Գաստոնը

Ինչպես ծրագրվել էր, նրա քնելուց հետո, նրանք պիտի դեղձ ուտեին, և հիմա նա նստած էր մի մարդու դիմաց, ով միանգամայն անծանոթ մարդ էր, բացառությամբ այն բանի, որ իր հայրն էր։ Նրանք կրկին միասին էին (թեպետ նա չէր կարողանում հիշել, երբ էին իրենք միասին եղել․ դա մի հարյուր տարի առաջ էր, թե՞ երեկ չէ առաջին օրը)։ Այսպես թե այնպես, նրանք դարձյալ միասին են, և նա ծիծաղելի էր։ Առաջինը, նա ընդհանրապես ամենամեծ բեղերն ուներ, կարմրին տվողը շատ էր և դարչնագույն մազերը քթի տակ ու բերանի եզրերի շուրջ։ Երկրորդ, պիջակի և փողկապի փոխարեն նրա հագին զոլավոր կապտասպիտակ գործած բլուզ է։ Նրա ձեռքերը ծածկված են նույնպիսի մազերով, միայն թե փոքր ինչ ավելի բացագույն ու բարալիկ։ Նրա հագին լայն կապույտ շալվար է, բայց ոչ կոշիկ կա, ոչ էլ գուլպա։ Նա բոբիկ է, և աղջիկը, իհարկե, նույնպես։
Նա տանն է։ Աղջիկը եկել է Փարիզից իր հետ նրա տուն, եթե դա կարելի է տուն կոչել։ Նա շատ ծեր է, առավել ևս երեսունվեցամյա երիտասարդի համար, ինչպես ասաց իրեն, իսկ նա ընդամենը վեց տարեկան էր, և հենց նոր էր զարթնել օգոստոսյան շատ շոգ մի օր։
Այդ առավոտ, փոքր-ինչ քայլելով մոտակայքում, նա տեսավ փոքրիկ խանութից դուրս դրված դեղձերը արկղի մեջ, և կանգնեց դրանց նայելու, և հայրը մի կիլոգրամ գնեց։
Այժմ, դեղձերը մեծ ափսեով դրված են թղթախաղի սեղանի վրա, որի մոտ նրանք նստած էին։
Դրանք յոթն են, բայց դրանցից մեկը փչացած էր, այն նույնպիսի լավ տեսք ուներ, ինչպես և մյուսները, համարյա թե թենիսի գնդակի չափ, կարմրին տվող մարմրոցով առ բաց կանաչը, բայց կոթի մասում ճաք կար, որ ներթափանցում էր հենց կուտի սրտի մեջ։
Նա փոքրիկ ափսեի մեջ աղջկա առաջ դրեց ամենամեծ ու բարետես դեղձը, իսկ իրեն վերցրեց փչացածն ու սկսեց կեղևը մաքրել ու կերավ դրա մաքրած կեսը, ընդ որում նրանք անընդհատ չէին խոսում, ծրագրեր էլ չէին կազմում, այլ պարզապես լուռ նստել էին։
Մարդը կեսկերած դեղձը մատների մեջ բռնելով նայեց ճաքած կուտի խորքը։ Եվ աղջիկն էլ նրա ետքից։
Այդժամ խոռոչից երկու շոշափուկներ ելան, դրանք աճում էին դարչնավուն ելունդաձև գլխիկից, և այնուհետև երկու մեծ տոտիկները պինդ ճանկեցին և դուրս բերեցին այն ամենը, ինչ դեռ գտնվում էր խոռոչի ներսում, և էակը մի պահ կանգ առավ այդտեղ, ասես ուզում էր շուրջբոլորը նայել։
Մարդն ուսումնասիրեց սերմնաբնակչին․ և աղջիկը, իհարկե, նույնպես։
Էակը մի պահ դադար առավ, և այնուհետև վերջնականապես ելավ կուտի խոռոչից ու դեղձի կծած մասով սողաց վար։
Աղջիկը նմանատիպ բան երբեք չէր տեսել՝ դարչնագույնից կազմված ինչ-որ մեծ մի բան, ելունդագլխով, շոշափուկներով ու բազում տոտիկներով։ Եվ նաև շատ եռանդուն։ Կարելի է ասել, համարյա գործունյա։ Մարդը դեղձը դրեց ափսեի վրա։ Էակը սողաց դեղձից դեպ սպիտակ ափսեի հատակը։ Այնտեղ նա մտածկոտ կանգ առավ։
-Ո՞վ է սա, -հարցրեց աղջիկը։
-Գաստոնը։
-Իսկ որտե՞ղ է նա ապրում։
-Շատ լավ, նա ապրում էր այս կուտի մեջ, քանի դեռ դեղձը չէին պոկել ու գնել․ հետո ես կեսը կերա, էնպես որ, երևի թե, նա անտուն ու անտերունչ կմնա։
-Դու նրան կճզմե՞ս։
-Չէ, իհարկե ոչ։ Ինչո՞ւ նրան ճզմել։
-Նա զզվելի միջատ է։
-Բոլորովին էլ չէ։ Նա Գաստոնն է՝ մեծ պճնամոլը։
-Երբ խնձորի միջից որդ է դուրս սողում, բոլորը բղավում են, իսկ դու չէ։
-Անշուշտ, չէ։ Քեզ դուր կգա՞, եթե մեկը սկսի ճղճղալ ամեն անգամ, հենց որ մենք տնից դուրս ելնե՞նք։
-Որ ի՞նչ։
-Հենց այդ է։ Իսկ ինչո՞ւ մենք բղավենք Գաստոնին տեսնելիս։
-Նա մեզ նման չի։
-Թերևս, ոչ ամեն ինչում։ Փոխարենը նա նման է դեղձի կուտերի մյուս բնակիչներին։ Հիմա խեղճը տնից զրկվել է։ Ո՞ւր կորչի նա իր նրբագեղ շարժուձևերով ու վայելչակազմությամբ։
-Վայելչակազմությա՞մբ։
-Գաստոնն ամենագեղեցիկ էակն է իր նմանների մեջ, որ ինձ վիճակվել է տեսնել։
-Իսկ ի՞նչ է նա ասում։
-Նա փոքր- ինչ շփոթված է։ Հենց նոր, նրա տան ներսում ամեն ինչ կարգին էր։ Այստեղ մահճակալը, այնտեղ նախասենյակը, և այլն և այլն։
-Ցույց տուր ինձ։
Մարդը վերցրեց դեղձը, Գաստոնին թողնելով լիակատար մենության մեջ սպիտակ ափսեի վրա, կտրեց կեղևն ու կերավ դեղձը։
-Ոչ մեկն էդպես չէր վարվի, -ասաց աղջիկը։ -Էդ դեղձը պարզապես կգցեին։
-Չեմ հասկանում, ինչո՞ւ։ Հիանալի դեղձ է։
Նա ճեղքեց կուտն ու երկու կեսերը դրեց Գաստոնի կողքին։ Աղջիկը սկսեց դրանք զննել։
-Ուրեմն, որտե՞ղ է նա ապրում։
-Ապրում էր։ Հիմա Գաստոնը վտարված է իր աշխարհից և ինքնիրմով է։ Տեսնում ես, ինչ հարմարավետ էր նրան այնտեղ։ Նա ամեն ինչ ուներ։
-Իսկ ի՞նչ մնաց նրան։
-Վախենամ, ոչ այքան շատ բան։
-Եվ ի՞նչ է նա անելու։
-Մենք ի՞նչ ենք անելու։
-Առաջինը, մենք չենք սկսի նրան ճզմել, -ասաց աղջիկը։
-Հետո՞։ -Նրան կվերադարձնենք։
-Բայց, էս տան հարցերը լուծված են։
-Լավ, բայց նա հո՞ չի կարող մեր տանն ապրել։
-Հազիվ թե դա նրան հաճույք պատճառի։
-Իսկ ընդհանրապես նա կարո՞ղ է մեր տանն ապրել։
-Համենայնդեպս, նա կարող է փորձել։ Դեղձ ուզո՞ւմ ես։
-Միայն եթե կուտի մեջ ինչ-որ մեկն ապրում է։
-Լավ, տես մենք չունենք գլխամասում ծակով դեղձ։ Եթե կա, ապա հավանաբար ներսում ինչ-որ մեկն ապրում է։
Աղջիկը հատ-հատ զննեց յուրաքանչուր դեղձը մեծ ափսեի վրա։
-Սրանք բոլորը փակ դռներով են, -ասաց նա։
-Լավ, մեկը կեր։
-Չէ, ես ուզում եմ էնպիսինը, ինպիսին քոնն է՝ որպեսզի ինչ-որ մեկը կուտի մեջ նստած լինի։
-Գիտես, եթե անկեղծ, ապա դեղձը, որ ես կերա, փչացած է համարվում, և խանութներում գերադասում են էդպիսիները չվաճառել։ Ես ավելի շուտ էդ դեղձը սխալմամբ գնեցի։ Էնպես որ հիմա Գաստոնն անտուն մնաց, իսկ մեզ մոտ էլ՝ վեց հիանալի դեղձ։
-Ես հիանալի դեղձ չեմ ուզում։ Ես ներսում մարդուկով դեղձ եմ ուզում։
-Լավ, ես դուրս կգամ ու կփորձեմ քեզ համար էդպիսինը գտնել։
-Իսկ ես ո՞ւր գնամ։
-Կարող ես գալ ինձ հետ կամ կարող ես տանը մնալ։ Ես մի հինգ րոպեից կգամ։
-Իսկ եթե հեռախոսը զանգի, ես ի՞նչ ասեմ։
-Հազիվ թե, բայց եթե զանգի, ասա «ալլո» և իմացիր, ով է։
-Իսկ եթե դա մայրիկն է, ի՞նչ ասեմ։
-Որ ես գնացել եմ քեզ համար փչացած դեղձ գնելու կամ ասա, ինչ մտքիդ փչի։
-Իսկ եթե նա ուզենա, որ ես վերադառնամ, նրան ի՞նչ ասեմ։
-Ասա «հա», եթե ուզում ես վերադառնալ։
-Իսկ դու դա ուզո՞ւմ ես։
-Իհարկե ոչ, բայց կարևորը, թե ինչ ես ուզում դու, այլ ոչ թե ես։
-Ինչո՞ւ է կարևոր։
-Ես ուզում եմ, որ դու լինես էնտեղ, ուր դու կամենաս։
-Ես ուզում եմ էստեղ լինել։
-Ուրեմն ես շուտ կվերդառնամ։
Նա վեր քաշեց գուլպաները, հագավ կոշիկները, պիջակն ու ելավ։
Աղջիկը զննում էր Գաստոնին, որը չգիտեր, թե հետո ինչ անի։ Գաստոնը շփոթված սողում էր ափսեի վրայով և ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե ինչ անի և ուր կորչի։
Հեռախոսը զանգեց, ու մայրն ասաց, որ նրա ետևից է ուղարկել իր վարորդին՝ նրան տուն բերելու կարգադրությամբ, քանի որ երեկույթ է նախատեսվում ինչ-որ մեկի աղջկա պատվին, ով նույնպես վեց տարեկան է, այդ պատճառով նրանք պիտի վաղը Նյու-Յորք թռչեն։
-Լսափողը հայրիկին փոխանցիր, -ասաց նա։
-Նա գնացել է ինձ համար դեղձ գնելու։
-Ընդամենը մե՞կը։
-Հա, մեկը, մարդուկով։
-Բավական էր, որ դու մի երկու օր հորդ հետ մնայիր, և դու արդեն նրա նման ես խոսում և այն բանի մասին, որ չգիտես։
-Կան դեղձեր, ներսում մարդուկներով, ես դա գիտեմ։ Ես տեսել եմ, թե ինչպես էդպիսի մեկը դուրս եկավ դեղձից։
-Ի՞նչ, ո՞րդ։
-Ոչ թե որդ, այլ Գաստոնը։
-Ո՞վ։
-Ինչ-որ մեծ մի բան՝ չգիտեմ ով։
-Յուրաքանչյուրը, ում որդնած դեղձ պատահի, այն դեն կնետի, միայն թե ոչ քո հայրը։ Եվ այդ մասին ինչ-որ ցնդած բան կասի։
-Դա ցնդած բան չի։
-Լավ, լավ, մի բարկացիր ինձ վրա ինչ-որ տեղ դեղձից նողկալի որդի պատճառով։
-Գաստոնն էստեղ է, իր քանդված տան մոտ, և ես քեզ վրա չեմ զայրանում։
-Երեկույթին քեզ շատ ուրախ կլինի։
-Լավ։
-Դու ուրա՞խ ես, որ հայրիկիդ տեսար։
-Իհարկե։
-Նա Խենթավո՞ւն է։
-Հա։
-Փոքր-ինչ փախո՞ւկ։
-Հա։ Այսինքն չէ։ Պարզապես նա չի գոռում, եթե դեղձից կամ էլի ինչ-որ տեղից որդ է դուրս սողում։ Նա պարզապես ուշադիր նրան է նայում։ Բայց չէ որ դա ընդամենը որդ է, ճիշտ է, չէ՞։
-Ճիշտ է։
-Եվ նրան պետք է ճզմել։
-Միանգամայն ճիշտ է։ Էնպես եմ ուզում քեզ տեսնել, թանկագինս։ Էս երկու օրը երկու տարվա պես ձգվում է։ Ցտեսություն։
Աղջիկը հետևում էր Գաստոնին՝ ափսեի վրա, և նա նրան բնավ դուր չէր գալիս։ Նա վանող էր, ինչպիսին էլ որ կար հենց սկզբից։ Նա անտուն էր ու սողում էր սպիտակ ափսեի վրայով, այնքան անհեթեթ ու տխմար, խղճուկ ու անպիտան, և բոլոր այլ համանման բաների նման։ Նա մի կաթիլ արցունք թափեց, բայց միայն ինքն իր ներսում, քանզի վաղուց արդեն որոշել էր, որ իրեն լացելը դուր չի գալիս, որովհետև հենց սկսում ես արտասվել, պարզվում է, այնքան բան կա, որի համար ուզում ես լալ, որ պարզապես անհնար է կանգ առնել։ Իսկ դա նրան ամենևին դուր չէր գալիս։ Դեղձի կուտի բացված կեսերն էլ բանի պետք չեն նույնպես։ Այլանդակ են, ինչ է։ Նողկալի։
Մարդը մի կիլոգրամ դեղձ գնեց, բայց դրանցից ոչ մեկն էլ որդնած չէր։ Այդժամ նա ևս մի կիլոգրամ գնեց այլ մի խանութից, և այս անգամ նրա բախտն ավելի շատ բանեց, դրանց մեջ երկու որդնած դեղձ գտնվեց։ Նա ետ վազեց ու ներխուժեց տուն։
Նրա աղջիկը նստել էր իր սենյակում, իր լավագույն զգեստը հագած։
-Մայրիկն էր զանգել, ասաց նա, -նա ասաց, որ իմ ետևից վարորդ է ուղարկում, որովհետև այնտեղ հերթական ծննդյան տոն է նախատեսվում։
-Հերթակա՞ն։
-Ես ուզում էի ասել՝ Նյու Յորքում դրանք միշտ շատ են։
-Վարորդը քեզ ետ կբերի՞։
-Ոչ, մենք վաղը Նյու Յորք ենք թռչում։
-Օ՜հ։
-Ես ինձ քո տանը լավ էի զգում։
-Իսկ ինձ լավ էր քեզ հետ։
-Ինչո՞ւ ես դու էստեղ ապրում։
-Սա իմ տունն է։
-Այն շատ լավն է, բայց բոլորովին էնպիսինը չի, ինչպիսին մերն է։
-Հա, թերևս։
-Այն մի քիչ նման է Գաստոնի տանը։
-Իսկ Գաստոնն ո՞ւր է։
-Ես նրան ճզմեցի։
-Դե էդ ինչպե՞ս։ ինչո՞ւ։
-Բոլորն էլ ճզմում են միջատներին ու որդերին։
-Դե ինչ։ Ես քեզ համար դեղձ գտա։
-Ես էլ չեմ ուզում։
-Դե լավ։
Նա հագցրեց նրան ու զբաղվում էր նրա իրերի դասավորությամբ, երբ մոտեցավ վարորդը։ Նա մի երեք սանդղավանդակ իջավ աստիճաններով վարորդի ու աղջկա հետ, բայց հետո մտափոխվեց։ Դրա փոխարեն նրանք օտարի պես միմյանց ձեռք սեղմեցին։
Նա հայացքով հետևեց հեռացող լիմուզինին և ուղևորվեց անկյունի բիստրոն, որտեղ առավոտյան ժամերին սուրճ խմելու սովորություն ուներ։ Նա իրեն զգում էր համարյա թե ինչպես Գաստոնը՝ սպիտակ ափսեի վրա։
1967թ․
Անգլերենից թարգմանեց Վարդան Ֆերեշեթյանը