Էտտորե Սկոլա. «Կինոն պատասխաններ չի տալիս, այլ կասկածներ է առաջացնում»

2011 թվականի ամռանը կինոաշխարհը և մեծ էկրանը լքելու իր որոշման մասին պաշտոնապես հայտարարեց եվրոպական կինոյի մեծ վարպետներից մեկը՝ Էտտորե Սկոլան: 80-ամյա կինոռեժիսորը, որ շարունակում էր ակտիվ մասնակցությունը տարբեր կինոնախագծերին ու սկսել էր հերթական ֆիլմի նկարահանման աշխատանքները, միանգամայն անսպասելի խզեց իր բոլոր ստեղծագործական ու գործնական կապերը  երկարամյա գործընկերների հետ՝ հրապարակավ հայտարարելով, որ այդ խզումը ծնվել է իր ազատությունը պահպանելու ցանկությունից, և որ կինոն այլևս նախկին  երջանկությունը չի պարգևում իրեն: Շուկայի պարտադրանքի հանդեպ այս յուրօրինակ ընդվզումով ավարտվեց իտալական կինոյի ամենայուրահատուկ պատումների շարքը, որ սկսվել էր նախորդ դարի 60-ականների սկզբին:

Սկոլան այն եզակիներից էր, որ իր ֆիլմերի մեծ հանրային հնչեղությունը, սոցիալական անհանգստությունն ու տագնապները ներդաշնակում էր մեծ կինոգեղագիտությամբ, առանձին դեպքերում նաև՝ կինոպոեզիայով: Հենց այդպիսին էր նրա հրաշալի «Պարահանդես» ֆիլմը, որում առանց մի բառ հնչեցնելու, բացառապես երաժշտության և պարային պլաստիկայի միջոցով նա էկրանից ամենադրամատիկ իրողությունների մասին պատմում էր մեծ քնարականությամբ ու սիրով: Իսկ ամեն ինչ սկսվել էր «Մարկուս Ավրելիուս» ամսագրից, որի համար Հռոմի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ուսանողը որպես նկարիչ էսքիզներ և կոմիքսներ էր անում: Հենց այստեղ էլ նա հանդիպեց Ֆելինիին և սկսվեց մեծ վերելքի պատմությունը։ Փոքր-ինչ ավելի ուշ Սկոլա անունն արդեն ասոցացվում էր գրոտեսկի ու ծիծաղի, հեգնանքի ու սարկազմի, քնարականության և մեծ սիրո հետ, որի անունն Իտալիա էր: Սկոլան նախընտրում էր էկրանից հայրենակիցների և աշխարհի հետ խոսել ոչ այնքան հաճելի ու հարմար բաների մասին, ծիծաղել արցունքի միջից ու հիշեցնել, որ կյանքում ամեն ինչ այնքան էլ պարզ և միանշանակ չէ: Սկոլայի ֆիլմերում իրենց լավագույն կերպարներն էին կերտում իտալական կինոյի ամենահնչեղ անունները՝ Սոֆի Լորենը, Մարչելո Մաստրոյանին, Ալբերտո Սորդին, Վիտտորիո Գասմանը։

Էտտորե Սկոլան կյանքից հեռացավ 2016 թվականին և նույն տարվա նոյեմբերին խաղարկային, փաստագրական և կարճամետրաժ ֆիլմերի Ռուս-իտալական կինոփառատոնն իր ծրագրում ներառեց «Ծիծաղով և կատակելով. Իտալացի ռեժիսորի դիմանկարը» վավերագրական ֆիլմը՝ նվիրված իտալացի մեծ ռեժիսորի հիշատակին: Այդ ֆիլմն Իտալիայում արդեն նվաճել էր «Արծաթե ժապավեն» մրցանակը՝ տարվա լավագույն վավերագրական ֆիլմի համար։ Ֆիլմի մոսկովյան ցուցադրության առիթով «Վեչերնայա Մոսկվա» պարբերականի  թղթակիցը զրուցել է Էտտորե Սկոլայի դստեր՝ Սիլվիա Սկոլայի հետ, որը քրոջ՝ Պաոլայի հետ համագործակցությամբ նկարահանել է հոր մասին «Ծիծաղով և կատակելով. Իտալացի ռեժիսորի դիմանկարը» վավերագրական ֆիլմը:

 

-Պատմեք , թե ինչպես են ընթացել ձեր ֆիլմի աշխատանքները:

-«Դիմանկարի» հիմնական գաղափարը հորս հետ խոսելն ու նրան նոր հարցեր տալն էր՝ մասամբ օգտագործելով նրա նախորդ հարցազրույցներից պատասխանները։ Մենք ցանկանում էինք հնարավորինս քիչ հոգնեցնել նրան. նկարահանումները տևել են ընդամենը երկու օր՝ նրա մահվանից մեկ տարի առաջ (ռեժիսորը մահացել է 2016թ. հունվարին) և միևնույն ժամանակ առավելագույն լավ ցույց տալ նրա ստեղծագործական ուղու տարբեր փուլերը՝ որպեսզի պատմենք հորս մասին և՛ որպես  արվեստագետ և՛ որպես մարդ, ցույց տանք նրա ռեժիսորական մոտեցման առանձնահատկությունները և նրա բնավորությունը, անհատական որակները։ Հատկապես՝ ծիծաղելու ցանկությունը, որով նա միշտ տարբերվում էր, և որը նա փոխանցել է մեզ։

-Որոշ ֆիլմերում դուք աշխատել եք ձեր հոր հետ: Պատմեք, ինչպիսի՞ն էր նա նկարահանման հրապարակում:

-Միշտ ատել եմ նկարահանման հրապարակում լինելը՝ դեռ մանկուց: Հաճախ էի գալիս հայրիկի մոտ, բայց սովորաբար հաջողվում էր միայն նրան հեռվից բարևել, որովհետև երբ ֆիլմի աշխատանքներն արդեն ընթանում են, բոլորը շատ զբաղված են, և այցելուները միայն աշխատողների ոտքի տակ են ընկնում։ Թեև հորս նկարահանման հրապարակներում մթնոլորտը միշտ հանգիստ էր, նկարահանվող կտորների արանքում բոլորը շատ ծիծաղում էին: Ես երբեք չեմ լսել, որ նա ձայնը բարձրացնի որևէ մեկի վրա՝ նույնիսկ դժվարին իրավիճակներում։

-Ինչպե՞ս Ձեր և Ձեր քրոջ վրա ազդեց այն փաստը, որ ձեր հայրը զբաղվում էր կինոյով։ Նա Ձեզ տանո՞ւմ էր նկարահանման հրապարակ: Հավանություն տալի՞ս էր  Ձեր կյանքը կինոյի հետ կապելու որոշմանը։

-Հորս ազդեցությունն իմ ու Պաոլայի վրա հսկայական է. և՛ որովհետև նա սիրող, ուշադիր հայր էր, և՛ որովհետև մանկուց մեզ ներգրավվում էր ռեժիսորական աշխատանքների մեջ։ Նա սցենարները տալիս էր մեզ կարդալու, պատմում էր, թե ինչի վրա է հիմա աշխատում, տանում էր նկարահանման հրապարակ, հետո մոնտաժային ու ձայնագրման ստուդիաներ։ Նա թույլ էր տալիս մեզ հետևել աշխատանքի ամբողջ գործընթացին՝ հարցնելով մեր կարծիքը, որպեսզի «հաշվի առնի այլ տեսակետներ»՝ ինչպես նա միշտ կրկնում էր, և, կարծում եմ, պարզապես մեզ հետ ավելի շատ լինելու համար, որովհետև դա իր համար շատ կարևոր էր։ Երբ մենք մեծացանք, Պաոլան մի քանի տարի նրա անձնական օգնականն էր, մինչև նա երեխաներ ունեցավ, իսկ ես սկսեցի նրա հետ սցենարներ գրել և դա անում էի մինչև վերջ:

-Հարցազրույցներից մեկում Էտորե Սկոլան ասել է, որ կինոն կարող է փոխել մարդու աշխարհընկալումը։ Դուք համաձա՞յն եք նրա հետ։

-Հայրս գիտակցում էր կինոյի կարևորությունը։ Այն գեղարվեստական ​​և մշակութային ազդեցության միջոցով կարող է հասնել դահլիճում նստած մարդկանց սրտերին: Պատմություններ պատմելը, կարևոր պատմական իրադարձություններ լուսաբանելը, հանդիսատեսի մոտ հույզեր, հիշողություններ կամ կասկածներ առաջացնելը հորս համար այն առանցքն էր, որի շուրջ կառուցվում էր նրա ամբողջ աշխատանքը: Նա սիրում էր մարդկանց, առաջընթացը, սոցիալական արդարությունը, յուրաքանչյուրի երջանկության իրավունքը: Բայց ամենից առավել նա սիրում էր իր հայրենիքը և այնպիսի ազնվությամբ ու մարդկայնորեն էր պատմում Իտալիայի ու իտալացիների մասին, որ հանդիսատեսներն իսկապես նրա ֆիլմերի հերոսների մեջ ճանաչում էին իրենց ։ «Կինոն պատասխաններ չի տալիս, բայց կասկածներ է առաջացնում, որպեսզի դու կարողանաս ինչ-որ բան փոխել»,- միշտ ասում էր մեզ։

 

Սեդա Հոգոցյան