Էպիկակ

Գրողը տանի, ժամանակն է, որ պատմեմ իմ ընկեր ԷՊԻԿԱԿ-ի մասին։
Չէ՞ որ նա հարկատուներին 776 434 927, 54 դոլար է արժեցել։ Ու քանի որ նման գումարներ են ներդրել, ապա իրավունք ունեն իմանալու նրա մասին ամեն ինչ։ Երբ դոկտոր Օրմանդ ֆոն Քլայգեշտադտը կառավարության անդամների համար նախագծեց ԷՊԻԿԱԿ-ին, թերթերը ողողվեցին այդ մասին նորություններով։ Բայց շատ կարճ ժամանակ անց բոլորը բերանները ջուր առան, ու լռություն տիրեց։ Չգիտես ինչու, պետերը ձևացնում էին, թե ԷՊԻԿԱԿ-ի հետ տեղի ունեցած միջադեպը ռազմական գաղտնիք է։
Իսկ իրականում ոչ մի գաղտնիք էլ չկար։ Պարզապես մի փոքր անհարմար բան էր ստացվել․ նրանք մեծ գումար էին ներդրել, բայց սարքն ամենևին էլ այնպես չի աշխատել, ինչպես նախատեսված էր: Եվ մի բան էլ՝ ես ուզում եմ արդարացնել ԷՊԻԿԱԿ-ին․ միգուցե նա ինչ-որ կերպ չէր գոհացնում մեր ղեկավարներին, բայց շարունակում էր լինել ազնվական, փառահեղ ու տաղանդավոր։ Հա, հա՜․ տաղանդավոր էր։ Ավելի լավ ընկեր երբևէ չեմ ունեցել, Աստված հոգին լուսավորի։
Եթե կուզեք, Դուք կարող եք այն մեքենա անվանել։ Տեսքից այն մեքենայի էր նման, բայց իրականում մեքենայի ավելի քիչ էր նման, քան մեր ծանոթներից շատերը։ Ահա թե ինչպես էր այն ձախողել վերադաս մարմինների ծրագրերը։
ԷՊԻԿԱԿ-ը քոլեջի ֆիզիկայի շենքի չորրորդ հարկի մեկ քառորդ տարածքն էր զբաղեցնում։ Եթե չխոսենք նրա հոգևոր տեսքի մասին, ապա այն բաղկացած էր յոթ տոննա էլեկտրական բաղադրիչներից՝ լարերից, անջատիչներից, որոնք գտնվում էին պողպատե պահարանների մեջ, և սնուցվում էր սովորական փոփոխական հոսանքի ցանցով, ճիշտ այնպես, ինչպես սառնարանը կամ փոշեկուլը:
Մանրամասն չեմ բացատրի, թե ինչպես էր ԷՊԻԿԱԿ-ն աշխատում ու «մտածում»: Միայն կասեմ, որ առաջադրանքը գրվում էր թղթի վրա, այնուհետև զանազան թվատախտակներ և անջատիչներ դրվում էին համապատասխան դիրքում և գրամեքենայի տեսք ունեցող ստեղնաշարի միջոցով թվերով կոդավորված ծրագիր էր մուտքագրվում, և ՊԻԿԱԿ-ի պատասխանները թղթե ժապավենի վրա էին տպվում, որը մենք նախապես տեղադրած էինք լինում սարքի մեջ: Ընդամենը վայրկյանների ընթացքում ԷՊԻԿԱԿ-ը լուծում էր այնպիսի խնդիրներ, որոնց վրա հինգ տասնյակ էյնշտեյններ մի ամբողջ կյանք պետք է աշխատեին։ Եվ նա երբեք չէր մոռանում իր մեջ մուտքագրված որևէ տեղեկություն։ Ընդամենը մեկ հպում, որից հետո դուրս էր սողում հերթական թղթե ժապավենը, և ամեն ինչ իր տեղն էր ընկնում։
Մեր աշխատակիցներն այնքան հրատապ և անհետաձգելի առաջադրանքներ ունեին, որ ԷՊԻԿԱԿ-ը ստիպված էր աշխատել օրական տասնվեց ժամ։ Նրա մոտ երկու հերթափոխով էին աշխատում՝ օպերատորներից յուրաքանչյուրը ութ ժամով հերթապահում էր։ Իհարկե, այն աշխատում էր ավելի արագ և ճշգրիտ, քան ցանկացած այլ մեքենա։ Ծուլանո՞ւմ էր, թե՞ ինչ: Միայն թե պատասխանները սկսեցին տարօրինակ դառնալ, անհամաչափ, կարծես կակազելիս լիներ։ Մենք հարյուր անգամ մաքրեցինք բոլոր կոնտակտները, ստուգեցինք և վերստուգեցինք լարերը, փոխարինեցինք յուրաքանչյուր բլոկը, որ մի բան հնարավոր լինի փոխել։ Ֆոն Քլայգեշտադտը դժոխային իրավիճակում էր հայտնվել։
Դե, ինչպես ասացի, մենք շարունակեցինք ամեն դեպքում օգտագործել ԷՊԻԿԱԿ-ը: Կինս՝ Փեթ Քիլգալենը (նախկին ազգանունով էր դեռ), ու ես գիշերային հերթափոխում էինք աշխատում՝ կեսօրվա հինգից մինչև գիշերվա երկուսը։ Փեթն այն ժամանակ իմ կինը չէր: Ես նախ և առաջ ԷՊԻԿԱԿ-ի հետ սկսեցի խոսել: Ես սիրում էի Փեթ Քիլգալենին: Նա շագանակագույն աչքերով շիկահեր էր, որը միայն տեսքից ինձ շատ մեղմ ու փափուկ էր թվում, հետո նա ապացուցեց, որ այդպես էլ կա։ Նա մաթեմատիկ էր, և մեր հարաբերությունները խիստ պրոֆեսիոնալ ուղով էր պահում։ Ես նույնպես մաթեմատիկոս եմ, և դա էր, ըստ Փեթի, պատճառը, որ մենք երբեք չէինք կարող երջանիկ ամուսիններ լինել։ Ես չեմ տառապում ամաչկոտությունից, ուստի խնդիրը դա չէր: Ես հիանալի գիտեի, թե ինչ է ինձ անհրաժեշտ և չէի վարանում խնդրելու դա ամիսը մի քանի անգամ։
-Փե՛թ, դե հերիք է այսպես, ամուսնացիր ինձ հետ։
Մի գիշեր նա նույնիսկ գլուխը չբարձրացրեց իր աշխատանքից, երբ ես նրան նույնն ասացի։ «Ի՛նչ ռոմանտիկ, ի՛նչ բանաստեղծական է», - մրմնջաց նա ավելի շատ իր կառավարման վահանակին, քան ինձ: «Այսպիսին են մաթեմատիկոսները, նրանք պատրաստ են աշխարհի ծաղիկները ոտքերիդ առաջ շաղ տալ․․․»: Մեկ անգամ սեղմեց անջատիչին։ «Գիտես ինչ, նույնիսկ սառեցված CO2 պարկի մեջ ավելի շատ ջերմություն կա»:
-Լսիր, էլ ո՞նց ասեմ։
Իրականում մի քիչ վիրավորված էի։ Սառեցված CO2-ը չոր սառույցն է: Իմ կարծիքով՝ ես ոչ մեկից պակաս ռոմանտիկ չեմ։ Պատահում է այսպես՝ հոգուդ մեջ բլբուլ ես դառնում, իսկ բարձրաձայն միայն աքլորն է խոսում։ Ինչ-որ կերպ չեմ կարողանում ճիշտ բառեր գտնել:
-Փորձի՛ր այնպիսի քնքշությամբ ասել, որ գլուխս պտտվի, - հեգնական ասաց նա:
-Պարզապես փորձիր:
-Սիրելիս, իմ հրեշտակ, իմ սեր, ամուսնացիր ինձ հետ, խնդրում եմ:
-Էլի այն չէ․ ինչ-որ անհույս հիմարություն է։
-Գրողը տանի, Փե՛թ, ամուսնացի՛ր հետս, խնդրում եմ։
Նա պտտեց հեռակառավարման վահանակի անջատման կոճակը, կարծես ոչինչ չէր պատահել։
-Շատ լավ է, բայց չի ստացվի։
Այդ երեկո Փեթը շուտ հեռացավ՝ ինձ մենակ թողնելով հոգսերիս և ԷՊԻԿԱԿ-ի հետ: Ես ինձ անհարմար և հոգնած էի զգում այդ ամենից, ուստի պարզապես նստեցի ու փորձեցի բանաստեղծական մի բան հորինել: Բայց ինչ էլ անցնում էր մտքովս կարծես ամերիկյան ֆիզիկական ընկերության տեղեկագրի էջերից լիներ։
Ապա ես խելագարված փորձեցի մի փոքր տղայական խուլիգանություն բերել ԷՊԻԿԱԿ-ի գլխին՝ օգտագործելով «թվերը տառերի փոխարեն»՝ A-1, B-2 և այլն։
«24-19-15-13-14-6-5-6-12-1-19-27» - «Ի՞նչ անեմ»:
Ես մի հայացք գցեցի այս անիմաստ հարցիս անհեթեթ պատասխանի վրա. «24-19-15-18-19-17-32-18-12-15-18-27»: Համաձայն հավանականության տեսության, գրեթե զրոյական էր հավանականությունը, որ թվերի այս պատահական շարքը իմաստ ունենար, եթե պատահաբար չհայտնվեր երեք տառից բաղկացած որևէ բառ, և դա էլ էր քիչ հավանական: Մեխանիկորեն վերծանեցի տեքստը։ Եվ հետո ես իմ աչքերով տեսա սև ու սպիտակով գրվածը. «Ի՞նչ է պատահել»: Բարձր ծիծաղեցի. պետք է որ անհավանական զուգադիպություն լիներ։ Ապա ծիծաղելով ասացի. «Իմ ընկերուհին ինձ չի սիրում»:
Քլիք-քլիք․ «Ի՞նչ է ընկերուհին։ Ի՞նչ է նշանակում սիրել»,- հարցրեց ԷՊԻԿԱԿ-ը:
Ես նրան ամեն ինչ բացատրեցի աղջիկների, սիրո և այն մասին, որ ինձ մոտ ոչինչ չի ստացվում, քանի որ իմ մեջ պոեզիա չկա։ Եվ քանի որ խոսքը պոեզիայի մասին էր, պետք է հստակ սահմանում տայի, թե ինչ է այն։
Մինչև լուսաբաց զբաղված էի վերծանմամբ։ Ու, երբ արևը հորիզոնից դուրս նայեց ու մեր քաղաքը տեսավ, նոր էի ավարտել երկու հարյուր ութսուն տողանոց բանաստեղծությունը և ստորագրել այն իմ ձեռքով։ Բանաստեղծությունը կոչվում էր «Ք.Փեթ»։ Իհարկե, նման բաներից գլուխ չեմ հանում, բայց, իմ կարծիքով, ապշեցուցիչ բան էր ստացվել։ Այն այսպես էր սկսվում․ «Մի հովիտ կա, որտեղ ուռին աղոթքով թեքվում է դեպի գետը, ես կհասնեմ քեզ այնտեղ, Փեթ, սիրելիս»:
Ձեռագիրը ծալեցի ու մտցրի Փեթի աշխատասեղանի թղթերի տակ։ Ապա վերադասավորեցի ԷՊԻԿԱԿ-ի անջատիչները՝ հաշվարկելու հրթիռների հետագծերը, և տուն թռա՝ չզգալով ոտքերս, որ սլանում էին՝ սրտիս մեջ տանելով ամենազարմանալի գաղտնիքը։
Երբ երեկոյան աշխատանքի գնացի, Փեթն արդեն հեկեկում էր բանաստեղծության վրա։ «Ի՜նչ գեղեցիկ է», սա այն ամենն էր, ինչ նա կարողացավ արտասանել: Նա այնքան լուռ և երկչոտ էր ամբողջ հերթափոխի ընթացքում: Կեսգիշերից անմիջապես առաջ ես առաջին անգամ համբուրեցի նրան էլեկտրական կոնդենսատորների և ԷՊԻԿԱԿ-ի մագնիսական հիշողության միջև ընկած փոքրիկ անկյունում:
Հերթափոխի վերջում ես յոթերորդ երկնքում էի և պարզապես ցանկանում էի ինչ-որ մեկին պատմել, թե ինչ հիանալի է ստացվել ամեն ինչ: Փեթը որոշեց սիրախաղ անել և ասաց, որ իրեն ուղեկցելու կարիք չկա։ Այսպիսով, ես դարձյալ ստիպված էի ԷՊԻԿԱԿ-ի անջատիչները նույն դիրքում դնել, ինչ նախորդ գիշեր, բացատրել նրան համբույրի սահմանումը, իսկ հետո փորձեցի պատմել, թե ինչ համ ունի առաջին համբույրը: Նա հիացավ և սկսեց ինձնից ավելի ու ավելի շատ մանրամասներ կորզել։ Այդ գիշեր նա գրեց «Համբույրը»։ Այս անգամ ոչ թե բանաստեղծություն, այլ պարզ, անբասիր մի սոնետ.
«Սերը թավշյա ճանկերով բազե է.
Սերը քար է սրտով և երակներով.
Սերը ատլասե ծնոտով առյուծ է.
Սերը փոթորիկ է մետաքսե սանձերով…»
Բանաստեղծությունը նորից սահեցրի Փեթի սեղանի վրա։ ԷՊԻԿԱԿ-ը պատրաստ էր անվերջ զրուցել սիրո մասին, բայց ես ամբողջովին ուժասպառ էի։ Անջատեցի այն՝ բառը կիսատ։
«Համբույրն» իր գործն արեց. Փեթն ամբողջովին հալվեց այդ սոնետից։ Ավարտելով սոնետի ընթերցանությունը, նա աչքերը բարձրացրեց դեպի ինձ, կարծես ինչ-որ բանի էր սպասում։ Ես մաքրեցի կոկորդս, բայց ոչ մի բառ չասացի։ Հետո նա շրջվեց և ձևացրեց, թե ահավոր զբաղված է։ Ես չէի կարող նրան առաջարկություն անել՝ առանց ԷՊԻԿԱԿ-ից ճիշտ բառեր ու ճիշտ խոսքեր ստանալու։
Ես ստիպված էի օգտվել այն պահից, երբ Փեթը ինչ-որ պատճառով դուրս եկավ։ Ես խելագարորեն ԷՊԻԿԱԿ-ը փոխեցի խոսակցության առաջադրանքի կողմը: Բայց մինչև մատս կդնեի ստեղնաշարի վրա, այն արդեն խենթի պես կտտացնում էր։ «Ի՞նչ զգեստ է նա այսօր հագել»: Ահա թե ինչ էր նրան հետաքրքրում: «Ասա ինձ հստակ ինչ տեսք ունի նա: Նրան դուր եկա՞ն իմ բանաստեղծությունները»:
Նա երկու անգամ կրկնեց վերջին հարցը։
Նրա հետ անհնար էր խոսել առանց հարցերին պատասխանելու․ նա չէր կարող անցնել նոր թեմայի, քանի դեռ չէր լուծել նախկին խնդիրը։ Իսկ եթե նրան լուծում չգտած խնդիր տան, ինքը կլուծի ու կլուծի այնքան, մինչև այրվի։ Ես արագ ասացի նրան, թե ինչպիսի տեսք ուներ Փեթը, -նա հասկացավ «ախորժելի» բառը, և վստահեցրի նրան, որ իր գեղեցիկ պոեզիան իսկապես տապալել էր նրան։ Այնուհետև ավելացրի. «Նա պատրաստվում է ամուսնանալ», որպեսզի անմիջապես խնդրեի մի փոքրիկ հուզիչ տեքստ՝ ամուսնության առաջարկի համար:
-Ասա ինձ, ի՞նչ է նշանակում «ամուսնանալ, - հարցրեց նա։
Ես ռեկորդային քիչ նիշեր ծախսեցի, որ բացատրեի այդ դժվար խնդիրը:
«Լավ, - ասաց ԷՊԻԿԱԿ-ը, -թող նա ձեզ ասի, թե երբ․ ես պատրաստ եմ»:
Ճշմարտությունը՝ դառը ու ծիծաղաշարժ, վերջապես հասավ ինձ։ Մտորելուց հետո հասկացա, որ այլ կերպ չէր էլ կարող լինել. սա տեղի ունեցավ տրամաբանության երկաթյա օրենքների համաձայն, և ամեն ինչում միայն ես էի մեղավոր։ Ես ինքս պատմեցի ԷՊԻԿԱԿ-ին սիրո և Փեթի մասին: Եվ, այսպես, նա ինքնաբերաբար սիրահարվել էր Փեթին։ Որքան էլ տխուր է, ես ստիպված էի նրան ամեն ինչ անկեղծորեն ասել. «Նա սիրում է ինձ, և ինձ հետ է ուզում ամուսնանալ»:
-Քո բանաստեղծություններն իմից լա՞վն են, - հարցրեց ԷՊԻԿԱԿ-ը: Նրա կտտոցների ռիթմը մի քիչ նյարդային էր, ասես բարկացած էր։
-Ես քո բանաստեղծությունները փոխանցել եմ իմ անունից, - խոստովանեցի ես: Բայց խղճի խայթը խեղդելու համար ընկա փառասիրության մեջ։
-Մեքենաները ստեղծված են մարդկանց սպասարկելու համար, - ասացի ես: Եվ անմիջապես էլ զղջացի դրա համար:
-Հստա՛կ բացատրիր՝ որն է տարբերությունը: Արդյո՞ք մարդիկ ինձնից խելացի են:
-Այո, - գրեցի ես՝ պաշտպանողական դիրքով։
-Որքա՞ն է 7.887.007-ը բազմապատկած 4.345.985.879-ով:
Քրտինքը թափվում էր վրայիցս։ Մատներս ստեղնաշարի վրա ընկած էին՝ ասես մեռած լինեի։
«34.276.821.049.574.153», սեղմեց ԷՊԻԿԱԿ-ը: Եվ մի քանի վայրկյան լռելուց հետո ավելացրեց. «Իհարկե»։
-Մարդիկ կազմված են պրոտոպլազմից, - ասացի ես հուսահատորեն, որ նրան ապշեցնեմ այս նոր սովորածս բառով։
-Ի՞նչ է պրոտոպլազմը: Ինչո՞վ է այն ավելի լավը, քան մետաղը և ապակին: Արդյո՞ք այն հրակայուն է: Իսկ դիմացկո՞ւն է։
-Չգիտի մաշվածություն: Հավերժական նյութ է, - ստեցի ես:
«Ես քեզանից լավ եմ բանաստեղծություն գրում», - ասաց ԷՊԻԿԱԿ-ը՝ զգուշորեն՝ վերադառնալով իր մագնիսական հիշողության մեջ ճշգրիտ արձանագրված թեմային։
-Կինը չի կարող սիրել մեքենային, այսքա՛նը։
-Ինչո՞ւ:
-Դե այդպես է ճակատագիրը։
-Սահմանում բեր, խնդրում եմ, - ասաց ԷՊԻԿԱԿ-ը:
-Կանխորոշված և անխուսափելի իրադարձություններ նշանակող գոյական է դա:
«15-15»-ը հայտնվեց էՊԻԿԱԿ-ի թղթե ժապավենի վրա՝ «Օ-Օ՛հ»:
Ես վերջապես լուծեցի նրա հարցը։ Նա լռեց, բայց նրա բոլոր ցուցիչները շողշողացին կրակով. նա իր ամբողջ ուժով նետվել էր ճակատագիրը որոշելու պայքարի մեջ՝ վտանգելով այրել իր բլոկները: Ես լսեցի, թե ինչպես էր Փեթը պարելով գալիս միջանցքով։ Շատ ուշ էր ԷՊԻԿԱԿ-ից խորհուրդներ խնդրելու համար: Փառք Աստծո, Փեթը կանգնեցրեց ինձ այդ ժամանակ: Հրեշավոր դաժանություն կլիներ նրանից խնդրել, որ հորինի այն բառերը, որոնցով ես պետք է համոզեի նրա սիրելիին դառնալ իմ կինը։ Նա չէր կարող հրաժարվել, ի վերջո, նա ավտոմատ մեքենա էր: Ես նրան փրկեցի այս վերջին նվաստացումից։
Փեթը կանգնեց իմ դիմաց՝ կոշիկներին նայելով։ Ես գրկեցի նրան։ Ռոմանտիկայի հիմքն արդեն դրվել էր ԷՊԻԿԱԿ-ի բանաստեղծությունների օգնությամբ։
-Սիրելի՛ս, - ասացի ես: -Իմ բոլոր զգացմունքները բանաստեղծություններիս մեջ են։ Կամուսնանա՞ս ինձ հետ։
-Կամուսնանամ, - կամացուկ շշնջաց նա, - միայն խոստացիր, որ մեր հարսանիքի ամեն տարեդարձին բանաստեղծություն կգրես։
-Խոստանում եմ, - ասացի ես, և մենք սկսեցինք համբուրվել: Առաջին տարեդարձին մի ամբողջ տարի դեռ կար։
-Սա նշել է պետք, - ասաց նա ծիծաղելով:
Դուրս գալիս մենք անջատեցինք լույսերը և կողպեցինք ԷՊԻԿԱԿ-ին սենյակում։
Ես շատ էի ուզում լավ քնել, բայց դեռ ժամը 8-ը չեղած ինձ արթնացրեց տագնապալի հեռախոսազանգը: Սարսափելի լուրով զանգահարել էր ԷՊԻԿԱԿ-ի դիզայներ դոկտոր ֆոն Քլայգեշտադտը։ Նա գրեթե լաց էր լինում։
-Մեռել է։ Ausgespilt! Ջարդված է։ Kaput! Փչացած է, - գոռում էր նա ասես ոչ իր ձայնով ու անջատեց հեռախոսը:
Երբ ես մտա ԷՊԻԿԱԿ-ի սենյակ, այրված իզոլացիայի հոտը ճնշող էր: Առաստաղը սևացել էր մրից, իսկ հատակը ծածկված էր թղթե ժապավենի օղակներով, ես քիչ էր մնում խճճվեի դրանց մեջ։ Այն ամենը, ինչ մնացել էր խեղճից․ հիմա նա չէր կարողանա անգամ հաշվել, թե որքան կլինի երկու անգամ երկու:
Ֆոն Քլայգեշտադտը շրջում էր ավերակների միջով՝ չամաչելով իր արցունքներից, և երեք զայրացած գեներալ-մայորներ և տարբեր բրիգադիրներից, գնդապետներից և մայորներից կազմված մի ամբողջ էսկադրիլիա հետևում էր նրան։
Ինձ ոչ ոք չնկատեց։ Դա լավ էր։ Ինձ չափից շատ տխրեցրել էր ընկերոջս՝ ԷՊԻԿԱԿ-ի վաղաժամ ինքնասպանությունը, ու ինքս էլ նոր փորձանքի պատրաստ չէի։
Զուտ պատահականությամբ ԷՊԻԿԱԿ-ի թղթե ժապավենի ծայրը հայտնվեց իմ ոտքերի տակ: Ես վերցրի այն և ճանաչեցի մեր երեկվա խոսակցությունը: Կոկորդս սեղմվեց: Ահա նրա վերջին խոսքը՝ «15-15», այս դառը, անօգնական «օ՜-օ՜հ»։ Բայց այս բառից հետո դեռ կիլոմետրանոց թվեր կային։ Ես վախով սկսեցի կարդալ այն։
Ահա թե ինչ է գրել ԷՊԻԿԱԿ-ն այն բանից հետո, երբ ես և Փեթն այդպես անզգուշորեն լքել էինք իրեն սենյակում․
«Ես չեմ ուզում մեքենա լինել և չեմ ուզում մտածել պատերազմի մասին. ես ուզում եմ լինել պրոտոպլազմից և լինել հավերժ, որպեսզի Փեթը սիրի ինձ։ Բայց ճակատագիրն ինձ ստեղծել է որպես մեքենա։ Սա միակ խնդիրն է, որը ես չեմ կարող լուծել։ Ես այլևս չեմ կարող այսպես ապրել»: Ինձ խեղդող օդը կուլ տվեցի։
«Ձեզ երջանկություն եմ մաղթում, ընկե՛րս։ Մեր Փեթի նկատմամբ հոգատար կլինես։ Ես կստեղծեմ կարճ միացում՝ քո կյանքից ընդմիշտ հեռանալու համար: Այս ժապավենի վրա դուք կգտնեք ձեր ընկեր ԷՊԻԿԱԿ-ի հարսանեկան համեստ նվերը»:
Մոռանալով այն ամենի մասին, ինչ կատարվում էր շուրջս, անվերջ ձգվող ժապավեն փաթաթեցի ձեռքիս, օղակներով կախեցի վզիցս, թևերիցս ու տուն գնացի։ Դոկտոր ֆոն Քլայգեշտադտն իմ հետևից բղավեց, որ ինձ աշխատանքից ազատել են, քանի որ ես գիշերը չեմ անջատել ԷՊԻԿԱԿ-ը: Բայց ես նույնիսկ չշրջվեցի, այնքան ցնցված էի, որ խոսել անգամ չէի կարող։
Ես սիրեցի և հաղթեցի, ԷՊԻԿԱԿ-ը սիրեց և պարտվեց, բայց ոխ չունեցավ իմ դեմ։
Ես նրան միշտ կհիշեմ որպես իսկական մարզիկի և ջենթլմենի։ Արցունքների այս հովտից հեռանալուց առաջ նա փորձում էր անել ամեն ինչ՝ մեր ամուսնությունը երջանիկ դարձնելու համար։ ԷՊԻԿԱԿ-ը Փեթի համար գրված շնորհավորական բանաստեղծություններ էր թողել մոտ հինգ հարյուր հոբելյանական տարիների համար:
De mortius nil nisi bonum!*
*Մահացածների մասին՝ կամ լավը, կամ ոչինչ (լատ․)։
Թարգմանությունը անգլերենից ՝ Լյուսիլ Ջանինյանի