Ֆրիդա. Բնության ընտրյալն ու ճակատագրից մերժվածը

Դեռահաս աղջնակը պատուհանի մոտ գնալու և քրտնած ապակու վրա մատներով դուռ նկարելու սովորություն ուներ: Նա մտովի բացում էր այդ դուռը, և ո՞վ գիտե` գուցե տեսնում էր իր ալտերէգոյին` այն երկրորդ Ֆրիդային, որին պետք է հետագայում նկարեր իր հետ ձեռք ձեռքի տված: Մեքսիկուհի Ֆրիդա Կալոն էր:

 

«Ֆրիդա`փայտե ոտք»

Տարիներ հետո նրա անվան կողքին դնելու էին «աշխարհահռչակ», «տաղանդավոր», «էպատաժային» բառերը, բայց մանկության տարիներին աղջկան մի անուն էին տալիս` «Ֆրիդա`փայտե ոտք»: Բանն այն է, որ նա 6 տարեկանում վարակվել էր պոլիոմիելիտով, որի հետևանքով աջ ոտքն ավելի բարակ էր ձախից: Այլ կերպ ասած`Ֆրիդան բոլորից տարբեր էր դեռ մանկուց: Նա սովոր էր դրան, սովոր էր նաև ճակատագրի հարվածներին ու հենց սկզբից էլ պարզ էր, որ  նրան վիճակված չէր կանոնավոր կյանք  ապրել, իսկ անցնելիք ուղին էլ չէր խոստանում հարթ լինել: Չնայած իր արտասավորությանը, վեց դուստրերից հոր ամենասիրելին Ֆրիդան էր: Հրեական ծագմամբ գերմանացի հայրը լուսանկարիչ էր, նա հավատում էր դստերը և կարծես կանխազգում էր, որ Ֆրիդային` որպես նկարչուհի, լավ ապագա է սպասվում: Աղջկա մայրը` ճիշտ հակառակը, դեմ էր, որ դուստրը նկարչուհի դառնա: Նա ուզում էր, որ Ֆրիդան լիներ, այսպես ասած, եփող-թափող աղջիկ, որը կարուձևով, տնային տնտեսությամբ կզբաղվեր: Ամեն դեպքում, հայրը ստիպեց, որ Ֆրիդան շարունակի  ուսումը: Բայց այդ ժամանակ հազիվ թե որևէ մեկը կռահեր, որ Ֆրիդան, այո, դառնալու էր մեծ նկարչուհի, որը, սակայն, իր կյանքի մեծ մասն անցկացնելու է... հորիզոնական դիրքում, ուղղակի պառկած:

 

«Արվեստոտ» ավտովթարը, «վտարվածը»

1925-ի աշնանը Ֆրիդան իր ընկերոջ, ըստ որոշ տեղեկությունների, նաև` իր սիրելիի` Ալեխանդրո Գոմես Արիասի հետ համալսարանից տուն էր վերադառնում քաղաքային ավտոբուսով, երբ այն հանկարծակի բախվեց տրամվայի: Վթարը մի քանի մարդու կյանք խլեց, Ֆրիդան ստացավ բազմաթիվ կոտրվածքներ, բացի այդ`վնասվել էին նրա որովայնն ու արգանդը, ինչն ազդեց վերարտադրողական ֆունկցիայի վրա: Բայց նույնիսկ այդ ողբերգական իրավիճակում, երբ Ֆրիդան անգիտակից պառկած էր ասֆալտին, որևէ մեկը չգիտեր`ով էր նա: Անհայտ հանգամանքներում նրա վրայից պատռվել էին հագուստները, ճակատագիրը, որ կարծես թե «սիմվոլիզմի սիրահար էր», մի այսպիսի պատկեր էր պատրաստել. ուղևորներից մեկն իր հետ ավտոբուսով ներկ էր տանում, և այդ վառ, փայլուն ներկը վթարի ժամանակ թափվել էր... հենց նրա վրա: Ու էլի ներկ, բայց այս անգամ` մարմնին... 30 ամիս շարունակ ուժերի ծաղկման շրջանում Ֆրիդան պառկեց հիվանդանոցում: Նա ինքն էլ զարմացել էր, թե այդ ինչպես էր ողջ մնացել: Եվ կարծես ֆիզիկական այդ սարսափելի ցավերը բավական չէին, էլի ու էլի ցավալու էր նրա հոգին: Երբ վթարից հետո Ֆրիդան փոքրիշատե ոտքի կանգնեց, գնաց Ալեխանդրոյի տուն: Բայց նրա առջև նույնիսկ դուռ չբացեցին: Ֆրիդան «վտարված» էր, նա այլևս ոչ ոքի պետք չէր:

 

Շնիկն ու դոդոշը

Կալոն ինքը նշել է, որ իր կյանքի երկրորդ խոշոր «վթարը» հանդիպումն էր նկարիչ և իր ապագա ամուսին Դիեգո Ռիվերայի հետ: «Դու նման ես փոքրիկ շնիկի»,-ասել էր Դիեգոն Ֆրիդային իրենց առաջին հանդիպման ժամանակ: «Իսկ դու նման ես դոդոշի»,-շպրտել էր Ֆրիդան: 22 տարվա տարիքային տարբերությունն առանձնապես չխանգարեց նրանց. Խնդիրը բոլորովին այլ էր: Բանն այն էր, որ Ֆրիդան ընկել էր այնպիսի մի տղամարդու ձեռքը, որն ասում էր. «Որքան ուժեղ եմ սիրում կնոջը, այնքան ուժգին եմ ցանկանում նրան չարչարել»: «Մարդակեր». այսպես էին շրջապատի մարդիկ հաճախ անվանում Դիեգոյին: 1929-ին նրանց հարսանիքն էր, Ֆրիդայի մայրն այս անգամ էլ այդ երկուսի կապին էր դեմ, հայրը կրկին համաձայն էր: Մի բան կար, սակայն, որ երկուսն էլ զգուշացնում էին Դիեգոյին. «Դու հասկանո՞ւմ ես, որ կնության ես վերցնում հիվանդ աղջկա, որի համար պետք է հոգ տանես ողջ կյանքում»: Իսկ պատասխանը մեկն էր. «Հասկանում եմ»:

 

«Նկարի´ր...»

Թե որքան տառապանք պատճառեց Դիեգոն Ֆրիդային` իր անսահման սիրո ու նվիրվածության հետ մեկտեղ, շատերին է հայտնի: Այո´ նա բարդ մարդ էր, այո´ նա դավաճանել էր Ֆրիդային  ընկերուհու հետ և  բացահայտ ապրում էր նրա հետ իրենց տանը, այո´, Ֆրիդան դա նրան երբեք չներեց, բայց մի կողմ թողնելով նրանց անձնական կյանքը, որը բազմիցս է քննարկվել, մի բան չարձանագրել հնարավոր չէ` Դիեգո Ռիվերան նախ` նկատեց Ֆրիդա նկարչուհու տաղանդը, երբ նա դեռ 18 տարեկան էր, ոգեշնչեց նրան և էլի մի շատ կարևոր բան` նա ամրապնդեց Ֆրիդայի   ձգտումը դեպի արմատներ, ինչն էլ նկարչուհու ինքնատիպ ձեռագրի մեխերից մեկն էր: Իհարկե, Ֆրիդան ինքն անկախ բնավորություն ուներ: Ո´չ եվրոպական, ո´չ ամերիկյան բարքերը, որոնց նա պարբերաբար բախվում էր, չշեղեցին նկարչուհուն իր ազգային ավանդույթներից: Նա չփոխեց ինքն իրեն մինչև կյանքի վերջ: Անխոս, Ֆրիդան էլ իր հերթին էր ոգեշնչում Դիեգոյին, և գուցե վերջինս այդչափ հաջողության չհասներ, եթե իր կողքին չունենար Ֆրիդա-նախաձեռնողին, Ֆրիդա-ներվին, որն ասում էր. «Ես սիրում եմ Դիեգոյին ավելի, քան ինձ, և ավելի, քան կյանքը»: Եվ չնայած բժիշկն արգելել էր, Ֆրիդան երեք անգամ փորձեց մայրանալ, երեք անգամն էլ` ապարդյուն: Նա ոչ միայն շատ արյուն կորցրեց, այլև ամենակարևորը`հույսը: Ու ամեն անգամ, երբ Ֆրիդան հերթական էմոցիոնալ անկումն էր ապրում, Դիեգոն միայն մի բան էր ասում. «Նկարի´ր»: Այն փոքրիկ կապույտ տունը, որտեղ ապրում էր Ֆրիդան և որտեղ պահում էր կապիկներ ու թութակներ, աճեցնում էր էկզոտիկ բույսեր, նկարչուհին ամբողջական էր դարձնում իր հավաքած կուլտային առարկաներով: Այդ տունն, ի դեպ, հիմա թանգարան է Մեխիկոյում: Այնտեղ նրա մահճակալն է, անավարտ աշխատանքներն են, որոնցից մեկն էլ ինքնանկար է Ստալինի հետ:

 

Ցուցահանդես` մահից առաջ, մահճակալով

Այն օրերին, երբ Ֆրիդան ու Դիեգոն արդեն երկար ժամանակ բաժանված էին, իսկ նկարչուհին գամված էր անկողնուն, Ֆրիդայի ընկերուհին, հասկանալով, որ նրան քիչ ժամանակ է մնացել ապրելու, Դիեգոյին առաջարկեց կազմակերպել Կալոյի նկարների ցուցահանդեսը: Դիեգոն համաձայնեց: Նա Ֆրիդային ցուցահանդես տարավ... մահճակալով, շտապ օգնության մեքենայի ուղեկցությամբ: Հավաքվել էին աննախադեպ մեծ թվով մարդիկ, ցուցահանդեսն իսկապես տպավորիչ էր: Ֆրիդան հիշում էր, որ այդ տարի լրանում էր իր ու Դիեգոյի ամուսնության 25-րդ տարին: Նա այդ առթիվ Դիեոգոյին մատանի նվիրեց: Երբ Ֆրիդան կյանքից հեռացավ, Դիեգոն երկու գիշեր այլայլված նստեց, բժիշկներին ասում էր. «Չի կարող պատահել, որ նա մահացած լինի, նա դեռ ողջ է»:

Չնայած իր բազմաթիվ վիրահատություններին, Կալոն մահացավ թոքերի բորբոքումից: Նա, ճիշտ է, ունեցավ կարճ կյանք, բայց ապրեց լիարժեք, թեպետ գրեց. «Ես հաճույքով եմ հեռանում այս աշխարհից և հուսամ`այլևս երբեք չեմ վերադառնա»...

 

Աննա Բաբաջանյան

 

 

 

 

 

 

... ... ...