Երկու սևամորթ երգչուհի 1930-ականների Երևանում

Խորհրդային Հայաստանի պատմության առաջին տասնամյակները, հատկապես 1930-1940-ականները, բնորոշվում են հանրապետության՝ աշխարհից մեծ կտրվածությամբ։ Տխրահռչակ «երկաթե վարագույրը» հայաստանցի հանրությանը մեկուսացած էր պահում մեծ աշխարհից՝ դարձնելով նրան անտեղյակ, չտես, ներարկելով նրա մեջ ուզվորության և աղքատի հոգեբանություն։ Ու չնայած այս ամենին, որոշ մշակութային ներթափանցումներ և փոխճանաչում, այնուամենայնիվ, եղել է...

Նշված ժամանակաշրջանում Խորհրդային Հայաստան զբոսաշրջիկներ չէին այցելում, պատահական արտասահմանցիներն էլ առաջացնում էին համընդհանուր զարմանք, այլևս չասած, եթե հյուրը պատկանում էր ուրիշ ռասայի, և հայաստանցին իրական կյանքում առնչվում էր իր համար առավել քան տարաշխարհիկ երևույթի...

Եվ ահա 1930-ականներին երկու անգամ երևանցի հանդիսատեսն իր բեմերում հյուրընկալել ու ծափահարել է երկու սևամորթ երգչուհու...

 

Կոմիտասը սևամորթ երգչուհու շուրթերին

1930-ականներին աստիճանաբար մայրաքաղաքի շունչ առնող Երևանում մեկը մյուսի հետևից հյուրախաղերի էին գալիս տարբեր ազգի արտիստներ։ 1932-ին հիմնված Հայֆիլհարմոնիան հյուրընկալում էր այնպիսի նշանավոր դեմքերի, ինչպիսիք էին դաշնակահարներ Սերգեյ Պրոկոֆևը , Կառլո Ցեկկին (իտալացի), Աննի Ֆիշերը (հունգարուհի), գերմանացի ջութակահար Էգոն Պետրին... Էստրադային երաժիշտներից այդ ժամանակաշրջանում Երևանում հանդես են եկել մեներգիչներ Ալեքսանդր Վերտինսկին, Կլավդիա Շուլժենկոն, փողհար Էդդի Ռոզները, Օլեգ Լունդստրեմի ջազ նվագախումբը...

1935-ին Հայֆիլհարմոնիայում համերգով հանդէս է եկել սևամորթ երգչուհի Արլե Տիցը, որին նվագակցել է ամուսինը՝ ռուս դաշնակահար, պրոֆեսոր Բորիս Տիցը։ Այս երգչուհին պատմության մեջ թերևս առաջին անգամ հայաստանցի հանդիսատեսի համար կատարել է աֆրիկյան երգեր՝ ի թիվս ռոմանսների ու այլ ժողովուրդների երգերի, սակայն, ինչն ամենից ուշագրավն է՝ երգել է նաև Կոմիտասի «Գարուն ա»-ն։ Հիրավի, անսովոր մի պատկեր՝ կոմիտասյան երգը սևամորթ երգչուհու շուրթերին 1930-ականների Երևանի նորաստեղծ ֆիլհարմոնիայում...

Ահա ինչ է գրել «Խորհրդային արվեստ» պարբերականը երգչուհու ելույթների մասին.

«Վերջին օրերս Հայֆիլհարմոնիայի դահլիճում կայացան նեգր անվանի երգչուհի Արլե Տիցի համերգները։

Շնորհալի երգչուհին հայտնի է մեր հանդիսատեսին իր հարուստ, օրիգինալ ռեպերտուարով և կատարմամբ, որով և մեր վոկալիստների շրջանում յուրահատուկ տեղ է գրավում։

Երգչուհու կատարումը լի է երաժշտականությամբ, ոճի նուրբ զգացումով և հագեցված է լիրիզմով։ Սրանով պիտի բացատրել Չայկովսկու ռոմանսների` «Այս լուսնկա գիշերը», «Գնչուհու երգը» և ապա ծրագրից դուրս կատարված Կոմիտասի «Գարուն ա» երգերի հաջող կատարումը:

Առանձնապես ուշադրության արժանի էին համերգների ժողովրդական երգերի բաժինները, որտեղ երգչուհին մեծ հարազատությամբ կատարեց հնդկական, Հեբրիդյան կղզիների բնակչության և ,մասնավորապես, նեգրական ժողովրդական երգերից «Օրորը», «Ջրկիր երեխան», «Առաջ» և այլն, որոնց կատարման համար երգչուհին կարողացավ տալ անհարժեշտ գույները և նրբությունները, որտեղ և նրա կատարողական շնորհալի արվեստը գտավ իր ամենահաջող արտահայտությունը։

Հանձին դաշնակահար, պրոֆեսոր Բ. Բ. Տիցի՝ երգչուհին ունի միանգամայն հաջող նվագակցող, որի գեղարվեստական կատարումը մեծ չափով օժանդակում է նյութերի ճիշտ մեկնաբանմանը» («Երգչուհի Արլէ Տիցի համերգները», 1935, թիվ 4, էջ 12)։

Ո՞վ է եղել այդ սևամորթ երգչուհին։ Կորետտի Արլե-Տիցը (1881–1951) ամերիկուհի էր, ծնյալ Կորետտա Ալֆրեդ։ Ծնվել է Նյու Յորքում, աշխատել Բուդապեշտում, 1903 թվականին Ռուսաստան կատարած հյուրախաղերի ժամանակ ամուսնացել է և մնացել այնտեղ։ Հայտնի է եղել որպես ջազ, փոփ և սփիրիչուելս երգերի կատարող։ Էստրադային ելույթներից բացի հանդես է եկել նաև օպերայում, մասնավորապես կատարել է Աիդայի դերերգը Վերդիի համանուն օպերայում ՝ Խարկովի օպերային թատրոնում։ 1920-ականներին հանդես է եկել Լենինգրադի ջազում։ 1936-ին Գրիգորի Ալեքսանդրովի «Կրկես» ֆիլմում Արլե-Տիցը կատարել է հերոսուհու (դերակատար՝ Լյուբով Օռլովա) սևամորթ մանկիկի դայակի դերը, իսկ 1945-ին՝ ծեր սևամորթ Նանի դերը «Տասնհինգամյա նավապետը» ֆիլմում։ Ո՞ւմ մտքով կանցներ, որ մանկությունից մեզ ծանոթ այս ֆիլմի սևամորթ դերակատարուհիներից մեկը ժամանակին Երևանում Կոմիտաս է կատարել...

 

Կոմունիստ քեռու աղջիկը

Կորետտի Արլե-Տիցից երկու տարի անց, 1937-ին Երևանի Ֆիլհարմոնիայում հինգ համերգով հանդես է եկել նյույորքաբնակ սևամորթ երգչուհի Սելեսթին Քոլը (հայ մամուլում նրա անունը գրվել է Ցելեստին Կոոլ ձևով)։ Ժամանակի մամուլում կարդում ենք.

«ՀԱՅՖԻԼՀԱՐՄՈՆԻԱ

Առաջին այգում

(Աբովյան 1 04)

29, 30, 31-ին և սեպտեմբերի 1-ին

նեգր երգչուհի ՑԵԼԵՍՏԻՆ ԿՈՈԼԻ (Նյու-Յորք) և Չեխոսլովակյան ՋԱԶ-ՌԵՎՅՈՒՅԻ գաստրոլները ՕՏՏՈ ՍԿՈՒՏԵՑԿՈՒ գեղարվեստական ղեկավարությամբ»

(«Խորհրդային Հայաստան», 28.08.1937: Ծանուցումը կրկնվել է թերթի 29-ի, 30-ի համարներում  և սեպտեմբերի 1-ին ու 2-ին)։

Սելեսթին Քոլը (1908–1984) Խորհրդային Միությունում հաստատված ամերիկացի սևամորթ կոմունիստ Նաթանիել Ռոբինսոնի (1906–1994) զարմուհին էր, որի հրավերով նա Նյու Յորքից եկել է Մոսկվա՝ կոնսերվատորիայում երգեցողություն ուսանելու։ Նա ԱՄՆ-ում արդեն իսկ հանդես է եկել համերգներով, նույնիսկ մեկ անգամ երգել է լեգենդար Դյուք Էլինգթոնի հետ, 1931-ին երգչուհու դերերով նկարահանվել է Օսքար Միշոյի երկու կինոնկարում, սակայն վոկալ կրթություն չի ունեցել։ Սելեսթինը ԽՍՀՄ-ում ապրել է 1934–1938 թթ., հանդես եկել Ալեքսանդր Վառլամովի և Լեոնիդ Ուտյոսովի ջազ նվագախմբերում, թողարկել երկու ձայնապնակ։ 1938-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահության նախագահ Կալինինը Քոլին վերջնագիր է ներկայացրել՝ կա՛մ ընդունել խորհրդային քաղաքացիություն, կա՛մ վերադառնալ ԱՄՆ։ Երգչուհին խելամտորեն ընտրել է երկրորդը... Վերադառնալով ԱՄՆ՝ շարունակել է ելույթները, աշխատել Դեթրոյթի Ուեյն կոմսության պետական համալսարանի երաժշտական բաժնում ու ղեկավարել է իր հիմնած  «Դեթրոյթի օպերայի արվեստանոցը»։

Ցավոք, մանրամասներ պակասում են Կոոլի երևանյան համերգի վերաբերյալ, սակայն ավելի քան ուշագրավ փաստ է, որ նրա պատկերը (այն էլ կիսամերկ վիճակում) վրձնել է ճանաչված նկարիչ Մկրտիչ Քամալյանը։ Գեղանկարը կոչվում է «Նեգրուհի (երգչուհի Ցելեստինա Կոլ)»։

Ի դեպ, տարիներ անց հայազգի կինոբեմադրիչ Կարեն Շահնազարովն իր «Մենք ջազից ենք» ֆիլմում ներկայացրել է Սելեսթինի կերպարը՝ սևամորթ մի աղջկա, որը Մոսկվայում բնակվող քեռու կանչով գալիս է ԽՍՀՄ՝ երգեցողություն սովորելու...

 

հեղինակ՝ Արծվի Բախչինյան

Նկարները.

Կորետտի Արլե-Տից

Մկրտիչ Քամալյան – «Նեգրուհի (երգչուհի Ցելեստինա Կոլ)»