Գեորգի Գարանյան․ անմնացորդ նվիրում սիրած երաժշտությանը

Գեորգի Գարանյանը հագեցած ստեղծագործական կյանք ապրեց, հասցրեց ավելին, քան, թվում է, մեկ մարդը կարող էր անել։ Նվագում էր հիմնականում ջազ, բայց միաժամանակ հանդես էր գալիս երկրի լավագույն ակադեմիական երաժիշտների հետ, գործիքավորման դասագրքի հեղինակ էր ու դրան զուգահեռ՝ ջազի ժողովրդականացմանը նվիրված հաղորդումների վարող ու «Բարի գիշեր, երեխաներ» հաղորդաշարի հյուրը։ Կարելի է ասել, որ ջազ նվագելով՝ նա փոփ-աստղի ժողովրդականություն էր վայելում։ Կարիերայի ընթացքում Գարանյանն անդրադարձել է մեյնսթրիմին, ջազ ռոքին, սիմֆոջազին, սվինգին, բիբոփին, բլյուզին, դասական, էստրադային, մանկական ու կրկեսային երաժշտությանը և այլն։ Սահմաններ չի ճանաչել Գարանյանի ծավալած գործիքավորողի, կատարողական, կոմպոզիտորական, խմբավարական գործունեությունը։ Ըստ Discogs պորտալի՝ 1959 թ․ սկսյալ Գարանյանի մասնակցությամբ թողարկվել է շուրջ 2800 անուն մեծ և փոքր ձայնապնակ․ սա ահռելի թիվ է, որը խիստ սակավաթիվ խորհրդային երաժիշտներ են գերազանցել, ջազ երաժիշտներից՝ ոչ ոք։

Եթե լճացման ժամանակաշրջանի համերգային էստրադան համարվում էր գորշ և անհետաքրքիր, նույն տարիներին ձայնապնակներից ու կինոյում հնչող երաժշտությունն առանձնանում էր իր որակով ու ժողովրդականությամբ․ դրանում իր նշանակալի ներդրումն ուներ Գարանյանը։

Նա երկրի այն ամենահայտնի ջազ երաժիշտներից էր, որոնք անցնելով արգելքների միջով՝ հասան համընդհանուր ճանաչման ու ձևավորեցին խորհրդային ջազի դպրոցը։ Թե՛ որպես երաժիշտ, թե՛ որպես դիրիժոր, գործիքավորող և կոմպոզիտոր՝ նա եղել է լավագույններից մեկը: Գարանյանը ԽՍՀՄ առաջին ջազ երաժիշտներից էր, որը գրավեց արևմտյան քննադատների ուշադրությունը: Նա բազմաթիվ միջազգային ջազ փառատոների դափնեկիր էր՝ Պրահայի, Բոմբեյի, Հավանայի, Վարշավայի և այլն, շրջագայել է Գերմանիայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Ավստրալիայում, Շվեդիայում, Ֆրանսիայում և մի շարք այլ երկրներում։ Հեղինակել է գործիքավորման դասագրքեր, որոնցով երաժիշտների սերունդներ են կրթվել։

Գեորգի Գարանյանը ծնվել է 1934 թվականի օգոստոսի 15-ին՝ Մոսկվայում՝ ինժեներ Արամ Գարանյանի և ուսուցչուհի Վերա Կորչինայի ընտանիքում։ Անվանակոչվել է պապի՝ ուռհայեցի Գևորգի պատվին։ Իր հարցազրույցներում հաճախ է անդրադարձել նախնիների պատմությանը․ «Հայրս ծնվել է Թուրքիայում։ 1915 թվականին՝ լինելով տասնհինգ տարեկան տղա, նա ականատես է եղել առաջին ցեղասպանությանը, երբ կոտորվեց 1.5 միլիոն հայ: Նա կորցրեց ծնողներին, բայց ինքը և իր քույր-եղբայրները կարողացան փախչել: 1919 թվականին նա հայտնվեց Մոսկվայում: Բնականաբար, փաստաթղթեր չուներ: Նա միայն ասել էր, որ իր ազգանունը Կարայան է: Հայերենում Գարանյանը և Կարայանը նույն բանն են. ռուսերենում այն ​​թարգմանվում է որպես Չեռնով»։ Գարանյանի բառերով, երբ ժամանակը եկավ իրեն հայերեն սովորեցնելու, հայրը ռազմաճակատում էր, ուստի նա մնաց սոսկ տարրական գիտելիքներով։ Պատերազմի ժամանակ էլ սկսել է հետաքրքրվել ջազով։ Հոր խորհրդով ստացել է ինժեների որակավորում՝ ավարտելով Մոսկվայի հաստոցագործիքային ինստիտուտը։ Միաժամանակ՝ նախ ուսանողական նվագախմբում դաշնամուր է նվագել, հետո ինքնուրույն ծանոթացել է սաքսոֆոնին ու միանգամից սիրելով այն, մեկ շաբաթից սկսել է ելույթ ունենալ պարերի ժամանակ։ Այնուհետև զբաղվել է միայն սիրելի գործով։ Ջազմեն Ալեքսեյ Կոզլովի բառերով՝ «չնայած հեռանկարների լիակատար բացակայությանը՝ նա իր առջև նպատակ դրեց դառնալ պրոֆեսիոնալ ջազ երաժիշտ։ Սաքսոֆոն նվագել չէին սովորեցնում, ջազը համարվում էր թշնամու գաղափարական զենք։ Բայց նա գործի անցավ և տիրապետեց սաքսոֆոնին այնպես, ինչպես ոչ ոք Մոսկվայում»։ Գարանյանը նվագում էր երկրի առաջատար էստրադային և ջազային նվագախմբերում՝ Յուրի Սաուլսկու, Օլեգ Լունդստրեմի, Վադիմ Լյուդվիկովսկու։ Բարձրագույն երաժշտական կրթություն այդպես չստացավ, իր կոնսերվատորիան համարում էր Օլեգ Լունդստրեմի հետ աշխատանքը։

Հենց սկզբից Գարանյանը չափազանց աշխատունակ էր ու բազմապրոֆիլ․ նա ելույթ էր ունենում նվագախմբային տարբեր կազմերում՝ չսահմանափակվելով միայն դասական ջազով։ Նաև փոքր ջազային կազմերում էր նվագում, հատկապես նշանակալի հաջողությունների հասավ Գարանյանի և կիթառահար Գրոմինի քառյակը (ալտ սաքսոֆոն, կիթառ, կոնտրաբաս, հարվածայիններ), որի առաջին բեմելը տեղի ունեցավ Տալլինի ջազ փառատոնում։

1965 թ․ Գարանյանն իր կոմբոյի հետ մասնակցեց Պրահայում կայացած Երկրորդ ջազային միջազգային փառատոնին․ Գարանյանի հեղինակած «Հայկական ռիթմ» կոմպոզիցիան լավ ընդունելություն գտավ ու դրանով բացվեց փառատոնը ներկայացնող ձայնասկավառակը։ Գարանյանի կատարումն ունկնդրած հայտնի ամերիկյան քննադատ Ջոն Հենրի Հեմոնդը նրան անվանեց «ֆենոմենալ իմպրովիզատոր», իսկ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի շնորհիվ Գարանյանի ձայնագրությունները հնչեցին խորհրդային երաժշտասերների բնակարաններում․ որպես հետևանք՝ ինը տարով արգելվեց նրա ելքը երկրից։

Նույն թվականի Մոսկվայի ջազ փառատոնի մասնակիցների մասին հոդվածում «Նյու Յորք Թայմսի» թղթակիցը գրում էր․ «Մեկ այլ մրցանակակիր խումբ՝ Գեորգի Գարանյանի սեքստետը, ներառում է երեք պրոֆեսիոնալ ջազմենների, որոնք խորհրդային ամենահայտնի պարային խմբերից մեկի՝ Օլեգ Լունդստրեմի էստրադային նվագախմբի անդամներ են: Գործիքային երաժիշտները, ինչպիսիք են պարոն Գարանյանը՝ ալտ սաքսոֆոն, Ալեքսեյ Զուբովը՝ տենոր սաքսոֆոն, և Կոնստանտին Բախոլդինը՝ տրոմբոն, նվագում են պաշտոնական նվագախմբերի հետ՝ ապրուստ վաստակելու համար, բայց նաև առիթներ են փնտրում՝ նվագելու իմպրովիզացիոն ժամանակակից ջազ, ինչը բացառվում է մեծ նվագախմբերում» (1965 թ․ հունիսի 15)։

Դիրիժորական կուրսերը էքստեռնով ավարտելուց հետո Գարանյանը 1972-1979 թթ. ԽՍՀՄ կինեմատոգրաֆիայի պետական սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորն էր: Նա եղել է 200-ից ավելի ֆիլմերի, հարյուրավոր ձայնագրությունների և ծրագրերի դիրիժորը։ «Ես աշխարհում միակ դիրիժորն էի առանց կրթության,- նկատել է Գարանյանը։- Հետագայում ես ղեկավարում էի պրակտիկորեն ամեն տեսակի երաժշտություն»։

Միաժամանակ նա 1973-ին հիմնադրեց (Վ․ Չիժիկի հետ) և ղեկավարեց համամիութենական «Մելոդիա»  ձայնագրման ստուդիայի համանուն նվագախումբը։ Աստղային գործիքային կազմը համանման էր ամերիկյան «Blood, Sweat & Tears» ջազ ռոք խմբի կազմին ու նվագում էր արդիական ոճով։

Վլադիմիր Վիսոցկու ու նրա կնոջ՝ Մարինա Վլադիի կատարմամբ 24 երգերի ձայնագրությունը 1974թ․ ապրիլ և հունիս ամիսներին «Մելոդիա» նվագախմբի ու Գարանյանի աստեղային ժամն էր։ Թերևս նվագախմբի ոչ մի գործիքավորում ու ձայնագրություն այդքան չի տիրաժավորվել, որքան սա՝ Վիսոցկու լավագույն երգերից մի քանիսի՝ ««Յակ» կործանիչը», «Մոսկվա-Օդեսա», «Քմահաճ ձիեր», «Զրո յոթ», «Դեռ երեկո չէ» և այլն, ամենահայտնի տարբերակներով։ Տարիներ անց Գարանյանը պատմել է․ «Վոլոդյան հանկարծ ինձ մոտ եկավ և ասաց. «Ժոր, արի սկավառակ ձայնագրենք»։ Մենք հաճախ էինք հանդիպում...»։ Գարանյանի խոսքերով՝ ձայնագրությունը բավական արագ է կատարվել և «անընդմեջ տոն» է եղել։ Ինքը՝ Վիսոցկին պատմել է. «Ձայնագրությունները Գարանյանի անսամբլի՝ «Մելոդիա» թիմի հետ արել եմ, երբ այն, կարելի է ասել, իր ուժերի ծաղկման գագաթնակետում էր։ Հիմա էլ ընդհանուր առմամբ տղաները լավ են նվագում, բայց այն ժամանակ, կարծում եմ, նրանք պարզապես հրաշալի էին նվագում»։ Գարանյանը պատմել է, որ մահից կարճ ժամանակ առաջ Վիսոցկին մոտեցել է իրեն և ասել, որ ցանկանում է կրկին ձայնագրվել. «Այն, ինչ մենք միասին արել ենք, լավագույն տարբերակն է իմ կենսագրության, իմ երգերի համար»։ 

Գարանյանի ղեկավարած նվագախմբերի հետ հանդես են եկել Լյուդմիլա Գուրչենկոն, Ալլա Պուգաչովան, Լարիսա Դոլինան, Սոֆյա Ռոտարուն, Լև Լեշչենկոն և ուրիշներ։

«Մելոդիա» անսամբլի ուշագրավ աշխատանքներից է «Լաբիրինթոս» ալբոմը (1974թ․), որում առանցքային տեղ է գրավում փողային գործիքների իմպրովիզացիան (ղեկավարելուց բացի՝ Գարանյանը նվագում է ալտ սաքսոֆոն և սինթեզատոր)։ Սա երկրում առաջին ջազ-ռոքային ձայնապնակն էր․ նման ալբոմներով ճանապարհ էր հարթվում ազատ, կաղապարներից զերծ ջազի համար։ Գարանյանը գտնում էր, որ ջազը սկսում է վերածվել էլիտար ու բարդ երաժշտության, մինչդեռ այն պիտի ունկնդրին հաճույք պատճառի ու գրավի․ «Փորձարարությունը միշտ եղել է և կլինի։ Սակայն ջազում և ընդհանրապես երաժշտության մեջ անհնար է ամբողջությամբ տապալել նախահիմքերը, ինչպես դա արվում է մյուս արվեստներում»։ «Ջազն ազատություն է»,- կրկնում էր նա։ Հավատարիմ մնալով իր նշանաբանին՝ Գարանյանը խմբին միայն իր ստեղծագործությունները չէր պարտադրում, մյուս երաժիշտները (Իգոր Կանտյուկով, Բորիս Ֆրումկին, Կոնստանտին Նոսով և այլք) հավասարապես իրենց ներդրումն էին ունենում կատարողական ցանկի ընդլայնման գործում։

Ըստ ամենայնի՝ ժամանակի հիմնական մասը ծախսելով խմբավարական, կազմակերպչական աշխատանքների և գործիքավորման վրա, Գարանյանը համեմատաբար քիչ է հանդես եկել որպես կատարող և կոմպոզիտոր։ Մինչդեռ այդ իմաստով նրա փայլուն տվյալները նկատել են նույնիսկ արևմտյան քննադատները։ Այսպես, նշանավոր պրոդյուսեր և ռադիոհաղորդավար Ուիլիս Քոնովերի հրավերով Գարանյանը մասնակցել է միջազգային ջազ փառատոների։

Գարանյանական կատարումները միշտ աչքի են ընկել բյուրեղյա մաքրությամբ, իմպրովիզացիաների առատությամբ ու վիրտուոզ թեթևությամբ։ Ալֆրեդ Շնիտկեի հրավերով Գարանյանի ղեկավարած «Մելոդիա» անսամբլը մասնակցեց նրա Առաջին սիմֆոնիայի պրեմիերային (Գարանյանը հանդես էր գալիս որպես մենակատար-իմպրովիզատոր)։

Գարանյանն է գրել «Ատամնաբույժն արևելյան» (1981թ․, ռեժ․՝ Է․ Մարտիրոսյան), «Պոկրովյան դարպասներ» (1982թ․, ռեժ․՝ Մ․ Կոզակով) և այլ ֆիլմերի, «Ոսկե տղան», «Դե, սպասիր» (թողարկում 2), «Սուտլիկ որսկանը» մուլտֆիլմերի երաժշտությունը, նրա ղեկավարած նվագախումբն է ձայնագրել «12 աթոռ» (երկու տարբերակները), «Յուրայինների մեջ օտար, օտարների մեջ յուրային», «Բուրատինոյի արկածները», «Ճակատագրի հեգնանք, կամ բաղնիքդ անուշ» ֆիլմերի երաժշտությունը, բացի այդ՝ նրանն են «Ադամանդե ձեռքը» և «Մենք ջազից ենք» ֆիլմերում հնչող անմոռանալի սաքսոֆոնային մենանվագները։ Հենց Գարանյանին ենք պարտական այս և շատ այլ ֆիլմերի ջազային անկրկնելի հնչողության համար։ «Ռոմանս սիրահարների մասին» ֆիլմում առաջին անգամ իր երևելի ձայնային տվյալները ներկայացնելու հնարավորություն ունեցավ Ալեքսանդր Գրադսկին, սակայն ամերիկյան փրոդյուսեր Ի․ Էլափաթի կարծիքով, երաժշտության լավագույն պահերը նրանք են, երբ «Մելոդիա» նվագախումբը մի փոքր հեռանում է իր «հայտնի իմպրովիզացիոն ֆյուժն-ջազից ու նվագակցում է հայ կոմպոզիտոր Գեորգի Գարանյանին երկու փսիխոդելիկ ֆանքային ջեմերում»։

««Մելոդիայի» որոշ ձայնասկավառակներ թողարկվում են գործիքային երաժշտության համար աննախադեպ կես միլիոն և մեկ միլիոն տպաքանակներով, ու, այնուամենայնիվ, դրանք դժվար է ձեռք բերել խանութներում», - գրում էր «Սովետսկայա էստրադա ի ցիրկ» ամսագիրը (№9, 1980թ․): Նվագախմբի ձայնապնակները հայտնի էին նաև ԽՍՀՄ սահմաններից դուրս․ 1980թ․ նրանց հրավիրեցին մասնակցելու հնդկական «Ջազ Յատրա-30» փառատոնին, որի արդյունքում թողարկվեց «Համերգ Բոմբեյում» կենդանի կատարմամբ ալբոմը։

«Արտասահմանյան Ժողովրդական խճանկար» (1982թ․) ալբոմում Գարանյանը ոչ միայն խմբավարն էր, այլև «Թռչում ենք հիմա» կոմպոզիցիայի մշակողը։ Մշակումներ էին կատարել նաև «Մելոդիայի» մյուս երաժիշտները։ Նվագախմբի շնորհիվ ԽՍՀՄ-ում հնչեցին ոչ միայն արևմտյան ջազի, այլև ռոքի («Creedence Clearwater Revival») և ռիթմ ընդ բլյուզի ստեղծագործությունները։

Գարանյան-կոմպոզիտորին ակնառու հաջողություն են բերել «Ուրվականներ», «Կարմրահեր ծաղրածուն» երգերը, «Փառատոնային բլյուզ», «Լենքորան», «Ջրապտույտ», «Թռչնակները պատուհանին», «Վերջերգ», «Լուսնի լույսը» գործիքային և այլ ստեղծագործություններ։ Իսկ գործիքային «Բալլադը» (1967-1968թթ․), որում արտահայտված է տրամադրությունների լայն դիապազոն՝ մելանխոլիկից մինչև հաղթական, հետագայում վերածվեց ջազային ստանդարտի։

Կնոջ՝ Նելլիի բառերով՝ տանը մեկի փոխարեն Արարատի երկու նկար է ունեցել։ «Հպարտ եմ, որ իմ պատմական հայրենիքը Հայաստանն է, և ինձ հայ եմ զգում։ Ես միշտ հետևում եմ այնտեղ կատարվողին, մտահոգվում»,- ասել է Գարանյանը։ Ու որտեղ էլ հանդես է եկել, շրջապատված է եղել և հայ երաժիշտներով (գործիքավորող Դմիտրի Ատովմյան, շեփորահար Սարգիս Փափազյան, սաքսոֆոնահար Հովակիմ Սուլթանյան և ուրիշներ)։ Նրա ղեկավարած նվագախմբերի հետ ձայնագրվել են Բելլա Դարբինյանը, Արտաշես Ավետյանը, Ռաիսա Մկրտչյանը, Լիսիցիան քույրերը, Ռոքսանա Բաբայանը, Արա Բաբաջանյանը, Իրինա Օտիևան, նրա հետ համագործակցել են Առնո Բաբաջանյանը և Ալեքսեյ Հեքիմյանը, Բուլատ Օկուջավան և Միքայել Թարիվերդիևը, Դավիթ Թուխմանովը և Վյաչեսլավ Դոբրինինը, նա ղեկավարել է հայկական նվագախմբեր։ Նրա ղեկավարությամբ ձայնագրված Ա․ Բաբաջանյանի «Մեծ քաղաքների փողոցները» և «Վերադարձրու ինձ երաժշտությունը» երգերը մեծ ճանաչում են ստացել։ 1980թ․ կայացած հարցազրույցի ժամանակ Գարանյանն ասել է․ «Ես միշտ անձնական լավ փոխհարաբերություններ եմ ունեցել հայ կոմպոզիտորներ և նվագախմբերի ղեկավարներ Ռ․ Ամիրխանյանի, Ս. Շաքարյանի, Յու․ Հարությունյանի, Մ․ Վարդազարյանի և ուրիշների հետ։ Այս տարի Դիլիջանում կայացած երիտասարդ կոմպոզիտորների սեմինարում ինձ վրա առանձնապես մեծ տպավորություն գործեցին Ռ. Ամիրխանյանի երգերը։ Նա ինքնատիպ կոմպոզիտոր է» («Ավանգարդ» թերթ, 1980թ․ նոյեմբերի 19)։

Հաճախ հիշեցնում էր, որ ինքն ապաքաղաքական մարդ է, նույնիսկ կոմկուսի անդամ չի եղել․ «Իմ գոյատևման սկզբունքը հետևյալն էր. համաձայնվել ամեն ինչի հետ, ասել «այո» և ոչ մի բան չանել։ Այդպես ինձ սովորեցրեց հայրս, որ 1930-ականներին չբանտարկված փոքրաթիվ թուրքահայերից մեկն էր»։ Գարանյանի հանրային իմիջի անբաժան մասն էր վարակիչ հումորը։ Ընկերների համար լավ հայկական դոլմա էր պատրաստում, իսկ սաքսոֆոնահար Ալեքսանդր Զաքարյանը պատմել է, որ ինքը և Գարանյանը մի անգամ Հայաստան են մեկնել հատուկ խաշ համտեսելու համար։

Ինքս մեկ անգամ եմ տեսել Գարանյանին՝ բավական ուշագրավ հանգամանքներում։ 1998թ․ հոկտեմբերի 23-ն էր՝ Երևանի միջազգային ջազ փառատոնի երրորդ օրը։ Օպերայի և բալետի ազգային թատրոնի բեմից առաջինը ելույթ էր ունենում Արտաշես Քարթալյանի քառյակը, երկրորդը՝ Սերգեյ Մանուկյանը։ Կողքս նստած էր պատկառելի հագուկապով ու նույնքան էլ համակրելի դեմքով, շատ ծանոթ թվացող մի մարդ, որը կատարումների մասին ոգևորությամբ մեկնաբանություններ էր անում իր կողքին նստած Ալեքսանդր Զաքարյանի համար․ երևում էր, որ ջազը նրա տարերքն է, այն լսելիս նա չի կարող անտարբեր մնալ, հիանում ու ոգևորվում է երիտասարդի պես։ Հետո նրանք վեր կացան, ներողություն խնդրեցին ու լքեցին իրենց տեղերը։ Ինչպիսի՜ զարմանք ապրեցի, երբ քիչ անց համերգի վարողը հնչեցրեց Գեորգի Գարանյանի ու Ալեքսանդր Զաքարյանի անունները, ու վերջիններս կվինտետի կազմում բեմ բարձրացան։ Գարանյանը, որ քիչ առաջ կողքիս նստած անձնավորությունն էր, նվագում էր վստահ, ակնառու արտիստիզմով, նրանց կատարումը գերեց հանդիսատեսին, ինչը մանուկյանական փայլուն իմպրովիզներից հետո այնքան էլ հեշտ չէր։

1999թ․ ամերիկյան «Oregon» խմբի համերգային ձայնագրության ժամանակ Գարանյանը ղեկավարեց Մոսկվայի Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախումբը, ինչի համար առաջադրվեց «Գրեմմի» մրցանակի։

Գարանյանն առաջին ջազային երաժիշտն էր, որ 1993թ․ արժանացավ հետխորհրդային Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչման։ Նա «Նիկա» կինոակադեմիայի ակադեմիկոս էր, արժանացավ մի շարք բարձր շքանշանների ու ՌԴ պետական մրցանակի, Մոսկվայի «Փառքի ծառուղում» նրա պատվին անվանական աստղ տեղադրվեց։

Յուրի Նիկուլինի առաջարկով Գարանյանը դարձավ Ցվետնոյ բուլվարի կրկեսի գլխավոր դիրիժորը, իսկ Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում նրան առանձին աբոնեմենտ հատկացվեց։

2004-ին լույս տեսավ չհնացող երգերի գարանյանական գործիքավորումներն ընդգկող խտասալիկը, որը հետագայում վերաթողարկվեց։ 2008թ․՝ «Հայկական ջազ – 70» փառատոնի շրջանակներում նա վերստին ելույթ ունեցավ Երևանում։

Արդեն պատկառելի տարիքում Գարանյանը շարունակում էր ղեկավարել երեք նվագախմբեր՝ Լունդստրեմի նվագախումբը, Կրասնոդարի բիգ-բենդը և վերածնված «Մելոդիան» (Գարանյանի բիգ-բենդը)։ Բացի այդ՝ ««Վիրտուոզները նվագում են ջազ» կամ «Ջազ սմոքինգով»» ծրագրի շրջանակներում Գարանյանը և «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային նվագախումբը կատարում էին Պրոկոֆևի, Մոցարտի, Պոլ Դեզմոնդի և Գերշվինի ստեղծագործությունները՝ Գարանյանի գործիքավորմամբ: Դուետով ու այլ ձևաչափերով նա հանդես էր գալիս դաշնակահար Դենիս Մացուևի հետ։ 2008թ․ Գարանյանը հիմնեց իր անունը կրող ֆոնդը, անցկացնում էր «Ջազ ենք նվագում Գարանյանի հետ» ամենամյա երիտասարդական փառատոնը։

Տարվա ընթացքում նա միջինը շուրջ հարյուր համերգ էր տալիս։ Ու կյանքից էլ հեռացավ 2010 թ․ հունվարի 11-ին՝ Կրասնոդարում, երբ պատրաստվում էր Միշել Լեգրանի հետ համատեղ համերգին։ Սակայն կանգ առավ սիրտը․ բազմավաստակ սաքսոֆոնահարը մահացավ շտապօգնության հիվանդանոցում։

Գարանյանի կյանքը խոսուն վկայությունն է այն բանի, որ սիրելի գործին նվիրված մարդուն ոչ մի խոչընդոտ չի կարող շեղել՝ լինի դա մասնագիտական կրթության պակասը կամ պետական արգելքները․ արդարև, առանց նրա անպատկերացնելի են թե՛ խորհրդային ու հետխորհրդային ջազը, և թե՛ կինոերաժշտությունը։

 

 

Աշոտ Գրիգորյան