասմիկ Տեր-Կարապետյանը խաղում է կերպարի ճանաչողությամբ, ամեն հոգեվիճակի արտաքին տիպական նշանը գտնելով: Մեկ այլ զրույցի թեմա է «նկարահանման հրապարկում» նրա ստեղծած կնոջ կերպարը՝ ըստ «Վերքը» պատմվածքի: Դերասանուհին խորությամբ է ընթերցել տաղանդավոր պատմվածքի ենթատեքստերը: Պատմվածքից մի փոքր տարբեր, ռեժիսորական մտահղացմամբ՝ իր չլավացող վերքին գերի, անկողնուն գամված կնոջը երաժշտական փոքրիկ արկղիկից նայող ու պտտվող բալետի պարուհի-արձանիկը հիշեցնում է իր իմաստալից օրերը: Ու նա դուրս է սահում անկողնուց ու բալետի պարազգեստով փորձում է մարդանալ, պարել, ինչպես մի ժամանակ:  Ետնավարագույրին երազի պես հայտնված բալետի նրբին պարուհին հակադրության մեջ է մտնում տարեց տիկնոջ ծանր ու անկանոն շարժումներին: Ասես հանդիպում են անցյալը, ներկան ու ապագան, որն աննյութեղեն է լինելու: Դերասանուհին այս խաչմերուկում հաջողում է դերի հոգեբանական մանրակրկիտ վերլուծությամբ բազմիցս կերպարանափովել: Մեկ գտնված շարժումով, զուսպ, բայց խոսուն դիմախաղով, ներքին տեմպերամենտով նա ստեղծում է քաղքենի, էգոիստ տիկնոջ քմահաճ կերպար: Իմանալով, որ վերքը սկսել է լավանալ, նա տագնապում է: Կյանքի անիմաստությունն ու էգոիզմը հաղթում են, նա խելացնորության հասնող կրքով ու թիկունքով խաղով՝ տենդագին պոկոտում է լավացող վերքը, քանի որ այսպիսով ինքն ուշադրության կենտրոնում կրկին կհայտնվի և կարիք չի ունենա որևէ մեկին հոգ տանելու: Այսպիսով, մարդն ինքն է իրեն դատապարտում կործանման: «Կինը վերադարձավ իր նախկին վիճակին, տագնապն անցավ, աչքերում հանգստություն հայտնվեց, դարձյալ սկսեց ինքն իրեն խղճալ և հիվանդի սովորական արտահայտությունը վերադարձավ դեմքին»,-գրում է հեղինակը: Դրվագը կառուցված է մոգականությամբ ՝ պատրանքի ու իրականության եզրին:

Այս ներկայացումը նորարարական է մի քանի առումով: Այն բեմադրված է ոչ թե կինոմտածողությամբ կամ կինոտարրերով, ինչը հատուկ է մեր որոշ ռեժիսորների, այլ հենց ֆիլմ-ներկայացում է, կինոյի և թատրոնի անհնարին թվացող հարմոնիկ գոյակցումը բեմում. նման փորձառությունն առհասարակ նոր է ժամանակակից հայ թատրոնում: Բեմադրիչները հրավիրել են խաղալու տարբեր թատրոնների դերասանների, սա չէ արտասովոր, այլ այն, որ պրոֆեսիոնալ բեմում, պրոֆեսիոնալ դերասանների կողքին հանդես են գալիս սկսնակներ, ուսանողներ, նաև՝ ո՛չ դերասաններ: Վիլյամ Սարոյանը նույնպես իր ներկայացումների համար հրավիրում էր սրճարանում կամ փողոցում հանդիպած անցորդին, նա թատրոնից փորձում էր վտարել «թատրոնը», սա ևս հաջողվել է բեմադրիչներին. երբեմն դերասանների անմիջականությունը, խոսքի կենցաղային շեշտադրումները մոռացնել են տալիս բեմի ու հանդիսասրահի միջև եղած սահմանը:

Անսպասելի էր իբրև դերասանուհի բեմում տեսնել երգչուհի Էվա Ոսկանյանին, նրա ստեղծած ռոքեր աղջկա ցայտուն, համարձակ կերպարի անմիջականությունն ու խենթությունը վարակիչ են, այս կերպար-տիպը նույնպես ճանաչելի է կյանքից: Աշոտ Մարաբյանն Արշոյի ընկերոջ՝ Քրիսի դերում համոզիչ է: Դերասանին հիշում ենք  «Փոքր» թատրոնից: Սա օժտված երիտասարդի առաջին ամբողջական, հասուն դերն է, որն անմիջապես գրավում է հանդիսատեսին՝ իր հումորով, կյանքին թեթև նայող ու ընկերոջը ծանր վիճակներից հանող կերպարով: Հուսանք, դերասանին կտեսնենք նոր ներկայացումներում:

Փորձառու դերասանների կողքին սկսնակները հենարան ունենալով՝ շահեկան վիճակում են: Մետրոյի տեսարանում տպավորիչ են Անգելինա Անտարյանի խարակտերային պլաստիկայով կին-տիկնիկի կերպարը և Արսեն Հակոբյանի մաքրամաքուր ու ջինջ պատանեկան անփորձությամբ երիտասարդը, հարկ է նշել, որ պատանին դերասան չէ, նրա բեմելը շատ խոստումնալից է: Դիմավոր կնոջ ու տղամարդու դուետը նույնպես լրացնում են միմյանց՝ Մեսրոպ Աբտոյանի դերասանական պրոֆեսիոնալիզմի ու կինոռեժիսորականի ուսանողուհի Մարինե Սոլոյանի բնականության շնորհիվ: Աբտոյանը հիշվում է իր կերտած բոլոր դերերում՝ երիտասարդական գրավչության ու մեծ հմայքի շնորհիվ: Առհասարակ, բեմադրության ամենահաջողված կտորներից է անդեմների ու դեմք ունեցող երկուսի հակադրության, նյութականից անկախ երջանիկների, սերը հավերժացնողների տեսարանը մետրոյի վագոնում. այս թեման Էդգար Էլբակյան կրտսերի գրականության ու նաև ներկայացման հիմնական ուղերձն է:

Լուսինի դերակատար Էմմա Սարդարյանը, որ Խամաճիկների թատրոնի դերասանուհի է, հիմնականում հանդես է եկել որպես տիկնիկավար, այսօր մի մեծ դեր է վստահված նրան՝ սկզբից մինչև վերջ բեմում է, այն էլ՝ մի քանի կերպարանափոխումներով: Շնորհալի դերասանուհին բեմադրիչների ընտրած «միտումնավոր չխաղի» կոնցեպտում օրգանական է իր առինքնող անփորձությամբ:

Աննա Էլբակյանը նշում է, որ բեմադրությունը կառուցել են հանկարծաբանության սկզբունքով՝ խաղացել են, գրել, տեղում կառուցել միզանսցեն, հորինել կերպարի կենսագրությունը: Այս եղանակը նույնպես գոյություն ունի թատրոնում՝ հակառակ ճանապարհն է՝ խաղից գրականություն, իրավիճակից խոսք, որն այսօր ընդունված է աշխարհում, սակայն՝ ոչ հայ բեմում: Այն բնավ հեշտ ճանապարհներից չէ, դյուրին է վրիպել դրամատուրգիական լարվածության, տեմպոռիթմի տեսանկյունից:

Ամերիկյան «հեփփի էնդով», թեթև, ռոմանտիկ այս ներկայացման ավարտին ոչ պակաս անսպասելի են ետնավարագույրին հայտնված ենթագրերը (տիտրերը)՝ ներկայացման ստեղծագործական կազմի անուններով, որոնք շփոթության մեջ են գցում (նման բան թատրոնում հաճախ չես տեսնի), և ամբողջացնում են ռեժիսորական հղացումը: Այս ներկայացման նպատակներից մեկը Էդգար Էլբակյան կրտսերի ստեղծագործությունները հասանելի ու ճանաչելի դարձնելն է, և, կարծում եմ, որ հեղինակները լիովին հասել են իրենց նպատակին, քանի որ ներկայացման ավարտին ուզում ես անվերջ մնալ այդ խորհրդավոր ու ջինջ աշխարհում, որտեղ երկնքից լույսի փաթլներ են թափվում, շուրջը ծովի շառաչ է ու ճայերի ձայն, աղջնակի քրքիջ, բյուրեղապակյա զրնգում է օդը, որտեղ սեր ասվածին արձաններ են ձոնում, որտեղ շոշափում ես գծից այն կողմ եղածը:

 

Անուշ Ասլիբեկյան

Թատերագետ

 

 

 

 

... ... ...