Գալա՝ Դալիի Գրադիվան

1929 թվականի ամռանը Սալվադոր Դալին հանդիպեց տարօրինակ անունով իր ռուս մուսային՝ Գալային: Դալին այդ ժամանակ 25 տարեկան էր, իսկ 35 տարեկան Գալան ֆրանսիացի բանաստեղծ Պոլ Էլյուարի կինն էր։ Դա նկարչի ու մուսայի հանդիպում էր, որից հետո նրանք այդպես էլ 53 տարի չբաժանվեցին․ միայն մահը բաժանեց նրանց։

«Նա սկսեց ինձ նայել որպես կիսախենթ հանճարի, -խոստովանել է Դալին՝ հավելելով՝ նա հավատում էր, որ ես կարող եմ դառնալ իր իսկ առասպելների մարմնավորումը»:

Ժամանակին դեռևս մեծն Ստենդալն է բացահայտել օրենքը, ըստ որի՝ աշխարհում ամեն լավ բան մեզ հիշեցնում է սիրելիի մասին։ «Վերջին սյուրռեալիստ» Դալիի համար Գալան իր մեջ պարունակում էր աշխարհի լավագույն տարրերը։ Իսկ ֆրանսիացի մեծագույն բանաստեղծ Պոլ Էլյուարի համար ամբողջ աշխարհը տեղավորվում էր նրա մեջ, ում նա սիրում էր ամբողջ սրտով`... նույն Գալան էր:

Ավելի ուշ Դալին պիտի խոստովաներ՝ «Իմ կյանքը, անհատականության հաստատման մշտական ​​պայքարի մեջ լինելով, ամեն վայրկյան կարճ պատմություն էր գրում մահվան նկատմամբ իմ «ես»-ի հաղթանակի մասին, մինչդեռ իմ միջավայրում ես տեսա միայն ամբողջական փոխզիջում այս մահվան հետ: Իսկ ես հրաժարվեցի նրա հետ դավադիր գործարք կնքել։

Մորս մահն ինձ համար ամենամեծ կորուստն էր։ Ես պաշտում էի նրան: Ինձ համար նա միակն ու անկրկնելին էր։ Ես գիտեի, որ նրա ոսկե, նրա սուրբ հոգին շատ ավելի բարձր է, քան ամենամարդկային ամեն ինչ, և ես չէի կարող հաշտվել մի էակի կորստի հետ, որի վրա անգիտակցաբար բարդում էի իմ հոգու անտեսանելի արատները: Նա այնքան բարի էր, որ ես մտածում էի, թե նրա բարությունը ինձ էլ կբավականացնի։

Նա սիրում էր ինձ ամենազոր ու վսեմ սիրով, ինչը նշանակում է, որ նա չէր կարող սխալվել: Նույնիսկ իմ չարաճճիությունները պետք է ինչ-որ հրաշալի բան լինեին: Նրա մահն ինձ ճակատագրի հեգնանք թվաց։ Անհնար է, որ դա պատահի իր կամ ինձ հետ: Սիրտս վրժխնդրությամբ լցվեց։ Ատամներս սեղմելով երդվեցի, որ մորս կհեռացնեմ մահից ու ճակատագրից, նույնիսկ եթե դրա համար պահանջվեն լույսի շղթաներ, որոնք մի օր կատաղի կերպով կփայլեն իմ նշանավոր անվան շուրջը»։

«Երեկոյան Գալան հիանում է իմ նկարներով։ Ես երջանիկ եմ գնում քնելու: Ուրախ նկարներ մեր ֆանտաստիկ իրական կյանքից: Օ՜, քաղցր սեպտեմբեր, այս հրաշալի կտավները մեզ է՛լ ավելի են գեղեցկացնում: Շնորհակալություն Գալա․ քո շնորհիվ ես դարձա նկարիչ։ Առանց քեզ ես չէի հավատա իմ տաղանդին: Տո՛ւր ինձ քո ձեռքը։ Ակնհայտ է, ես քեզ ամեն օր ավելի ու ավելի եմ սիրում…»

Այդ նույն օրերին, երբ Գալան, հասարակ ձկնորսուհու պես, լվանում էր հագուստը կամ ձուկ էր մաքրում ափին, Փարիզում լույս է տեսնում Էլյուարի «Սիրային պոեզիա» ժողովածուն։ «Այս գիրքն անվերջ նվիրում եմ Գալային»,- հայտարարում է հեղինակը և ստորագրում «Գալա, այն ամենն ինչ ասացի, միայն քեզ համար է։ Իմ բերանն այդպես էլ չբաժանվեց քո աչքերից»: Նույն՝ 1929 թվականին, նա ընկերոջը խոստովանում է՝ եթե ​​նա չլիներ, դու ինձ չէիր ճանաչի, իմ սիրելի ... ընկեր»։ Եվ նա նորից դիմում է հավերժ կորցրածին (որի մասին նա չի ուզում առայժմ մտածել և դեռ չի հավատում)՝

«․․ու քեզ այնպես եմ սիրում, որ այլևս չգիտեմ,

թե մեզնից ով է բացակա․․․»։

«Ես ուզում էի նորից տեսնել Պորտ-Լիգատը, որտեղ վերջապես նորից կզբաղվեի «ամենակարևորով»: Դեկտեմբերի վերջին հասանք Պորտ-Լիգատ։ Ես, ինչպես երբեք, կարողացա հասկանալ այս բնապատկերի անմոռանալի գեղեցկությունը։ Ես երդվեցի վայելել իմ այստեղ մնալու յուրաքանչյուր վայրկյանը, բայց ներսումս ինչ-որ վախ կար։ Առաջին գիշերը չկարողացա քնել: Հաջորդ օրը ես գնացի զբոսնելու ծովի ափով։ Լոնդոնում, Նյու Յորքում, Փարիզում վերջին ամիսների փայլուն կյանքն ինձ երկար ու անիրական թվացին։ Ես չէի կարողանում հասկանալ, թե ինչն է ինձ ճնշել, չէի հասկանում անհանգստությանս պատճառն ու բնույթը։

Ի՞նչ է պատահել քեզ։ Դու ամենն ունես, ինչի մասին երազել ես ավելի քան տասը տարի։ Դու Պորտ-Լիգատում ես՝ այն վայրում, որն ամենաշատն ես սիրում աշխարհում: Քեզ այլևս չեն ճնշի փողի նվաստացուցիչ հոգսերը: Դու կարող ես զբաղվել ամենակարևոր գործերով՝ հոգուդ խորքում սիրելի գործով։ Դու կատարելապես առողջ ես։ Դու ազատ ես ընտրելու այն բոլոր կինոնկարներից կամ թատերական նախագծերից, որոնք քեզ առաջարկվում են... Գալան ուրախ կլինի, և նրա դեմքն այլևս չեն մթագնի անհարիր անհանգստությունները․․․

Ես կատաղած հառաչեցի․ որտեղի՞ց է գալիս այս վախը, որը կործանում է իմ պատրանքները: Ոչինչ չօգնեց։ Նույնիսկ ամենաողջամիտ փաստարկները։ Եթե ​​այսպես շարունակվի, ես լաց կլինեմ... Գալան ինձ խորհուրդ տվեց հանգստացնել նյարդերս սառը ցնցուղով։ Ես մերկացա ձմեռային լողափում և սուզվեցի սառցե մաքուր ջրի մեջ։ Արևը փայլեց ամառվա պես: Մերկ կանգնած արևի լույսի ներքո, ես զգացի, թե ինչպես էր մարմինս փշաքաղվում։ Գալան ինձ նախաճաշելու կանչեց, և ես դողում էի, բնազդաբար մի ձեռքս տարա սրտիս․․․ թույլ հոտ էի զգում, ու ինձ թվում էր, թե դա մահվան հոտն է։

Մի ակնթարթում ես զգացի՝ սա է իմ ճակատագիրը՝ ազդրերիս մեջ՝ ծանր, ինչպես խորը կտրված ձեռքը, իմ գարշահոտ ճակատագիրը։ Վերադառնալով տուն՝ ես Գալային բացատրեցի. «Ես չգիտեմ, թե ինչ է պատահել: Իմ համբավը հասունացել է օլիմպիական թզի պես։ Ես կարող եմ միայն ատամներով սեղմել այն, որպեսզի հասկանամ փառքի համը։ Ես վախենալու պատճառ չունեմ։ Եվ, այնուամենայնիվ, վախն ինքնին աճում է, չգիտեմ, թե որտեղից է այն եկել և ուր կտանի: Բայց այն այնքան ուժեղ է, որ ինձ սարսափեցնում է: Ահա ամենը․ չկա ոչինչ, որը կարող է վախեցնել ինձ, բայց ես վախենում եմ վախենալ, իսկ վախ ունենալուս վախը վախեցնում է ինձ:

… Վախից հյուծված՝ ես դադարեցի քնել: Ցերեկը վախկոտի պես փախա և թաքնվեցի ձկնորսների մեջ, որոնք սպասում էին, որ սարերից եկող քամին դադարի փչել։ Նրանց դժվարությունների մասին պատմություններն ինձ մի փոքր ազատեցին սեփական  մոլուցքներից: Ես նրանց հարցրի, թե վախենում են արդյոք մահից։ Նրանք նման մտավախություն չունեին։

... Գալան ամերիկյան թերթեր էր բերում, որոնցից ես իմացա, որ նրբագեղ կանայք օգտագործում են Դալիի կարմիր գույնը…

-Գալա, մոտ արի, բարձ բեր ու ձեռքս ամուր սեղմիր։ Գուցե կարողանամ քնել: Այսպես ավելի քիչ եմ վախենում: Այս ժամին այստեղ այնքան լավ է:

Եվ ես վերջապես քնեցի անվերջ խոսակցությունների աղմուկի տակ՝ զգալով ուժեղ ոգի, որը բխում էր այս հոմերոսյան ձկնորսներից։ Երբ ես արթնացա, նրանք գնացել էին։ Կարծես քամին մարել էր։ Գալան թեքվեց վրաս՝ պաշտպանելով իմ քունը, հոգալով իմ վերածնունդը (Գալա Գրադիվան, նա, որը մի անգամ արդեն իր սիրով բուժեց ինձ խելագարությունից)։

Երկիր իջնելով՝ ինձ հաջողվեց հասնել սյուրռեալիստի «փառքին»։ Սակայն խելագարության նոր բռնկումը սպառնում էր այս հաջողությանը, քանի որ ես ամբողջովին կորցրի ինձ երևակայության մեջ։ Պետք էր կոտրել այս ոսկեգույն տիկնիկին։ Ու իսկապես հավատալ ստեղծագործությանը: Նա ինձ սովորեցրեց քայլել, և հիմա ես պետք է առաջ գնամ Գրադիվայի պես: Ես ստիպված էի կոտրել իմ վախի բուրժուական կոկոնը։ Լինել կամ խելագար, կամ՝ ողջ։ Անընդհատ կրկնում էի՝ ես ողջ եմ՝ մինչև ծերություն, մինչև մահ, իմ և խելագարի միակ տարբերությունն այն է, որ ես խելագար չեմ։ Ինչպես քրիզոլիդը (այդ ոսկեգույն տիկնիկը), ես փաթաթվում էի իմ երևակայության մետաքսե թելով։ Ես ստիպված էի պատռել այն, որպեսզի իմ մտքի պարանոիդ թիթեռը դուրս գա նրանից՝ կերպարանափոխված, կենդանի ու բնական։ «Բանտարկություն», կերպարանափոխության վիճակ, առանց Գալայի այն սպառնում էր դառնալ իմ սեփական գերեզմանը

-Վե՛ր կաց և գնա՛,- հրամայում էր նա, -Դու դեռ ոչինչ չես արել։ Մի՛ շտապիր մեռնել:

Իմ սյուրռեալիստական ​​համբավը ոչինչ չարժե, քանի դեռ ես սյուրռեալիզմը ավանդույթի մեջ չներդնեմ:

Պետք էր, որ երևակայությունս վերադառնար դասականներին։ Մնում էր ավարտին հասցնել ստեղծագործություններս, որի համար մնացած կյանքս չէր բավարարելու։

Գալան ինձ համոզեց այս հարցում։ Ես ստիպված էի, առանց ձեռք բերված ծիծաղելի արդյունքի վրա կանգ առնելու, պայքարել գլխավորի համար, որոնցից առաջինը իմ կյանքի փորձը դասականների մեջ մարմնավորելն էր՝ դրան ձև, տիեզերագիտություն, սինթեզ, հավերժական ճարտարապետություն հաղորդելով»։

Գալային հանդիպելուց ի վեր Դալին այդպես էլ չդադարեց նկարել նրան։ Սակայն մի տարբերությամ. եթե  բանավոր կամ գրավոր յուրաքանչյուր արտահայտության մեջ նա անընդհատ շոյում էր իր մուսային՝ իսկական սիրո երգ հյուսելով, ապա նկարներում նա չի զարդարում Գալային։

-Չի կարելի ասել, թե հմայք է բխում նրանից։ Բայց նա ուշադրությունն իր կողմն է հրավիրում․ նկարներում նա կենդանանում է։

Գալան առանձնանում է երկու հիմնական հատկանիշներով՝ գլխի դիրքով և հայացքով։ Նա իր գլուխը թագուհու նման է պահում՝ ինչպես ինքն իրենով հպարտ մարդ: Նրա աչքերը նույնքան սառն են, որքան հայացքը:

Ինչ դիրքով էլ Դալին նստեցներ նրան՝ դեմքով, պրոֆիլով, կիսով չափ շրջված կամ նույնիսկ մեջքով, Գալան լցնում է ամբողջ կտավը՝ ստվերելով մնացած ամեն ինչ…

«Ես խոնարհվում եմ Գալայի առջև, ենթարկվում եմ նրան ամբողջ էությամբ», - անկեղծորեն խոստովանում է նկարիչը:

Դալին, վախենալով մահից և դրա մասին որևէ հիշատակումից, այդպես էլ չի մասնակցել իր կնոջ հուղարկավորությանը։ Ըստ ականատեսների, նա միայն մի քանի ժամ անց մտել է դամբարան՝ ասելու. «Տե՛ս, ես չեմ լացում»։ Գալայի մահից հետո Դալիի կյանքը դարձավ հոգնեցուցիչ և ձանձրալի, նրա ամբողջ խելագարությունն ու սյուրռեալիստական ​​զվարճությունն ընդմիշտ անհետացան: Ժամերով, բոլորովին մենակ, նա թափառում էր իրենց տան սենյակներով՝ մրմնջալով անհամապատասխան արտահայտություններ երջանկության և իր թանկագին Գալայի մասին։ Նա ոչինչ չէր նկարում, ժամերով բորոտի նման  նստում էր ճաշասենյակում՝ փակ փեղկերի հետևում, չցանկանալով տեսնել արևոտ աշխարհը։

Կնոջ մահից հետո նկարչի առողջական վիճակը կտրուկ վատացավ. ախտորոշվեց  Պարկինսոնի հիվանդությունը (այս հիվանդությունը ժամանակին ճակատագրական դարձավ նրա հոր համար, որի հետ որդին երբեք չհաշտվեց)։ Ընկճվելով՝ նա գրեթե դադարեց անգամ հասարակության մեջ երևալ:

«Նա դարձավ իմ Գրադիվան, -գրում է Դալին իր «Օրագրում…», -նրան տեսնելով՝ ես միանգամից ասացի՝ Գալան իմ կյանքի աղն է, իմ փարոսը, երկվորյակ մասնիկս, նա՝ ես եմ»։

Պատահական չէ, որ նկարչի գործերի մեծ մասը ստորագրված է «Գալա Սալվադոր Դալի»

Զարմանալի է, որ Դալին, ի վերջո, կտակել է իրեն թաղել Ֆիգերեսում՝ իր գործերին մոտ, իսկ Գալայի գերեզմանի կողքին պատրաստված տեղը դատարկ է մնացել։ Ինչո՞ւ այդպես եղավ։ Պատասխանն ակնհայտ է․ այնտեղ՝ Պուբոլում,  Գալայի մնացորդներն են , որտեղ նա ընդմիշտ մեռած է։ Իսկ Ֆիգերեսում, որտեղ ամենուր տեսանելի են նրա աշխատանքի պտուղները, բուռն էներգիան, սերը նկարիչ Սալվադոր Դալիի հանդեպ, որտեղ նրա առասպելը մարմնավորված է նկարչության, քանդակի և ինստալյացիաների մեջ, նա երիտասարդ է և գեղեցիկ։ Այնտեղ երկուսն էլ ողջ են։

 

Թարգմանությունը՝ Լյուսիլ Ջանինյանի

Գլխավոր պատկերը՝ Սալվադոր Դալի. 1945 թ`․

(Կինս`մերկ, նայում է սեփական  մարմնին, որը վերածվել է սանդուղքի, ողնաշարից կազմված սյուների,

երկնքի և ճարտարապետության):