Եռաբլուրի ասպետները

Հայոց ազգային բանակի 30-ամյակի օրը ներկայացնում ենք այն զինվորներին, որոնք  գուցե ծնվել էին մեծ գրականություն ստեղծելու համար կամ գուցե հետագայում թողնեին գրականությունը և մի այլ ստեղծարար ընթացք ունենային, կամ էլ դառնային ազատության ու հայրենիքի պաշտպանության մարտիկներ՝ կադրային զինվորականներ: Մի բան ակնհայտ է՝ նրանք բոլորը ստեղծագործ սկզբի ու լուսավոր ընթացքի տղաներ էին, որոնք բոլոր ժամանակներում ազգային սերուցքն են ձևավորում: Բոլորը զոհվել են Արցախյան ազատամարտի տարբեր տարիներին, հիմնականում 44-օրյա պատերազմում՝ թողնելով ոչ միայն հասուն գրականություն, այլև մի քանի պատառիկներ իրենց գրական առաջին փորձերից, որոնք որքան էլ անմշակ, բայց ստեղծարար մտքի ծնունդ են: Այսօր նրանք ասպետականորեն համալրել են Եռաբլուրի և մյուս հերոսական պանթեոնները: Համազգային հայ կրթական և մշակութային միությունը պատերազմում զոհված 11 արձակագիրների և պոետների տեղծագործություններից կազմել է «Հնչող ձայներ» ժողովածուն, որից 4 հեղինակների գործեր ներկայացնում ենք ընթերցողի գնահատմանը: Ստեղծագործությունները «ArtCollage»-ին է տրամադրել ժողովածուի կազմող Ռուզան Առաքելյանը:

 

***

Վարդան Ամալյան 

Ծնվել է 2001թվականի հունվարի 18-ին՝ Երևանում: Ստեղծագործել է վաղ պատանեկան տարիքից: Զոհվել է 2020-ի նոյեմբերի 7-ին՝ Շուշիի համար մղվող մարտերում:

***

«Վարդը, որ աճել էր բետոնի մեջ»

 

Մի անգամ հարթ և ոչինչ չասող բետոնի մեջ աճել էր վարդ... Այ քեզ հրաշք... Մի՞թե սա հնարավոր է: Ցավոք, սա հրաշալի է միայն տեսնողի համար, քանի որ Վարդը տանջանքներ էր քաշում, որոնք ոչ ոք չէր հասկանում...

Բետոնը ոչինչ չասող նույն դեմքով ապրում էր, իսկ Վարդը ուներ զգացմունք. նա տանջվում էր, սիրում էր, ատում էր անգամ: Նա մի անգամ Բետոնին սիրահարվեց, քանի որ այնքան անզոր էր և անկարող... Բետոնի մեջ աճած կանացի նուրբ Վարդը մի անգամ Բետոնին հարցրեց.

-Դու ինձ սիրո՞ւմ ես:

-Ո՛չ,- պատասխանեց բետոնը:

-Ինչո՞ւ...

Այս «ինչո՞ւն» մտածմունքների մեջ գցեց Վարդին. Նա կարկամեց... Ի՞նչ անել: Վարդը մի գեղեցկուհի էր, որ կգերեր յուրաքանչյուրին, բայց նա, սիրահարվելով Բետոնին, չստացավ պատասխան: Մի՞թե այսքան նվաստացուցիչ էր ամեն ինչ, մի՞թե Բետոնը չունի չսիրելու իրավունք. Իհարկե, ունի: Եվ հիմա ո՞վ է իրավացի՝ Վա՞րդը, որ հուսահատ սիրահարվել էր Բետոնին, թե՞ Բետոնը, որ ունենալով այդպիսի հնարավորություն, մնաց նույն անսիրտը: Մի պահ Վարդը նայեց վերև, հուզվեց և ինքն իրեն ասաց.

-Ինչո՞ւ եմ ես այսքան անբախտ...

-Մի՛ անիծիր քեզ,- մեջ մտավ Բետոնը: -Եթե դու ծնվել ես այստեղ, ուրեմն դու արժանի ես դրան անգամ մինչև քո ծնվելը:

-Բայց ինչո՞ւ այսքան դաժան... Ես ամենագեղեցիկ Վարդն եմ, և ես, սիրահարվելով քեզ, չունեմ պատասխան...

-Ամեն դեպքում մի՛ անիծիր... Հանկարծ կարկամեց Բետոնը. Իրոք, ինչու պետք է նա այդպիսի բախտի արժանանար՝ լինելով ամենագեղեցիկը: Չկար պատասխան... Մի՞թե դա այդպես էր որոշել Տերը, բայց ամեն ինչ պետք է ուրիշ ձևով լիներ. չէ՞ որ յուրաքանչյուր էակ ծնվում է որպես ազատ շունչ և կարող է ընտրել իր կյանքն ու նրա բաղկացուցիչ մասերը և...

Ինչպիսի՜ ծաղրանք...

Վարդը ծնվել էր ազատ, բայց նա չուներ ընտրելու հնարավորություն: Նա պետք է ապրեր այդ կյանքով, նա պետք է մաքառեր, տառապեր, տանջվեր, քանի որ այդպես որոշված էր ի ծնե. բախտի սխալմունքը դժվար է հասկանալ... Բայց Վարդը էլ չդիմացավ...

Մի անգամ Բետոնը քնից արթնացավ: Չկար աղմուկ. ամեն ինչ արհեստական լուռ էր: Բետոնը ձայն տվեց Վարդին, չկար պատասխան... Ձայն տվեց ևս մեկ անգամ, կրկին չկար պատասխան, նայեց վերև, և...

-Դու էլ չկա՛ս... Ես քեզ չհասցրի ասել, որ քեզ սի...

Խոսքը կիսատ մնաց... Բետոնի սիրտը կարծես դուրս թռավ քարե զնդանից, և հանկարծ արցունքախառն արյուն հոսեց. արցունքները Բետոնի հեծկլտոցից էին, իսկ արյունը Վարդի տառապած հոգուց էր, որը հոսեց ի հիշատակ Վարդի:

2013թ.

 

***

Արտակ  Բարսեղյան

Ծնվել է 1983 թվականի սեպտեմբերի 13-ին՝ Վարդենիսում: Արտակը կավագործ էր, նկարիչ, երգիչ, բանաստեղծ ու մանկավարժ: Զոհվել է 2020-ի հոկտեմբերի 15-ին՝ Մեղրի-Երևան ճանապարհի 218կմ հատվածում՝ վիրավոր զինվորներին օգնություն ցուցաբերելիս:

***

Բացե՛ք իմ մանկության դռները, թողեք, ես ետ եմ գնում, չեմ ուզում ձեր կեղտոտ իրականությունը, սին հույսերն ու շռայլ կարողությունը, կեղծ ազատությունը, որ բանտարկություն արժե, ծախված մարդասիրությունը, և այն մեդալը, որ գամել եք ձեր կրծքին, խլել է աչքերիս փայլը, որ երբեմնի մանուկ օրերիս արևն էր նվիրել: Ինչո՞ւ քանդեցիք երազներս, ես այսպիսին չեմ նկարել իմ ապագան, վաղը թերթող մայրամուտը, և վերջապես առավոտը, որ սփռում էր հոտը գարնան, իսկ ներկաս հիմա միշտ ձմեռ է, թեկուզ, եթե տապին ամռան ես մրսում եմ, բայց ես խեղդվում եմ ձեր ներկայությունից: Ի՞նչ արեցիք պատգամներս, ի՞նչ արեցիք մարդկանց, ովքեր Աստծու զավակներն էին և զարդարում էին մատուռները Խաչով, ուր ծխալով իջեցրել են ու զանգերով Ամեն ասել: Այս ի՞նչ արիք հավատքիս հետ, իմ ծնկաչոք ու աղերս կանչող մաքառումի հետ: Ո՞ւր են ծերերը, ես նրանց եմ ուզում, որ ժամանակին փրկում էին մի ամբողջ ազգանուն, պատիվ և անուն, ո՞ւր են նրանք ճերմակել: Կոկորդս կաղում է, շնչելս բաժան-բաժան լինում, այս ո՞վ խլեց օդը հոգուս ով պարփակեց երազ ու հույս:

Որտե՞ղ թաղեցիք իմ մորմոքը և բողոքը դարձրիք ճառերն այսօրվա, մարդկանց մեջ վարակ տարածեցիք ու դեռ փորձում եք պսակել դրանք: Ո՞ւր են մայրերն իմ տարիների, որ հանգիստ էին զավակների համար, որ սյուններ էին տնկում տաճարի, ո՞ւր են նրանք, իհարկե, անդուլ ու խարխուլ խիղճ են փարատում: Ո՞վ վաճառեց հայուհիներիս հյուսած մարմինը, որտե՞ղ ծախեցիք արգանդը թավիշ և կույս սփռեցիք իբրև պատիվ: Էլ ի՞նչ գոչեմ ձեր թերածնին, որ չխլի անմեղ մի կյանք, չտրորի ծնված գեթ ծիլ, արդեն կյանքի շեմը հատած:

Մի՛ խառնեք մեռած ու ողջ ու ձեր մեռելը մի՛ աստվածացրեք, այլ սգացեք իրականում, թե որ մինչ մահ ճանաչել եք: Ժպիտս դարձրիք դալուկ, մտքերս ծանծաղ դեռատի,ա՛խ ետ բերեք օրերն իմ մանուկ, օրերն անմոռաց իմ կյանքի:

Բացե՛ք դռներն իմ մանկության. Ես ուզում եմ վերադառնալ՝ թողնելով ձեր կեղտոտ իրականությունը, որ բանտարկությունն է ազատության...

 

***

Կոմիտաս Հակոբյան

Ծնվել է 1972 թվականի հունիսի 1-ին՝ Արցախի Մարտունու շրջանի Քերթ գյուղում: Նրա անունով է կոչվում Քերթի միջնակարգ դպրոցը: Արցախի «Արիության համար» մեդալի շքանշանակիր է:

***

Մի օր կծրարես

իմ վարքը՝

որպես հիշողություն...

Ես չեմ լինի:

Ես ուրվականների ուղեկցությամբ

կհասնեմ հրեշտակների մոտ,

նրանք իմ մարմնից

կառնեն ոգին

ու ինձ կձեռնադրեն

անդրերկրային առասպելների քահանա:

Ես կողջագուրվեմ

Իմ խորանի պատերի հետ

ու կաղոթեմ այնտեղ,

ու կաղոթեմ:

Հետո... Իմ մարմինը,

որպես ընծա,

կառնեն աստվածները

ու ինձ կկտակեն

գահավիժման ընթացքին:

 

***

Մեկը սիրել է ինձ: Այդ նա էր:

Ու աշունը տրորվել է ոտքերիս տակ:

Ու ես չէի խոսում արդեն,

Ու չէր պայթում բառը,

Ու ես փախչում էի ինձնից,

Ու անձրև էր, ցեխ էր...

Ու թաց շուրթերն էին նրա

Դողում աշնան հևքով,

Իսկ հետո էլ արդեն՝

Լաց էր,

Թախիծ,

Արցունք...

Ու ես չէի կարող

Զսպել նրան արդեն,

Ու ես չէի կարող

Նրան բերել դարձի:

Ու ես սիրում էի արդեն խելագարի պես:

Ու ես փախչում էի ինձնից, որ ինձ նրան տանեմ:

 

***

Վաչագան Մանուկյան

Ծնվել է 1991 թվականի հուլիսի 7-ին, Հայոց զինված ուժերում  ծառայության ընթացքում պարգևատրվել է «Գարեգին ՆԺդեհ» մեդալով: Որպես կամավոր դիմումը ներկայացրել է սեպտեմբերի 27-ին: Զոհվել է 2020-ի նոյեմբերի 8-ին՝ Մատաղիսի և Շուշիի համար մղված կատաղի մարտերում:

***

«Նրան»

 

Քո անխոստում լռությունը

իմ դանդաղ մահն է,

որ աննկատ տանում է ինձ

Աստվածակերտ

մի իրողություն,

որտեղ մարդկային հորինվածքներն են,

ողջը շրջանցող

երազներ միայն:

Դու ամեն օր

մեր ներկան

տանում ես

հիշողություն,

ուր իմ կռիվն է

անհաշվելի

դիմակների հետ...

Հա,

գիտեմ,

գիտեմ, որ հեռվից

հետևում ես

ընթացքին

և մտքումդ հիանում

անպարտելիությամբս,

բայց...

Հիմա ես այնքան

քո կարիքն ունեմ,

որ կգրկեի

ամուր-ամուր

ու կթողնեի

վնասված

հոգուս հատվածները,

որ սպիանան՝

տվածդ ջերմությամբ...

Ցավոք, այս պայքարում՝

առաջնորդողը ինձ

քո լռությունը եղավ,

այդ անխոստում լռությունը...

Երբ վրա հասնի

հաղթական հարվածի

պահը,

ու երբ վերքերս

ներսից հոշոտեն մարմինս՝

կկատարեմ քո

վերջին երազանքը՝

հաղթանակ

նվիրելով քեզ՝

ինձնից հետո...

 

***

Երբ նորից գամ,

ինձ չես տեսնի:

Լռությունս կխառնեմ քաղաքի աղմուկին

և աննկատության ստվերում՝

սիրուն կժպտամ...

Գիտեմ,

երազաճախր փաթիլներս

չհասան սրտիդ,

որովհետև՝

նրանք ջերմությունից հալված,

անկրակ անձրևներ թվացին քեզ...

Բայց չտխրես,

նրա մոտ կտամ քո անունը,

հետո

արևի ջերմությամբ կգրկեմ քեզ

ամուր-ամուր,

որ չվնասվի հոգիդ

խիղճը կորցրած փոթորիկներից...

Եվ ամենավերջում՝

մի անծանոթ քամու կխնդրեմ՝

ինձ իր հետ տանի հեռու-հեռու,

իսկ դու՝

մենության կարոտներից հյուսված

խաղաղության ծիածանում՝

կխմես մեր սիրո գինին

ու անկիրք կժպտաս,

քեզ անվերջ սեր խոստովանող

նրբանկատ դոնժուաններին...