Էվրիկա

***

Իսկ դու էդպես էլ
գլխի չես ընկնի,
որ մենությունը
պատուհանիցդ
ներհոսող
լույսն է,
որից ցավում են աչքերդ,
կապրես՝
չհասկանալով, որ կյանքը 
հավերժական մենության կայանն է՝
նրա անսկիզբ ու անվերջ

տխուր վարիացիան,
եւ ուրեմն քնիր կամ՝ մեռիր,
որ չիմանաս անհրաժեշտ
բայց անտանելի
ճշմարտությունը։
Գիշերը՝ սքանչելի հիպնոզ
թող էս անգամ էլ
խաբի քեզ
ու մենությանը,
քեզ ու սինթետիկ աշխարհին,
քեզ ու շարունակ
մեռնել կամ ապրել երազող
ստվերներին,
մարդացող մեքենաներին ու
AL ին։

Քնիր կամ մեռիր,

(այլ ելք չկա)
մինչ բացվի
անշունչ դեմքը
կրկնության առավոտի։

***
Էվրիկա-1

 

Դուք մեռնելու եք՝

շուտով,
լո՞ւրջ,
եւ ինչպե՞ս,
կամ՝ ինչից,-
համարձակվեցի հարցնել
ինքնագոհ սեքսուալ կախարդուհուն,
որն իր իսկ արձակած
ծխի ամպի մեջ
էքստազի էր հասել:
Ավտովթարի՛ց,- նետեց,
սառն ու իմիջիայլոց։
Էվրիկա՛,- գոռացի ծիծաղելով,
ինչպիսի ճշգրիտ գուշակություն,
միայն թե թույլ տվեք
մի շտկում. 
ձեր սատանաները,
աստվածները կամ դեւերը
կարծես թե մի փոքր թերացել են.
էդքան էլ լավ չեն հիշում 
խղճուկ բանաստեղծիս կյանքը,
ոնց թե,-մռթմռթաց կինը։
Հենց ըտենց,-ասացի,
ես տասներեք տարի

առաջ եմ մեռել՝
սիրելիիս ու չծնված տղուկիս հետ

ավտովթարում:
Մենք ծխացող երկաթի մեջ միացանք,
մահվան վերջին շնչով,
բայց հիմա նստած եմ ձեր դիմաց՝
«կենդանի»
զարմանալի է՞, չէ։
Տեսնո՞ւմ եք՝
գերբնական հիմարություն է
կյանքը,
ինչպիսի աբսուրդ,
եւ ինչո՞ւ ես փրկվեցի,-
գոռում եմ՝
ինքնատիրապետումս կորցրած,
ասես հիշողությունն է գոռում իմ բերանով.

կամ գուցե չծնված որդիս է՝

մոխրոց հրեշտակներից հառնել

գոռում

իմ բերանով…

Չգիտեմ…
Կինը հուզված ձեռքը դնում է ուսիս,
սրբում է արցունքի սեւ տուշը,
ապա շշնջում է ականջիս.
դուք չմեռաք, որ բանաստեղծեք,

սերը՝

չմեռնող բանաստեղծություն է…



***
Էվրիկա-2


Իմ գնալուց հետո,

նա նստած մնաց երկար,
գլխիկոր նայեց տարո քարտերին,
տխրությունը սառեց սենյակում,
թեթեւ դող զգաց,
ջերմանալու համար մի գավաթ
գինի խմեց,
հետո կանչեց իր սիրելի դևերին,
բանի տեղ չդրեցին,
ձանձրացել էին
սրիկաները,
ավելի երիտասարդ ու սիրուն 
կախարդուհիների էին գտել։
Կինը կանչեց Աստծուն,
ապարդյուն.
վերջինս չէր կարողանում
հաղթահարել
երկնքի ու երկրի
անանցանելի, լաբիրինթոս-խցանումները,
հետո կանչեց իր սիրելի մեռելներին,
չեկան՝ քնել էին

վիթխարի մենության
փոսերի մեջ,
ուստի արագ վառեց մի թերթ,
կրակի տվեց սենյակը
ու իբրև նոր Դարկ
շտապեց գեղեցիկ մեռնելու…
 

Վարդան Սմբատյան