Գնաց, որ տեսնի Սարոյանի աչքերը

1978-ի այդ օրը Երևանի Կինոյի տանը ասեղ գցելու տեղ չկար: Մարդկանց հոսքը չէր դադարում, և որքան մեծանում էր նրանց թիվը, շենքն, ասես, ավելի էր ընդարձակվում և տեղ անում մյուսների համար: «Դռները բացե´ք»,-հրահանգել էր օրվա հերոսը: Ժողովրդի մի մասը կանգնել էր նախասրահում, մյուս մասը` սրահում, և նույնիսկ` դրսում: «Ես կխոսեմ բոլորի´ համար»,-ասել էր նա, հանուն որի ժողովուրդը բան ու գործը թողել ու մի մարդու պես եկել էր այդտեղ: Բեմում Վիլյամ Սարոյանն էր: Հանդիպումը նախատեսված էր 19:00-ին:Դեռ 18:50 դերասանուհի Սոֆիկ Սարգսյանն իր հարևանուհու տանը սուրճ էր խմում, երբ հանկարծ զանգ եկավ. «Կինոյի տանը Սարոյանի հետ հանդիպում կա»: «Սոֆիկ, էլ չե´ս հասցնի»,-ասել էր հարևանուհին, իսկ դերասանուհին արդեն ճանապարհին էր: Սարոյանին մեկ էլ տեսել էր երկու տարի առաջ, երբ նա այցելել էր Հայաստան: Հետը շփվել չէր ստացվել, փոխարենը շատ մոտ տեսել էր նրա աչքերը...

Դերասանուհին շնչակտուր հասավ Կինոյի տուն, ներս մտավ ու կանգնեց պատի տակ: Բեմի վրա Սարոյանի կողքին նստել էին Հրանտ Մաթևոսյանը, Մանուկ Մանուկյանը, Հայրիկ Մուրադյանը, Ջիվան Գասպարյանը, Լևոն Մկրտչյանը... Սարոյանի 70-ամյակն էր: Գրողը ցանկացել էր հոբելյանը նշել հայրենիքում: Սարոյանն առանձնակի սիրով սիրում էր Հայրիկ Մուրադյանին. նրան խնդրում է կատարել «Գութանի երգը»:

Երբ երեկոն ավարտվեց, ժողովրդի մի մասը դուրս եկավ, մյուսներն էլ հետևեցին գրողին: Սարոյանը գնում էր Կինոմիության նախագահի` Լևոն Քալանթարի սենյակ: Նրա բարձր ձայնը լսելի էր նույնիսկ միջանցքում: Սարոյանի հետ երեք ժամ շփումից հետո մարդիկ դարձյալ ուզում էին լսել նրան: Սոֆիկ Սարգսյանն էլ` նրանց հետ: Իսկ Սարոյանը խոսել սիրում էր, թեև զգուշացնում էր. «Որ շատ խոսեմ` թևքիցս կքաշեք»: Եվ հանկարծ բազմության մեջ  դերասանուհուն նկատեց Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի նախագահ Վարդգես Համազասպյանն ու ասաց. «Սպասի´ր, դու «Նահապետի» Նուբարը չե՞ս: Արի´, արի´, Վարպետը երեկ դիտել է ֆիլմը, ասում է` ինքը դերասանուհի չէ, չի խաղում, շատ բնական է իրեն պահում, երևի իրեն որևէ գյուղից են գտել»: Բազմությունը ճեղքելով` Համազասպյանը, դերասանուհու ձեռքից բռնած, տարավ նրան Սարոյանի մոտ. «Ու ես նորից տեսա այդ աչքերը... Ինձ ներկայացրեցին, ասացին` Նուբարն է: Հարցրեց. «Դու պրոֆեսիոնա՞լ ես, սորվա՞ծ ես»: Իսկ ես խոսել չէի կարողանում, ոտքերս կարծես հատակից կտրված լինեին... Իմ դիմաց Սարոյանն էր, ու դա երազ չէր: Նորից կրկնեց հարցը, բոլորը նայում էին ինձ, որ մի բան ասեմ... Եվ հանկարծ ինչ-որ ներքին մղումով սլացա դեպի գրողն ու... համբուրեցի նրա ուսը... Սարոյանը ցնցվեց, կտրուկ շարժում արեց ու ասաց. «Օ´հ, ամա՜ն, դերասանուհի է» ու շրջվեց, գնաց: Ավելի լավ էր մեռնեի: Ամոթահար թողեցի ու մարդկանց սաստող հայացքների ներքո վազեցի դուրս»,- պատմում է Սոֆիկ Սարգսյանը:

Ոչ այն է` թողներ ու գնար, ոչ այն է` մնար... Ոտքերը դողում էին: Ինչո՞ւ արեց դա. ոչ ոք, ոչ ոք չհասկացավ իրեն: Նոր էր հասել միջանցքի դռների մոտ, երբ հանկարծ մեջքին զգաց ձեռքերի հպում, շրջվեց` Սարոյանն էր: Թեյի բաժակը ձեռքին կանգնած` ասաց.

-Ես էլ քեզ էի փնտրում: Մենա՞կ ես էստեղ:

-Հա...

-Օթո (ավտո) ունե՞ս:

-Չէ:

-Բա ինչպե՞ս եկար...

Լռություն:

-Մալյանի աշակե՞րտն ես:

-Հա:

-Էլի որ կանչի` կնկարվե՞ս իր մոտ:

-Հա՜, թռչելո՜վ:

-Ապրե´ս, ազնիվ պատասխան:

Ասաց ու գնաց: Ու մեկ էլ դերասանուհուն մոտեցավ Համազասպյանը. «Վարպետն ասաց վաղն առավոտյան 10.00-ին լինես «Արմենիա» հյուրանոցում, իր հետ հանդիպման»: Սարոյա՞նը, հանդիպո՞ւմ, իր հե՞տ... Մյուս օրն առավոտյան Սոֆիկ Սարգսյանը նետվեց շուկա, վարդեր գնեց ու շտապեց  հյուրանոց. «Ինձ տարան իր համար: Միջանցքից լսում էի նրա գրամեքենայի կտկտոցը: 1935 թվի գրամեքենա էր, ասում էր` միայն երկու անգամ յուղն է փոխել: Իմացա, որ ամեն առավոտ ժամը 6.00-ից արթնանում էր ու գրում: Մտանք իր սենյակ, ասաց. «Օ՜, եկա՞ր»... Անընդհատ շարժման մեջ էր, սենյակի մի ծայրից մյուսն էր գնում, մենք էլ` իր հետևից: Մեկ էլ Համազասպյանն ասաց. «Վարպե´տ, Նուբարը քեզ ծաղիկներ է բերել»: Սարոյանն էլ, թե՝ «Օ՜, ես պիտի իրեն ծաղիկներ նվիրեմ, ոչ թե` ինքը ինձ»: Այդտեղ էր նաև լուսանկարիչ Պողոս Պողոսյանը,  հենց նա էլ անմահացրեց պահը»,-հիշում է դերասանուհին:

Այդ օրը Վարպետին պետք է տանեին Գառնի, Գեղարդ, և նա ցանկություն էր հայտնել, որ դերասանուհին ևս միանա իրենց: Իսկ Սոֆիկ Սարգսյանը Դրամատիկական թատրոնում փորձ ուներ. «Դա լավ պատճառ էր, որ ես պարզապես փախչեի, որովհետև մեկ ամբողջ օր Սարոյանի կողքին... Ես կամ կցնորվեի, կամ չգիտեմ, թե ինձ հետ ինչ կկատարվեր... Ինձ առաջարկեցին զանգել թատրոն, բարեխոսել, որ թողնեն` իրենց հետ գնամ: Հիմարի պես չհամաձայնեցի»,-պատմում է Սոֆիկ Սարգսյանը:

Իր արարքի համար չէր զղջում. արել էր անխուսափելին: Բայց էլի էր ուզում տեսնել Սարոյանին, թեկուզ` կարճ ժամանակով: Հաջորդ օրը դերասանուհին շտապեց Գրողների միություն` Սարոյանի հետ կրկին հանդիպման առիթ փնտրելով. «Գրականագետ Լևոն Մկրտչյանն ինձ տեսավ թե չէ` ասաց. «Ո՞ւր ես, Վարպետը քեզ է փնտրում, ասում է` ո՞ւր կորավ Նուբարը»: Զանգեց Սարոյանին, ասաց, որ իր կողքին եմ: Սարոյանը ցանկություն հայտնեց, որ մյուս օրը զանգեմ իրեն»:

Հաջորդ օրն այն նույն հարևանուհու տնից դերասանուհին զանգահարեց Վարպետին:

-Ընկեր Սարոյան, ես եմ` Նուբարը...

-Հա՜, Նուբա՜րը, Նուբա՜րը...Ինչպե՞ ս ես:

-Դո՞ւք ինչպես եք:

-Կանչել են բանկետ եք ասում, ինչ եք ասում...Չեմ ուզեր գնալ, բայց ինձ սխալ կհասկնան, պիտի գնամ...

-Կցանկանայի ձեզ մեկ անգամ էլ տեսնել...

-Իսկ ես կցանկնայի, որ դու լինեիր իմ տանը...

Լռություն:

-Որտե՞ղ կարող եմ ձեզ տեսնել:

-Կգա՞ս օդակայան:

-Հա, կգամ...

Նոյեմբերի 7-ի առավոտյան Սարոյանի թռիչքն էր դեպի Ֆրեզնո: Դա Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության օրն էր: Երբ Վարպետին ասում էին. «Էս մի անգամը մնա, նայիր շքերթը», պատասխանում էր. «Բոլշևի՞կ եք բոլորդ...»: Առավոտյան 07:00-ին Սարոյանի թռիչքն էր: Սոֆիկ Սարգսյանը կրկին նետվում է շուկա ու այս անգամ երեք նուռ է գնում Վարպետի համար. «Երբ սանդուղքի վրա առաջին ու վերջին անգամ գրկախառնվեցի նրա հետ, ասաց. «Հաջորդ գալուց քեզ կտեսնեմ»»:

Իսկ հաջորդ գալ չէր լինելու: Երեք տարի անց Վարպետը հեռացավ կյանքից: Սոֆիկ Սարգսյանը հիշում է, որ նրան ճանապարհելուց հետո մեքենայի մեջ Հրանտ Մաթևոսյանն ասմունքում էր. «Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի...»:

 

Աննա Բաբաջանյան

 

Բացառիկ լուսանկարները՝ Սոֆիկ Սարգսյանի անձնական արխիվից