Էլի ու նորից Չարենց կամ Չարենցը հայրանում է

«Իմ բարեկա՛մ, իմ սե՛ր, հերոսակա՛ն ընկեր,

Դու ապրեցիր, անցար և էլ չկաս հիմա,

Սակայն դեռ կյանքը կա և չի՛ դարձել ամա,

Եվ ո՛չ մի աստղ վերից դեռ ներքև չի՛ ընկել»։

 

Այս տողերը Չարենցը նվիրել է առաջին կնոջը՝ Արփենիկ Չարենցին, որի հետ ապրեց ընդամենը վեց տարի, բայց որին նա այդպես էլ չմոռացավ մինչև իր կյանքի ողբերգական ավարտը:

Թվում է՝ ճանաչում ենք մեր հանճարին իր տողերում, քերթվածներում, ձեռագրերում իր հուշամատյան, բայց միշտ էլ կլինեն նոր լույս սփռող պատառիկներ, որոնք էլ ավելի ճանաչելի կդարձնեն Չարենց-մտավորականին ու Չարենց-մարդուն։ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում է պահվում՝ բանաստեղծի մասին պատմող Մխիթար Դավթյանի հուշը, որը յուրովի է բացահայտում Չարենց-մարդուն։

***

Չարենցը հայրանում է

1932 թվի ամառն էր։ Բավական ժամանակ նկատել էի, որ Չարենցը մեկ-մեկ անտարբեր չի անցնում փոքրիկ երեխաների կողքով։ Այդ հուժկու խառնվածքի և տարերային խարակտերի տեր մարդը կարծես խեղճանում, քնքշանում էր երեխաների հանդեպ։

Մի օր էլ, երբ ես, ինքը՝ Չարենցը և Էդուարդ Չոփուռյանը, որն այն ժամանակ Պետհրատի դիրեկտոր էր, հիմնարկից դուրս գալիս, երբ բակ իջավ (Պետհրատը տեղավորված էր այժմյան Գաբրիելյանի անվան փողոցի ներքևի ծայրում գտնվող մի հարկանի տան փողոցի կողմի հինգ սենյակներում), Չարենցը, փոխանակ մեզ հետ դեպի փողոց շարժվելու, գնաց դեպի բակի կողմի սենյակների աստիճաններին նստոտած կանանց կողմը, մոտեցավ մի երիտասարդ կնոջ, որի գրկին երեխա կար, կռացավ, ինչ-որ բան ասաց մորը, փաղաքշեց երեխային ու եկավ։

Չոփուռյանը դարձավ՝ կատակեց․

-Հը՜, բարեկամություն ես հաստատում մեր հարևանուհու հետ։

-Հա, խանդեցիր,- պատասխանեց Չարենցը- ոչ թե հարևանուհու, այլ երեխայի հետ։

Զրուցելով գնում էինք, Չարենցը Չոփուռյանի հետ վիճում էր Երվանդ Օտյանի մի հատորյակի մեջ նրա լավագույն գործերից մեկը զետեղելու մասին։ Եվ եղավ այնպես, որ դիմացից եկավ մի ջահել կին՝ երեխան գրկին։ Չարենցը նկատեց և մոռացավ վեճը, դեմ առավ կնոջը, ժպտաց, մատով շփեց երեխայի թշիկը և հարցրեց․

-Ինչքա՞ն է։

-Վեց ամսական,-ասաց կինը։

-Անունն ի՞նչ է։

-Նունիկ։

-Նունուֆա՞ր, լավ անուն է։

Անցանք։

-Լավիկն էր, չէ՞,- ասաց Չարենցը։

Չոփուռյանը դարձյալ կատակեց։

-Երեխան, թե՞ մայրը։

Չարենցը շուռ եկավ։

-Տո Չոփուռ, բավական է, ես մորը չտեսա էլ։ Հետո մի պահ հանդարտվեց ու ավելացրեց,- ախր Իզաբելը շուտով երեխա է բերելու։

Մենք գիտեինք այդ, Իզաբելլայի արտաքին նկարագիրը վաղուց էր մատնել Չարենցի գաղտնիքը։

Եվ դա սկիզբը եղավ։ Այնուհետև Չարենցը հաճախ էր խոսք բացում։ Նա գիտեր, որ ես երեխա ունեմ և երևի փորձառու համարելով շատ անգամ հարցուփորձ էր անում։

Մի օր էլ թե․

-Լսիր, ասում ես, որ եթե ծննդաբերությունը ծանր է լինում, վտանգվում են մայրը կամ երեխան։

-Դե քեզ այդպիսի վտանգ չի սպառնում, - ասացի ես, - որովհետև Իզաբելլան առողջ կին է և ամեն ինչ լավ կլինի։

Երևի լսել էր նման դեպքերի մասին և մտահոգվում էր։

Թվում էր թե առավելություն չտալով մեկին կամ մյուսին, խոսք էր գցում, թե տեսնես տղա կլինի թե աղջիկ։ Ես էլ մի անգամ կատակով ասացի՝ իմ կարծիքով կամ տղա կլինի կամ աղջիկ։

-Լսիր, որ տղա էղավ երևի պետք ա ինձ նմանի։

Նա այդ ասաց ինչ-որ դժգոհությամբ, որովհետև ինքը դժգոհ էր իր կերպարանքից և այդ չէր թաքցնում։

-Դու լավ գիտես, - ասացի ես, -որ տղայի, տղամարդու գեղեցկությունը ավելի շատ չափվում է նրա խելքով և խարակտերով։

-Էդ ճիշտ է, ․․․ բայց եթե աղջիկ եղավ ու ինձ նմանեց։

-Անհոգ վայ,- ասացի,- Իզաբելլան լավ կխմբագրի։

-Այդ դու քո փորձից գիտե՞ս, - վրա տվեց Չարենցը՝ ակնարկելով, որ իմ կերպարանքն էլ մի բան չի։

Օրեր անց, մի անգամ երեխան գրկիս երեկոյան փողոցում հանդիպեցի Չարենցին։ Քահ-քահ ծիծաղեց․

-Այ տղա, իսկապես որ կինդ կարգին խմբագրել է տղայիդ։

Օգոստոսին աշխարհ եկավ Արփիկը։

Հանդիպեցինք։

-Ցնծա երկիր Նաիրի, ասացի, - ցնծա Եղիշե Չարենց։

Նա իրոք ցնծում էր։

-Տես է,- ասաց,- մայր բնությունը ինչպես է լուծել սերնդի պահպանության հարցը, ինչ զգացմունքներ մարդու մեջ և ինչու միայն մարդու, այլ ողջ կենդանական աշխարհի։

Պատահում էր երբեմն, աշխատանքի ժամանակ վեր էր կենում  տեղից և շտապում․

-Գնացի, երեխային պիտի լողացնենք։

Գնում էր։ Եվ Իզաբելլայի ասելով ոչ այնքան օգնում էր երեխային լողացնելիս, որքան չարչարում էր երեխային՝ անընդհատ ոտքից գլուխ համբուրելով։

Մի անգամ էլ առաջարկեց ֆոտոապարատս վերցնեմ և միասին գնանք ու երեխային լուսանկարեմ։

Գնացինք։ Առողջ, թմփլիկ, խոշոր աչքերով հիանալի երեխա էր փոքրիկ Արփիկը։

Չարենցը երեխային հանեց վերմակի տակից, բարձրացրեց գլխից վեր․

-Տես, ինչ աչքեր ունի է, կեցցես Իզաբել։

Շատ էր սիրում երեխային, շատ ասելն էլ քիչ է նրա մասին, սիրում էր անզուսպ սիրով։

Պիտի Մոսկվա գնար։ Չոփուռյանը ավտոմեքենայի ճար էր արել և գնալու էինք ճանապարհելու։ Ներս մտանք թե չէ դարձավ կնոջը․

-Իզաբել, բեր տեսնենք։

Հասկացանք, որ խոսքը վերաբերում է կոնյակին։ Առարկեցինք։

-Ոչ մի դեպքում,- պնդեց նա,- պետք է բարի ճանապարհ մաղթեք, թե չէ, ես չեմ խմի, դուք խմեք։

Չեր լինի չհամաձայնվել, բարի ճանապարհ մաղթեցինք, բայց ինքն էլ հետ չմնաց։ Դուրս գալիս նա անխնա համբուրեց երեխային։ Իզաբելլան հազիվ երեխային պոկեց նրա գրկից։

Աստիճաններով իջնելիս՝ նա մեկ էլ ճամպրուկը դրեց ցած և ետ վազեց։ Ես հետևից գնացի, կասկածելով, որ գնաց խմելու։ Հասա։ Նա ուզեց երեխան վերցնել մոր գրկից։ Իզաբելլան առարկեց, ասելով, որ մեղք է, մի տանջիր։

Չարենցը մոր գրկում նորից մի քանի անգամ համբուրեց փոքրիկին և լացակումաց ձայնով ասաց․

-Տես հա, Իզաբել, լավ նայիր երեխային, նրան որ մի բան պատահի ես չեմ դիմանա․․․

Նրա առաջին բաժանումն էր երեխայից և կարճ ժամանակով ու այդքան հուզված էր։

Երեք տարի հետո և առանց «ծանր ծննդաբերության» վտանգից մտահոգված, նա նույն հուզմունքով ու ցնծությամբ դիմավորեց երկրորդ դստեր՝ Անահիտի աշխարհ գալը։

Ամիսներ անց, երբ երեխան արդեն բավական ձևավորվել էր, կատակում էինք, թե Անահիտը քեզ է նմանում, բայց տես թե Իզաբելլան ինչպիսի խնամքով, ինչպես է խմբագրել։

Հրճվում, հպարտանում էր իր բալիկներով։

Հետո ժամանակներ եղան, երբ պղտորվեց Չարենցի մտքերն ու տրամադրությունը։ Միակ սփոփանքը երեխաներն էին։

Այդ օրերին էր, ուշ երեկոյան նա զանգահարեց ինձ «Սովետական Հայաստանի» խմբագրություն, թե «լամպոչկան փչացել է, երեխաները մթության մեջ են»։ Ասացի շուտով կուղարկեմ։ Նա խնդրեց, որ ինքս տանեմ։ Խոստացա, որ ինքս հետո կանցնեմ։

Արդեն ուշ էր, որ գնացի։ Տրամադրությունը շատ վատ էր, մռայլված։ Առաջարկեցի դուրս գալ և մի քիչ շրջել․ խաղաղ գիշեր էր։ Համաձայնվեց։ Դուրս գալիս դարձավ կնոջը․

-Իզաբել, ես գնացի։

-Ուշ է, շուտ եկ պառկիր,-ասաց կինը։

Իջանք փողոց, նզովում էր ինչ-որ անուններ։ Քիչ հետո շուռ եկավ, թե գնամ տուն ու մեկ էլ անսպասելի, թե․

-Իզաբելը գիտես լավ մայր է, բայց անճար կնիկ է, եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, չգիտեմ ինչ կլինի երեխաներիս ճարը։

Առաջին անգամ էր, որ նա այդպես տագնապում էր երեխաների ճակատագրի համար։

 

Նառա Դանիելյան