Երազում են ազդագրերում տեսնել այս պիեսների անունները

Սեպտեմբերի 6-8-ն անցկացված Գրքի երևանյան փառատոնի երեք տասնյակ միջոցառումների ցանկում պիեսների հինգ ժողովածուների շնորհանդեսն առանձնանում էր նաև այն հանգամանքով, որ ուներ նախապատմություն և կունենա շարունակություն։

Դեռևս մեկ տարի առաջ էր Երևանի քաղաքապետարանը հայտարարել «Թատերական Երևան» խորագրով թարգմանական մրցույթը, որը նպատակ ուներ խթանել ժամանակակից դրամատուրգների ստեղծագործությունների բնագրային թարգմանությունները։ Այս տարի էլ ծրագիրը շարունակվելու է՝ արդեն նաև բեմադրությունները խրախուսելու հեռահար նպատակով։

Սեպտեմբերի 8-ին «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում արդեն հրատարակված պիեսների հինգ ժողովածուի ներկայացումն էր։ Եվ  պատահական չէր գրքերի շնորհանդեսին հայաստանյան թատրոնների հայտնի դերասանների ու բեմադրող ռեժիսորների ակտիվ ներկայությունը․ այսօր թատրոններն ու ռեժիսորները նոր պիեսների մշտական փնտրտուքի մեջ են, և այս շռայլ նվերը դժվար էր անտեսել։

ժամանակակից աշխարհում պահանջված, բեմադրվող ու այժմեական․ սա է տարբեր հրատարակչությունների հինգ գրքերի, նրանցից յուրաքանչյուրում չորս-հինգ պիեսի ընդհանրությունը, դատելով շնորհանդեսի ընթացքում թարգմանիչների ներկայացումից։

Հարոլդ Փինթերի պիեսները թարգմանել է Զավեն Բոյաջյանը, հրատարակիչն «Անտարես»-ն է, նույն հրատարակչությունն էլ հրապարակել է դրամատուրգ Սառա Քեյնի պիեսների ժողովածուն, որի թարգմանիչը Լիլիթ Քալաշյանն է։

«Վերնատուն» հրատարակչությունը լույս է ընծայել Էրիկ Էմանուել Շմիտի պիեսների գիրքը, թարգմանիչը Թերեզա Ստեփանյանն է։ Քզավիե Դյուրանժեի պիեսների թարգմանիչը բեմադրիչ Սաթէ Խաչատրյանն է, հրատարակիչը՝ «Ալեֆ»-ը։

«Ակտուալ արտ» հրատարակչությունը Լուսինե Աբգարյանի թարգմանությամբ լույս է ընծայել Ուաժդի Մուաուադի «Խոստման արյունը» քառագրությունը։

Շնորհանդեսը վարող Մարիամ Ալոյանը նշեց, որ «թատերական երկերի թարգմանությունը կարևոր խթան է արդի հայ թատրոնի զարգացման համար», և խոսքը փոխանցեց թարգմանիչներին, որպեսզի ներկայացնեն, թե որքան կարևոր են այդ պիեսները ժամանակակիցների համար։

Բրիտանացի դրամատուրգ Սառա Քեյնի պիեսների թարգմանիչ Լիլիթ Քալաշյանի տեսակետով, հայ հանդիսականին կարող են հետաքրքրել այս պիեսները, քանի որ հեղինակը «սուր է արծարծել պատերազմի թեման»։ Թարգմանված չորս պիեսն էլ ընդհանրություն ունեն՝ դաժան բովանդակություն, փորձարարական են, չունեն հստակ կերպարներ։ Սառա Քեյնի պիեսներին բնորոշ է բազմաձայնությունը․ ամեն ինչ թողնված է բեմադրիչի ու հանդիսականի երևակայությանը։

Անգլիացի թատերագիր Հարոլդ Փինթերը արդի դրամատուրգիայի հիմնասյուներից է, մի դրամատուրգ, որի համար «իրականի և անիրականի միջև խիստ տարբերություն չկա»։

Թարգմանիչ Զավեն Բոյաջյանը նոբելյան մրցանակակիր դրամատուրգ Հարոլդ Փինթերի հետաքրքիր ու բազմանշանակ չորս գործ է «գտել ու թարգմանել, որոնցում, Փինթերի նախասիրությամբ, աբսուրդի դրաման խաչաձևվում է հոգեբանական թատրոնի հետ»։

Հայերեն թարգմանված ու «բազմանշանակ» չորս պիեսները «Սպասարկու վերելակը», «Բնապատկեր», «Հավաքածուն» և «Հին օրեր»-ն են։ Ամենահանրաճանաչ պիեսը «Հին օրեր»-ն են, որի առաջին տողն է՝ «Սև», իրապես աբսուրդային, տարընթերցվող, տրամադրություն ստեղծող։ Բայց խոսքը տանք Փինթերին, իսկ այդ խոսքը նա ասել է Նոբելյան բանախոսության մեջ․ «Դրամատիկական արվեստում ճշմարիտը մշտապես սպրդում է, և երբեք չեք իմանա՝ ձեզ հաջողվե՞ց գտնել այն․․․ Որոնումն ինքնին խթանում է էությանը հասնելու ցանկությունը»։

Դրամատուրգ Էրիկ Էմանուել Շմիտի պիեսների ժողովածուն թարգմանչուհի Թերեզա Ստեփանյանի՝ նույն հեղինակին երկրորդ անդրադարձն է։ Մի քանի տարի առաջ լույս էր տեսել Շմիտի «Օսկարը և վարդագույն տիկինը» գիրքը։

«Քառասուն լեզվով թարգմանված, հիսուն երկրում բեմադրված ամենահայտնի դրամատուրգ»․ այսպես է ներկայացնում իր թարգմանած հեղինակին Թերեզա Ստեփանյանը։ Մասնագիտությամբ իրավաբան դրամատուրգի գործերը, որոնցում արծարծվում են կրոնի, հավատի առեղծվածները, մի շնչով են կարդացվում։ «Վալոնյան գիշեր» հանրահայտ պիեսը Դոն ժուանի թեմայի մի ուրույն տարբերակ է, երբ չորս կին դատում են իրենց սրտակերին։

Հենց թարգմանչուհի Լիլիթ Ստեփանյանն էլ երազում է մեր թատրոնների ազդագրերում տեսնել այս պիեսների անունները՝ «Վալոնյան գիշեր», «Հյուրանոց երկու աշխարհների միջև», «Սատանայի դպրոցը»։ Երիտասարդ թարգմանչուհի Լուսինե Աբգարյանը հայ ընթերցողին է ներկայացնում լիբանանա-կանադական ծագումով դրամատուրգ և բեմադրիչ Ուաժդի Մուաուադի «Խոստման արյունը» ժամանակակից գրականության նշանակալի գործը, որում «միահյուսվում են իրականությունն ու առասպելը»։

«Խոստման արյունը» քառագրության հեղինակն ու գործերը դեռևս անհայտ են հայ ընթերցողին, որոնք, Լուսինե Աբգարյանի խոսքով, «հիշողության, ինքնության, պատերազմի, ընտանիքի ու ինքնաճանաչողության մասին են»։

Քառագրության պիեսներն առանձին գործեր են և միաժամանակ՝ ամբողջի մաս։ «Ծովեզերքը» պիեսում երիտասարդը փորձում է հորը հուղարկավորել քաղաքացիական պատերազմի մեջ գտնվող հայրենի երկրում, բախվելով անցյալին և բացահայտելով ընտանեկան գաղտնիքներ։ «Հրդեհները» ամենահայտնի գործն է, որի հիման վրա նաև  ֆիլմ է ստեղծվել։ Պիեսում երկվորյակներ ժաննան ու Սիմոնը Մերձավոր Արևելքում առերեսվում են մոր կործանարար պատմությանը։ «Անտառները» անցյալի ծանր բեռի մասին է, իսկ «Երկինքները» եզրափակում է քառապատումը, ահաբեկչության հետաքննության միջոցով հանգելով քավության ու հույսի փիլիսոփայությանը։

Թարգմանչուհին նշեց, որ Ուաժդի Մուաուադը նաև հայտնի բեմադրիչ է, Փարիզի «Կոլին» թատրոնում վեց ժամանոց ներկայացման հեղինակ։

Ինչո՞ւ են այս թարգմանությունները կարևոր թատրոնների համար։ Նախ, հայաստանյան թատրոնների ռեժիսորները մշտապես պիեսների փնտրտուքի մեջ են։ Երկրորդ և ամենակարևորը՝ բեմադրված օտար պիեսների մեծամասնության թարգմանական որակը հաճախ տարակուսելի է, քանի որ հիմնականում թարգմանության նախաձեռնողը լինում է թատրոնը կամ բեմադրիչը, և երբեմն դա վստահում է պատահական թարգմանչի։

Այս դեպքում գործ ունենք պրոֆեսիոնալների թարգմանության հետ։

Առաջիկայում կհայտարարվի «Թատերական Երևան-2024» մրցույթը, որի արդյունքում  դրամական աջակցություն կտրամադրվի մեր թատրոններին՝ թարգմանված պիեսները բեմադրելու և թատերասերների գնահատմանը ներկայացնելու համար։

 

Գայանե Մկրտչյան

թատերագետ