Էմմա Թոմփսոն. «Որոշ դերերից հետո բարդ է վերադառնալ նորմալ կյանք»

Անհնար է լավ խաղալ՝ առանց կերպարի փոխարեն նրա կյանքն ապրելու
«Զարմանալի տիկին Մեյը» դրամայում Էմմա Թոմփսոնը խաղում է դատավոր Ֆիոնա Մեյի դերը, որը զբաղվում է մանկական խնդիրների լուծմամբ: Կինն իր ամբողջ ժամանակը տրամադրում է աշխատանքին, և մեկ անգամ նրա պրակտիկայում դեպք է պատահում, որը նրա կյանքը բաժանում է երկու մասի. մահվան ճիրաններում գտնվող երիտասարդը կրոնական նկատառումներից ելնելով հրաժարվում է արյան փոխներարկումից:
«ArtCollage»-ի ընթերցողներին ենք ներկայացնում բրիտանացի դերասանուհու՝ Kino-Teatr.Ru- ին տված հարցազրույցը կինոյում բարդ կերպարների, անձնական կյանքի վրա մասնագիտության ազդեցության և ընտանեկան իրավունքի խնդիրների մասին:
-Դուք շա՞տ խստապահանջ եք այն ֆիլմերի հարցում, որոնցում նկարահանվում եք:
-Ես ունեմ ներքին նշաձող, որով որոշում եմ՝ արդյո՞ք ֆիլմը դուր կգա հանրությանը: Երբեմն կինոնկարը ինձ սարսափելի է թվում, մինչդեռ մնացած բոլորը հիացած են: Եվ հակառակը: Նյութի որակը կարելի է զգալ աշխատանքի ընթացքում, բայց կինոնկարի վերջնական արդյունքն ու հաջողությունը ռեժիսորի և մոնտաժողի իշխանության տակ են: Թատրոնում ամեն ինչ այլ է:
-Ինչո՞ւ խաղացիք այդ դերը:
-Գլխումս երկու միտք կար. սա անհավանական հերոսուհի է, և ես ունեմ ամենը (համապատասխան տարիք և բավարար փորձ) որպեսզի այն խաղամ: Դեռ մինչև սցենարին ծանոթանալը, ես սիրահարված էի Իեն Մաքյուենի «Օրենք երեխաների մասին» գրքին, որն ընկած է սյուժեի հիմքում:
-Ձեր հերոսուհի Ֆիոնա Մեյի համար աշխատանքը դառնում է անձնական կյանքից կարևոր: Երբևէ Ձեզ հետ նման բան եղե՞լ է:
-Այո, դա հաճախ է պատահում դերասանների հետ: Դերի մեջ մտնելու համար դու պետք է թողնես իրական աշխարհը և քեզ այլ մարդ պատկերացնես: Այդ ամենը կարող է մեղքի զգացում առաջացնել հարազատների հանդեպ: Այնպես որ, դերասանների ամուսինները պետք է հրեշտակային համբերություն ունենան:
-Ֆիլմում Ֆիոնայի ամուսինը՝ Սթենլի Տուչիի կատարմամբ, սիրավեպ սկսելու թույլտվություն է խնդրում նրանից, քանի որ նրանց անձնական հարաբերությունները մազից են կախված: Ի՞նչ եք մտածում նրա արարքի մասին:
-Իմ կարծիքով, Ջեքը հոյակապ հարց է տալիս, ինչը միանգամայն օրինաչափ է, եթե դուք նայեք Ֆիոնայի կերպարին: Նա ամեն ինչին շատ ռացիոնալ է մոտենում, բայց ամուսնու սադրիչ խոսքերն, անկասկած, նրան հանում են հավասարակշռությունից: Դատավոր աշխատելով և ամեն օր բախվելով ողբացող մարդկանց` իմ հերոսուհին պետք է ինչ-որ կերպ դիմակայի դրան, ինչն էլ նրան փակ է դարձնում: Ֆիոնայի ընկերուհու փոխարեն, ես նրան խորհուրդ կտայի պարզապես խոսել ինչ-որ մեկի հետ:
-Չէ որ դերասանները նույնպես ստիպված են սահմանազատել սեփական հույզերը զգացմունքներից, որոնք պետք է պատկերել էկրանին:
-Այս առումով ես իսկապես անբաժան եմ իմ հերոսուհուց: Անհնար է լավ խաղալ՝ առանց կերպարի փոխարեն նրա կյանքն ապրելու: Բայց հետո պետք է ինչ-որ կերպ ազատվել այդ դերից, մոռանալ այն: Տարիների ընթացքում ես սովորել եմ հաղթահարել դա՝ պայմանավորվելով սեփական ենթագիտակցության հետ:
-Ո՞ր կերպարներից եք ստիպված եղել «ազատվել» ամենից երկար:
-Թերևս երկու նման դեպք է եղել: Եվ, ճակատագրի հեգնանքով, երկու ֆիլմերն էլ նկարահանել է Քրիստոֆեր Հեմփթոնը: Չգիտեմ, թե ինչպես նրան հաջողվեց այդքան ամուր սողոսկել գլխիս մեջ: Դրանք «Քերինգթոն» և «Արգենտինայի մասին երազելով» դրամաներն են: Վերջինս այնքան ուժեղ ազդեցություն ունեցավ ինձ վրա, որ ասես իմ երակներով այրող հարավամերիկյան արյուն հոսեց: Նկարահանումների ավարտին արդեն այնքան էլ հետաքրքիր չէր պարզապես անգլիուհի լինելը: Ընդհանրապես, որոշ դերերից հետո բարդ է վերադառնալ նորմալ կյանքի: Մանավանդ, եթե նկարահանումները տեղի են ունեցել տնից հեռու, քանի որ քո բացակայության ընթացքում հարազատներդ սովորել են ամեն ինչ գլուխ բերել առանց քեզ: Դա ուժասպառ է անում, բայց երբեմն դու կարող ես քեզ թույլ տալ դադար վերցնել աշխատանքից և մոռանալ «անպետքության» զգացողությունը քո սեփական տանը: Իմ հերոսուհի Ֆիոնան ընդհանրապես աշխատում է առանց հանգստյան օրերի, քանի որ ամեն օր գրասենյակից գալով՝ նա ուղղակի հանում է իր պաշտոնական կոստյումը և շարունակում է աշխատանքը՝ տնային հողաթափերով: Այնպիսի մարդկանց մոտ, ինչպիսին նա է, ընդմիջումներ չեն լինում:
-Հանդարտվելու համար Ֆիոնան հաճախ դաշնամուր է նվագում: Իսկ ի՞նչն է ձեր վրա թերապևտիկ ազդեցություն ունենում:
-Ֆիլմի նկարահանումների ժամանակ ինձ նույնպես դաշնամուրն օգնեց: Ես ուզում էի բոլոր պարտիաները կենդանի կատարել, այդ պատճառով ինձ համար խաղը և՛ պրակտիկա էր, և՛ մեդիտացիա: Հիմա ներքին խաղաղություն գտնելու համար ես կարող եմ պարզապես փոշեկուլով մաքրություն անել, ինչ-որ բան պատրաստել, կարդալ: Կամ էլ ևս մեկ տարբերակ` ինքս ինձ համար ինչ-որ բան գրել: Այդօրինակ «գրելը» առողջության համար չափազանց օգտակար եմ համարում:
-Ֆիլմի նկարահանումների համար դուք ներկա եք եղել իրական դատավարությունների: Ի՞նչ է ընտանեկան դատարան այցելելը:
-Նկարահանող խմբի որոշ անդամների հետ մենք ուղղակի նստում էինք բոլորի հետևում: Եվ դատարանի բոլոր աշխատակիցները ու դատավարության մասնակիցները տեղեկացված էին մեր ներկայության մասին: Առանց նրանց համաձայնության, մենք պարզապես մուտքի թույլտվություն չէինք ստանա: Դա անմոռանալի փորձ էր, որը շատ օգնեց դերի վրա աշխատելիս:
-Կկարողանայի՞ք դատավոր աշխատել:
-Չեմ կարծում, որ կհամարձակվեի նվիրվել իրավունքի ուսումնասիությանը: Բայց տեսական գիտելիքների և առողջ բանականության միջև հավասարակշռություն գտնելու փորձը, որը միշտ չէ, որ տեղ ունի օրենքներում, իսկապես հետաքրքիր է:
Ես կցանկանայի առանձնահատուկ նշել, որ մեր համակարգում ընտանեկան իրավունքը դեռ գտնվում է վերջին տեղում: Քրեական օրենսդրության մեջ ամեն ինչ ճշգրիտ է՝ սա լավ է, սա վատ է: Բայց ընտանիքին վերաբերող հարցերում դեռ շատ մութ կետեր կան: Եվ Իեն Մաքյուենը շատ ճիշտ է համեմատել այս իրավիճակը 19-րդ դարի գրականության հետ: Սերը, հարազատների կորուստը, անձնական հարաբերությունները կառուցելու համար երեխաների՝ որպես խաղաքարտ օգտագործումը, տառապանքներ, ինտրիգներ: Այս ամենը կարելի է գտնել ընտանեկան գործերի դատավճիռներում: Դատավորները կարող էին դառնալ իսկական գրողներ: Ի դեպ, նկարահանումների ընթացքում ես ձեռք բերեցի երկու նոր ընկերուհիներ, հասկանալի է՝ դատավորներ:
Թարգմանությունը՝ Սեդա Հոգոցյանի