«Հերոսը». «Ֆարհադին շատ ֆարհադիական ֆիլմ է ստեղծել»

Իրանցի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր, օսկարակիր, «Սեզար» և «Ոսկե գլոբուս» կինոմրցանակների դափնեկիր Ասղար Ֆարհադին Կաննի կինոփառատոնի նախընտրած ռեժիսորներից է: Այս տարի նա արդեն չորրորդ անգամ մասնակցեց եվրոպական ամենահեղինակավոր կինոստուգատեսին, Կաննի 74-րդ միջազգային կինոփառատոնում ներկայացնելով իր «Հերոսը» ֆիլմը: Նախորդ տարիներին նա արդեն մասնակցել էր փառատոնին իր «Անցյալը» (2013), «Կոմիվոյաժորը» (2016), «Բոլորը գիտեն» (2018) ֆիլմերով: Եթե Իսպանիայում նկարահանած նրա «Բոլորը գիտեն» ֆիլմն ազդարարում էր 2018 թվականի Կաննի կինոփառատոնի բացումը, ապա «Հերոսը» ընդգրկված էր հիմնական մրցութային ծրագրում: Ասղար Ֆարհադին այս ֆիլմի համար արժանացավ կինոփառատոնի Գրան պրիին, կիսելով այն ֆինն ռեժիսոր Յուհո Կուոսմանենի հետ, որը նույն մրցանակը ստացավ «Կուպե համար վեց» ֆիլմի համար:

«Franceinfo»-ի բնորոշմամբ այս ֆիլմում ռեժիսորը հավատարիմ է մնացել  ընտանեկան թեմատիկային, որի խառնաշփոթություններով լի սյուժեն թրիլեր է հիշեցնում, իսկ ռուս քննադատ Անտոն Դոլինն այն բարոյական թրիլերի վիրտուոզ օրինակ է համարել:

Ֆարհադիի Ֆիլմի գլխավոր հերոսը՝ Ռահիմը, պարտքերը չվճարելու պատճառով հայտնվում է բանտում: Եվ ասես ճակատագրի հեգնանքով նրա ընկերուհին ոսկով լի մի պայուսակ է գտնում և առաջարկում նրան այդ գումարով փակել իր պատքը: Սկզբում Ռահիմը գայթակղվում է, սակայն խիղճը տանջում է նրան, և նա գումարը վերադարձնում է տիրոջը: Տեղեկանալով այդ մասին, բանտապետը սոցիալական ցանցերի միջոցով հանրայնացնում է այդ պատմությունը…

Եվրոպական կինոյի «cineuropa» հարթակը ներկայացնում է Յան Լումհոլդի զրույցը Ասղար Ֆարհադիի հետ, որը տեղի է  ունեցել նախքան նրա մրցանակ ստանալը:

 

 

«Հերոսը» Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված և ամենաշատ սպասված ֆիլմերից մեկի խաբուսիկ վերնագիրն է: Իրանցի ռեժիսոր Ասղար Ֆարհադին, որն ինքն էլ ինչ-որ առումով հերոս է, «Բոլորը գիտեն» ֆիլմով Իսպանիայի տարածք ներխուժելուց հետո, վերադառնում է իր հարազատ երկիր և կրկին խորապես ընկղմվում իրանական կյանքի հորձանուտի մեջ: Այս անգամ ճակատագրի մատուցած անակնկալները բացահայտվում են այն դժվարությունների միջոցով, որոնց բախվում է ազատազրկման դատապարտված պարտապանը, որը հերոսական քայլ է կատարում իր ազատությունը վերագտնելու համար:

«Cineuropa»- Կարո՞ղ եք մեզ համառոտ պատմել ձեր վերջին միջազգային ֆիլմի և այս զուտ իրանական պատմության միջև ընկած ձեր ճանապարհի մասին:

Ասղար Ֆարհադի -Այսպիսով, իսպանական ֆիլմից հետո ես պետք է կրկին աշխատեի արտասահմանում մեկ այլ նախագծի վրա, սակայն երբ վերադարձա Իրան, զգացի, որ պետք է ինչ-որ բան անեմ տանը, և որոշ ժամանակ մտորում էի այդ պատմության մասին: Վերադարձը մեզ քաջ ծանոթ միջավայր, որտեղ ապրում են ձեր ընկերները, և որտեղ մենք մեծացել ենք, միշտ շատ հարմարավետ ու խիստ արդյունավետ է լինում: Մյուս կողմից, ես այդպես էլ չկարողացա ասել, թե որն է ավելի լավ. ավելի հեշտ է ֆիլմ նկարահանելը Իրանում, թե՞ արտասահմանում: Չգիտեմ։ Երկու դեպքում էլ կան առավելություններ ու թերություններ, բայց, ընդհանուր առմամբ, ես նախընտրում եմ ֆիլմեր ստեղծել Իրանում:

«Cineuropa»- Կարո՞ղ եք մեզ ավելի մանրամասն պատմել, թե ինչո՞ւ եք որպես այդ պատմություն զարգացման հիմք ընտրել Շիրազ քաղաքը:    

Ասղար Ֆարհադի -Սա առանձնահատուկ վայր է, որը պաշտում են իրանցիները։ Այս քաղաքը խորհրդանշում է անցյալի փառքը, հետևաբար իրանցիները շատ մեծ կարոտով են հիշում այդ դարաշրջանը՝ նախաիսլամական հերոսների և հուշարձանների պատճառով, բայց նաև մեծ իսլամական բանաստեղծների, որոնք այնտեղ ստեղծագործել են ավելի ուշ: Սա ազգային հպարտության մի տեսակ է, և այդ հպարտության կշիռը ֆիլմի թեմային յուրահատուկ աստառ է տալիս, որոշակի երանգ է հաղորդում, որը չէր լինի, եթե այս պատմությունը տեղի ունենար Թեհրանում: Շիրազի մարդիկ շատ չեն լարվում ու շատ ավելի հասարակ են ապրում: Մենք մոտ 60 հոգուց բաղկացած խմբով ոսկու խանութում մի տեսարան նկարահանեցինք: Ամենուրեք ոսկի կար, իսկ տերն այնտեղ չէր: Եկավ մի պահ, որ ես սկսեցի անհանգստանալ, որ այս մարդը մեզ թողել է այստեղ՝ այս ամբողջ ոսկու մոտ: Ես գտա նրան փողոցի մյուս կողմում. նա հանգիստ իր համար զովանում էր ստվերում: Դա Շիրազի մտածելակերպի գերազանց նկարագրությունն է. այնտեղ հոյակապ մարդիկ են:

«Cineuropa»-Ֆիլմում այս տեսակետի լավագույն ներկայացուցիչն, անկասկած, Ռահիմի համակրելի աներձագն է՝ Հուսեյնը:

Ասղար Ֆարհադի -Այո, նա ինքնին անմեղության մարմնավորում է: Թեհրանում նման բան չես գտնի։

«Cineuropa»- Ռահիմի հերոսի «կարիերան» ցույց է տված այն հանգամանքի միջոցով, որ նա միանգամից հայտնվում է ինչպես հեռուստաեթերում, այնպես էլ սոցիալական ցանցերում, և այս ամենը կատարվում է յուրահատուկ իրանական համատեքստում: Ինչպե՞ս եք դիտարկում այս երևույթը:

Ասղար Ֆարհադի -Հնարավոր առավելագույն իրատեսությամբ: Այն իրանցիները, որոնք կդիտեն այս ֆիլմը, այլ կերպ կտեսնեն սոցիալական ցանցերը, քանի որ դա մի տարածք է, որտեղ կարելի է բավականաչափ ազատ արտահայտվել: Այն վերահսկվում է, բայց ոչ կառավարության կողմից: Հեռուստատեսությունն, իհարկե, ևս վերահսկվում է, և երբ մարդիկ ասում են. «Ձեզ ցույց են տալիս հեռուստատեսությամբ»,  դա նշանակում է, որ դուք կառավարության կողմից եք, և տվյալ պարագայում դուք նրանց տեսանկյունից հերոս եք համարվում: Մյուս կողմից, սոցիալական ցանցերը գաղափարների փոխանակման ամենատարածված ձևն է, որն իրականացվում է փոքր-ինչ պարտիզանական պատերազմի ոճով:

«Cineuropa»-Ռահիմը հայտնվում է բանտում իր մյուս աներձագի պատճառով, որին նա վարկի գումար է պարտք և որը, թվում է, թե կարող է չեղյալ հայտարարել պատիժը: Ինչպե՞ս է աշխատում այս համակարգը:

Ասղար Ֆարհադի-Դա արվում է բոլորովին այլ կերպ, քան ընդունված է ձեզ մոտ՝ Եվրոպայում: Երբ ինչ-որ մեկը մյուսին գումար է պարտք, և եթե այդ անձը բողոք է ներկայացնում, այդ դեպքում դուք կարող եք հայտնվել բանտում: Բայց եթե հաջորդ օրը այդ մարդը գա ու ասի, որ այլևս չի ուզում այդ գումարը, ապա դուք ազատ եք։ Դա վերաբերում է նաև սպանությանը. եթե զոհի ընտանիքը որոշի մարդասպանին ներում շնորհել, նա ազատ արձակվելու շանս ունի: Սա մի համակարգ է, որի շարժիչ ուժը զայրույթն ու նախապաշարմունքներն են, ու այդ զգացմունքները պետք է որոշեն ինչ-որ մեկի ճակատագիրը: Սա արդարացի չէ:

«Cineuropa»- «Ֆարհադին շատ ֆարհադիական ֆիլմ է ստեղծել». Ի՞նչ եք մտածում «Հերոսի» այսօրինակ նկարագրության մասին:

Ասղար Ֆարհադի -Ֆիլմը շարադրվում է իմ շատ բնական, ինքնաբուխ ու անձնական պատմելաոճով, անկախ այն բանից, թե որն է պատմության թեման: Դա իմ շեշտադրումն ու իմ ինտոնացիան է, և ես դրան ոչ մի դիմադրություն չեմ ցուցաբերում, բացի նրանից, որ ամեն անգամ այս ամենը հետազոտելու համար փորձում եմ զարգացնել տարբեր ասպեկտներ, ավելացնել նոր երանգներ, այնպես, որ այն չդառնա կրկնության նման մի բան:

 

Թարգմանությունը ֆրանսերենից՝ Նունե Գալստյանի