«Գանձասար-Մատենադարանի» հոգևոր գանձարանը ժամանակավորապես կպահպանվի երևանյան Մատենադարնում

Եթե չլիներ պատերազմն իր ողբերգական հետևանքներով, եթե Արցախում խաղաղ լիներ ու անվտանգ, «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնը նոյեմբերի 21-ին կնշեր հիմնադրման 5-ամյակը:

Ի տարբերություն Շուշիի մշակութային և հոգևոր կենտրոնների, որոնց հսկայական ժառանգությունը դուրս չբերվեց ու մնաց թշնամուն, «Մատենադարան-Գանձասար»-ի ղեկավարությունը, զգուշանալով հնարավոր վտանգից, ժամանակին ամբողջ ֆոնդը տեղափոխեց Երևանի Մատենադարան:

«Պատերազմի սկսվելու պահից բոլոր ճանապարհները ռմբակոծվում էին: Ձեռագրերը նախ տեղափոխեցինք Արցախի տարածքում ապահով վայր, հետո՝ առաջին իսկ հնարավորության դեպքում, տարհանեցինք, մանավանդ, երբ տեսանք՝ հակառակորդը թիրախավորում է մշակութային, հոգևոր կառույցները: «Մատենադարան-Գանձասար»-ը տեղակայված է Գանձասարի վանական համալիրի հարևանությամբ, և Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծությունից հետո անվտանգության որևէ երաշխիք չունեինք: Հնարավոր հրետակոծություններից խուսափելու համար՝ ձեռագրատան ժառանգությունը, հնատիպ գրքերը տեղափոխեցինք Երևան»,- պատմում է «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնի տնօրեն Արամ Թորոսյանը:

Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի մասնաճյուղը բացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոն հիմնելու նպատակով Արցախի թեմն անհատույց ու անժամկետ հատկացրել է Գանձասար վանական համալիրին կից դպրատան նախկին շենքը, որը վերանորոգվել է «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի միջոցներով:

Կենտրոնում 100-ից ավելի ձեռագիր մատյաններ, արխիվային արժեքավոր փաստաթղթեր ու հնատիպ գրքեր են ցուցադրվում: Արցախը հայտնի է ոչ միայն տեղում ստեղծված ձեռագրերով: Պատմական Հայաստանի տարբեր նահանգներում գրչագրված շատ ձեռագրեր ժամանակին փրկագնվել և պահվել են Արցախում:

«Պատմության մեջ առաջին անգամ հնարավորություն է ստեղծվել աշխարհասփյուռ արցախյան ձեռագրերը մեկտեղել մեկ հարկի տակ՝ «Մատենադարան-Գանձասար»-ում: Բոլոր ձեռագրերը բացառիկ արժեք են: Մինչև մեր օրերը հասել են Գանձասարում գրված 13 ձեռագրեր, որոնցից 12-ը Մատենադարանում, մեկը՝ Երուսաղեմում՝ սուրբ Հակոբյանց վանքում է պահվում: Մենք 12-ն էլ ցուցադրում ենք:

Ցուցադրում ենք, առհասարակ, հայ ժողովրդի պատմության մեջ բացառիկ արժեք ներկայացնող ձեռագրեր, որոնք նաև ժամանակին պահվել են Արցախում, ունենք ձեռագրեր, որոնք կին է գրել: Յուրաքանչյուր նմուշ անգին է, գանձ»,- ասում է Արամ Թորոսյանը:

«Մատենադարան-Գանձասար»-ը հազարավոր այցելուներ է ունեցել, նաև՝ օտարերկրյա: Արցախի արտգործնախարարության հետ պայմանավորվածության համաձայն՝ պետական-պաշտոնական պատվիրակությունների երթուղում ներառվում էր նաև գիտամշակութային կենտրոնը:

Մշտականից բացի, «Մատենադարան-Գանձասար»-ում ժամանակավոր ցուցադրություններ են լինում: Նաև անհրաժեշտ պայմաններ ու միջավայր են ստեղծել գիտական ուսումնասիրությունների, հետազոտությունների համար:

«Նախորդ տարի բացեցինք գրադարան-ընթերցասրահը, և Երևանի Մատենադարանի թվային ամբողջ ֆոնդը հասանելի դարձավ նաև «Մատենադարան-Գանձասար»-ում: Սա հնարավորություն է ընձեռում Արցախի հետազոտողներին պատվիրել հնատիպ գրքեր, արխիվային փաստաթղթեր, ձեռագրեր, ստանալ դրանց թվային պատճենն Արցախում և կատարել ուսումնասիրություններ:

Կենտրոնում կազմակերպվում են նաև գիտաժողովներ, այդ թվում՝ միջազգային: 2019-ին անցկացրեցինք «Հայոց Արևելից կողմանք. պատմություն և մշակույթ» խորագրով միջազգային հայագիտական գիտաժողովը, որին եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից հեղինակավոր հայագետներ, հեղինակավոր կառույցների ներկայացուցիչներ էին մասնակցում: Մատենադարանի տնօրինությունը որոշրել է, որ Արցախ-Ուտիքին նվիրված բոլոր ուսումնասիրությունների, գրքերի շնորհանդեսները «Մատենադարան-Գանձասար»-ում է լինելու»:

Արամ Թորոսյանն ասում է՝ երբ իրավիճակը կայունանա և ճանապարհների անվտանգության հարցը լուծվի, «Մատենադարան-Գանձասար»-ի ամբողջ ֆոնդը կվերադարձնեն Արցախ, ու կենտրոնը կվերաբացվի:

Մինչև այդ, Երևանի բնակիչներին հնարավորություն է տրվելու ծանոթանալ Գանձասարի հարստությանը: Շուտով Մատենադարանի սրահներից մեկում կբացվի Արցախից ժամանակավոր տեղափոխված արժեքավոր նմուշների ցուցադրությունը:

 

Լուսինե Ղարիբյան