Ֆեդերիկո Ֆելինի. Մարգարեական տեսիլքներ

«Եվ լողում է նավը» «Չինեչիտայի» փոթորկվող ջրերում

Իտալական կինոյի Մաեստրոյի տարեդարձի օրն է. այդ առիթով առաջարկում ենք ընթերցել իտալացի գրող, կոմպոզիտոր, երաժիշտ, ռեժիսոր և սցենարիստ Բենիտո Մերլինոյի «Ֆելինի» գրքից մի հատված այն մասին, թե ինչպես էր ստեղծվում նրա «Եվ լողում է նավը» ֆիլմը:

 

***

1980-ականները իտալական կինոյի լուրջ ճգնաժամի տարիներ էին։ Կինոդահլիճները դատարկվել էին, հասարակությունը նախընտրում էր հեռուստատեսությունը և պոռնոգրաֆիկ տեսաերիզները։ Շատ քիչ արտադրողներ էին մնացել։ Ֆեդերիկոն հարցազրույցներում անընդհատ կրկնում է, որ հասարակությունը տեղափոխվել է մի այլ մոլորակ, որ սա «աղետ է, ապոկալիպսիս, խորտակում»։ 1980 թվականի հոկտեմբերի 6-ին նա գրում է Լոս Անջելես, իր ընկերոջը՝ Դինո Դե Լաուրենտիսին. «Գիտե՞ս, որ մարդիկ այլևս կինո չեն գնում: Հանդիսատես այլևս չկա, ես չգիտեմ, թե ո՞ւր են նրանք գնացել: Նրանք քեզ մոտ չե՞ն։ Եթե ​​այո, նրանց խորհուրդ տուր ժամանակ առ ժամանակ գալ մեր կինոթատրոններ…»,- Ֆեդերիկոյին անսահման սիրող Դինո Դե Լաուրենտիսը պատրաստ է անել ամեն ինչ, որպեսզի նա գա Ամերիկա աշխատելու։ Բայց Մարգուտտա փողոցից հեռու, իր «Կանովա» բարից, դել Պոպոլո հրապարակից, «Չեզարինա» ռեստորանից, Պիեմոնտե, Դե լա Վեկիա Պինետա փողոցներից, Օստիի ռեստորանից, որը նա հատկապես սիրում է, և նույնիսկ Վենետո փողոցից, որը նրան այնքան էլ դուր չի գալիս, հեռու Ֆեդերիկոն իրեն կզգար հայրենիքի հետ կապը կորցրած, նրանից կտրված: Նրան Մաեստրո  անվանող մատուցողները, վարդ վաճառողները, Հռոմի գեղեցիկ, ծեր բնակիչները, զբոսաշրջիկների համար Կոլիզեյում կանգնած գլադիատորները, Վատիկանը հսկող շվեյցարացի անվրդով գվարդիականները, բայց հատկապես «Չինեչիտայի»՝ նրա  այդքան սիրելի մթնոլորտը. այս ամենին այնքան կկարոտեր այնտեղ: Ամերիկա գնալ հիմա՝ վաթսուն տարեկանում, երբ այնքան լավ էր Հռոմում, անհեթեթ էր թվում։ Այդ է վկայում նաև էսսեիստ Պիետրո Չիտատին՝ «Ռեսպուբլիկա» ամսագրի 2003 թվականի նոյեմբերի 1-ի հոդվածում. «Նա չէր սիրում ճանապարհորդել, այցելել Հոլիվուդ, Փարիզ կամ Տոկիո: Ամեն օտար բան ձանձրույթ էր պատճառում նրան։ Առավոտյան ութին հեռանալ Մարգուտտա փողոցից, քայլել դել Բաբուինո փողոցով, նայել հրատարակիչ Ֆելտրինելիի ցուցափեղկերին, դել Պոպոլո հրապարակում դիմավորել արևի առաջին ճառագայթները, նստել «Կանովա» բարում և սուրճ պատվիրել, զրուցել մատուցողի կամ տաքսու վարորդի հետ, զանգել... Այս ամենը նրան շատ ավելի հետաքրքիր էր թվում, քան Տիբեթը կամ Ատլանտիդան ուսումնասիրելը»:

Եվ, այնուամենայնիվ, Ամերիկա ուղևորությունն իրականացավ, երբ հոգնած վարչական քաշքշուկներից, պաշտոնյաների ​​իներտությունից և չիրականացած նախագծերից՝ Ֆեդերիկոն ամերիկյան մի ընկերության առաջարկեց ստեղծել Ամերիկայի դիմանկարը՝ «տղայական, կոպիտ, կոշտ, բայց՝ հմայիչ», որը կպատկերեր մեկ օր Դիսնեյլենդում: Նախագծի գաղափարը վերջնականապես մշակելու համար նա պետք է երեք ամիս անցկացներ միացյալ նահանգներում: Բայց արդեն առաջին շաբաթվա վերջում նա հասկացավ որ բավական է: Բացի այդ, նա տեղեկություն ստացավ, որ մոր առողջական վիճակը վատացել է։ Եվ նա որոշում է վերադառնալ։

Հռոմում Ֆեդերիկոն Տոնինո Գուերայի հետ սկսեց աշխատել ոչ մեծ սցենարի վրա, որը նրանք արագ գրեցին 1979 թվականի ամռանը։ Մի անգամ «Չինեչիտայում», երբ նրանք դեմ դիմաց աշխատում էին, Ֆեդերիկոն անսպասելի  հարցրեց.

-Ի՞նչ ես մտածում:

-Հիշեցի անցյալ տարվա գարնանը Մարիա Կալլասի մոխիրը Էգեյան ծովում ցրելու արարողությունը։

«Եվ լողում է նավը»։ Ֆիլմի սկիզբը համր ֆիլմերի դարաշրջանի վավերագրական լրահոսի ժապավենի ոճով է: 1914 թվականի հուլիսին Նեապոլի նավահանգստում, այնպիսին «ինչպիսին դարասկզբի դեղնած լուսանկարներում է», «Գլորիա Ն» շքեղ նավը մեկնում է նավարկության: Լրագրող-թղթակիցը ներկայացնում է նավի վրա գտնվող նրբաճաշակ վերնախավին: Նրանք օպերային երգիչներ, երաժիշտներ, արիստոկրատներ, հայտնի երգչուհի Էդմեա Տետուայի ընկերներն ու կրքոտ երկրպագուներն են։ Նրանք բոլորն ուղեկցում են օպերային դիվայի մոխիրը, որը, նրա կտակի համաձայն, պատրաստվում են ցրել ծովի վրա՝ այն կղզու մոտ, որտեղ նա ծնվել է։ Աստիճանաբար համր ֆիլմը դառնում է հնչյունային, սև-սպիտակը՝ գունավոր։ Նավի տախտակամածում գեղեցկուհի սոպրանոն է, որը փորձում է իմանալ իր մահացած մրցակցի գաղտնիքները, ռուս երգիչը, որը հիպնոսացնում է կանանց իր զարմանալի բասով, դերասանը, որին գրգռում են անձնակազմի նավաստիները: Ուղևորների թվում են անգլիացի բարոնը և նրա նիմֆոմանուհի կինը, Պրուսիայի մեծ դուքսն իր կույր արքայադուստր-քրոջ և շքախմբի հետ, օկուլտիզմի հետևորդներ, իսկ նավամբարում ռնգեղջյուր կա։ Նավարկության ընթացքում հեռագրով լուր է փոխանցվում նավ. Սարաևոյում սերբ ուսանողը սպանել է էրցհերցոգ Ֆերդինանդին և էրցհերցոգուհի Սոֆիային: Մի քանի օր անց նավապետը նավ է նստեցնում սերբ նավաբեկյալների, որոնք փախել էին մահափորձից հետո Ավստրիայի կողմից գրավված երկրից։ Բայց Մեծ Դուքսը և նրա շքախումբը կասկածում են, որ այդ սերբերն անարխիստներ են... Ավստրո-Հունգարական ռազմանավը մոտենում է «Գլորիա Ն»-ին և պահանջում է արտահանձնել սերբ ահաբեկիչներին։ Նավապետը սկզբում փորձում էր դիմադրել, բայց, ի վերջո, ստիպում է սերբերին տեղափոխվել նավակներ։ Ռազմանավին մոտենալիս սերբերից մեկը ինքնաշեն ռումբ է նետում նրա վրա, ինչին ռազմանավը պատասխանում է թնդանոթային կրակահերթով։ Ռումբից վնասված «Գլորիա Ն»-ն սկսում է սուզվել, այն դեպքում, երբ մոխիրը ցրելու ծեսով տարված ուղևորները, կատարում են երգչախմբի հատվածը՝ Վերդիի «Աիդայից»: Ֆիլմն ավարտվում է փրկարար նավակի կադրերով, որում լրագրողն ու ռնգեղջյուրն են, որոնք փրկվել են նավաբեկությունից:

Երեք տարի խոսում էին ֆիլմը նկարահանելու մասին՝ էյֆորիա։ Հետո դադարեցին դա քննարկել՝ հիասթափություն։ Վերջապես նորից սկսեցին խոսել դրանից մի այլ  ֆիլմ ստեղծելու մասին։ Ֆեդերիկոն արդեն կտրել էր հույսը, որ իր նավը նավարկելու է, երբ որոշվեց ֆիլմը նկարահանել «Gaumont» և «Film-A2» ընկերություների, պրոդյուսերներ Ֆրանկո Կրիստալդիի և Դանիել Տոսկանա դյու Պլանտիեի հետ համատեղ արտադրությամբ:

Դա թույլ տվեց Ֆելինիին 1982 թվականի նոյեմբերի 15-ին վերջապես «բարձրացնել խարիսխը»։ Դեկորացիան ստեղծում էր Դանթե Ֆերետտին՝ հարյուրավոր փաստաթղթերի և լուսանկարների հիման վրա մանրակրկիտ վերարտադրելով նավամբարը, շարժիչի հատվածը, նավախցիկները, կամրջակները, միջանցքները, ռեստորանը, որի պատերին կախված էին Ռինալդո Գելենգի և նրա որդու՝ Ջուլիանոյի նկարները, որոնք ներկայացնում էին Լոնդոնի, Փարիզի, Վենետիկի, Կահիրեի, Հռոմի բնապատկերները։ «Գլորիա Ն»-ն «Chinecitta»-ի ջրերով նավարկեց մինչև 1983 թվականի մարտի 17-ը։ Ցնցումների իմիտացիա ստեղծելու նպատակով նավի վրա գտնվող ռեստորանի սրահը ցնցում էին հատուկ հիդրոմեխանիկական սարքի օգնությամբ։ Պոմպի միջոցով դուրս հեղվող ջուրը փոթորկվող ծովի պատրանք էր ստեղծում։ Բայց երբեմն Ֆեդերիկոն նկարահանում էր նաև իրական ծովը, երբեմն՝ ամբողջ օրվա ընթացքում։

Մի անգամ Ֆելինին ասել է. «Ֆիլմն ունի հատուկ գունային լուծում՝ կարմիր, երկնագույն, կանաչ երանգները կորցնում են իրենց ագրեսիվությունը՝ հիշողությունները խլացված երանգներով փոխանցելու համար։

...Ֆիլմը ներկայացված է որպես կինոկտակ։ Ֆիլմ կինոյի մասին, այն մասին, թե ինչ է այն պատկերում. իրականություն, որը ցանկանում էր վկայել մեկ այլ իրականության մասին, բայց պարզվեց, որ շատ հեռու է դրանից…»:

Պրեմիերան տեղի ունեցավ Վենետիկի կինոփառատոնում՝ 1983 թվականի սեպտեմբերի 10-ին։ Ակնթարթային հաջողություն, միակարծիք մամուլ, բազմաթիվ արձագանքներ, հարցազրույցներ և զեկույցներ: Բոլորը գլուխգործոցի մասին են խոսում։ Նույն ոգևորությամբ ֆիլմն ընդունեցին Փարիզում՝ 1984 թվականի հունվարին։ Ամերիկայում, ընդհակառակը, ընդունելությունն ավելի սառն էր։

Վենետիկում հաղթարշավից 15 օր անց Ռիմինիի քաղաքային իշխանությունները ֆիլմի նորամուտի առիթով Ֆելինիի օր են կազմակերպում: Սեպտեմբերի 25-ին տոնականորեն լուսավորված Գրանդ հոթելը փայլում էր «Ամարկորդի» «Ռեքս» օվկիանոսային նավի պես: Այնտեղ էին հավաքվել ավելի քան մեկուկես հազար հրավիրյալներ, հեռուստատեսային տեսախցիկները հեռարձակումներ էին անում։ Քաղաքապետարանը հանդիսավորապես Ֆեդերիկոյին և Ջուլիետային հանձնեց նավահանգստում գտնվող տան բանալիները և մաղթեց, որ նրանք երկար վայելեն «անառակ» որդուն իր հայրենի քաղաքի այդ նվերը։ Ֆելինին, հուզված, ջերմորեն շնորհակալություն հայտնեց այդ ժեստի համար։ Շուտով նրանք տեղեկանում են, որ տունը գործնականում փլվում է, ավելին՝ այն դեռ պատկանում է նախկին սեփականատիրոջը, որը մինչև այժմ միայն կանխավճարն է ստացել։ Եվ քանի որ, չկար նաև համայնքի համապատասխան որոշումը, չգտնվեց մեկը, որ կվճարեր արժեքի մնացած մասը։ Այս տհաճ միջադեպը շատ դառնացրեց Ֆեդերիկոյին...

 

Թարգմանությունը՝ Սեդա Հոգոցյանի