Էնտրոպիա

«ArtCollage»-ի ընթերցողներին առաջարկում ենք ծանոթանալ ամերիկյան պոստմոդեռնիզմի առաջատար ներկայացուցիչներից մեկի՝ Թոմաս Փինչոնի «Էնտրոպիա» պատմվածքին, որը գրողի ամենահայտնի, ծրագրային գործերից մեկն  է: Սկսած վերնագրից Փինչոնը փորձում է խորհրդանշական պատումի միջոցով փոխանցել  ժամանակակից քաղաքակրթության քաոտիկ ընթացքը դեպի կործանում: Թարգմանությունը բնագրից ներկայացվում է հատվածաբար:

 

***

 

Բորիսը հենց նոր հայտնեց ինձ իր տեսակետը։ Նա եղանակի տեսության մասնագետ է։ Եղանակը կշարունակի վատը լինել, ասում է նա։ Ավելի շատ ցնցումներ, ավելի մեծ թվով մահեր ու ավելի շատ հիասթափություններ կլինեն։ Որևէ տեղ փոփոխության նշույլ անգամ չկա․․․ Մահվան բանտ տանող ճանապարհին պետք է քայլել, հավասար քայլ։ Փախուստ չի լինի։ Եղանակը չի փոխվի։

 

Հենրի Միլլեր. «Խեցգետնի արևադարձը»

 

Մի հարկ ներքևում Միթբոլ Մալիգանը դուրս էր գալիս բնակարանից. արդեն քառասուն ժամ էր՝ խմելը շարունակվում էր։ Խոհանոցի հատակին՝ դատարկ շամպայնի շշերի կույտի մեջ, Սանդոր Ռոխասն ու երեք ընկերները պոկեր էին խաղում և արթուն էին՝ բենզեդրին «Heidseck» հաբերի հաշվին։

Հյուրասենյակում Դյուկը, Վինսենթը, Կրինքլսը և Պակոն, հենվելով թափոնների զամբյուղի մեջ խրված տասնհինգ դյույմանոց բարձրախոսին, լսում էին «Կիևի հերոսի դարպասները»՝ քսանյոթ վատտ հզորությամբ ձայնով։ Նրանք բոլորը կրում էին մուգ եղջրավոր ակնոց և դեմքի երանելի արտահայտությամբ ծխում էին տարօրինակ ծխախոտներ, որոնք, ինչպես կարող եք ենթադրել, ընդհանրապես ծխախոտի հումք  չէին պարունակում այլ՝ կանեփի սատիվայի կեղծված տեսականի: Ժամանակ առ ժամանակ նրանցից մեկը մոխիրը քսում էր ուղիղ բարձրախոսին՝ նայելով, թե ինչպես են այրվող մասնիկները պարում օդում: Միթբոլը պատուհանի մոտ էր քնում՝ փոքրիկ բարձն այնպես կրծքին մոտ սեղմելով, ասես այն Թեդի արջուկ լիներ։ Մի քանի աղջիկներ, որ կա՛մ Պետդեպարտամենտի քարտուղարուհիներ էին, կա՛մ ԱԱԾ օգնականներ, բացարձակ անզգայացած պառկած էին բազմոցների և աթոռների վրա։ նրանցից մեկը գերադասել էր լոգարանակոնքը։

Սա վաղ 57-ի սկիզբն էր (1957թ, խմբ․), երբ բազմաթիվ պոտենցիալ էմիգրանտներ էին հավաքվել Վաշինգտոնում, որոնք ամեն անգամ հանդիպելով պատմում էին, թե ինչպես են մի օր գնալու Եվրոպա, որ իսկապես լուրջ գործով զբաղվեն, միայն թե այդ պահին, դատելով իրավիճակից, բոլորն էլ սովորական քաղաքացիական ծառայությամբ էին զբաղված։ Նրանք բոլորն էլ թեթև հեգնանքով էին վերաբերվում իրենց իրավիճակին։ Օրինակ, նրանք խնջույքներ էին կազմակերպում բազմալեզու խոսողների համար, որտեղ նորեկը պարզապես անտեսվում էր, եթե նա չէր կարողանում միաժամանակ երեք կամ չորս լեզուներով զրուցել։ Նրանք կարող էին շաբաթներ անցկացնել հայկական ճաշարաններում և, բացի այդ, կարող էին հրավիրել ձեզ պատերին ցլամարտի պաստառներ փակցված փոքրիկ խոհանոց՝ առաջարկելով բլղուրը գառան հետ ուտել։ Նրանք կարող էին սիրային հարաբերություններ ունենալ Անդալուզիայից կամ Հարավային Ֆրանսիայից թեթևամիտ աղջիկների հետ, որոնք Ջորջթաունում տնտեսագիտություն էին սովորում։ Նրանք ունեին իրենց սեփական «տաճարը» Վիսկոնսին պողոտայում՝ «Հին Հայդելբերգ» համալսարանի նկուղը, և թող գարնանը լորենու փոխարեն կեռասը ծաղկի, բայց նույնիսկ այս կիսաքուն ժամանակ նրանք երբեմն կարողանում էին, ինչպես ասում էին, հաճույք ստանալ կյանքից։

Այդ պահին Միթբոլի երեկույթը պետք է որ երկրորդ շնչառությունն ստանար։ Դրսում անձրևում էր։ Ջուրը կպչում էր տանիքի ծածկին ու մանր կաթիլների բաժանվելով՝ իջնում էր մետաղյա ջրահեռացման ելքի քթով, ճակատով ու շուրթերով, ու նրա թուքը հոսում էր լուսամուտի ապակիներով։ Նախօրեին ձյուն էր եկել, իսկ մեկ օր առաջ քամի ու փոթորիկ էր, դրանից առաջ՝ փայլուն արևային էր՝ քաղաքը դարձնելով փայլուն ապրիլյան, թեպետ օրացույցը հուշում էր, որ փետրվարի սկիզբն էր։ Վաշինգտոնում հետաքրքիր եղանակ է այս կեղծ գարունը։ Այստեղ ինչ-որ տեղ Լինքոլնի ծննդյան օրն է, չինական Նոր տարին է, որբ մնացած քամիներ են փողոցներում․․․ կեռասենին շուտ չի էլ ծաղկի, ինչպես Սառա Վոանն է երգում՝ գարունը, հավանաբար, մի քիչ կուշանա։

Սովորաբար այնպիսի ընկերախմբերում, ինչպիսին է աշխատանքային օրերին «Հին Հայդելբերգում» հավաքվողներինը, որտեղ գալիս են Վուրցբուրգ խմելու և «Lili Marlene»  երգելու (էլ չասած «Darling Sigma Xi»), մարդիկ անխուսափելիորեն և անուղղելի ռոմանտիկ են:

Եվ յուրաքանչյուր իսկական ռոմանտիկ գիտի, որ հոգին ոչ այլ ինչ է, քան օդ։ Ընդամենը  բնական նյութ, որը պտտվում է մթնոլորտում, որպեսզի կուտակվի ներշնչելիս։ Այսպիսով, կլիման միջամտում է ոչ միայն հասարակական գործերին՝ արձակուրդներին կամ զբոսաշրջային զվարճանքներին, այլ նաև մասնավորին, կարծես այս անգամ ֆուգայում ստրետտո լիներ՝ անկանխատեսելի եղանակ, աննպատակ սեր, չմտածված խոստումներ․․․ և այս ամիսներն անցնում են երազի մեջ, հատկապես, որ ավելի ուշ, տարօրինակ կերպով, այս քաղաքում երբեք չեն հիշվում փետրվարյան և մարտյան քամիները, անձրևները, փետրվարյան ու մարտյան կրքերը, ասես դրանք ընդհանրապես գոյություն չեն էլ ունեցել։

«Բոգատիր դարպասներ»-ի վերջին բաս նոտաները, ճեղքելով առաստաղները, անհանգիստ քնից արթնացրին Կալիստոյին։ Առաջին բանը, որ նա զգաց, փոքրիկ թռչունն էր, որ զգուշորեն պահում էր ձեռքերի մեջ՝ կրծքին սեղմած։ 

Ժպտալով փետուրների մեջ սեղմված թռչնի գլխին և հոգնած ուռուցիկ աչքերին, Կալիստոն մտածեց, թե քանի գիշեր դեռ պետք է ջերմություն տա նրան, մինչև որ լիովին ապաքինվի: Արդեն երեք օր էր՝ նա այսպես պահում էր թռչնին, քանի որ վստահ էր՝ դա է վերջինիս ապաքինման միակ ելքը։

Նրա կողքին պառկած աղջիկը խոժոռվեց և, ձեռքերով դեմքը ծածկելով, հեծկլտաց։

Անձրևի ձայնին միանալով՝ ֆիլոդենդրոնների և արմավենիների միջից լսվեցին    թռչունների առաջին տատանվող և տրտնջացող վաղորդյան ձայները։ Կարմիր, դեղին և կապույտ ճյուղերը, որոնք հյուսված էին ջերմոցային ջունգլիներին, ասես Ռուսոյի ստեղծած ​​երևակայության մեջ լինեին։ Այս ամենը միաձուլելն իր կյանքից 7 տարի էր խլել։

Հերմետիկորեն փակ ջերմոցը կարգուկանոնի մի փոքրիկ կղզի էր քաղաքի քաոսի մեջ, որին խորթ էին եղանակի, պետական ​​քաղաքականության և ցանկացած քաղաքացիական անկարգությունների քմահաճույքները։

Փորձի և սխալի միջոցով Կալիստոն հասավ էկոլոգիական հավասարակշռության, իսկ աղջիկն օգնեց նրան հասնել գեղարվեստական ​​ներդաշնակության, այնպես որ բույսերի տատանումները, փետուրներով և երկոտանի բնակիչների շարժումները միաձուլվեցին մեկ ռիթմով, ինչպես դա հնարավոր է բջջայինի մասերի կարգավորման դեպքում։ Իհարկե, վախենալով իրենց ապաստանի անձեռնմխելիությունից, նա և աղջիկն այլևս չլքեցին ջերմոցը։ Այն ամենն ինչ իրենց անհրաժեշտ էր, առաքվում էր այդտեղ։ Նրանք այդտեղից դուրս չէին գալիս երբեք։

-Ամեն ինչ լա՞վ է, -շշնջաց աղջիկը։

Աղջիկը պառկած էր կարմրաշագանակագույն հարցականի պես՝ նայելով նրան իր հանկարծակի մեծ ու մուգ, դանդաղ թարթող աչքերով։ Կալիստոն մատով դիպավ թռչնի պարանոցի փետուրներին և մեղմ շոյեց դրանք.

-Կարծում եմ՝ վերականգնվում է: Նայի՛ր, նա նկատեց, որ իր ընկերներն արթնանում են։

Աղջիկը լսել էր թռչունների ու անձրևի ձայնը նույնիսկ մինչև արթնանալը։ Նրա անունն Օբադ էր՝ կիսաֆրանսիացի, կիսավիետնամուհի․ նա ապրում էր իր տարօրինակ և միայնակ աշխարհում, որտեղ ամպերը, կեսալպինիայի բույրը, գինու դառնությունը, մաշկի երբեմն-երբեմն թրթռոցն անխուսափելիորեն ընկալվում էին որպես հնչյուններ՝ երաժշտության հնչյուններ, հնչյուններ, որոնք պարբերաբար ճեղքում էին դիսոնանսի մռնչյուն խավարը:

-Օբա՛դ, -ասաց նա, -արի նայի՛ր։

Նա հնազանդորեն վեր կացավ, գնաց դեպի պատուհանը, բացեց վարագույրները և մի փոքր տատանվելուց հետո ասաց.

-37։ Դեռ՝ 37։

Կալիստոն խոժոռվեց։

-Երեքշաբթիից, -ասաց նա, -ոչ մի փոփոխություն։

 

Վերևում սեփական անցյալում կորած Կալիստոն չէր զգում, որ թռչնի սրտի հազիվ լսելի բաբախյունը հետզհետե մարում է։ Օբադը կանգնած էր պատուհանի մոտ և նայում էր իր հրաշք աշխարհի մոխիրներին. ջերմաստիճանը չէր փոխվում․ երկինքը վաղուց միատեսակ մոխրագույն երանգ էր ձեռք բերել: Հետո ներքևից մի ձայն՝ կնոջ ճռռոց, շրջված աթոռ, կոտրված բաժակ․․․ նա այդպես էլ չհասկացավ, թե ինչը կտրեց ժամանակի շրջապտույտը և Կալիստոյին դուրս բերեց ապշածությունից. նա թռչնի մոտ թույլ ջղաձգումներ ու գլխի մոտ դող զգաց, իսկ սեփական զարկերակը, կարծես ի պատասխան, ուժեղացավ։

-Օբադ, -հազիվ լսելի շշնջաց նա, -մահանում է։

Աղջիկն ասես հմայված, անցավ ջերմոց ու նայեց ներքև՝ Կալիստոյի ձեռքերին։

Երկուսն էլ անկայուն հավասարակշռության մեջ էին, երբ թույլ հարվածի նրբագեղ թուլացումով լիակատար լռություն իջավ: Կալիստոն դանդաղ բարձրացրեց գլուխը։

-Ես պահում էի նրան, -ասաց նա անօգնական ու զարմացած, -որպեսզի նրան տամ իմ մարմնի ջերմությունը: Կարծես նրան տայի կյանքը, կյանքի զգացումը։

Ի՞նչ պատահեց։ Մի՞թե ջերմությունն այլևս չի փոխանցվում։ Միթե էլ չ․․․, -նա չավարտեց։

-Ես հենց նոր պատուհանի մոտ էի, -ասաց Օբադը։

Նա ցնցված հետ թեքվեց։ Մի պահ նա անվճռական կանգնեց. աղջիկը վաղուց էր հասկացել նրա մոլուցքը, բայց միայն հիմա հասկացավ, որ մշտական ​​37 աստիճանն է կարևորը։ Հանկարծ, կարծես գտնելով միակ և անխուսափելի ելքը, նա շտապեց դեպի պատուհանը և, մինչև Կալիստոն կհասցներ որևէ բան ասել, պատռեց վարագույրները և կոտրեց ապակին. բարակ ձեռքերն արյունով ներկվեցին, բեկորները փայլեցին․ նա շրջվեց՝ տեսնելու անկողնուն պառկած տղամարդուն և սպասեց մինչև հավասարակշռություն հաստատվի նրա հետ, մինչև որ 37 աստիճանն՝ ըստ Ֆարենհայթի գերիշխի թե՛ դրսում, թե՛ ներսում, թե՛ հավիտյանս հավիտենից, և մինչև նրանց բաժին ընկած կյանքի տարօրինակ տատանվող դոմինանտը կլուծվեր մթության և խավարի  մեջ, և բոլոր շարժումները կանհետանային՝ վերջնականապես։

 

Թարգմանությունը անգլերենից՝ Լյուսիլ Ջանինյանի