Եղիշե Թադևոսյան` մաքուր թրթռումների վարպետը

Հայաստանի նկարիչներից թերևս ամենավառ արտահայտված իմպրեսիոնիստը՝ Եղիշե Թադևոսյանն այդուհանդերձ ինքնադրսևորվեց ոչ միայն իբրև իմպրեսիոնիստ․ նրա գործերում հայտնվում էին և՛ էքսպրեսիոնիզմի, և՛ ռեալիզմի տարրեր։ Ռուբեն Դրամբյանի բնորոշմամբ՝ նկարիչը բնության պատկերացումը տալիս էր «իր կոնկրետ էությամբ, այլ ոչ թե տպավորության վայրկենականությամբ, ինչպես այդ տեսնում ենք իմպրեսիոնիստների մոտ»։

Իր կյանքի ընթացքում աշխարհի ամենաբազմազան վայրերում է եղել նկարիչը, ու նրա ստեղծագործության, ինչպես և մարդկային նկարագրի վրա անջնջելի հետք է թողել  յուրացրածը, ուսանածն ու տեսածը։ Ծնվել է 1870 թվականին՝ հայոց երբեմնի մայրաքաղաք Վաղարշապատում․ նրա հայրենի տան փոշոտ, խարխուլ պատերի մի մասն այսօր էլ կարելի է տեսնել քաղաքի Ռոմանոս Մելիքյան փողոցում (այդ պատը և փողոցը պատկերված են նրա ամենահայտնի գործերից մեկում՝ «Մեր փողոցը Վաղարշապատում»)։ Ջրաղացպանի բազմանդամ ընտանիքում ծնված Եղիշեն մանկուց է հետաքրքություն դրսևորել նկարչության հանդեպ, և ուսումը Թիֆլիսում ու Մոսկվայում միայն ամրապնդել է այդ սերը։ Լազարյան ճեմարանի դաստիարակ Հովհաննես Հովհաննիսյանը, նկատելով Եղիշեի ձիրքը, օգնել է նրան ընդունվել Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության դպրոց։ 1880-ականներին ցարական կայսրություն էր մուտք գործում իմպրեսիոնիզմը, որի երևելի ներկայացուցիչները պիտի դառնային Վ․ Բորիսով-Մուսատովը, Ի․ Լևիտանը, Կ․ Կորովինը։ Մինչև 1895 թվականը Թադևոսյանն ուսանեց Վասիլի Պոլենովի մոտ, որի հանդեպ մեծագույն հարգանք ուներ, իսկ հետագայում մտերմացավ մեծ նկարչի հետ ու շարունակաբար ճամփորդեց նրա հետ։ Սկզբանական շրջանում Թադևոսյանը կրեց թե՛ նշված նկարիչների, թե Վարդգես Սուրենյանցի ու պուանտիլիզմի (կետայնացում) ազդեցությունը։ 1898-ին նրա երկու ստեղծագործությունները՝ «Կեսօրվա ճաշը» և «Քարոզ ուղղափառներին», արժանացան Մոսկվայի արվեստասերների ընկերության մրցանակներին։ Հայ գեղանկարչի աշխատանքները հիացնում էին Պոլենովին, Լևիտանին, Անդրեյ Բելիին ու շատ ուրիշների, սակայն իր հողին անխզելիորեն կապված Թադևոսյանը որոշեց վերադառնալ Վաղարշապատ։ 1901-ից նա տեղափոխվեց Թիֆլիս՝ դասավանդելու Առևտրական ուսումնարանում։ Դասավանդումը ազատ ժամանակ չէր թողնում նկարչությամբ զբաղվելու համար, բացի այդ՝ նրա գործերը Կովկասում գրեթե չէին վաճառվում։ Նկարչին կենսական ուժեր էին հաղորդում երկարատև ու հաջորդական ճանապարհորդությունները․ դժվար է գտնել մեկ ուրիշ հայ արվեստագետի, որն այդքան հաճախ ճամփորդած ու իր գործերում մշտապես արտացոլած լինի արտասահմանյան տպավորությունները: 1898-ին Թադևոսյանը Պոլենովի հետ առաջին անգամ ուղևվորվեց Արևելք, ինչը նոր թափ հաղորդեց նրա ստեղծագործական որոնումներին։ Հետդարձի ճանապարհին նա եղավ Եվրոպայում, ուսումնասիրեց հին վարպետների գլուխգործոցները, ինչպես նաև կերպարվեստի ժամանակակից ուղղությունները։ Ազդվելով Բեթհովենի ըմբոստ կերպարից՝ Թադևոսյանը ստեղծեց «Հերոսն ու ամբոխը» գործը, որը ներկայացնում էր անհատականության և խավարամոլ հանրության հակադրությունը։

Թադևոսյանը հաճախ էր այցելում իր ուսուցիչ Պոլենովին՝ հյուրընկալվելով վերջինիս դաստակերտ Պոլենովոյում։ Այժմ այնտեղ գործող թանգարանում էքսկուրսավարները միշտ մեծ սիրով են պատմում Թադևոսյանի մասին, որին բացառիկ իրավունք էր տրված աշխատել իր ուսուցչի արվեստանոցում։ Հենց այստեղ է Թադևոսյանը ծանոթացել իր ապագա կնոջ՝ Ժյուստինի հետ, որը  հայտնի «Պուրակում ընթերցող կինը» կտավի բնորդուհին է։ Թանգարանում պահվում են Թադևոսյանի բազմաթիվ գործեր, քիչ հեռու գտնվում է եկեղեցին, որի որմնանկարների վրա աշխատել է հայ նկարիչը։ Իսկ թանգարանի գլխավոր ցուցանմուշներից մեկը տեղական գույնզգույն քարերից Թադևոսյանի հավաքած Պոլենովի մոզաիկ դիմանկարն է։ Պոլենովը այնքան է հրապուրվել այդ աշխատանքով, որ ինքն էլ Թադևոսյանից սովորել է խճանկարների արվեստը՝ ասելով․ «Հիմա էլ ես կլինեմ քո աշակերտը»։ Ի դեպ, Թադևոսյանի շնորհիվ Պոլենովների ու Ալեքսանդր Գոլովինի մի շարք աշխատանքներ (այդ թվում՝ Պոլենովի մեծարժեք «Մարդիկ ինչ համարում ունեն իմ մասին» կտավը) հայտնվել են Հայաստանի ազգային պատկերասրահում։

Թադևոսյանի նախընտրած ժանրը բնապատկերն է։ Նրա մի շարք բնանկարները («Իմ երազներից», «Արարատը Էջմիածնից», «Մեր փողոցը Վաղարշապատում» և այլն) մտել են հայ գեղանկարչության ոսկե ֆոնդ, դրանք այսօր էլ գրավում են հայ կերպարվեստին փոքրիշատե ծանոթ ցանկացած մեկին, հաճախ վերատպվում են և կրկնօրինակվում։ Նկարչի աչքից ոչ միայն չի վրիպում պատկերվող առարկայի ներքին շարժումը, բնույթը, ոգին, այլև դրանք ասես հաղթահարում են արտաքին ձևը, դառնում գերակա։ Թերևս այդ պատճառով Թադևոսյանի ստեղծագործական աշխարհում չափազանց էական տեղ է զբաղեցնում էտյուդը, որը ձգտում է պահի հավերժացմանը, խոշոր վրձնահարվածներով բովանդակության արտահայտմանը։ Իր ստեղծագործության ավելի քան հիսուն տարիների ընթացքում որտեղ ասես էտյուդներ չի արել Թադևոսյանը՝ Հայաստանի ու Ռուսաստանի կենտրոնական բնակավայրերում ու ամենախուլ վայրերում, Թիֆլիսում, Կոստանդնուպոլսում, Հունաստանում, Եգիպտոսում, Պաղեստինում, Հայֆայում, Բեյրութում, ավելի ուշ՝ Բուլղարիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Շվեյցարիայում։ Մարտիրոս Սարյանը, բարձր գնահատելով Թադևոսյանի էտյուդները, նշել է, որ վերջինս «կարողացավ լուսային, գունային մաքուր թրթռումներով փոքր չափի էտյուդների մեջ արտացոլել հայրենի բնության գողտրիկ անկյունները՝ այնքան վճիտ ու հայկական...»:

Թադևոսյանի էտյուդները մեծ թիվ են կազմում ոչ միայն Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուներում, այլև  Թբիլիսիի, Մոսկվայի, Պոլենովոյի թանգարաններում, նաև՝ անհատական հավաքածուներում։ Ռուսական արվեստի աճուրդներում դրանք հաճախ են վաճառքի դրվում․ դրանցից մեկն է ստորև ներկայացվող «Բրետան»-ը, որը գունային իր լուծումներով այնքան էլ բնորոշ չէ մեր պատկերացրած Թադևոսյանին, և փաստում է, որ նա մինչև այսօր էլ դեռ ամբողջությամբ հետազոտված ու ճանաչված արվեստագետ չէ։ Երբ 1934-ին ՀԽՍՀ պետական թանգարանում ներկայացվեց Թադևոսյանի էտյուդների առաջին ցուցահանդեսը, այն հիրավի ցնցող բացահայտում եղավ շատ արվեստասերների համար։

Միշտ տարբեր ու առանձնահատուկ են Թադևոսյանի վրձնած դիմանկարները՝ ռուսական մոդեռնի ոճով արված Ռ․ Սուրենյանի դիմանկարը, տեսիլային «Կոմիտասը», զգայական «Ղարաբաղցի կինը», կյանքով լի խճաքարային ինքնադիմանկարը, բնորդուհիներ պատկերող գերարդիական էտյուդները․․․

Եվ, իհարկե, Թադևոսյանի ստեղծագործության իսկական զարդերն են նրա կոմպոզիցիոն աշխատանքները՝ «Դեպի պանդխտություն», «Հանճարն ու ամբոխը», «Երկրպագություն խաչին» և այլն։ Իր ուսուցիչ Պոլենովի նման Թադևոսյանը մեծ զգուշավորությամբ էր մոտենում կերպարների արտապատկերմանը։ Նկարելիս Թադևոսյանը բազմաթիվ էսքիզներ ու տարբերակներ էր ստեղծում, դրանցից շատերն առանձին էլ մեծ հետաքրքրություն են ներկայացնում․ այս իմաստով թերևս անգերազանցելի է «Քրիստոսը և փարիսեցիք» կտավը, որի ոչ միայն տասը էսքիզներն են պահպանվել, այլև երեք վերջնական տարբերակները։ Վերջին՝ ավարտուն տարբերակը նա ստեղծել է 1930-ին՝ մահվանից վեց տարի առաջ։

Ժամանակակիցները բացառապես լավ են արտահայտվել Թադևոսյանի մասին։ «Եվրոպական մասշտաբի վարպետ» (Իգոր Գրաբարի բնորոշումն է) Թադևոսյանը հեռու չէր մնում  ժամանակակից նկարչական շարժումներից, մասնակցում էր պերեդվիժնիկների և «Միր իսկուսստվա»-յի ցուցահանդեսներին, իսկ 1916-ի ծանրագույն շրջանում հիմնեց Հայ նկարիչների ընկերությունը։ Նույն թվականին Պոլենովին գրած իր մի նամակում Թադևոսյանը նկարագրում էր Հայոց ցեղասպանությունից հետո իր ապրումները․ «Մեզ համար եկել է մի ժամանակ, երբ մենք սկսել ենք չհավատալ ո՛չ մի բանի՝ ո՛չ բարեկամների, ո՛չ մերձավորների, ո՛չ խոսքի և ո՛չ էլ գործի։ Եթե իմանայիք, թե որքան եմ տառապում ես մեր հայրենիքի, անարգված ու վիրավորված եղբայրների ու քույրերի համար»։ Նույնիսկ արդեն հասունացած տարիքում նրան մշտապես ձգում էր հայրենի հողը, նա մի քանի ուղևորություն կատարեց Երևան, Սևան և Էջմիածին, որտեղ ստեղծեց նոր էտյուդներ․․․ Նրա աշակերտներից Երվանդ Քոչարն այսպես է արտահայտվել գեղանկարչի մասին․ «Նա հայ էր ամբողջ էությամբ, խոսում էր մաքուր հայերենով, սքանչանում էր Քուչակով, և ինքն էլ Քուչակի ոգով բանատեղծություններ էր գրում, սիրահար էր հայ մանրանկարչության, ճարտարապետության, երաժշտության: Տանը ուներ ֆիսհարմոն, նվագում էր Կոմիտասի մեղեդիները և իր հորինած երգերը»: Իսկապես, ինչ որ հայկական բան կա թե՛ նրա պատկերած Վենետիկում, թե՛ Պաղեստինում․․․

Եթե 1900-ական թթ․ Թադևոսյանի արվեստում մեծ տեղ էր գրավում խորհրդապաշտությունը, ապա հաջորդ տասնամյակի առաջին կեսի աշխատանքներում արդեն զգացվում է նրա անցումը դեպի իրապաշտություն․ ավարտին էին մոտենում արվեստագետների համար համեմատաբար հեշտ, ազատ ժամանակները։ Սակայն դատելով նրա անցած ստեղծագործական ուղուց՝ Թադևոսյանը միշտ հավատարիմ մնաց իր գեղարվեստական հավատամքին, փնտրեց ու կտավի վրա վերստեղծեց գեղեցիկն ու բարին՝ երբեք չմոռանալով, որ ինքն արարիչ հայ ժողովրդի զավակն է։

 

Աշոտ Գրիգորյան

Պատկերներ․

1․ Եղիշե Թադևոսյան, «Ինքնադիմանկար», 1933,

2․ Եղիշե Թադևոսյան, «Բրետան», էսքիզ, 1908։

...