Ղուկաս Չուբարյան՝ մարմնավորելով հայ ժողովրդի ուժը

Հունիսի 16-ին ազգային մոնումենտալ քանդակագործության մեծ Վարպետը կդառնար 100 տարեկան: Ղուկաս Չուբարյանի ստեղծագործության բացառիկ նմուշները մի ամբողջ դարաշրջան են ձևավորել հայ մշակույթի պատմության մեջ, և հոբելյանական տարին ևս մի առիթ է նրան  նորովի գնահատելու համար:

Երևանի օպերայի և բալետի թատրոնի շենքի առջև տեղադրված Ալեքսանդր Սպենդիարյանի արձանը երկու հայ երևելի քանդակագործների՝ Արա Սարգսյանի և Ղուկաս Չուբարյանի համագործակցության արդյունքն է, ինչն ինքնին հազվագյուտ երևույթ է հայ կերպարվեստում։ Սակայն միայն այդ հանգամանքով չի առանձնանում այս մոնումենտալ աշխատանքը․ տեղադրված լինելով 1957-ին, այն իր խորությամբ, ներդաշնակ կառուցվածքով ու համաչափությամբ, կարծում եմ, կլասիցիզմի գեղարվեստական ոճի եզակի արտահայտություններից է մեզանում։ Եթե Հովհաննես Թումանյանի՝ ձախ կողմում գտնվող արձանը Արա Սարգսյանը քանդակել է որպես լոռեցի հայ մարդ՝ նրան համապատասխան պարզ, ռեալիստական ոճով, ապա Սպենդիարյանը կերտված է արդեն որպես եվրոպական դասական արվեստի ներկայացուցիչ՝ էպիկական շնչով ու ոգեղենությամբ, իբրև մի անտիկ մտածող, մինչև իսկ՝ երկնաբնակ, աստվածեղեն արարիչ։ «Քանդակագործների մտահղացումն է հաղորդել կոմպոզիտորի ոչ միայն արտաքին պորտրետային նմանությունը, այլև ոգեշնչումով, ստեղծագործական խոյանքով ու ավյունով համակված նրա ներքին վիճակը», -արձանի մակետի մասին 1955 թվականին գրում էր Նյու-Յորքի «Լրաբեր» թերթը։

Հանրության կողմից ընդունված և կանոնականացված մեկ այլ աշխատանք է Չուբարյանի «Մեսրոպ Մաշտոց և Կորյուն» 5-6-մետրանոց զուգարձանը, որն առանձնահատուկ մթնոլորտ և միջավայր է ստեղծում Մատենադարանի շենքի առջև։ Ի սկզբանե, այն ուրիշ՝ ժամանակի համար չափազանց խիզախ պլաստիկ լուծումներ է ունեցել, ինչն այն ժամանակ չի ընդունվել (չարագործները նույնիսկ կոտրել են Մաշտոցի արձանի անավարտ գլուխը), սակայն հետագա սերունդների ներկայացուցիչներս դա արդեն որպես լեգենդ ենք ընկալում. Մաշտոցը շատ-շատերիս համար այլևս այսպիսին է՝ ամբողջ էությամբ ազգային, դարերի խորքից եկող, «այր մի» անմեկնելի և խորախորհուրդ, որ հիրավի հոգևոր հայրն է հազարամյա մի ժողովրդի։ Նա աջ ձեռքը պարզել է դեպի Հայոց այբուբենը, իսկ ձախ ձեռքը մեկնել դեպի սրով ու վահանով պաշտպանված արծիվը: Ուշագրավ է, որ Մաշտոցն իր արծվային դիմագծերով Չուբարյանին է նմանվում․ սա դեռևս անտիկ հույն քանդակագործ Ֆիդիասի ժամանակներից եկող հնարք է. հեղինակային յուրատեսակ «ստորագրություն», որը  Վարպետն իր բազմաթիվ աշակերտներին էլ է փոխանցել։ Իսկ Մատենադարանի հրապարակում՝ գլխավոր մուտքի աջ կողմում կանգնեցված Մխիթար Գոշի արձանի համար (բազալտ, 1967) քանդակագործը որպես հիմք է ընդունել իր իրավաբան հոր դիմագծերը։

Մեծ բարեբախտություն է, որ Հայաստանի տարբեր քաղաքների հանրային վայրերում կարելի է տեսնել Չուբարյանի հեղինակած վեհաշունչ արձանները՝ բոլորը շեշտված ազգային դիմագծերով, կերտված մոնումենտալ ոգով ու կատարելության հասնող ներդաշնակությամբ։ Բացի վերը նշածները՝ դա Հովհաննես Թումանյանի կիսանդրին է նրա երևանյան թանգարանի առջև ու ֆիգուրատիվ հուշարձանը Դսեղ գյուղում, երիտասարդ Չարենցի կիսանդրին նրա անունը կրող դպրոցի առջև, Հովսեփ Օրբելու դիմաքանդակը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում, Հովհաննես Հովհաննիսյանի բազալտե հուշարձանը Վաղարշապատում, Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին նվիրված հուշարձանը Լոռու մարզի Վահագնի գյուղում։ Ի տարբերություն իր շատ ժամանակակիցների՝ Չուբարյանը հազվադեպ է տուրք տվել խորհրդային գաղափարախոսությանը․ չնչին բացառություններից մեկը  թերևս նրա մոնումենտալ գործերից Վլադիմիր Լենինի արձանն էր Սիսիանում (1984)։

Ուղիղ հարյուր տարի առաջ այս օրն է աշխարհ եկել Ղուկաս Չուբարյանը։ Նրա հայրը՝ Նոր Նախիջևանին հարակից հայաբնակ Ղրիմ գյուղում ծնված Գրիգոր Չուբարյանն  անվանի իրավաբան էր, ԵՊՀ հիմնադիր-դասախոս, որը ղեկավարել է Խորհրդային Հայաստանի առաջին սահմանադրության մշակման գործը։ Նա համեստագույն մարդ էր, որին Ավետիք Իսահակյանը Դերվիշ էր անվանում։ Հովհաննես Ղանալանյանի գնահատմամբ՝ հայր Չուբարյանը ««մի կում ջրով, մի նշխարով» բավարարվող մարդ էր: Ապրում էր հարազատների հետ մի հարկի տակ, Նալբանդյան փողոցի վրա գտնվող №7 տանը: Դատապաշտպան էր լինում ոչ միշտ, այն էլ հաճախ անվարձ, ինչպես ասում են, հոգու համար: Զարենցի դատավարության ժամանակ հանդես էր եկել որպես պաշտպան»: 1937-ին շատ մտավորականների պես աքսորվել է, իսկ տուն վերադառնալով՝ իր ընտանիքից որևէ մեկին արգելել է իրավաբան դառնալ՝ ասելով, թե այն երկրում, որտեղ մարդու իրավունքները չեն հարգվում, իրավաբանն անելիք չունի:

Նրա որդին՝ Ղուկասն ընտրեց արվեստի ճանապարհը․ մանկուց էր երազում քանդակագործ դառնալ։ Նախ սովորեց կերպարվեստի ուսումնարանում, որտեղ նրա ուսուցիչն էր Լևոն Տոնականյանը, ապա հաճախեց Երևանի պիոներների պալատի քանդակագործական խմբակի պարապմունքներին, որում դասավանդում էին Այծեմնիկ Ուրարտուն ու Սամվել Մանասյանը։ 16 տարեկանում պատանի Ղուկասին ճանաչում բերեց «Սասունցի Դավիթը՝ աշխարհակալների դեմ» քանդակը, որն արժանացավ արվեստի քննադատների բարձր գնահատանքին։ Երկամյա ուսումը Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական բաժնում նրա մեջ առանձնահատուկ սեր արթնացրեց դեպի մոնումենտալիզմը, և Չուբարյանը դարձավ Երևանի նորաստեղծ գեղարվեստական ինստիտուտի քանդակագործական բաժնի առաջին ուսանողներից մեկը (Արա Սարգսյանի արվեստանոց)։ Նրա «Անընկճելին» դիպլոմային աշխատանքը (1950), որ մարմնավորում էր թշնամու առջև կապված ձեռքերով կանգնած աղջնակի, տեղ գտավ պետական պատկերասրահի մշտական ցուցադրությունում։ Իսկ մինչև այդ՝ 1946-ին, «Ուսանող Դանիելյանի դիմաքանդակը» գործը նա ներկայացրել էր Պրահայի երիտասարդության համաշխարհային փառատոնին։

Չուբարյանի նախընտրած ժանրը դիմաքանդակն է։ Տարբեր նյութերից է պատրաստված «Տարիներ և մարդիկ» քանդակաշարքը, մասնավորապես ԽՍՀՄ մի շարք քաղաքներում ցուցադրված «Զոդող բանվորը» («Ասպետը») քանդակը, «Պղնձագործի դիմաքանդակը» և նկարչուհի Պարոնյանի դիմաքանդակը, ինչպես նաև ռոմանտիկական ոճով արված «Պոետը» (Խ․ Աբովյան, 1948) և «Անահիտ» (1952) դիմաքանդակները։ Չուբարյանի ստեղծագործության առանցքում բոլոր ժամանակների մարդն է՝ իր ազգային բնավորությամբ և էությամբ, անկոտրում հավատքով, կամային հատկանիշներով։ Նրան բնորոշ էր իր առջև դրված ստեղծագործական խնդիրների ընդհանրացումը, ընդլայնումը։ Նրա՝ Երևանի նկարչի տան նախասրահը զարդարող «Մհերի ելքը Ագռավաքարից» մեծաքանդակ ստեղծագործության մասին արվեստաբան Ռ․ Հովհաննիսյանը գրում էր․ «Չուբարյանն այս ստեղծագործության մեջ գնացել է հերոսի կերպարային գծերը շեշտելու, սրելու ճանապարհով և յուրովի, ինքնատիպ սյուժետային իրավիճակում է ներկայացրել Մհերին։ Մհերը իր հուժկու մարմնով, իր ահռելի ուժի գերագույն լարումով ճեղքել և դուրս է գալիս Ագռավաքարից՝ իր հետևից ձգելով հավատարիմ Քուռկիկ-Ջալալուն։ Քանդակագործը Մհերի մեջ մարմնավորել է հայ ժողովրդի ուժը»։

Չուբարյանի ուշագրավ գործերից է Հայաստանի ազգային պատկերասրահում պահվող 72 սմ բարձրությամբ «Մովսես Խորենացի» բրոնզե արձանը։ Սլացիկ գծերը, դեմքի խրոխտ, ոգեշնչված արտահայտությունը գործը խորապես արժանահավատ են դարձնում։ Նրա նշանակալի ֆիգուրատիվ գործերից է նաև 1987-ին ստեղծված «Լույս իջնի վրադ» բրոնզե քանդակը՝ նվիրված պատերազմում զոհվածների մայրերին, որը պահվում է Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում և լայն ճանաչում ունի (ի թիվս այլոց՝ ժամանակին դրա լուսանկարն իր բլոգում տեղադրել է ռուս ճանաչված դերասան Ստաս Սադալսկին)։

Չուբարյանի լավագույն հաստոցային և մոնումենտալ-դեկորատիվ աշխատանքներից են մարդու և բնության միասնությունն արտահայտող «Արևը, օդը ու ջուրը» դեկորատիվ կոմպոզիցիան, «Կոմիտաս» քանդակը։ Նա ստեղծել է նաև բարձրաքանդակներ և դեկորատիվ քանդակներ՝ Հայաստանի Կառավարական 2-րդ տան և Հայաստանի արհեստակցական միությունների շենքի դեկորատիվ քանդակները, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի շենքի ճակատի թատերական դիմակները․․․ Դեռևս 1960-ականներին նա զբաղվում էր ապագա Կասկադի քանդակագործական համալիրի նախագծումներով և էսքիզներով՝ ձգտելով այն ձևավորել հայկական առասպելաբանության մոտիվներով։ 1990-ականներին իրականացրել է Հանրապետության հրապարակի համար նախատեսված քանդակային հորինվածքի և Հայաստանում քրիստոնեության մուտքը խորհրդանշող նախաքանդակի նախագծման աշխատանքները:

1957-ին Երևանում կանգնեցված Չարենցի հուշարձանը Չուբարյանի մոնումենտալ առաջին ստեղծագործություններից էր․ մեծ բանաստեղծը բազմիցս հյուրընկալվել էր քանդակագործի հայրական տանը և նրա կերպարը, անհանգիստ, կրքոտ բնավորությունը չափազանց վառ էին տպավորվել փոքրիկ Ղուկասի հիշողություններում։

1967 թվականին Չուբարյանը ստեղծում է Սարյանի դիմաքանդակը՝ որսալով պահը, երբ գույների ծերունազարդ կախարդը ոգևորությամբ խոսում էր արվեստի մասին։ Նույն թվականին այդ գործն արժանացավ ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի արծաթե մեդալին։ 2005-ին դիմաքանդակը տեղադրվեց Հայաստանի ազգային պատկերասրահի ներքին բակում։

49 տարեկանում Չուբարյանն արժանանում է Հայաստանի ժողովրդական նկարչի կոչման, իսկ 16 տարի անց ընտրվում ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ։ 1950-1955 թվականներին նա դասավանդել է Երևանի գեղարվեստի ուսումնարանում, ապա՝ Հայկական պետական մանկավարժական ինստիտուտում (1978-ից՝ պրոֆեսոր), 1996 թվականից մինչև մահը եղել Երևանի գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի պրոռեկտորը:

Մշտապես հենվելով դասական արվեստի սկզբունքների վրա՝ Չուբարյանը ջանացել է չկրկնել իր մեծ նախորդներին, հանդես գալ սեփական մոտեցումներով, լինել ժամանակակից՝ միաժամանակ հավատարիմ մնալով արվեստի ազգային որակներին և ինքնատիպությանը։ «Մոնումենտալ արվեստը առավել պարզություն է սիրում։ Բայց ահավոր դժվար է նման պարզության հասնելը», -ասել է Չուբարյանը, միաժամանակ փաստելով․ «արվեստում առանց «գժության» չի լինի»։ Նա վստահ էր, որ խճողված, ասելիքից և խորությունից զուրկ գործերի ստեղծման սկզբնապատճառն ազգային հողից կտրվելն է, սեփականը կամա թե ակամա մոռանալը կամ լավ չիմանալը, մինչդեռ «մեր արվեստի հիմնական գույնը» ստեղծել են «ավանդույթները նորին օրգանապես շաղկապող, արդիականորեն ազգային և ազգայինի մեջ ինտերնացիոնալ» նկարիչները։

Չուբարյանն իրեն երջանիկ էր համարում, քանի որ նվիրվել էր երկու նախասիրած մասնագիտություններին՝ քանդակագործությանը և մանկավարժությանը։ Նա արվեստագետների գերդաստանի ավագ ներկայացուցիչն էր․ նրա դուստրը՝ Անուշը, նկարիչ է, որդին՝ ֆիզիկոս էր, սակայն վերջինիս որդին՝ Գևորգը ևս գեղանկարիչ է։

Արվեստագետը կյանքից հեռացավ 2009 թվականի մարտի 23-ին։ Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության «Վեստի» ծրագրի հրապարակած մահախոսականում նա արժևորվում էր որպես «քանդակագործության ազգային դպրոցի հիմնադիր», որի մոնումենտալ աշխատանքներից շատերը «դարձել են Հայաստանի մայրաքաղաքի յուրօրինակ այցեքարտերը»։ 2022-ին Հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի արվեստանոցներից մեկը կոչվեց Չուբարյանի անվամբ։ 

Դատելով ճանաչողների հուշերից՝ Չուբարը (այսպես էին նրան անվանում մտերիմները)  իսկական երևանցի էր՝ աշխատասեր, զուսպ ու արժանապատիվ մարդ, հայ մեծանուն բազմաթիվ քանդակագործների ուսուցիչն ու ընկերը, որի ահռելի ազդեցությունը հայ նորագույն քանդակագործության վրա դեռ նոր պիտի արժևորվի։

 

Աշոտ Գրիգորյան

Պատկերներ․

1․ Լուսանկարը՝ Վ․ Տարասևիչի

2․ Ալեքսանդր Սպենդիարյանի դիմաքանդակը (1971 թ.) Երևանում` նրա անվան երաժշտական դպրոցի առջև

3․ «Լույս իջնի վրադ» (բրոնզ, 1987 թ.)

 

... ...