Գրականությունը խաբկանք է, որ օգնում է ճանաչել աշխարհը

«ArtCollage»-ի ընթերցողներին ենք ներկայացնում գրականագետ Անի Փաշայանի զրույցն արձակագիր Մարգարիտ Դերանցի հետ: Չնայած զրույցի առիթն արձակագրի «Քրտնաձուկ» պատմվածքների ժողովածուն է, բայց այն, ըստ էության,  երկխոսություն է ընդհանրապես գրականության, գրողի մշտական փնտրտուքների ու կատարելության ձգտման մասին: 

 

Անի Փաշայան -Ի՞նչ է գրելը. սփոփա՞նք, հաճելի զբաղմո՞ւնք, արարո՞ւմ նորի, թե՞ ավելի մեծ աշխարհ...

Մարգարիտ Դերանց -Կյանքի ոճ, ձև, որը դառնում է մի տեսակ կապվածություն, որից ազատագրում չկա, այսինքն՝ դատապարտված ես գրելու: Հիվանդության պես մի բան է, որ կարծես երկնքից ընկել է գլխիդ։

Ռաբլեն համոզված էր, որ մարդն ամբողջական Տիեզերք է։ Քանի որ գրողը կոչված է փորփրելու, պեղելու մարդկային հոգու խորխորատները, ուստի նրա ձգտումը Տիեզերքին մոտենալն է։ Այն դառնում է գրողի կյանքի նպատակը, չարչարանքը, սխրանքը։ Չարչարանքի կողքին անբացատրելի հմայք կա, ինքնաբավություն, երբ գրական երկդ հաջողվում է։ Նման պահերին, հասկանում ես, որ մոտ ես Սկզբնավորիդ, նրա արարչական հոգին քո մեջ է, դու նրա հզոր, աստվածային հոգու աննշան, բայց անբաժանելի մասնիկն ես։ Դա ոգեշնչում է Ապրել ու շարունակ Արարել։

Ա.Փ. -Մարգարիտ, Դուք հաճախ եք լինում հայրենիքում: Ասում են՝ այդ օրերին, երբ գրողներդ այստեղ եք, պիտի ոչինչ չգրեք, այլ միայն զգաք, ապրեք, որ հետո՝ այնտեղ, գրիչ «վերցնեք»: Ձեզ մոտ է՞լ է այդես:

Մ.Դ. -Երանի թե հաճախ այցելած լինեի հայրենիք, թղթաբանական խնդիրների պատճառով դա հնարավոր չէր, հուսով եմ առաջիկա տարիներին կլրացնեմ այդ բացը։ Տասնութ տարվա բացակայության ընթացքում ընդամենը երկու անգամ եմ եղել հայրենիքում՝ 2017, 2019 թվականների մայիս ամիսներին։ Հայրենիքում լինելը տեսակցություն է «սիրեցյալի» հետ. վաղորդյան միայնակ զբոսանքներ երևանյան կենտրոնական փողոցներով, որտեղ անցել է կյանքիս մեծ մասը, մայիսյան տեղատարափ անձրևները, Արցախը, Շուշին, որտեղ անհիշելի ժամանակներից ապրել  են իմ նախնիները։ Վերագտած «սիրեցյալը» թանկ է, թանկ է նրա հետ անցկացրած յուրաքանչյուր վարկյանը, ժամը, օրը։ Ուստի դուք իրավացի եք, Անի, չէի գրում, այլ ապրում և զգում էի հետաքրքիր հայրենակիցներիս, վայելում սիրելի հարազատներիս, մտերիմներիս ներկայությունը։
Անկախ հազարավոր մղոնների հեռավորությունից՝ տարագիր հայ մտավորականի ապրելու առանցքը Հայրենիքն է, նրա Խաղաղությունը, Բարգավաճումը։ Խաղաղություն բառն անխզելիորեն կապված է այլ երկու բառերի հետ, որն է Հայոց Պետականությունը։ Առանց դրանց այն կորցնում է իմաստը, աղոտանում ու փոշիանում է։

44-օրյա պատերազմում պարտությունից հետո ազգովի ցավի մեջ ենք։ Ցավը, տառապանքը հզոր ուժ է, և այն միասին պիտի ուղղենք դեպի շինություն ու արարում՝ ի հեճուկս բոլոր թշնամինների։ Հավատում եմ, աղոթում ազնիվ սկզբունքներով քաղաքական գործիչների համար, որոնք երկիրը կհանեն անպտուղ նիրհից՝ ի նպաստ  Հայոց Պետականության ամրապնդման ու Հարատևության։

Ա.փ. -Ձեր ստեղծագործական մեթոդը իրատեսությունն է, Դուք կյանքը պատկերում եք իրական գույների ու շարժման մեջ, իսկ դժվա՞ր չէ այդ մեթոդը տրվում, գրողական «ցավեր» էլ եք ապրում...

Մ.Դ. -Հերոսներս ստատիկ չեն, մշտապես շարժվում են ժամանակի, դեպքերի միջով, որոնց արդյունքում վերափոխվում է աշխարհը և նրա կենտրոնական դերակատարը`մարդը։ Նրանք անցնում են չարի ու բարու, հոգու ու մարմնի, վավաշոտության և վեհաձնության պայքարի բովով: Ոմանք հաղթում են, ոմանք՝ պարտվում։ Եղել է, որ տառապել եմ հերոսիս հետ, որովհետև ներսիս գրող-հոգեբանը հասկացել է, որ նա դատապարտված է հենց նման պարտության, և ես անզոր եմ որևէ բան շտկել։ Այդուհանդերձ, գրվածքներիս մեջ մութը հաճախ է վերափոխվում լույսի, քանի որ հերոսներիցս շատերը նույնիսկ առերևույթ ու ակնառու պարտության դեպքում կարողանում են հաղթել իրենք իրենց ու, հետևաբար, կյանքին, ճակատագրին՝ երբեմն հառնելով դեպի Հոգի, երբեմն՝ Կամք։

Անկախ գրելու մեթոդներից՝ «գրողական ցավերը» անխուսափելի են։ Դրանք նման են երկունքի ցավերին, երբ ծնվում է գիրքը։ «Ծննդաբերելուց» հետո նմանվում ենք այն մայրերին, որոնք լքում են իրենց զավակներին, որովհետև կենտրոնանում ենք հերթական «հղիության», այսինքն՝ նոր գրքի վրա։ Լույս աշխարհ եկած գիրքն ապրում է ինքնուրույն կյանքով, «շարժվում է», «շնչում», գոյատևում։ Եվ եթե այն փոփոխություն է բերում թեկուզ մեկ ընթերցողի կյանքում, ապա օրհնյալ է նրա երկունքը...

Ա.Փ. -Ինձ հետաքրքրում է՝ ինչպես եք  ընտրում գրական կերպարները, ավելի շատ «ներսի՞ց» եք գտնում նրանց, թե՞ արտաքին աշխարհից, կամ, ասենք, պատահական, երբ շրջապատում հանկարծ «տեսնում» եք նրանց:

Մ.Դ. -Շատ գրողների նման ես էլ աճպարար եմ։ Կերպարները գտնում եմ և՛ ներսից, և՛ դրսից, խառնում իրար իրականն ու երևակայականը, այս կամ այնտեղ հանդիպած բնավորությունները խմբավորում եմ մի հերոսի մեջ, կամ, ընդհակառակը՝ տրոհում։ Սիրում եմ բացահայտել կյանքի գաղտնատես, ծածուկ կողմերը, հանելուկային մարդ արարածի հոգում թաքնված մութ շերտերը լույս աշխարհ բերել։ Ամենատարբեր ուղղվածություն ունեն ստեղծագործելու նետերը, բոլորն ընդունելի են։ Ամենամեծ կախարդանքն այն է, որ իրական, հնարովի կերպարները, դեպքերը, սինթեզվելով գրողական անհատականության առանցքում, թրծվում են նրա ենթագիտակցական լույսով, ներքին «ճամփորդությամբ» դառնում նոր երևույթ, իսկ սթափ տրամաբանությամբ «ճարտարապետական» կուռ նկարագիր են ստանում։ Ըստ իս, սա է ամենակարևորը։ Գրողի անհատականությամբ է պայմանավորված թեմաների նախասիրությունը, ոճը, բառային նրբերանգները, որ մի գրողին տարբերակում է մյուսից։ Սովորաբար նույն երևույթները գրողները պատկերում են տարբեր տեսանկյունից, տարբեր անկյան, տարբեր հարթության մեջ։

Կյանքը, աշխարհը շարժման փոփոխության մեջ է, որն ազդում է գրողի անհատականության վրա։ Բոլոր այդ փոփոխությունները գալիս են նրա գրականություն։ Ի վերջո, գրականությունը խաբկանք իրողությունն է, որ ընթերցողին օգնում է ճանաչել ճշմարտությունը, աշխարհը, ազգերին, մարդուն, պատմությունը, ժամանակագրությունը լայնածավալ փոխհարաբերության և փոխկապակցության մեջ։

Ա.Փ. -Ինձ միշտ մի հարց է հետաքրքրել, գրելիս հիշո՞ւմ եք ընթերցողին, թե՞ երբ ավարտում եք երկը: Շատ գրողներ ասում են՝ որ իրենց համար են գրում:

Մ.Դ. -Երբ նոր էի ստեղծագործում, գրում էի ինքս ինձ համար։ Այն ինքնաբուժման, ինքնամխիթարության պես էր։ 2013թ համարձակություն ստացա, լույս ընծայեցի առաջին գիրքս՝ «Բյուրեղապակե ծաղկամանը» վիպակը։ Որոշ ընթերցողների, գրաքննադատների ջերմ արձագանքն էր, որ խրախուսեց ինձ շարունակել գրելը։
Ստեղծագործական ազատության մեջ բնավ չեմ մտածում ընթերցող շահելու մասին։ Սա չի նշանակում, որ անտարբեր եմ նրա նկատմամբ, ընդհակառակն, ինձ համար թանկ է յուրաքանչյուր ընթերցող։ Ընթերցողներն են, որ մեր գրվածքները դարձնում են սիրված գիրք կամ ստեղծագործություն, օգնում գրողներին ինքնաճանչման հարցում: Նկատում են այնպիսի բաներ, որ հեղինակին աննկատ են մնացել, հուշում, պարզում են մեր թերացումները, որ ազդակ է դառնում շտկման, ինքնակատարելագործման համար։ Հեղինակը կարող է նախընտրել իր այս կամ այն գործը, բայց այստեղ դարձյալ որոշիչ է ընթերցողի կարծիքը։
Եթե ընթերցողները շատ են, ապա գրողի ստեղծագործությունները ճանաչված են դառնում։ Այս առումով, այնքան էլ համոզիչ չեն այն գրողները, որոնք իբր բացարձակ անտարբեր են ընթերցողի նկատմամբ։ Մենք մեր «ես»-ից ավելի սիրում ենք մեր զավակներին, փափագում ենք, որ նրանք հաջողակ լինեն։ Սա վերաբերվում է նաև մեր գրքերին, կա այդ երազանքը, որ «նրանք» հաջողակ լինեն։

Ա.Փ. -Ի՞նչ եք կարդում հիմա, ո՞վ է այն գրողը, որ ոգևորում է Ձեզ: Ինձ հայտնի է, որ ընթերցանությունը եղել է և կա Ձեր ամենասիրելի զբաղմունքը:

Մ.Դ. -Ընթերցանությունն ավելի քան սիրելի զբաղմունք է՝ մանկության, պատանեկության, երիտասարդության տարիներից սկսած. այն կյանքիս ամենամեծ կապվածությունն էր, շարժիչ ուժը: Այդուհանդերձ, որպես գրող, չեմ փորձում գրականությունը հարմարացնել ինձ, այլ ճշմարիտ գրականության պաշտողն եմ, նրա «սպասավորը»։ Անցյալում մտքիս ծայրով անգամ չէր էլ անցնում, որ ընթերցանության տարերքը կարթանցնի իմ մեջ ստեղծագործողին։ Հիմա էլ մտածում եմ, որ եթե երբևէ հայտնվեմ գրողական ճգնաժամի, փակուղու մեջ, գրիչս վայր կդնեմ, նորից կդառնամ սպառող-ընթերցող ու կմխրճվեմ ընթերցանության ավելի ծույլ, գեղագիտական վայելքի մեջ։
Նախորդ տարին ծանր էր անձնական և անաձնական կորուստների առումով։ Մեկ տարվա ընթացքում կորցրեցի սիրելի ծնողներիս։ Հաճախ մտածում եմ, որ երանելի են անգին ծնողներս, որ չտեսան հայի սևն ու սուգը։ Այդուհանդերձ, շատերիս սրտում անաձնական ցավը գերակայում է անձնական ցավին. դա Հայաստանի ինքնիշխանության կորուստն է, մեր սգակիր ծնողներն են, մեր նահատկված լույս հերոս զինվորները, մեր գերիների անհայտությունը, հայրենազրկության ցավը։ Գուցե սա է պատճառը, որ հիմա ավելի, քան երբևէ անբաժան եմ Նարեկացուց. «Մատյան ողբերգության» գիրքը հրաշագեղ երևույթ է, որն ուղղորդում է առաքելություն ունեցող անհատին դեպի ամբողջականություն, ինքնամաքրում, վերականգնում։ Ներկա հոգեվիճակիս հարիր վերընթերցում եմ վաղուց կարդացած գրքեր`Սոֆոկլեսի վեհ ողբերգությունները, Ալիգիերի Դանթեի «Աստվածային կատակերգությունը», Քամյուի «Ժանտախտը», որոնք պերճախոս զուգահեռներ ունեն ներկա իրականության հետ։
Աշխարհն այնքան բազմաշերտ է, տարբեր աշխարհագրություններ, ժողովուրդներ, մշակույթներ, որ ծնունդ եղան տարբեր հզոր գրողների համար, որոնք ազդեցություն, փոփոխություն բերեցին միլիոնավոր մարդկանց, հարյուրավոր սերունդների կյանքում։ Ես էլ բացառություն չեմ, առանց համաշխարհային գրականության հանճարների, տաղանդների, առանց նրանց ստեղծագործությունների կյանքս կդառնար անիմաստ ու անգույն։

Ա.Փ. -Պատմվածք գրելը բարդ գործ է, շատերն են խուսափում այս ժանրից՝ նախընտրելով վեպը, էսսեն: Ինչո՞ւ ընտրեցիք հենց այս ժանրը, որը դժվար է տրվում: Ինչպիսի՞ փուլերով է այն  Ձեզ տրվում, ինչպե՞ս եք աշխատում գրական տեքստի վրա:

Մ.Դ. -Ձեր հարցը բխում է նրանից, որ խորությամբ ուսումնասիրել եք «Քրտնաձուկ» պատմվածքներիս ժողովածուն, կրկին շնորհակալ եմ այդ ժողովածուիս մասին հրաշալի գրախոսության համար։ Միանգամայն ճիշտ եք, պատմվածքի ժանրն ամենածանրն է կոմպոզիցայի, փոքր ծավալի մեջ մեծ ասելիք տեղավորելու առումով: Այն նաև գրողական նյարդերի ավելի մեծ պրկում է պահանջում։ Ստեղծագործում եմ գրական տարբեր ժանրերում. վիպակ, պատմվածք, էսսե։ Ինչպես որ խոստացել էի երկու տարի առաջ, տպագրության է պատրաստվում առաջին վեպս`«Սեր լուսնեզրին»։ Սա մեր ժամանակակցի`քառասունամյա գրող կնոջ կյանքն է՝ սկսած ծննդյան օրվանից, Սովետական Միության քայքայման և դրա հետևանքով աշխարհում տեղի ունեցած շրջադարձային կտրուկ փոփոխությունների ֆոնի վրա։ Այն բազմաշերտ հոգեբանական վեպ է, պատմում կնոջ և տղամարդու սիրային հարաբերությունների, գրականության, լքվածության, ժամանակակից մարդու անհուսության, օտարացման մասին։ Դեպքերը տեղի են ունենում Հայաստանում, Ռուսաստանում, Նահանգներում։
Արձակը մանրամասնությունների դաշտ է, ու այդ մանրամասները պետք է լինեն պիրկ, ռիթմիկ, դիպուկ, սեղմ՝ առանց ավելորդաբանությունների, սահուն ծառայեն ստեղծագործության գլխավոր նպատակին, սյուժեին, հերոսներին։ Նման ներդաշնակություն ապահովելու համար տեքստերիս հետ աշխատում եմ հետևողականորեն և տքնաջան։ Ի սկզբանե, գրում եմ տպագիր. ջնջում եմ, փոխում, վերափոխում, փորձում եմ վերջնական, հնարավորինս մաքուր գործ տալ խմբագրին, հրատարակչությանը։
Հարգարժան Անի Փաշայան, շնորհակալ եմ հետաքրքիր հարցերի, գրականության հանդեպ նվիրվածության, գրողներիս գնահատելու, գրող-ընթերցող կապն ամրապնդելու և նրանց միջև կամուրջ դառնալու համար։ Ձեր պես արհեստավարժ գրաքննադատների ջանքերն անուրանալի են հայ գրականության հարատև երթն ապահովելու համար։

 

Հարցազրույցը՝ Անի Փաշայանի