Գլեբ Պանֆիլով. «Մարդու համար ամենաարժեքավոր կատեգորիան կարեկցանքն է»

Մոսկվայում, 89 տարեկան հասակում վախճանվել է խորհրդային և ռուսական կինոյի մեծ վարպետ, կինոռեժիսոր, սցենարիստ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Գլեբ Պանֆիլովը: «ArtCollage»-ն իր ընթերցողներին է ներկայացնում  ռեժիսորի վերջին հարցազրույցներից մեկը՝ հատվածաբար, որը հրապարակել է «Նովայա գազետա»-ի սյունակագիր Լարիսա Մալյուկովան՝ 2021 թվականի սեպտեմբերի 10-ին: Հարցազրույց, որում Պանֆիլովը պատմում է մանկության, իր նոր աշխատանքի՝ «Իվան Դենիսովիչ»-ի, Սոլժենիցինի հետ համագործակցության և մեր օրերում ճշմարտության անհրաժեշտության մասին:

 

****

Մոհիկաններից վերջինը: Միշտ հոսանքին հակառակ։ Վարպետ: Եվ խոսքը «Ոսկե ընձառյուծների», «Ոսկե արջերի», «Ոսկե արծիվների», «Արծաթե առյուծների» մասին չէ։ Նրա «Սկիզբը», «Մայրիկ», «Խոսք եմ խնդրում», «Թեմա», «Վասսա» մեր մեջ առաջնահերթ հարցեր են առաջացրել, և դրանցից գլխավորը՝ ինչո՞ւ մենք։

Դրանցում իրականության տառապագին իմաստավորումն է, կյանքի առօրեականությունն ու պոետիկ բերկրանքը, դառնությունն և զարմանալի անչար հեգնանքը, հպումը սրտի գաղտնիքին և անանց արժեքների համակարգը։ Եվ «ոչ ժամանակակից մտքեր» մարդու էության մասին տարբեր, այդ թվում՝ ողբերգական հանգամանքներում։

Դրանցում ժամանակն և գործողության վայրը. XX դար, Ռուսաստան:

«Իվան Դենիսովիչը» գեղարվեստական ​​ռեպորտաժ է առաջին շրջանից, թեև ի սկզբանե հեռուստատեսային կինոկնար էր: Ոչ, սա խորհրդային մարդու գիտակցությունը փոխած դարաշրջանի պատմության էկրանավորումը չէ: «Իվան Դենիսովիչի կյանքի մեկ օր»-ի մասին Ախմատովան գրել է. «Այս պատմությունը պետք է կարդա և անգիր անի  Խորհրդային Միության երկու հարյուր միլիոն քաղաքացիներից յուրաքանչյուրը»:

Պանֆիլովը նկարահանում է իր կինոն՝ մոտիվներով՝ փոխելով ոչ միայն սյուժեի հետագիծը, այլև ինտոնացիան՝ ֆիլմը ստեղծելով ոչ թե գրականության, այլ կինոյի օրենքներով։

Եվ Գուլագում կյանքի մասին այս պատմությունը սկսվում է ... կախարդանքով: Ճիշտ  ինչպես հեքիաթում: Ձնառատ դաշտում թափառականի (Իննա Չուրիկովա) անաղմուկ քայլվածքով: Ռուս մարդն առանց հրաշքի ինչ անի: Առանց հրաշքի սարսափելի է, առանց հրաշքի մահ է՝ սովից, ցրտից, հիվանդությունից, անօրինությունից, հուսահատությունից, անասնացումից... Մի խոսքով, գրեթե ամենը ինչ նկարագրել է Սոլժենիցինը։ Բայց հենց այդ «գրեթե»-ն է ֆիլմի էությունը։

Լարիսա Մալյուկովա -2006 թվականին Դուք արդեն դիմել էիք Սոլժենիցինին՝ և՛ «Առաջին օղակում» սերիալում, և՛ «Պահել հավերժ» ֆիլմում։ Ի՞նչ եք կարծում, Ալեքսանդր Սոլժենիցինը դեռևս ակտուալ է 21-րդ դարում։

Գլեբ Պանֆիլով -Ինձ համար նա կարևոր ու անհրաժեշտ հեղինակ է։ Բայց ես մյուս հեղինակներից առավել Գորկուն եմ սիրում։ Այո, անգամ ոչ Չեխովին, հենց՝ Գորկուն։ Պետք է խոստովանեմ՝ Անտոն Պավլովիչի ամբողջ մեծությամբ հանդերձ, ահա գավառական գյուղացի Գորկուն՝ իր արձակով, իր պոեզիայով... Իսկ ինչ վերաբերում է մեր պատմությունը հասկանալուն, դժվար է գտնել նրա խորաթափանցությանը հավասար մեկին: Դե, դա արդեն յուրաքանչյուրի ընկալման խնդիր է։ Կարծում եմ՝ նա ամենամոտն է մեր իրական կյանքին, թող դա ձեզ չզարմացնի։

-Դուք «... Իվան Դենիսովիչ»-ը կարդացել եք այն ժամանա՞կ՝ 1962-ին:

-Ես կարդացի 1964 թվականին, երբ ընդունվեցի Մոսկվայի բարձրագույն ռեժիսորական կուրսեր։ Բայց ավելի մեծ ցնցում, նույնիսկ ոչ թե ցնցում, այլ արդեն անհագ ցանկություն՝ անդրադառնալ այս թեմային, եկավ ավելի ուշ՝ 1974 թվականին, երբ կարդացի «Առաջին օղակում» վեպը։ Որովհետև այնտեղ դրամատուրգիա, սուր սյուժե կա։ Որպես կինոշնիկ՝ ես մտածում էի. «Այ, եթե նկարահանվեր։ Բայց շուտ չի լինի, մոտ երեք հարյուր տարի անց... Պարզվեց, շատ երկար չէր, երեսուն տարի...

-Դե, երեսուն տարին էլ քիչ չէ։ Եվ հիմա արդեն քառորդ դար է, Դուք այս կամ այն ​​կերպ կապված եք Սոլժենիցինի հետ։

-Այո, սկզբում մեր «Վերա» ընկերությունը ձեռք բերեց վեպի էկրանավորման  իրավունքը, հետո միացավ «Ռոսիա» ալիքը։ Իսկ նկարահանել «Մեկ օր Իվան Դենիսովիչի կյանքում»-ն արդեն հեռուստաալիքն ինքն առաջարկեց՝ գրողի հարյուրամյակի կապակցությամբ, ում նկատմամբ հարգանքը պահպանվել է։ Բայց պատվեր կար, և դա էլ թակարդ էր ինձ համար։

-Ի՞նչ թակարդ:

-Ես կարծես հիշում էի այդ պատմվածքը և համաձայնեցի։ Հետո վերընթերցեցի ու հասկացա, որ անհնար է այն նկարահանել այն ձևով, ինչպես գրված է։ Դա մաքուր գրականություն է։ Պետք է սցենար ստեղծել, որը լուրջ խնդիր է։ Այսինքն՝ պատասխանել հարցերի, որոնց պատասխանները հեղինակը չունի։ Մենք գիտենք, որ Իվան Դենիսովիչը կռվել է։ Ինչպե՞ս է կռվել։ Հայտնի չէ. Ինչպե՞ս է գերվել:  Ինչպե՞ս է փախել: Մենք չգիտենք։ Մի խոսքով,մենք ոչինչ չգիտենք նրա անձնական կյանքի մասին...

-Երբ ես տեսա Ֆիլիպ Յանկովսկու Շուխովին, նա ինձ թվաց Գետմանի Գուլագի կտավներից սերված կերպար, բարձր ականջակալներով գլխարկ, անճարակություն, անհեթեթություն, թուլություն:

-Իմ գլխում մինչև հիմա նրա ինքնանկարն է, որը նկարված է ֆիլմում։ Ե՛վ կերպարը, և՛ ռեաբիլիտացիայի իրական վկայականը՝ սոսնձված են։ Ինձ համար այս տեսարանը սկզբունքային է, և այն կարծես օրգանապես գոյություն ունի սյուժեում: Սա լուսանկար չէ, ճի՛շտ է մեր նկարիչը, երբ Շուխովին ասում է. «Սա ձեր կերպարն է»։ Այնպես որ ամենը կարգավորվեց, երբ Գետմանը բնականորեն մտավ և ընդլայնեց ֆիլմի ծավալը:

-Հիանալի է, որ հիշեցիք նրան: Կարդում էի Գետմանի հուշերը, բայց հիշում էի  Շուխովին. վտանգի նույն մշտական ​​զգացումը՝  շիկացած մինչև վերջին կետը, երբ պետք է զգոն լինել, բայց միևնույն ժամանակ ինչ-որ բանի հույս ունենալ: Այս զգացողությունը կա ֆիլմում։

-Միանգամայն ճիշտ եք: Չէ որ սա հորինված կատեգորիա չէ, այլ Իվան Դենիսովիչի վերադարձի անհրաժեշտության մասին է, քանի որ նա երկու դուստր ունի։ Մեկը բոլորովին երիտասարդ է՝ հղի, սիրահարված ու վստահ, որ անպայման տղա է ունենալու։ Որովհետև նրա չափահաս, հավանաբար ամուսնացած ընտրյալն արդեն երեքն ունի, երկու չափահասներն աշխատում են, իսկ երրորդը հինգերորդ դասարանում է։ Հասկանում եք՝ նրա կարճ նամակում ողբերգություն է, որը կարող է բռնկվել երկու-երեք ամսվա ընթացքում:

Հետևաբար, Իվան Դենիսովիչին անպայման պետք է դուրս գալ՝ փրկելու  ընտանիքը: Այստեղ ես ուռճացնում եմ սյուժեն, բայց ոչ շտապով՝ արդարացիորեն։ Եվ պատմությունը մարդկային ուղերձ է ստանում:

-Եվ միևնույն ժամանակ, Գետմանի այս «նկարային» ճամբարում և Ձեզ մոտ նույնպես կախարդանք կա, լապտերիկներ՝ ուղղակի Սուրբ Ծննդյան նկար՝ անսպասելի Գուլագի պատմության մեջ:

-Դե, այստեղից էլ սկսվում է: Երբ վերևից, երկնքից՝ հեռվից ենք նայում ճամբարին։ Թռչում ենք... «Բայց մենք այնտեղ չենք գնում, մեր երթուղին այլ է».

-Մենք Եվրոպա չենք գնում:

-Այո, այո, մենք Եվրոպա չենք գնում, ոչ Լենինգրադ կամ Հելսինկի։ Եվ այս ինքնաթիռից, ինքնաթիռում այս երաժշտությամբ, հասկանում եք, այն ինչ-որ կերպ մտավ և անհետացավ, և հետո շարունակվեց մեկ այլ պատմություն: Ընդհանուր առմամբ, ես գոհ եմ ձևից։ Սա իմ ստեղծագործությունն է՝ «Մի օր ...»-ի մոտիվներով:

-Ֆիլիպ Յանկովսկին այս դերում, անշուշտ, ձեր դաշնակիցն է, քանի որ դառնում է ոչ միայն գլխավոր հերոս, այլև, ասես, հեղինակի գաղափարների մեկնող։ Դա ավելին է, քան դերասանությունը։

-Որպես արտիստ նա ունի այն հատկանիշները, որոնք ես ուզում էի, որ հերոսը ունենար։ Նա հասկանում էր պահի լրջությունը, չգիտեմ ինչքան խորը, բայց զգացմունքային առումով անում էր ամենը, որ դա տեղի ունենա՝ դիմանում էր սառնամանիքին, ցրտին, աշխատանքային լարվածությանը. Իսկ եղել են ծայրահեղ լարված պահեր։ Մի անգամ նա կորցրեց իրեն, բայց որը ես լիովին հասկանում և ներում եմ։

-Ի դեպ, Գետմանը պատմում էր, որ 70-ականներին խոսել է Զյուգանովի հետ, որը պետք է բացեր իր ցուցահանդեսը, և շատ է խնդրել ասել, որ դա այլևս չի կրկնվի, ինչին Զյուգանովը պատասխանել է. «Ես պարտավոր չեմ դահիճներ փնտրել ու հաշիվներ մաքրել նրանց հետ»։ Գետմանը գրել է, որ հիմնականում նախընտրում են մոռանալ Գուլագի մասին։ Ինչո՞ւ է այս թեման գրեթե արգելված:

-Գիտեք, որքան էլ տարօրինակ է, չգիտես ինչու շատ ընթերցողների վիրավորում է  Գուլագի թեմային անդրադարձը, բայց,նաև իմ ֆիլմերն են շատերին նեղացնում՝ ինձ  ևս դա զգացնել են տալիս։ Այսինքն՝ ես, փառք Աստծո, իմ կյանքում ոչ մի կերպ չեմ տառապել դրանից, բայց գիտակցաբար ցավակցել եմ նրանց, ովքեր տառապել են։ Շատերն ինձ դատապարտում են Սոլժենիցինի ստեղծագործություններին կրկին անդրադառնալու համար։

-Հավանաբար հիշում եք, թե ինչպես էին Սոլժենիցինին մեղադրում զրպարտության համար:

-Այո, բայց, ցավոք սրտի, դա դեռ շարունակվում է, դա ինձ չի զարմացնում։ Ուզում եմ ասել, որ այդպես են մտածում անտարբեր մարդիկ, որոնց պետքը չէ այս ամենը, այդ թվում՝ ուրիշների, իրենց նախնիների տանջանքներն ու տառապանքները: Նրանք կարծում են, որ դա վիրավորական է և ընդհանրապես պետք չէ: Դա կախված է ճշմարտության ներքին պահանջից և կարեկցանքի զգացումից: Կա հրաշալի «կարեկցանք» բառը, երբ մարդն ունի այդ ունակությունը, նրա մեջ շատ բան է բացահայտվում, ստեղծվում է ըմբռնումը, որը շատերին չի տրվում։

-Ուրեմն ինձ մոտ հարց է ծագում՝ ինչո՞ւ է մարդը ընդունակ գայլի վերածվել։ Ծաղրել սոված բանտարկյալներին, կամ այսօր փողոցում մահակներով ծեծել անզեն  մարդկանց:

-Բանն այն է, որ դաժանության առեղծվածն ինձ չի հետաքրքրում։ Եթե ​​նայեք, ապա դրա հետևում կոնկրետ մարդու բնույթն է՝ ով է հայրը, ով է մայրը, այսինքն՝ տոհմը, և պարտադիր չէ, որ դաստիարակությունը լինի, այլ զուտ կենսաբանական է։ Կան դաժան տեսակներ, դե նրանց կարեկցանքը տրված չէ։ Բայց նույնիսկ գայլի մեջ կարող է լինել կարեկցանքի տարր, որը հիշում է մարդու արած բարիքը, և այդ մասին պատմում են գրական հանճարեղ գործերը։ Եվ այնուամենայնիվ մարդը գիտակից արարած է։ Ասում են, որ կիրթ մարդն ավելի հակված է կարեկցանքի, քան վայրի մարդը, թեև պարտադիր չէ. հակառակն էլ է լինում։

-Կա նաև մարդու ինքնախաբեության ունակությունը. ինչպես Սոլժենիցինն է ասել իր Նոբելյան ելույթում. «Ով մի անգամ բռնությունը հռչակել է որպես իր մեթոդ, անխուսափելիորեն պետք է սուտն ընտրի որպես իր սկզբունք»: Իմ կարծիքով, հանճարեղ բանաձև է:

-Դե, հավանաբար, բնորոշ է որոշակի տեսակի մարդկանց: Ճշգրիտ է նկատված, բայց ոչ պարտադիր, իհարկե՝ ոչ։ Այնուամենայնիվ, չեմ հոգնում կրկնել, որ կարեկցանքը մարդու համար ամենաարժեքավոր կատեգորիան է:

-Դա հուսադրում է:

-Այո, այո, ես հենց այդպես եմ մտածում մարդկային տեսակի մասին: Երիտասարդ  տարիներից իմ մեջ այդ համոզմունքն է ձևավորվել. Ես փոքրիկ տղա էի և լավ եմ հիշում այն ​​օրը, երբ պատերազմը սկսվեց և ինչպես այն շարունակվեց։ Դպրոց  գնացի 1942 թվականին՝ Սվերդլովսկում։ Եվ ես մանրամասն հիշում եմ իմ բակը. մենք մեծ բակ ունեինք՝ մեծ տներ քաղաքի կենտրոնում, իսկ կողքին փայտե տների թաղամասեր էին, և իմ մանկությունը, երիտասարդության երջանիկ տարիները, և ուրեմն ես պաշտում եմ իմ ժամանակը։ Ընկերներ, կրթություն… Մի խոսքով, ես լիովին սովետական ​​մարդ եմ։ Ճիշտ է, սովորելուն ես ազատ էի վերաբերվում, երբեմն վատ վարքի համար ինձ դուրս էին հանում դասերից, և ես գնում էի կինոթատրոն։

-Իսկ Ի՞նչ էիք դիտում:

-Առաջին հերթին վավերագրական սյուժեներ…

-Ռազմական հավաքածուներ...

-Իհարկե, դրանից սկսվեց. Ես նրանց պաշտում էի, քանի որ դա ժամանակագրություն էր, իսկական մարդիկ, մեր պաշտպանները։ Հետո ֆիլմերն էին, չգիտեմ թե քանի անգամ եմ նայել «Ուրախ տղաները» և «Ընկերուհիները»՝ Զոյա Ֆյոդորովայի հետ: Մի խոսքով, կինոն էր այն կախարդանքը, որը սնուցում էր  թիկունքի մեր կյանքը։ Ես օպերա էլ էի գնում, բայց հատկապես բալետն էի սիրում, որովհետև այնտեղ մենակատար կար՝ Օլեշկևիչը. շատ նման էր հորս, որը ռազմաճակատում էր։ Ես գնում էի ասես հայրիկիս հետ հանդիպման: Մանկությունն իհարկե, ֆանտաստիկ ուժի աղբյուր է, որը սնուցում է մեր ամբողջ կյանքը:

-Ի դեպ, մանկության մասին։ 1997-ի վերջին որոշվեց Ալեքսանդր Սոլժենիցինի ստեղծագործություններից մի քանիսը մտցնել դպրոցական ուսումնական ծրագիր։ Եվ հիմա կրկին կոչեր են հնչում դրանք հեռացնել ծրագրից...

-Ես դա չգիտեի: Բայց դա ինձ բոլորովին չի զարմացնում։ Հավանաբար, քանի որ նրա ստեղծագործություններին արձագանքը միանշանակ չէ, ուստի որոշել են մի փոքր զսպել։

-Աստիճանաբար և՛ Գուլագը «կվերացվի», և՛ ստալինյան բռնաճնշումների զոհերը. Ինչո՞ւ սևացնել պատմությունը։

-Դա մասամբ ինֆանտիլիզմ է։ Չէ որ իմ մանկության տարիներին մենք լսել էինք, որ մարդկանց բանտ են նստեցնում, բայց  ստալինյան տեռորի մասին բնավ չգիտեինք։ Մենք անհանգստանում էինք ճակատում ունեցած հաջողություններով, գնում էինք հոսպիտալներ՝ վիրավորներին սիրողական ելույթներ ցուցադրելու, դպրոցականների մանկական համերգներ էինք կազմակերպում։ Իրականում սա էլ կոչվում է հայրենասիրություն։ Մենք չենք օգտագործում այդ անունը, պարզապես անհանգստանում էինք այն ամենի համար, ինչ տեղի է ունենում պատերազմում և թիկունքում, նրանց համար, ովքեր կռվում էին, զոհվում, վիրավորների, հաշմանդամների և սայլակով վերադարձողների համար. կյանքը մեզ սովորեցնում էր անհանգստանալ, ցավ ապրել ուրիշների համար:

-Բայց ինչո՞ւ ենք մենք շրջանաձև շարժվում։ Ես տեսնում եմ, որ գրքի արձագանքը 60-70-ականներին և այսօր կարծես նույնն է, նույն մարդիկ են, նույն չար խոսքերը։

-Չեմ ուզում դատել… Իհարկե, կյանքը ,ճաշակները փոխվում են: Եվ այնուամենայնիվ վերաբերմունքը տեղի ունեցողին, արվեստի գործերին՝ հին թե նոր գրականությանը կախված է նրանից, թե ինչպես է զարգանում մարդը։ Ցանկանո՞ւմ  է զարգանալ։ Երբեմն ապշեցուցիչ է, թե որքան բութ և արագ են մարդիկ արձագանքում, չեն կարողանում, նույնիսկ չեն ուզում հասկանալ ամենապարզ երևույթները։ Դա ինձ հուզում է և երբեմն տխրեցնում: Այստեղ շատ բան կախված է յուրաքանչյուր մարդու կարողությունից, նրա ցանկությունից՝ հասկանալու, թե ինչ է կատարվում շուրջը։

 

Թարգմանությունը՝ Սեդա Հոգոցյանի