Գագիկ Հարությունյան. պատմության կիզակետում՝ անգամ մահից հետո

«Հատուկ ասել եմ աղջկաս, որ ինձնից հետո հանկարծ իմ մասին չգրեն»:

Գագիկ Հարությունյան

Arteria.am կայքում՝ 2012-ին հրապարակված զրույցից։

 

Վերջերս «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության ու Հայաստանի պատմության թանգարանի նախաձեռնությամբ թանգարանում բացվեց հայ գեղարվեստական լուսանկարչության հիմնադիր Գագիկ Հարությունյանի «Ակնթարթի ներսը» հետահայաց ցուցահանդեսը, որի աջակիցներն են Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության դեսպանությունները։ Համադրողը գերմանացի արվեստագետ, Բոննի «Kurfurstliches Gartnerhaus» ցուցասրահի տնօրեն և «Atelier Middelmann» արվեստանոցի ղեկավար Յուրգեն Միդելմանն է. նա Գագիկ Հարությունյանի 85 աշխատանքները միավորել է հինգ գլխից բաղկացած պատմության մեջ։

Գագիկ Հարությունյանն առաջին հայ լուսանկարիչն է, որը սկսել է աշխատել գեղարվեստական շարքերով։ Լուսանկարչությամբ զբաղվել է վաղ տարիքից, մանուկ հասակում լավագույնն է ճանաչվել մանկական լուսանկարների մրցույթում։ Բայց Գագիկ Հարությունյանի «Ժամանակի ստվերները» պատկերագրքում լուսանկարչությամբ զբաղվելու ելակետ է նշվում 1965 թվականը։ 1972-ից լուսանկարիչը սկսում է թղթակցել «Կոմսոմոլեց» թերթին՝ ամբողջությամբ տրվելով գեղարվեստական լուսանկարչությանը:

 

«Ակնթարթի ներսը» ցուցահանդեսում շրջելիս

«Ակնթարթի ներսը» ցուցահանդեսը սկսվում է հեղինակի կենսագրական պատկերաշարից ու վերածվում յուրաքանչյուր մարդու կյանքի ճանապարհորդության մետաֆորի։ Ցուցահանդեսը բաղկացած է հինգ գլխից՝ «Երկրի ու երկնքի հատման կետում», «Մանկական աշխարհ աշխարհիս երեսին», «Ակնթարթ», «Գաղտնիքը» և «Որտեղի՞ց եմ գալիս, ո՞ւր եմ գնում, ո՞վ եմ ես»։ Այս ենթավերնագրերից արդեն իսկ պարզ է, որ պատմությունը շատ տրամաբանական զարգացում ունի․ սկզբում համադրողը նախանշում է մետաֆիզիկական այն տարածությունը՝ «երկնի և երկրի» հատման այն կետը, որտեղ նկար առ նկար զարգանալու է պատմությունը, և ապա փուլ առ փուլ բացահայտում այն․ ի սկզբանե դու երեխա ես, հետո ակնթարթն ակնթարթի, վերապրում վերապրումի հետևից մեծանում ես։ Ու որքան շատ ես մեծանում, այդքան պարզ ես հասկանում, որ այս կյանքում հարցերը միշտ ավելի շատ են, քան պատասխանները․ կյանքը գաղտնիք է։ Ի վերջո հասկանալի է, որ պատասխան առհասարակ չկա, ու կա միայն մշտնջենական այս երեք հարցը՝ ո՞վ եմ, որտեղի՞ց եմ գալիս և ո՞ւր եմ գնում։

Առաջին լուսանկարը, որի առջև հայտնվում է դիտողը, Գագիկ Հարությունյանի ինքնանկարն է՝ արված մեքենայի հայելիում։ Մի կողմից համադրողը ծանոթացնում է դիտողին պատմության և՛ հեղինակի, և՛ հերոսի հետ, իսկ մյուս կողմից, նկարը տեղավորելով «Երկրի ու երկնքի հատման կետում»՝ առաջին գլխում, ակնարկում է արվեստագետի վերերկրային բնույթը։ Դրա հետ մեկտեղ Գագիկ Հարությունյանի խոհուն ինքնանկարը հղում է պատմության վերջին գլխի հերոսներին․ «երկնի ու երկրի» հատման կետում արվեստագետը մտածում է հավերժական այն հարցերի շուրջ, որոնք Յուրգեն Միդելմանն առաջարկում է դիտողին ցուցահանդեսի վերջին սրահում։ Այսպիսով ինքնանկարն օղակում է պատմությունը՝ նշանավորելով և՛ սկիզբը, և՛ վերջը։

Երկնքի և երկրի հատման մետաֆիզիկական տիրույթում են հայտնվում երկնքում «կախված» լարախաղացը, Համո Սահյանն ու Զորաց քարերը, Դադիվանքի զանգակատունն ու Արարատը, և իր ճերմակությամբ հորիզոնի սահմանը ջնջող ձմեռային բնապատկերը։ Ոչ մի աշխատանք նկարագրություն չունի․ վերնագիր, տարեթիվ, շարքի անվանում՝ այս ամենը կարևոր չէ, կարևորն այն զգացողությունն է, որ դիտողը վերապրում է պատկերից՝ պատկեր, նկարից՝ նկար։ 

«Մանկություն» գլխում մեկտեղվում են խիստ տարբեր ճակատագրեր․ այստեղ և՛ 1992-ին հացի անվերջ հերթից հանդիմանությամբ օբյեկտիվին նայող երեխան է, և՛ 1984-ին Օպերայի հրապարակում կավիճով ասֆալտը նկարազարդող փոքրիկները, և՛ մանկատան որբուկները, և՛ Սենեգալի պատանիները։

Գյուղական ռոք համերգն ու Ջիվան Գասպարյանի ցնծագին պարն ընդամենը մի ակնթարթ են հերոսների կյանքում։ Եվ նույն «Ակնթարթ» շարքում է նաև Լենինի մոնումենտալ անդրին՝ մե՛կ գլխատված, մե՛կ դեռ՝ ոչ․ կայսրությունների կյանքն ու մահը նույնպես մի ակնթարթ է ավելի մեծ տարածություններում։

Վերջին շարքը, որն առաջինի պես մի ամբողջ ցուցասրահ է զբաղեցնում, թերևս ամենաազդեցիկն է։ Լուսանկարներում պատկերված մարդիկ կա՛մ մեջքով են դիտողին ու հեռանում են՝ մենակ թողնելով ձեզ, կա՛մ ընդհակառակը՝ մոտենում են։ Շարքում առանձնանում են «աշխատանքային» նկարները․ հերոսները գործ են անում՝ կավ հունցում, թոնիր սարքում, կուժ պատրաստում։ Աշխատանքային պահը համադրողը ներկայացնում է որպես առանձնանալու և խորհելու ժամանակ․ աշխատող հերոսները մենակ են և հիմնականում փակ տարածության մեջ են պատկերված։ Նույնպիսի փակ տարածության տպավորություն է ստեղծում չորս կողմից բնակելի շենքերով շրջապատված երևանյան բակը։ Հերոսն այստեղից կարծես թե ելք չունի. միայն դեպի երկինք, դեպի ուր նա նայում է։ Ու հանկարծ շարքում հայտնվում է ամայի աստիճանավանդակի պատկերը․ շշմեցնող է, որովհետև սա շարքի առաջին լուսանկարն է, որում հերոս չկա, բայց այն ակնհայտորեն հերոսի տեսակետն է պատկերում։ Ստացվում է, լուսանկարիչ հերոսը դուք եք՝ միայնակ, չորս պատի արանքում փակված։ Եվ հաջորդ լուսանկարում պատկերված Էդմոնդ Ավետյանը («Մետաֆիզիկ») հաստատ ձեզ է նայում։ Եվ ճաղերի արանքից նայող երեխաներն էլ են ձեզ նայում։ Դուք եք շրջում Կոնդի դատարկ նրբանցքներում ու գյուղական ամայի ճանապարհին։ Եվ վերջում, երբ նայում եք ավազին տպված հեռացող ոտնահետքերին, այդ դուք եք գնում։ Բայց ո՞ւր եք գնում, գիտե՞ք։

 

Ցուցահանդեսի, Գագիկ Հարությունյանի անցած ուղու, արվեստում չնահանջելու և արվեստով հաղթելու մասին զրուցել ենք «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ և Գագիկ Հարությունյանի դուստր Սոնա Հարությունյանի հետ:

 

«Երեք տարի փորձում եմ ձեզ գտնել, ու մի քանի օր առաջ պարզվեց, որ դուք Սոնայի հայրն եք...»

Վիգեն Գալստյան

Arteria.am կայքում՝ 2012 թ-ին հրապարակված զրույցից։

 

-Ի՞նչ եք զգում, երբ ցուցադրում, հանրահռչակում եք ձեր հայրիկի աշխատանքները։

-Ես միշտ Գագիկ Հարությունյանին դիտարկել եմ որպես արվեստագետ։ Դա, հավանաբար, պայմանավորված է այն բանով, որ ինքն էլ երբեք չի խառնել արվեստն ընտանիքի հետ, և լինելով շատ համեստ ու զուսպ մարդ, իր նվաճումները երբեք չի համարել ձեռքբերումներ։ Ու ես շատ շնորհակալ եմ իրեն, որ կարողացել է ինձ և քրոջս այնպես դաստիարակել, որ մենք կարողանանք կայանալ առանց իրեն, այլ ոչ թե որպես էսինչ էսինչյանի աղջիկ։ 

Գագիկ Հարությունյանի առաջին հետահայաց ցուցահանդեսը համադրող Վիգեն Գալստյանն էր առաջարկել անել։ Ինքը չգիտեր, որ ես Գագիկ Հարությունյանի դուստրն եմ։ Այդ ժամանակ ես մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետն էի և ի պաշտոնե ընդունել էի Վիգենին։ Նա առաջարկեց տարբեր նախագծեր, ու երբ ասաց՝ Գագիկ Հարությունյանի ցուցահանդեսն անենք, ես սիրով համաձայնեցի, բայց չասացի որ նա իմ հայրն է։ Շատ շոյված էի, որ երիտասարդ արվեստաբանն ինքն է ցանկություն հայտնել Գագիկ Հարությունյանի արվեստը ներկայացնել հանրությանը։

Դա 2017-ին էր. Գագիկն ասաց, որ պետք է այս սերունդը ձևավորվեր, որպեսզի իր արվեստը տեղ հասներ։ Շատ հետաքրքիր է, որ 70-80-ականներին արված աշխատանքներն այնքան առաջ էին իրենց ժամանակից, որ չափազանց հետաքրքրել էին անկախության սերնդին։ Շատերն էլ մոտենում էին ու խիստ ագրեսիվ ասում էին՝ ինչո՞ւ մենք մինչև հիմա նրան չենք ճանաչել։ Ինձ համար դա անչափ հաճելի էր։ Եվ առանց չափազանցության կարող եմ ասել, որ այդ ցուցահանդեսից հետո մինչև այսօր մենք գրեթե ամեն շաբաթ նամակ էինք ստանում, թե ե՞րբ եք կրկնելու ցուցադրությունը։  

2021-ի նոյեմբերի 30-ին, երբ, ցավոք, Գագիկը լքեց այս կյանքը, ես հիշեցի գերմանացի արվեստագետ Յուրգեն Միդելմանի արձագանքը, որը 2019 թվականին եկել էր Հայաստան և մասնակցում էր Երևանյան գեղարվեստական տպագրության միջազգային բիենալեին ու հանդիպել էր Գագիկի հետ և խոստովանել, որ իր համար շատ հետաքրքիր կլիներ անդրադառնալ նրա  արվեստին։ Ինձ համար շատ կարևոր էր հայ արվեստագետին հայ հանրությանը ներկայացնել օտարազգի համադրողի դիտանկյունից։ «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունն առաջարկեց Յուրգան Միդելմանին կազմակերպել այս ցուցահանդեսը։

Բայց եթե փորձեմ ուղիղ պատասխանել ձեր հարցին, մենք Գագիկ Հարությունյանին առաջին հերթին ներկայացնում ենք որպես հայ գեղարվեստական լուսանկարչության նշանավոր դեմքերից մեկին։ Ու ամեն անգամ այդ աշխատանքն այնքան ինտենսիվ է ընթանում, որ ես մի քանի ակնթարթ եմ ունենում միայն, որ գիտակցեմ, որ սա իրականում իմ հո՛ր ցուցահանդեսն է։

-Վիգեն Գալստյանի հոդվածում ասվում է, որ Գագիկ Հարությունյանը շատ վաղուց է սկսել զբաղվել լուսանկարչությամբ, բայց թողել է այն, երբ ծնողները ստիպել են ուրիշ մասնագիտություն ստանալ։

-Գագիկ Հարությունյանը մանկուց է զբաղվել լուսանկարչությամբ։ Այն ժամանակ պիոներ պալատներում կային պատանի տեխնիկների ակումբներ, որտեղ սովորեցնում էին ինչպես աշխատել լուսանկարչական սարքով, լուսանկարները երևակել և այլն։ Գագիկը 5-6 տարեկանից հաճախել է այդ ակումբը, նույնիսկ որպես լավագույն մանկական լուսանկարիչ մրցանակ է ստացել Մոսկվայում:

Նրա ծնողներն իր կյանքում, առհասարակ, ոչինչ չեն ստիպել, պարզապես այն ժամանակ լուսանկարչական բուհ չի եղել, ու նա ավարտել է հաստոցաշինական տեխնիկումը, աշխատել գործարաններում, բայց երբեք լուսանկարչությունը չի թողել, որովհետև աշխատանքին զուգահեռ միշտ լուսանկարել է։ Հետո արդեն նա ինքն է դա մասնագիտության վերածել, որովհետև ԽՍՀՄ-ում, չնայած մասնագիտական բուհեր չկային, բայց Չեխոսլովակիայում, Հարավսլավիայում հրաշալի ամսագրեր էին լույս տեսնում, և մասնագիտական այդ ամսագրերին հնարավոր էր բաժանորդագրվել։ Գագիկը ստանում էր դրանք ու ինքնակրթությամբ զբաղվում։ Հետո արդեն սկսեց թղթակցել՝ նախ «Կոմսոմոլեց» թերթին, իսկ 1981-ից՝ «Գարուն» ամսագրին։

-Կարդացել եմ նաև, որ երբ Գագիկ Հարությունյանը «հիասթափվել է» լուսանկարչությունից ու թողել այդ ոլորտը, նա ոչնչացրել է իր գրեթե ամբողջ արխիվը։

-Շատ է խոսվել, որ ինքը ոչնչացրել է իր աշխատանքները։ 1990-ականներին, այդ ցուրտ ու մութ տարիներին, երբ ո՛չ վառելիք կար, ո՛չ հոսանք, Գագիկ Հարությունյանը վառարանում այրեց իր աֆրիկյան շարքի ցուցահանդեսի աշխատանքները, որպեսզի ընտանիքը տաքանա։ Իսկ դա մի հրաշալի ցուցահանդես էր։ Առհասարակ, Գագիկ Հարությունյանն առաջին հայ լուսանկարիչն էր, որն այցելել էր Աֆրիկա, ու Երևանում՝ Ժուռնալիստների տան իր ցուցահանդեսում ներկայացրել աֆրիկյան շարքը: Ես հիշում եմ՝ ինչքան մարդ էր եկել։ Մենք՝ քույրիկիս հետ, փոքր էինք ու կորում էինք մարդկանց այդ հոսքում։

Ինչ վերաբերում է աշխատանքները ոչնչացնելուն։ Քանի որ ինքը շատ բծախնդիր էր, կարող էր մի լուսանկարից 100 օրինակ տպել, բայց դրանցից միայն մեկը ընտրել, իսկ մնացածը՝ ոչնչացնել, որովհետև նա դրանք արվեստի գործ չէր համարում:

-Այսինքն, Գագիկ Հարությունյանի ինչ-որ արխիվ ամեն դեպքում կա՞։

-Ոչ թե «ինչ-որ», այլ՝ ահռելի արխիվ, որը պահվում է նրա տանը։ Պահպանվել են իր սևապատկերները, և 20-30 աշխատանք՝ տպված անալոգային եղանակով, բայց դրանք մասնավոր հավաքածուներում և թերթերի խմբագրություններում են։

-Ի՞նչ վիճակում է այդ արխիվը։ Սևապատկերները հնարավո՞ր է կրկին տպագրել՝ գուցեև անալոգային եղանակով։

-Ամեն ինչ էլ հնարավոր է, պարզապես միջոցներ են պետք։ Ես ձեզ հավաստիացնում եմ, որ մենք կարող ենք ամեն տարի մեկը մյուսից բացարձակապես տարբեր ցուցահանդեսներ անել, եթե կարողանանք տպագրել ամբողջը։ Պահպանվել են նաև գունավոր սլայդներ, որոնք Գագիկը նկարել էր Ֆրանսիայում, Բելգիայում, Դանիայում, Հունգարիայում, Մերձբալթյան հանրապետություններում, Գվինեայում, Սենեգալում իր ուղևորությունների ժամանակ։

Իրականում արխիվը շատ մեծ է և շատ մանրակրկիտ ուսումնասիրության ու մշակման կարիքն ունի։ Եվ ընտանիքը միայն շատ ուրախ կլիներ, եթե գտնվեին այդ միջոցներն ու այն մասնագետը, որն ի մի կբերեր ամենը։ Դա պետականամետ աշխատանք կլիներ, որովհետև այս լուսանկարչի միջոցով մենք կարող ենք Հայաստանն իր բոլոր պատմական շրջաններով, իր բոլոր արհավիրքներով, իր մարդկանցով, իր հողով ներկայացնել օտարազգի հանդիսատեսին։ Իսկ դուք գիտեք, որ լուսանկարչությունն այն մեդիան է, որը ոչ թարգմանության, ոչ մեկնաբանության կարիքը չունի։

 

«70-ականների սկզբներին՝ թերթում աշխատելու տարիներին, երբ «Արմենպրեսի» ֆոտոխրոնիկայի արխիվում ինչ-որ նկարներ էի փնտրում թերթում տպագրելու համար, հայտնաբերեցի, որ, կարծես, 50-ականներից առաջ Հայաստանում կյանք գոյություն չի ունեցել։ Ո՛չ գյուղ, ո՛չ քաղաք, ո՛չ մարդիկ, ո՛չ Երկրորդ համաշխարհային պատերազմ, ո՛չ արդյունաբերություն, ո՛չ գյուղատնտեսություն։ Ոչինչ չի եղել։ Հետաքրքրվեցի նաև պետական արխիվում, սակայն պատասխանեցին, որ ոչինչ չունեն․․․ Այդժամ այդ պակասությունը լրացնելու համար որոշում կայացրեցի իմ՝ վավերագրական, լրատվական լուսանկարչությունն ուղղել դեպի գյուղը, քաղաքը, մարդիկ»։

Գագիկ Հարությունյանի՝ 2014-ին լրացված անտիպ հարցաշարից, Վիգեն Գալստյանի անձնական արխիվ։

 

-Ինչպե՞ս էր Գագիկ Հարությունյանի աշխատանքները համադրել Վիգեն Գալստյանը և ինչպե՞ս է համադրում Յուրգան Միդելմանը։

-Վիգենը համադրել էր ըստ Գագիկի շարքերի, բայց դրանցից ընտրել էր լուսանկարների մի մասը միայն։

-Իսկ հեղինակը մասնակցո՞ւմ էր այդ աշխատանքին։

-Անպայման, իրենք միասին են ընտրել, միասին են մշակել։ Դա շատ հետաքրքիր ու բեղմնավոր համագործակցություն էր (ափսոս, երևի պետք էր տեսագրել այդ ամենը), որը տևեց վեց տարի։ Ի վերջո, թվայնացվել ու մշակվել էր 200 նկար, որոնք մենք տպել էինք Սիդնեյում, Փարիզում և Թիֆլիսում։

Իսկ Յուրգեն Միդելմանը այդ 200 աշխատանքից ընտրել է 85 նկար և խմբավորել։ Այսինքն, հավատարիմ մնալով Գագիկի շարքերով աշխատելու սկզբունքին՝ Յուրգենն իր շարքերն է ստեղծել, իր ընտրությունը կատարել է՝ ելնելով պատկերից։ Եվ նրա  շնորհիվ մենք կարողացանք մի շարքում տեսնել այնպիսի աշխատանքներ, որոնք թվում էր թե չէին կարող կողք-կողքի դրվել։

Գիտե՞ք, մեր հանրությունը շատ է վախենում փոփոխություններից, և այդ վախը բոլոր ոլորտներում է։ Իսկ երբ այն նաև արվեստում կա, կարծում եմ՝ մենք ինքներս մեր առջև դռներ ենք փակում։

Կարծում եմ, շատ յուրատիպ ցուցահանդես է ստացվել։ Համադրողի հմտությունը և առաքելությունը հենց այն է, որ նա կարողանում է եղած նյութից ի՛ր պատմությունը ստեղծել։ Եվ դուք պետք է տեսնեիք, ինչպես էր Յուրգեն Միդելմանը «Միրզոյան» գրադարանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ բացատրում՝ ինչու է այս նկարի հարևանությամբ մյուսը դրել։ Չնայած, հանդիպումից հետո ինձ ասաց՝ «Քո հայրիկի կոշիկներն ինձ համար շատ մեծ են»։

-Ցուցահանդեսի բացման արարողությունից մեկ օր առաջ սկսվեց Ադրբեջանի ռազմական ագրեսիան Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Ցուցահանդեսը չանելու, հետաձգելու, ավելի լավ ժամանակի սպասելու ցանկություն չունեցա՞ք։

-Գիտեք, մենք դարերի ընթացքում սովորել ենք նահանջելուն։ Բայց դարավոր դաժան այդ փորձը ցույց է տալիս, որ նահանջելով ոչ մի տեղ չենք հասնում։ 2020 թվականին, երբ սկսվեց Արցախյան երկրորդ պատերազմը, Գեղագիտության ազգային կենտրոնում՝ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ ցուցադրվեց Գագիկ Հարությունյանի արցախյան շարքը։ Եվ այն թեժ պատերազմական օրերին, երբ մեր տղաները զոհվում էին, մարդիկ գալիս էին այդ ցուցահանդեսին։ Գագիկն ասաց․ «Փաստորեն, այս ամենն արդեն պատմություն դարձավ»։

Խորհրդանշական է, որ այսօր էլ՝ նույնիսկ իր մահից հետո Գագիկ Հարությունյանը գտնվում է պատմական իրադարձությունների կիզակետում։ Որովհետև երբ մի տարի առաջ մենք նախանշում էինք ցուցահանդեսի բացման օրը, ոչ ոք չգիտեր, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը վերսկսելու է պատերազմական գործողությունները։

Իսկ բացման արարողության ժամանակ Գերմանիայի փոխդեսպանն ասաց․ «Մենք թույլ չենք տա, որ դաժանությունը հաղթի արվեստը»։ Դեսպանատան բոլոր դիվանագետներն էլ միաձայն ասացին, որ հենց այս ցուցահանդեսը պետք է իրականցվի։ Եվ բացման օրը Պատմության թանգարանի սրահները լեփ-լեցուն էին։ Դա մեծ ազդակ էր բոլորիս համար՝ թշնամին մեզ չի կարող հաղթել, և հե՛նց արվեստի դաշտում չի կարող հաղթել։ Նրանք ուզում են մեր եկեղեցինե՞րը քանդել։ Բայց Գագիկ Հարությունյանի արցախյան շարքում Գանձասարը, Դադիվանքը և բոլոր այդ կոթողներն արդեն արվեստի լեզվով են ներկայացված։

 

P.S. Ցուցահանդեսը բաց է մինչև դեկտեմբերի 25-ը։ Այդ ընթացքում «Մշակութային երկխոսություն» կազմակերպությունը ծրագրում է ներկայացնել Արամ Պաչյանի և Արթուր Սուքիասյանի վավերագրական ֆիլմը Գագիկ Հարությունյանի մասին և իսպանացի ռեժիսոր Պաբլո Գարսիա Կոնդեի՝ 2019-ին նկարահանած վավերագրությունը:

 

Սոնա Արսենյան

Լուսանկարներ՝

1. Հանդիպում Յուրգեն Միդելմանի հետ «Միրզոյան» գրադարանում

2. 1992-95թթ ղարաբաղյան շարքից

 

 

... ...