Եթե Շեյմուսը խմել է ցանկանում…

Եթե Շեյմուսը ցանկանում է խմել, նա հավանաբար պետք է մտածի, թե երբ է ուզում հագեցնել իր ծարավը: Քանի դեռ տվյալ վայրում կան անծանոթներ (նրանք բոլոր վայրերում կան), նա կարող է հագեցնել իր ծարավը. Չէ՞ որ անծանոթներին թույլատրվում է խմել, երբ նրանք ծարավ են զգում, եւ այդ դեպքում տեղացիները նույնպես կարող են ապահով նստել նրանց շարքերում: Վաճառասեղանը, որը ֆոլկլորային տարր է, խրախուսում է օտարերկրացիների վերադարձը: Սեպտեմբերի 1-ից հետո, սակայն, Շեյմուսը պետք է հագեցնի իր ծարավը: Աշխատանքային օրերին պարետային ժամը 22-ին է, ինչը բավականին տհաճ է, քանի որ տաք, չոր սեպտեմբերյան օրերին Շեյմուսը հաճախ աշխատում է մինչեւ ինն անց կես, երբեմն` ավելի երկար: Բայց կիրակի օրերին նա ստիպված է ծարավ մնալ կա’մ մինչեւ կեսօրվա երկուսը, կա’մ երեկոյան` վեցից ութը: Եթե ճաշը երկար տեւի եւ մինչեւ ժամը երկուսը չծարավի, Շեյմուսը տեղական բարը փակված կգտնի, կների պանդոկապանին, նույնիսկ եթե հաջողվի նոկաուտի ենթարկել նրան, եւ ոչ մի դեպքում հակված չի լինի մի բաժակ գարեջրի կամ վիսկիի դիմաց հինգ ֆունտ տուգանք վճարել, մեկնել դեպի գավառական մայրաքաղաք` վտանգելով կորցրած աշխատանքային օրը: Կիրակի օրերին բարերը փակ են ժամը երկուսից վեցն ընկած հատվածում, եւ դուք երբեք չեք վստահի տեղամասային ոստիկանին, քանի որ կան մարդիկ, որոնք կիրակի օրը, ծանր ճաշից հետո, պահպանելով կոռեկտությունը` հարբում են օրենքին ենթարկվելով: Բայց Շեյմուսը նույնպես ծանր ճաշի է մասնակցել, եւ նրա կարոտը մեկ բաժակ գարեջրի հանդեպ ամեն դեպքում անհասկանալի է, առավել եւս`մեղսալի:
Այսպիսով, Շեյմուսը կանգնում է գյուղի հրապարակում ժամը երկուսն անց հինգ րոպեին եւ մտածում: Իհարկե, արգելված գարեջուրը նրա չորացած կոկորդն ավելի լավ է համտեսում, քան` առաջարկվածը: Շեյմուսը մտածում է. կա մի ելք` նա կարող է հանել հեծանիվն իր տնակից եւ վեց մղոն մեկնել դեպի հարեւան գյուղ, քանի որ հարեւան գյուղի տանտերը նրան կտա այն, ինչը կմերժի նրան տեղի տանտերը: Դա իր գարեջուրն է: Խմիչքի մասին այս անհեթեթ օրենքն ունի լրացուցիչ ձեւակերպում, համաձայն որի` զովացուցիչ ըմպելիքը պետք է տրամադրվի այն ճանապարհորդներին, որոնք գտնվում են իրենց հայրենի գյուղից առնվազն երեք մղոն հեռու: Շեյմուսը դեռ մտածում է. աշխարհագրական դիրքը նրա համար, ցավոք, անբարենպաստ է: Դու չես կարող ընտրել, թե որտեղ ես ծնվել, եւ Շեյմուսը դժբախտ է, որ մոտակա բարը գտնվում է ոչ թե երեք, այլ վեց մղոն հեռու, ինչը բացառիկ անհաջողություն է իռլանդացու համար: Վեց մղոն հեռու լինել բարից` դա հազվադեպ է պատահում: Վեց մղոն` այնտեղ, վեց մղոն` հետ, ավելի քան տասնութ կիլոմետր` մեկ բաժակ գարեջրի համար, եւ դեռ մի քիչ բարձրանալու անհրաժեշտություն կա: Շեյմուսը հարբեցող չէ, այլապես նա այդքան երկար մտածելու փոխարեն կնստեր իր հեծանիվը եւ կզրնգացներ իր գրպանի շիլինգները: Նա պարզապես ուզում է գարեջուր խմել. խոզապուխտն այնքան աղի էր, կաղամբը` համեմված պղպեղով: Մի՞թե տղամարդուն հարիր է ջրհորի ջրով կամ թանով հագեցնել ծարավը: Նա նայում է տեղական բարի ճակատին կախված ցուցապաստառին, գարեջրի հսկայական, բնապատկերներով նախշազարդված գավաթին, լիկյորով լի մուգ եւ թարմ ու դառը խմիչքին եւ դրա վերեւում տեսնում սպիտակ, ձյունոտ փրփուրը, որը լիզում է ծարավ փոկը: Հաճելի օր Գինեսի համար: Օ, Տանտալոս: Այնքան աղ կա խոզապուխտի մեջ եւ այնքան պղպեղ` կաղամբում:
Հայհոյելով` Շեյմուսը վերադառնում է տուն, հանում է հեծանիվը տնակից եւ զայրացած հարվածում նրան: Օ~, Տանտալոս, -խելացի է գովազդի ազդեցությունը: Շոգ է, շատ շոգ, սարը զառիթափ է, Շեյմուսը պետք է իջնի, հրի հեծանիվը, մինչդեռ նա քրտնում է եւ հայհոյում: Նրա հայհոյանքները չեն վերաբերում սեռական ոլորտին, ինչպես գինի խմող ժողովուրդների անեծքներն են: Նրա անեծքները սպիրտային խմիչք օգտագործողների հայհոյանքներ են, ավելի հայհոյախառն ու աստվածանարգ, քան սեռական հայհոյանքները, որովհետեւ, ի վերջո, սպիրտային խմիչքների մեջ ոգի կա: Նա անիծում է կառավարությանը, հավանաբար անիծում է նաեւ այն հոգեւորականներին, որոնք համառորեն պաշտպանում են այդ անհասկանալի օրենքը (Իռլանդիայի հոգեւորականները նույնպես վճռորոշ խոսք ունեն բարերին լիցենզիաներ տալու, պարետային ժամեր սահմանելու եւ պարելու հարցում), այս քրտնած, ծարավ Շեյմուսին, որը պարզապես մի քանի ժամ առաջ այնքան նվիրված եւ ակնհայտ բարեպաշտ ձեւով կանգնեց եկեղեցում եւ լսեց կիրակնօրյա պատարագը:
Վերջապես նա հասնում է լեռան գագաթին. այստեղ է տեղի ունենում մեկ գործողությամբ կատակերգությունը, որի մասին ես կցանկանայի գրել, քանի որ հենց այստեղ է Շեյմուսը հանդիպում հարեւան գյուղից իր զարմիկ Դերմոթին: Դերմոթը կերել է նաեւ աղի խոզապուխտ, պղպեղով կաղամբ, Դերմոթը խմող չէ, նա պարզապես մի բաժակ գարեջուր է ուզում` ծարավը հագեցնելու համար: Հարեւան գյուղում նա էլ կանգնեց գարեջրի ներկած բաժակով պաստառի դիմաց, որտեղ կանգնած էր հուսալի փոկը, մտածելով վերջապես հեծանիվը հանեց տնակից, հրեց դեպի սարը, հայհոյեց, քրտնեց, մինչեւ որ հանդիպեց Շեյմուսին: Նրանց երկխոսությունը կարճ է, բայց` հայհոյախառն, այնուհետեւ Շեյմուսը վազում է բլուրից դեպի Դերմոթի բարը, Դերմոթը`դեպի Շեյմուսի բարը, եւ նրանք երկուսով կանեն այն, ինչը չէին պատրաստվում անել մինչեւ այդ: Նրանք անիմաստ կհարբեն, որովհետեւ չարժե այդ ճանապարհով գնալ մի բաժակ գարեջրի կամ վիսկիի հետեւից: Այս կիրակի, նրանք կչկչալով եւ երգելով, իրենց հեծանիվները հետ կքաշեն սարից եւ կատաղի հանդգնությամբ կվազեն դեպի լեռը: Նրա՞նք, ովքեր ամենեւին հարբեցող չեն, թե՞ նրանք, ովքեր մինչեւ երեկո կդառնան հարբեցող:
Հավանաբար Շեյմուսը ժամը երկուսից հետո գյուղի հրապարակում ծարավ կանգնելով եւ նայելով լիզող փոկին, որոշում է սպասել եւ հեծանիվը դուրս բերել տնակից: Միգուցե նա որոշում է ծարավը հագեցնել, -ախ, ինչպիսի նվաստացում է դա արդարամիտ մարդու համար, -հագուրդ տալ այն ջրով կամ թանով, կամ էլ կիրակնօրյա թերթով հարվածել անկողնուն: Նա քնելու է կեսօրվա ճնշող շոգի եւ լռության մեջ, հանկարծ արթնանալու է, նայելու է ժամացույցին եւ սարսափով լի, կարծես սատանան հետեւում է նրան, ներխուժելու է դիմացի բարը, քանի որ ժամն ութն անց քառորդ է, եւ նա ավելի քան քառորդ ժամ ծարավ է: Պանդոկապանն արդեն սկսել է կոշտ տոնով բղավել. «Պատրաստվեք հիմա, խնդրում եմ: Պատրաստվեք հիմա, խնդրում եմ: Դադարեցրեք հիմա, խնդրում եմ: Դադարեցրեք հիմա, խնդրում եմ»: Շտապ եւ զայրացած, միշտ ժամացույցին հետեւելով, Շեյմուսը երեք, չորս, հինգ բաժակ գարեջուր կթափի, մի քանի շիշ վիսկի կգցի գետնին, որովհետեւ ժամացույցի սլաքն ավելի ու ավելի է մոտենում ութին, իսկ դռան հետեւում կանգնած պահակը տեղեկացնում է, որ գյուղի ոստիկանը քայլում է կամացուկ: Կան մարդիկ, որոնք կիրակի ցերեկը վատ տրամադրության նոպաներ են ունենում եւ օրինապաշտ վարք են ցուցաբերում:
Յուրաքանչյուր ոք, ով հանկարծ զարմանում է պանդոկապանի «Կանգնի’ր հիմա, խնդրում եմ» հրահանգի վրա, պանդոկում, կիրակի օրը, ժամը ութից քիչ առաջ, կարող է տեսնել, թե ինչպես են նրանք բոլորը շտապում ներս, բոլոր նրանք, ովքեր հարբեցող չեն, բայց հանկարծ հիշել են, որ բարը շուտով կփակվի, եւ որ նրանք ոչինչ չեն արել, կարող էին որեւէ բան անելու տրամադրություն նույնիսկ չունենալ, եթե այս խելահեղ կանոնակարգը չլիներ: Նրանք դեռ չեն հարբել: Ժամը ութից հինգ րոպե պակաս բարում մեծ հոսք է գոյանում, բոլորը խմում են իրենց ծարավը հագեցնելու համար. դեռեւս ժամը տասին կամ տասնմեկին կարող են գալ բար կամ չգալ: Սրանից զատ, պարտավորության զգացում ես ունենում ինչ-որ նվիրատվություն անելու: Պանդոկապանն իրեն օգնելու համար հուսահատ կանչում է կնոջը, զարմուհիներին, թոռներին, տատիկին, նախահորը եւ հորաքրոջը, որովհետեւ ժամը ութից երեք պակաս նա դեռ պետք է լցնի տեղական յոթ բաժակ, վաթսուն եւ կես լիտր գարեջուր. դեռ շատ վիսկի պետք է լցնել, դեռ պետք է խմել: Խմելու եւ նվիրելու այս ուրախությունը մանկական ինչ-որ բան է հիշեցնում, որը նման է նրանց`թաքուն սիգարետ ծխելուն, ովքեր նույնքան թաքուն, որքան ծխում են, փսխում են վերջում, երբ երեւում է դուռը: Իսկ վերջում մաքուր բարբարոսություն է: Գունատ, տխուր տասնյոթ տարեկան պատանիները թաքնվել են կովերի տնակում, գարեջուր եւ վիսկի են կուլ տալիս` պահպանելով տղամարդկանց լիգայի խաղի անիմաստ կանոնները, իսկ պանդոկապանը գումար է հավաքում: Թղթադրամների կույտեր, զրնգացող արծաթ, փող, փող, բայց օրենքն ի կատար է ածվում:
Կիրակին, այնուամենայնիվ, դեռ չի ավարտվել, դեռ առավոտյան ժամը ութն է, եւ այն մեկ գործողությամբ կատակերգությունը, որ խաղացվեց կեսօրին`ժամը երկուսին, Շեյմուսի եւ Դերմոթի հետ, այժմ կարելի է կրկնել դերասանական ցանկացած կազմի հետ: Երեկոյան, ութն անց քառորդի մոտ, սարի վրա`աջ կողմում, հանդիպում է հարբածների երկու խումբ, պահանջում օրենքը կատարել`երեք մղոնով հեռացնելով գյուղերն ու բարերը: Կիրակի օրը շատ անեծքներ են երկինք բարձրանում այս բարեպաշտ երկրում, որը թեեւ կաթոլիկ է, բայց այստեղ երբեք ոտք չի դրել հռոմեացի վարձկանը: Այս երկիրը Հռոմեական կայսրության սահմաններից դուրս գտնվող կաթոլիկ Եվրոպայի մի կտորն է:
«Իռլանդական օրագիր» գրքից
Թարգմանությունը գերմաներենից` Թագուհի Հակոբյանի