Երջանկությունն այն է, ինչ մենք կորցնում ենք ամեն օր

Եվ ես կուզենայի ապրել անվերջ:

 

* * *                          

Եվ ի՞նչ իմաստ ունի այսքան ջուր մի տեղ հավաքել

և այսքան ավազ,

հետո ձկներ բազմացնել, ծովահարսեր հորինել

և բազմաթիվ այլ հոգսեր:

Ծանր է,

ծանր է առնել քո սրտի վրա

անցած լավ ու վատ օրերի սիրելի տխրությունը…

Ես, անշուշտ, դեմ չեմ,

որ պետք է նստել ու նայել ծովին`

հեռվից նավեր կանցնեն` կտեսնես,

ալիքներ կգան կխփվեն ափին` կհիանաս,

ես անշուշտ դեմ չեմ,

որ այս ամենն անհրաժեշտ է

բանաստեղծական արվեստը զարգացնելու համար:

Բայց ծանր է,

ծանր է, երբ տունդարձի ճանապարհին

դու նորից առնում ես քո սրտի վրա

անցած լավ ու վատ օրերի սիրելի տխրությունը:

Իսկ մոծակները ճանապարհին

քեզ տանջում են անտեղի խանդավառությամբ.

                                               

- Դու մի՞թե այս օրերի համար ոչինչ չունես պահած,

դու չէ՞ որ այս օրերին կապված ես անվերադարձ:

 

…Տագնապը թեթև խփեց քո ուսին,

 դու շուռ եկար ու այդպես մնացիր

 քարացած կանգնած…

 

* * *                                                  

Մի տխրիր, երբ նստած ես սեղանի առաջ

և մի արտասվիր, երբ գինի ես խմում

կամ Աստված գիտե, թե ինչ,

և մի գրիր բանաստեղծություններ,

երբ հեռու ես քո երկրից:

Փողոցով քայլող այն երեք մարդուց

դու նա ես, որը չի գնում առաջ,

և չի օրորում գլուխը

կամ էլ` չի ճոճվում տեղում.

դու նա ես, որը վճռական ու ողբերգական շարժումներով       

խրվում է հողի մեջ`

անվերադարձ վշտի կնիքը դեմքին:

Իսկ քո մշուշոտ աչքերի առաջ, չափից դուրս հուզված,

ճչում են, թռչկոտում

նավթոտ, կնճռապատ ծովահարսերը…

 

…Էլի նույն խոսքերի և նույն քամու և ավազի վրա

դու վերջացնում ես քո օրը,

և լուռ նստում ես մութ սենյակի մեջ

և ծերացող տղամարդու հուսահատությամբ

անհեթեթ ժպտում…

 

 

ՆՈՐԻՑ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Երջանկությունն այն է, ինչ մենք կորցնում ենք ամեն օր

և այն, ինչ մենք կորցնում ենք ամեն ժամ,

երբ ձեռքերդ մեկնած ցանկալի ուղղությամբ

անհրաժեշտ բառեր ես որոնում`

հանկարծակի հայտնված արցունքներդ մեկնաբանելու համար:

Իսկ սիրտդ պիտի բաբախի անհնարին ցնծությամբ.

անմոռանալի թափառումներ երաժշտության նրբանցքներում,

և քրտինք, որ հեղեղել է մարմինդ ոտից մինչ գլուխ,

և տղամարդու դժվարին ու անիծյալ մի կյանք,

արև ու անապատ ու չվերջացող քայլեր…

Երջանկությունը… դու դեռ երկար պիտի խոսես այս ամենի մասին,

որովհետև երջանկությունը հենց այն է,

ինչի մասին խոսում են երկար ու առանց կեղծիքի,

որովհետև այն, ինչ մենք թողեցինք հեռվում

և ինչից հեռանում ենք քայլ առ քայլ,

պիտի մոռանանք  արևի տակ շուռումուռ գալով,

ցատկոտելով ջրի մեջ, հիանալով փողոցների անթերիությամբ,

աղջիկների ետևից նետելով աններելիորեն կոպիտ բառեր

և խոսելով, անվերջ խոսելով:

Դու այս խոսքերը կլսես ամենավերջում,

գուցե անձրև լինի և դու կծկվես շենքի մուտքի մոտ,

և դու, երբ հեռվից տեսնես, դժվարությամբ տեսնես,

որ մոտենում եմ քեզ - թրջված ու ողբալի – կիմանաս,

որ երջանկությունն այն է, ինչ հեռվից մոտենում է քեզ

և պիտի անցնի քո կողքով թրջված ու ողբալի,

անծանոթ ու օտար, ինչպես անտարբեր մեկի պատմած

ձանձրալի ու տխուր մի իրողություն:

…Ծանր է մենակ մնալ անծանոթ քաղաքի ուղիղ կենտրոնում,

բայց դու քայլում ես` ոտքերդ զգուշորեն դնելով

աղավնիներից ազատ տարածության վրա:

Ոչ, դու ձկնորսներ չես տեսնում քո աչքերի առաջ

և ոչ էլ ջրահարսեր` մոդայիկ սանրվածքով,

բայց դու քայլում ես մի խաղաղ անկյուն գտնելու հույսով,

որտեղ կարելի է նստել մենակ ու հանգիստ,

ծխել ու մտածել դանդաղորեն մաշվող մի կյանքի  մասին

և երջանկության մասին ծխել ու մտածել.

և հետո կսկսես անհրաժեշտ բառեր որոնել`

հանկարծակի հայտնված արցունքներդ մեկնաբանելու համար…

 

 

ԵՎ ԲՈԼՈՐԸ ՔԵԶ ԿԱՍԵՆ` ՄԻ ԳՆԱ

 

Բանաստեղծն ուզում է լինել անհամեմատ բարի:

Բանաստեղծը սիրում է աշունը,

նա թափառում է փողոցներով

և հետո մտնում է իր հին սրճարանը,

սուրճ է վերցնում և սկսում է ծխել:

Իսկ դրսում արդեն սկսում են վառվել լապտերները,

իսկ կինոդահլիճներում հանգում է լույսը,

և ինչ-որ ժամանակահատվածում

մարդիկ անգործ նստում են և հուզվում` տեղի-անտեղի…

Բանաստեղծն ուզում է լինել ամենաշատ հոգնած

և նա հենվում է սրճարանի ապակուն:

Բանաստեղծն ուզում է լինել ամենաշատ բարի

և ևս մի բաժակ սուրճ է վերցնում

և վառում է ծխախոտ` բավականին հմուտ ձևով:

Փողոցով անցուդարձ են անում

վերարկու հագած հրեշտակները,

նրանց քթերը կարմրել են ցրտից,

և նրանք փռշտում են,

և խաչակնքում արագ-արագ:

Հիմա արդեն ուշ է բավականին,

և բանաստեղծը բարձրացնում է գլուխը

և հոգնած ելնում է ոտի

և անհամեմատ բարի հրաժեշտ է տալիս բոլորին:

Դռան մոտ նա կախում է գլուխը,

կարոտով ու սիրով նայում է բոլորին

և այդպես կանգնում է այնքան,

մինչև արցունքները չորանում են:

Ու գլուխը բարձր պահած դուրս է ելնում փողոց,

և հրեշտակներն արագ-արագ շարք են կանգնում

և շարքով քայլում են նրա ետևից

աշնան համաչափ հեծկլտոցի տակ:

 

 

ՓՈՔՐԻԿ ԲԱՆԱՍՏԵՂԾՈւԹՅՈՒՆ

 

Տուն,

որտեղ ես կուզենայի ապրել:

Լուսամուտի գոգին շարված ծաղիկներ:

Ջրով լի գրաֆին` սեղանի վրա:

Կիսատ ընթերցված գիրք` նետված բազմոցին,

թանձր վարագույր, որի ետևում թաքնված

ժամերով կնայեի պատուհանից,

թե ինչպես է բակում խաղում փոքրիկ աղջիկս,

ոտից գլուխ փոշոտված:

Եվ ես կուզենայի ապրել

անվերջ: