Ֆրանսուա Օզոն. « Ֆրանսիական կինոյում գործերը վատ են»

Ինչպես են գործերը ֆրանսիական կինոյում, երբ է «Netflix»-ը սպանելու բոլորին և Ֆրանսուա Օզոնի նախընտրած ռեժիսորները. այս հարցերի պատասխանները ֆրանսիացի հայտնի ռեժիսորից փորձել է ստանալ «Իսկուստվո կինո» պարբերականի թղթակից Զինաիդա Պրոնչենկոն:  «ArtCollage»-ն իր ընթերցողներին է ներկայացնում հայտնի ռեժիսորի հարցազրույցը:

 

Զինաիդա Պրոնչենկո -Մենք քեզ խնդրել էինք կազմել 21-րդ դարի լավագույն ռեժիսորների ցուցակը, սակայն դու չցանկացար և փոխարենն առաջարկեցիր 20-րդ դարի ռեժիսորների քո թոփ ցանկը։ Ինչո՞ւ։ Ի՞նչն այն չէ ժամանակակից կինոյում: Քո ժամանակակիցներից որևէ մեկը քեզ չի՞ հետաքրքրում, թե՞ մեր դարաշրջանը քեզ չի բավարարում:

Ֆրանսուա Օզոն -Ոչ, ոչ, ոչ մի դեպքում, ես սիրում եմ այն ​​ժամանակը, որում ապրում եմ։ Ամեն դեպքում, ընտրություն չկա, հիմարություն է արհամարհել արդիականությունը։ Եվ այսօր, առավել քան երբևէ, շատ տաղանդավոր հեղինակներ կան։ Օրինակ, «բեռլինյան դպրոցը»՝ իմ սիրելիներն են, հատկապես Քրիստիան Պետցոլդը։ «Ֆրանցի» սցենարի վրա աշխատելու ընթացքում ինձ տանջում էին կասկածները, թե արդյոք ճակատագրական սխալներ կանե՞մ Գերմանիայում տեղի ունեցող դրվագներում։ Ի վերջո, ես դիմեցի Քրիստիան Պետցոլդի օգնությանը։ Նա կարդաց իմ նախագիծը և ճշգրտումներ արեց դրանում՝ շատ օգտակար: Նրա վերջին՝ «Տրանզիտ» ֆիլմը մեծ տպավորություն թողեց ինձ վրա։ «Բեռլինյան դպրոցի»՝ 2000-ականների միանգամայն գիտակցված որոշակի «աուտիզմը» փոխարինվեց ոչ թե ակտիվիզմով, իհարկե, բայց տոնայնությունը urbi et orbi է: «Տրանզիտ»-ում արդեն զգացվում է սառցե քամին, որը թափանցում է այսպես կոչված «գլոբալ» աշխարհ, սա նախկինի պես կամերային դրամայի անհարմար միջանցիկ քամին չէ։

Ինչ վերաբերում է ցուցակին, գիտես ինձ համար ավելի հեշտ է դատել հանգուցյալներին, քանի որ նրանց ժառանգությունն ավարտուն գործ է։ Հետևաբար, քսաներորդ դար՝ Դուգլաս Սիրկ, Մաքս Օֆուլս, Ֆասբինդեր, Էրիկ Ռոմեր, իհարկե, Մորիս Պիալա, Ռոբերտ Օլդրիչ, Էռնստ Լյուբիչ, Բիլի Ուայլդեր։

Իսկ ժամանակակիցներն, դե այսօր ինձ դուր է գալիս նրանց աշխատանքը, բայց վաղը նրանք կվերցնեն ու մի ֆիլմ նկարեն, որն իմ սրտով չէ։ Այս տարի ինձ ուրախացրել են  Լուկաս Դոնտի «Աղջիկը», Կամիլ Վիդալ-Նակեի «Վայրին», Ժան-Պոլ Սիվեյրակի «Իմ գավառացիները»:

Զ.Պ. -Գուցե ես սխալվում եմ, բայց ինձ միշտ թվացել է, որ դու շատ ֆրանսիացի ռեժիսոր ես: Ֆրանսիական կինոյին բնորոշ բոլոր հատկանիշները՝ ընդգծված հեգնանք, դասակարգային գիտակցություն, սքանչելիություն, բուլվարային հումորի անսպասելի  ընդհատումներ. այս ամենը բնորոշ է քո ստեղծագործությանը։ Ո՞րն է ժամանակակից ֆրանսիական կինոյի քո տեսլականը (ճի՞շտ է իմ բնորոշումը) և ինչպե՞ս են գործերը  ֆրանսիական կինոյում:

Ֆ.Օ. -Լիովին համաձայն եմ, և այո՛, այն ամենն, ինչ դու թվարկեցիր, մեր ազգային կինեմատոգրաֆի բնորոշ գծերն են՝ հատկապես դասակարգային գիտակցությունը։ Ինձ միշտ ապշեցրել է, թե որքան արմատավորված է այս սոցիալական ցուցիչը Ֆրանսիայում: Եվրոպական ոչ մի այլ երկրում և, թերևս, աշխարհում, արդեն չկա այդքան հստակ շերտավորում, որը բացարձակ չի փոխվել դարասկզբից ի վեր։ Եվ այո՛, ես ներկայացնում եմ հայրենիքում հավերժ ատելի ու արհամարհված բուրժուական խավը։ Այս ցուցակին ես, թերևս, կհավելեի նաև ձախերի օրակարգը: Ֆրանսիայում իսկական արվեստագետը միշտ ձախ հայացքների տեր է։

Զ.Պ. -Իսկ Մելվի՞լն ու Դելո՞նը:

Ֆ.Օ. -Կան հաճելի բացառություններ, որոնք միայն հաստատում են կանոնը. ընդհանուր առմամբ, այն ամենը, ինչ մենք թվարկեցինք, մասամբ կլիշե է։ «Նոր ալիքի» օրերին  ֆրանսիական կինո անվանում էին պրոլետարիատի մասին զրուցող փարիզյան ինտելեկտուալներին, որոնք բանվորներ չէին տեսել ո՛չ մոտիկից, ո՛չ հեռվից։

Այսօր Գոդարին փոխարինելու են եկել «հանգիստ խիղճ» ունեցող մարդիկ, նրանք, որոնք իբր մտահոգված են միգրանտների կամ նույն երրորդ խավի թշվառությունից: Օրինակ՝ Ռոբեր Գեդիկյանը։ Բարեբախտաբար, ֆրանսիական կինոն ավելի հարուստ է, Գեդիկյանից բացի կա Դեպլեշենը, ոմն Ֆիլիպ Գարելից ոչ պակաս ինտելեկտուալ։ Բայց վերադառնանք կինոյի ինքնազգացողությանը: Ֆրանսիական կինոյում գործերը վատ են, ինչպես ցանկացած այլ եվրոպական ազգային կինոյում։ Ես չեմ խոսում գաղափարների ճգնաժամի, այլ այն մասին, որ մեր ժամանակն անցել է։ Այո, Ֆրանսիայում պետական ​​օգնությունն էական նշանակություն ունի։ Բայց ֆրանսիական կինոն, ինչպես գերմանականը կամ իտալականը, այլևս չի «ճանապարհորդում»: Մեր մշակույթը լավ չի արտահանվում, մենք ներքին սպառման ապրանք ենք։ Արտերկրում մենք քչերին ենք հետաքրքիր։ Եվ անգամ Կաննի կինոփառատոնը չի կարողանում փոխել իրավիճակը։ Տխուր է, բայց փաստ է, իսկ «Netflix»-ը շուտով կսպանի մեզ:

Զ.Պ. - Քանի որ հիշեցիր «Netflix»-ը, ի՞նչ ես մտածում Կաննի կինոփառատոնի և «Netflix»-ի կոնֆլիկտի մասին:

Ֆ.Օ. -Օ, ես կանխատեսել էի այդ հարցը: Էդիսոն-Լյումիերի ընդդիմության ոգով փիլիսոփայական պատասխան չի լինի։ Ամեն ինչ շատ ավելի պարզ է. Կաննը կախված է ֆրանսիական վարձույթի ներկայացուցիչներից, իսկ նրանց գործերը լավ են. Ֆրանսիայում հասարակությունը շարունակում է այցելել կինոթատրոններ:

Բայց «Netflix»-ին զիջելը նման է շախմատում տեմպը կորցնելուն, խորհրդանշական պարտության։ Ուստի Կաննի համար կարևոր էր դիրքերը չզիջել: Բայց նրանք միևնույն է կհանձնվեն։ Ես նաև կարծում եմ, որ վաղ թե ուշ «Netflix»-ը ձեռք կբերի կինոթատրոնների սեփական ցանցը, և հենց այդ ժամանակ կսկսվի ամենահետաքրքիրը։

Զ.Պ. -Իսկ ի՞նչ ես մտածում հակապոռնոգրաֆիկ ֆեմինիզմի և նրա ներկայացուցիչների կրքոտ պայքարի մասին ընդդեմ կանանց օբյեկտիվացման։ Դու կարծես թե շատ խնդիրներ ես ունեցել ֆեմինիստների հետ՝ «Երիտասարդ և գեղեցիկ» ֆիլմից հետո:

Ֆ.Օ. -Ես կարծում եմ, որ կինոն էրոտիզացման արվեստ է։ Գրեթե միշտ իմ կերպարներին ցանկալի եմ դարձնում։ Հեռուստադիտողն անխուսափելիորեն տենչում է էկրանի մարդկանց՝ ոչ միայն կանանց, այլև տղամարդկանց։ Ի դեպ, եթե ինչ-որ մեկը ցանկանում է քեզ, դա ամենևին չի նշանակում, որ դու դառնում ես դոմինանտ որձի զոհ։ Եթե ​​կինը գեղեցիկ է, գլամուրային, ցանկալի, դա չի նշանակում, որ նա պասիվ է։ Իմ ֆիլմերում կանայք միշտ հրաշալիորեն գեղեցիկ են, բայց նրանք միշտ շատ ուժեղ բնավորություն ունեն և լի են ամեն տեսակի ցանկություններով:

Զ.Պ. -Անդրեյ Պլախովի գրքում այսպիսի արտահայտություն կա. «Կինեմատոգրաֆիական իսթեբլիշմենտն Օզոնին չի սիրում»: Դու, ինչպես երգում էր Կլոդ Ֆրանսուան, mal aime ես։ Ինչո՞ւ։

Ֆ.Օ. -Դա պարզունակ է, բայց ես հասկանում եմ, թե ինչ նկատի ունես։ Բանն էլ հենց այդ է, որ իսթեբլիշմենտն ինձ չի սիրում, ոչ թե հանրությունը։ Օրինակ, «Cahiers du cinéma» ամսագիրը երբեք առիթը բաց չի թողնում ինձ չարախոսելու համար։ Բայց ո՞վ է հիմա կարդում Cahiers, մի բուռ սեկտանտներ:

Ինձ հասցեագրված հիմնական մեղադրանքը հնչում է այսպես՝ Օզոնը ժանրից ժանր է ցատկում, մակերեսային ռեժիսոր է։ Մարդիկ սթրեսի մեջ են, քանի որ երբեք չգիտեն, թե ինչպիսին կլինի իմ նոր ֆիլմը։ Նրանք խճճվում են «8 կանանց» կամ էլ «Ավազի տակ» և «Կրկնակի սիրահար» ֆիլմերի միջև։ Ես պարզապես ձանձրանում եմ տարիներ շարունակ նույն բանի մասին խոսելուց:

 

Թարգմանությունը՝ Սեդա Հոգոցյանի