Գոգոլյան երգիծանքի յուրօրինակ դրսևորումները Պարոնյանի բեմում

Մարտի 16-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում հերթական անգամ բեմ բարձրացավ ռուսական դրամատուրգիայի ամենանշանակալից ստեղծագործություններից մեկը՝ Նիկոլայ Գոգոլի «Ռևիզորը» կատակերգությունը: Հակոբ Ղազանչյանի բեմադրությամբ այն յուրովի է վերաիմաստավորվել՝ զերծ մնալով կարծրատիպերից, ավանդական մեկնաբանություններից ու ժամանակային կաղապարներից: Լինելով համամարդկային և մշտապես արդիական՝ գոգոլյան սոցիալ-քաղաքական երգիծանքն իրապես չի ենթադրում որոշակի դարաշրջան, այլ հանդիսանում է բոլոր ժամանակների քննադատության հայելին:

Հերոսների պաթետիկ խոսքը, իրավիճակի աբսուրդայնությունը, սուր և բազմաշերտ հումորը Գոգոլի գեղարվեստական մտածողության անբաժան մասն են կազմում ու ստեղծագործելու բավականին ազատ տեղ թողնում թե՛ բեմադրիչների և թե՛ դերակատարների համար: Այդ առումով, եթե նկատի չառնենք որոշ բացթողումներ, որոնք տեղի են ունեցել պիեսի ծավալի և գործող անձանց կրճատումների հետևանքով, և ինչի մասին առանձին կխոսենք, Ղազանչյանի բեմադրությունը հաջողված է:

Պիեսի հինգ գործողություններն ամփոփված են երկուսում, և ներկայացումն ունի դինամիկ ընթացք, ուղեկցվում է երաժշտական ու պարային աշխույժ համարներով, որոնք ընդհատվում են հենց գործող անձանց կողմից: Առաջին իսկ վայրկյաններից, երբ բացվում է վարագույրը, մենք տեսնում ենք թղթախաղի սեղանի շուրջ հավաքված պարոնների, որոնք ներկայացնում են քաղաքի վերնախավը: Գործողությունները կենտրոնացված են մեկ վայրում՝ քաղաքապետ Անտոն Անտոնովիչի առանձնատանը, որն իր բեմական ինտերիերով (թղթախաղի կլորավուն սեղան, ալկոհոլային խմիչք, վարագույրներ և պաստառներ, որոնց վրա պատկերված են խաղաքարտեր, զառեր և ռուսական պտտախաղ) ավելի շատ խաղատուն է հիշեցնում:

Քաղաքապետի դերում հանդես է գալիս Հայաստանի վաստակավոր արտիստ Արթուր Կարապետյանը: Խլեստակովի կերպարը մարմնավորում է Հարություն Մելիք-Բեկյանը, իսկ Աննա Անդրեևնայինը՝ Անի Քոչարյանը: Քաղաքապետ - Արթուր Կարապետյանի պրագմատիկ կերպարն ու պաշտոնական անձի խարիզման հակադրվում են նույն այդ կերպարի՝ Խլեստակովին ուղղված շողոքորթություններին՝ այդպիսով ստեղծելով քաղաքական գործչի ծաղրական դիմանկարը: Նրա կերպարի կատակերգականությունն առավել վառ ընդգծվում է այն տեսարաններում, որտեղ նա հաճոյախոսում է՝ ընթերցելով թղթին նախօրոք գրվածը, որպեսզի ոչինչ բաց չթողնի և լիովին լրացնի իր ասելիքը: Ինչ վերաբերում է Խլեստակով-Հարություն Մելիք-Բեկյանին, ապա ի դեմս նրա՝ մենք տեսնում ենք պարծենկոտ և ինքնահավան մի քաղաքաբնակ տղայի, որն ամեն կերպ փորձում է ինքնահաստատվել գավառաբնակների շրջանում՝ ընդգծելով իր «առավելությունը»: Չնայած չափահաս տարիքին՝ նրա մեջ նկատվում է երեխայական նարցիսիզմ, որը դրսևորվում է Մարիա Անտոնովնային (Հասմիկ Վերդյան) արված սիրո խոստովանության տեսարանում, երբ նա պարծենում է, թե աղջկան նվիրված ոտանավորներ կարտասանի, սակայն ասմունքում է հազիվ անգիր արած մի քանի տող՝ Համո Սահյանի «Հայաստան ասելիս» բանաստեղծությունից: Այդ զվարճալի, հումորային դետալով անսպասելի և հետաքրքիր անցում է կատարվում ռուսական դասականից դեպի հայկական դասական...

Անդրադառնալով Աննա Անդրեևնա - Անի Քոչարյան կերպարային առանձնահատկություններին՝ հարկ է նշել, որ ծխելը, հովանոցը թափահարելն ու կեղծ հուզմունքի դրսևորումներն ընդգծում են գավառական կնոջից շինծու արիստոկրատ տիկնոջ վերածվելու անհույս փորձերը, ինչով տոգորված է քաղաքապետի կինը: Հավատարիմ մնալով իր մարմնավորած կերպարի գրական նախատիպին՝ Անի Քոչարյանը մեզ արդեն ծանոթ կերպարային բնութագիրը համալրում է անձնական կանացի հմայքով:

Խոսելով մյուս գործող անձանց մասին՝ պետք է նշել, որ այստեղ արդեն նկատվում է որոշակի միանմանություն և կերպարների միաձուլում, ինչն, ըստ ամենայնի, պայմանավորված է հենց պիեսի կրճատմամբ: Հատկացված ժամանակը պարզապես բավարար չի եղել կերպարների լիարժեք բացահայտման համար, ինչի արդյունքում մենք տեսնում ենք սև կոստյումներով և կարմիր փողկապներով գրեթե միանման պարոնների, որոնք  իրենց պաշտոնը կորցնելու վախի դրսևորմամբ և շողոքորթությամբ համարյա չեն տարբերվում մեկը մյուսից: Քանի որ այս պիեսը չունի դրական հերոս, ապա ներկայացման շրջանակում բացասական կերպարները պետք է ընդգծվեին իրենց անհատականություններով կամ էլ տվյալ կերպարի առանձնահատկությամբ լրացնեին միմյանց: Որպես օրինակ դիտարկենք, թեկուզ, Դոբչինսկուն և Բոբչինսկուն, որոնք մեկտեղված են մի ընդհանուր կերպարում, և որը մարմնավորում է Արսեն Ալբարյանը: Պիեսից մեզ հայտնի երկու կալվածատերերը, որոնք խոսում են իրար հերթ չտալով և մեղավորությունը միմյանց վրա բարդելով, կերպարի միահյուսման արդյունքում կորցնում են այդ հատկանիշները: Մեկտեղման հետևանքով ի հայտ եկած այդ կերպարը գուցեև հնարավոր լիներ հանդիսատեսի առջև լիովին բացահայտել այն դեպքում, եթե գործողություններն ու տեսարանները չմատուցվեին սեղմ վիճակում: Դոբչինսկի-Բոբչինսկին այստեղ պարզապես մի տեսակ կորչում է կենտրոնական կերպարների ստվերների ներքո:

Նկատելի է նաև Խլեստակովի ծառա Օսիպի, վաճառականների, խնդրատուների ու նրանց առնչվող տեսարանների բացակայությունը: Օսիպը, որպես Խլեստակովի անբաժան ուղեկից, կամբողջացներ քաղաքաբնակ պաշտոնյայի կերպարը, իսկ տեսարանները, որոնցում կարտացոլվեին վաճառականների դժգոհությունները քաղաքապետից, կլրացնեին վերջինիս բացասական կերպարը:

Չնայած վերն ասվածին, ինքնատիպ և անսպասելի ֆինալը, կարծես, ամեն ինչ տեղն է գցում: Ղազանչյանի հետաքրքրական լուծումն այն է, որ ի տարբերություն գոգոլյան ֆինալի՝ այս ներկայացման վերջում ռևիզորն այդպես էլ չի հայտնվում: Խլեստակովի նամակն ընթերցելուց ու իրենց խաբված լինելը գիտակցելուց հետո պարոնները նստում են սեղանի շուրջ ու շարունակում թղթախաղը, ասես ոչինչ էլ չէր եղել: Ներկայացումը սկսվում է թղթախաղով ու դրանով էլ ավարտվում, իսկ այն, ինչ տեղի է ունենում ընթացքում, ի վերջո, որևէ մեկին դարձի չի բերում ու չի ստիպում դասեր քաղել կատարվածից: Շատերն անցյալից միայն հիշողություններ են հավաքում, բայց ոչ խրատներ...  

 

Արամ Դովլաթյան

Լուսանկարները՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի պաշտոնական էջից

... ... ...