Երաժշտությունն ու «աղմուկները» Վիլյամ Սարոյանի դրամատուրգիական համակարգում

«...Այն ամենն, ինչ ես գրում եմ, նման է երգի»:

Վիլյամ Սարոյան

 

Վիլյամ Սարոյանի հերոսները շարունակ զգում են մեծ աշխարհի իշխանությունը` դրանից փորձելով պաշտպանվել իրե՛նց միջոցներով` հումորով, լավատեսությամբ, երգով`ստեղծելով տպավորություն, թե կարծես այս աշխարհից չեն: Սարոյանն ապացուցում է, որ կարելի է չարիքի դեմ պայքարել երևակայությամբ ու պոեզիայով, և որ՝ ո՛չ թե իր հերոսներն են գերերկրային, այլ աշխարհն է հեռացել իր նախնական բնականոն վիճակից, մարդկային մաքուր բանականությունից, ուստի հերոսները թվում են անիրական: Նա ստեղծել է «լուռ պիեսներ»: Դրանցում չկան աղմկալից իրադարձություններ, աչքի խփող երևույթներ, որոնք կարող են խախտել ներքին շարժումը: Սակայն կան, այսպես կոչված, «աղմուկներ», հեղինակի դրամատուրգիայում հատուկ տեղ ունեն «աղմուկները»: Նրա պիեսներում մշտապես ակնարկվում են գնացքի «տխրագույն կանչերով սուլոցները», «բարկացած թռչնակի» գեղգեղանքը, երկնքով թռչող սագերի կանչը, անգամ սափորի ձայնը, որից ջուր է խմում Մեք-Գրեգորը («Իմ սիրտը լեռներում է»), խաղամեքենայի գնդիկների շրխկոցը, կնոջ կոշիկների կտկտոցը, դոփապարի անընդմեջ հնչող ռիթմը, լարած խաղալիքի տարօրինակ հնչյունները («Ձեր կյանքի ժամանակը»): Այս հիշեցումները պատահականության արդյունք չեն, դրանք պիեսին դինամիկա և ներքին ռիթմ հաղորդող, միջավայր և տրամադրություն ստեղծող, նաև սիմվոլների արժեք ձեռք բերած նախապայմաններն են, որոնք «Սարոյանականի» հատկանիշներից են: Անգամ լռությունը Սարոյանն իմաստավորում է որպես ձայն («Որքան լույսն առատանում է, այնքան այդ խաղը Ջոնիի և արևի միջև գնալով զարգանում է ինչպես մի երաժշտական թեմա…»[1]): 

Սարոյանի բոլոր պիեսները երաժշտական են, դրանցում մշտապես հնչում է երաժշտություն, հերոսներից շատերը երգում են: Ինչպես ռեմարկները, այնպես էլ երաժշտությունը Սարոյանի պիեսներում ձեռք է բերում հատուկ նշանակություն` ասես վերածվում է գործող անձի, տրամադրության, ամբողջացնում միջավայրի կոնկրետ պատկերը: «Իմ սիրտը լեռներում է» պիեսում` որպես հեռավոր ու անիրական կյանքի մի կորուսյալ երազ, հնչում է շեփորի ձայնը: «Քո կյանքի ժամերը» պիեսի հերոս Ջոն, առավոտից մինչև ուշ գիշեր նստած պանդոկում, լսում է «Միսուրի» վալսը` ասես դրա մեջ փնտրելով այս առեղծվածային աշխարհի իմաստը: Ծեր ու փոքրամարմին Փոսիոն («Հերսոտած մի գնա») հիվանդասենյակի`բանտ հիշեցնող չորս պատերի մեջ ինքնամոռացության է հասնում`լսելով Մոցարտի «Andante»-ն: Եվ ո՞վ գիտե, գուցե հենց դրանից է, որ այս հիվանդասենյակի ամենաերկարակյաց հիվանդը նա է: «Խաղողի այգին» պիեսի փոքրիկ հերոս Մուրադը հաճախ երգում է Սարոյի արիան «Անուշ» օպերայից, Մակար պապը «Կիլիկիա» երգն է երգում միայնության պահերին, իսկ երեխաները գրամոֆոնով Սայաթ-Նովայի երգերն են լսում, որպեսզի զգան, ճանաչեն իրենց ծնողների ազգությունը: Պիեսներում երգերի ու երաժշտության ընտրությունը պատահական չէ: Սակայն Կարիկ Պասմաճյանը Սարոյանի հետ իր հանրահայտ հարցազրույցում բացահայտում է Սարոյանի երաժշտականության մեկ այլ հատկանիշ. «Կ.Պ. -Մի տեղ ասում եք հետևյալը. «Ամեն ինչ, որ գրել եմ, մի տեսակ երգ է», բացատրեք այս: Վ.Ս.- Իմ առաջին թատերգությունը՝ «Իմ սիրտը լեռներում է», երգ է»: Պատասխանից հետո երգում է՝ Իմ սիրտը լեռներում է, ««Քո կյանքի ժամանակը» ամբողջությամբ երգ է, մի ինչ-որ տեսակի սոնատ է: Մի գիրք ունեմ, որի կառույցը սիմֆոնիկ է: Գիրքը կոչվում է «Ռոք Վագրամ»: Ունեմ 11 եղանակ սկզբում, 11 եղանակ մեջտեղում և 11 եղանակ վերջավորության և բոլորը հանգում են մեկ եզրակացության»[2]: Այստեղ արդեն խոսքը կառուցվածքային նրբությունների մասին է. Սարոյանը պիեսները կամ վեպերը կառուցում է երաժշտական որևէ ժանրի սկզբունքներով: Սա էլ ստեղծում է պիեսների ներքին երաժշտական ինտոնացիան և արտաքին երաժշտականությունը՝ լեզվական նյութի միջոցով. «Գրքի ձևը երաժշտական է,-գրում է նա,- այսինքն, եթե ձևը լեզուն է, ապա ձևի ու լեզվի կապը միայն երաժշտությամբ կարելի է գտնել: Գրականության մեջ ձևը վատ հաղորդիչ է, լավ հաղորդիչ են բառերը, որ մենք դնում ենք ձևի մեջ»[3]: Ասվածը հաստատող լավագույն օրինակը «Հե՜յ, ո՞վ կա» փոքրիկ թատերախաղն է: Հենց միայն վերնագիրն արդեն իր մեջ կրում է մեղեդայնություն, ապա այն անընդմեջ կրկնվելով մեկ գործողությամբ փոքրիկ պիեսի տողերի արանքում`ստեղծագործությունը վերածում է երաժշտական սոնատի: Պիեսը սկզբից մինչև վերջ հնչում է ինչպես երաժշտություն:

Ի դեպ, Սարոյանն ինքը երգերի հեղինակ է և իր պիեսների բեմադրությունների երգերն ինքն է գրել: «Սիրո հին, անուշիկ երգ» պիեսի բեմադրության համար երգերից շատերի բառերն ու երաժշտությունն է հեղինակել: Իսկ ամենահաջող երգը, որը նա գրել է իր զարմիկ Ռոս Բաղդասարյանի հետ      1939 թ., հին հայկական «Վերադարձիր» երգի մշակումն է` ՚՚Come On A My House՚՚ վերնագրով: Այն ձայնագրվել է ամերիկյան «Քոլոմբիա» ֆիրմայի կողմից և յոթանասունհինգ հազար օրինակ ձայնապնակներ հենց առաջին ամսում են սպառվել: «Երգերն ու նրանց մեղեդիներն ինձ մոտ ծնվում են շատ բնական եղանակով, չէ՞ որ այն ամենն, ինչ ես գրում եմ, նման է երգի»[4],- ասում է Սարոյանը:

Այս մտայնությամբ առաջնորդվելով է, որ հայ բեմում Սարոյանի առաջին բեմադրիչ Վարդան Աճեմյանն «Իմ սիրտը լեռներում է» պիեսը բեմադրել է մեկ արարով (ի դեպ, առաջին փորձը հայ բեմում), քանի որ բեմադրիչը կարծում էր, որ «ինչպես երգը հնարավոր չէ ընդհատել, այնպես էլ այս ներկայացումը»:[5] Այս նախադասությունը, ինչպես նկատում է Լևոն Հախվերդյանը, լսել էին հենց Սարոյանից նախորդ տարվա նրա այցելության ժամանակ՝ «Երգն ինչո՞ւ ընդհատել»[6],- իրեն հատուկ լուրջ հումորով նկատել է Սարոյանը: Առհասարակ, «Իմ սիրտը լեռներում է»[7]-ն անդրադարձներում գնահատվել է իբրև երգ-ներկայացում:

Առանձին կատեգորիա են Սարոյանի «Օպերա, օպերա» (ըստ Սարոյանի, ժանրը՝ իտալական օպերա՝ անգլերենով) և «Հե՜յ, ո՞վ կա» «փոքր խաղերը», որոնք հիմք են դարձել օպերաների համար: Դրանք ամերիկյան բեմում ներկայացվել են թե՛ որպես օպերա, թե՛ որպես դրամատիկական ներկայացումներ, իսկ «Հե՜յ, ո՞վ կա»-ն՝ նաև որպես բալետ: «Օպերա, օպերա» պիեսի համար գրված նախաբանում Սարոյանը գրում է «...Ես գրող եմ, ով նաև կոմպոզիտոր է: Դուք կարող եք երաժշտություն տեսնել իմ բոլոր գործերում, երաժշտության ֆորման և որակն առկա է այդ ամենում»:[8] Հայտնի փաստ է, որ Սարոյանն ուներ երաժշտական կառուցվածք մշակելու հմտություն:

«Հե՜յ, ո՞վ կա» կարճ պիեսը, որի առաջին բեմադրությունը տեղի է ունեցել հենց ստեղծման տարեթվին (1941 թ.), 1953-ին հիմք է դարձել կոմպոզիտոր Ջեկ Բիսոնի համար, որը գրել է մեկ գործողությամբ կամերային օպերա: «Օպերա, օպերան» մի քանի բեմադրություն է ունեցել թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Հայաստանում: Պիեսի համար երաժշտություն է գրել 20-րդ դարի հայտնի ամերիկյան կոմպոզիտոր Մարտին Կալմանոֆը, որը բազմաթիվ օպերաների և մյուզիքլների հեղինակ էր: Կոմիկական օպերայի առաջնախաղը տեղի է ունեցել 1956 թվականի փետրվարի 12-ին՝ նախ Նյու Յորքի WNYC ռադիոկայանով, ապա՝ փետրվարի 22-ին, Նյու Յորքի «After Dinner Opera Company»-ի կողմից՝[9] ծաղրերգի ու բուֆոնադի տարրերով կոմիկական օպերա, որը ներկայացվել է իբրև հեգնանք օպերային արվեստին:

Հայ բեմում «Հե՜յ, ո՞վ կան» բեմադրվել է նաև որպես օպերա՝ 2008-ին, Կամերային երաժշտական թատրոնում: Սակայն բեմադրիչ Դավիթ Հակոբյանի համար հիմք է ծառայել ոչ՛ Ջեկ Բիսոնի երաժշտությունը, այլ՝ հայ ժամանակակից կոմպոզիտոր Էդուարդ Սադոյանի ստեղծագործությունը: Այս «կամերային օպերան» հավասարաչափ հագեցած էր ժամանակակից պարային տեսարաններով (բալետմայստեր՝ Լիլիթ Միրզոյան):

Կարելի է ասել, որ մեզանում ավանդույթ է ձևավորվել. Վիլյամ Սարոյանի պիեսների բեմադրությունների համար հաճախ գրվում է օրիգինալ երաժշտություն, դա, հավանաբար, գալիս է Վարդան Աճեմյանից, որի «Իմ սիրտը լեռներում է» բեմադրության համար հատուկ երաժշտություն էր գրել Առնո Բաբաջանյանը: Առանձնակի տպավորություն է գործել «Իմ սիրտը լեռներում է» երգը` շեփորի նվագակցությամբ, որը մեր օրերում կարծես թատերական հիմնի իմաստ է ձեռք բերել:

Սոս Սարգսյանը նույնպես հետևելով Աճեմյանի փորձին՝ իր «Մի գավաթ բարություն» ներկայացման այցեքարտն էր դարձրել Մարտին Վարդազարյանի հեղինակած երաժշտությունը՝ դարձյալ շեփորի կատարմամբ: Ներկայացման սկիզբը շեփորով էլ ազդարարվում էր, և ապա տարբեր տեսարաններում հնչում է երաժշտական նույն մոտիվը՝ որպես բարության, երազանքի, սիրո այլաբանական խորհրդանիշ-կերպար:

Վիլյամ Սարոյանի հսկայածավալ դրամատուրգիական ժառանգությունից հենվելով ընդամենը մի քանի պիեսի վրա՝ փորձեցինք ընթերցողի համար բացահայտել Սարոյանի թատերագրության այս գրեթե չներկայացված ոլորտը: Ինչ խոսք, թեմայի շուրջ կարելի է անվերջ ծավալվել: Եվ մեծ գրողի ծննդյան 115-ամյակը հրաշալի առիթ է՝ նորից ու նորից խորասույզ լինելու Սարոյանի գրականության անտակ օվկիանում, և այնտեղից նորանոր գանձեր լույս աշխարհ բերելու՝ ի նպաստ սարոյանագիտության, որտեղ դեռ շատ խոսք կա ասելու:   

 

[1] Վ. Սարոյան, Ընտիր երկեր, հ. 2, Երևան,  «Սովետական գրող», 1987 թ.,էջ 20:

[2] Վ. Սարոյան, Ընտիր երկեր, հ. 4, Երևան, «Նաիրի», Երևան, 1991, էջ 397-398:

[3] Վ. Սարոյան, Ընտիր երկեր, հ. 4, էջ 398:

[4] «Ֆիլմ» Գյուլնարա Շահինյան, 29.04.1986 թ.:

[5] Բ. Հարությունյան, Հայ սովետական թատրոն, 1917-1977, «Սովետական գրող», Երևան, 1985, էջ 304:

[6] Л. Ахвердян, Л. Ахвердян, В горах мое сердце, «Театр», 1961, N11,  с. 118:

[7] Պ. Սևակ, Իմ սիրտը լեռներում է // Գ. Զարեյան, Տարիներ և ներկայացումներ, «Հայաստան», 1972, էջ 529:

[8] W. Saroyan, Razzle-Dazzle, «Harcourt, Brace and Company», New York, 1942,p. 125:

[9] Margaret Ross Griffel, Operas in English, A Dictionary, “Scarecrow Press Inc.”, 2012, p. 357:

 

 

Անուշ Ասլիբեկյան