Էդվարդ Միրզոյան. «Կհանդիպենք 100-ամյակիս առիթով»

«Ես լինելու եմ, մնում է որ դուք գաք»

Ինը տարի առաջ, 2012-ի մայիսի 12-ին, Էդվարդ Միրզոյանն իր 91-ամյակը շնորհավորելու եկած բոլոր հյուրերին հրաժեշտից առաջ ժամադրում էր հանդիպել նույն օրը, նույն տեղում, բայց՝ 2021-ի մայիսի 12-ին: Կատակում էր, թե՝ կհանդիպենք 100-ամյակիս առիթով և հավելում՝ ես լինելու եմ, մնում է որ դուք գաք: Նրա վախճանից հետո Միրզոյանների ընտանեկան ավանդույթը փոխվեց. արդեն ինը տարի միրզոյանական օրը սկսվում է Կոմիտասի պանթեոնում, ապա շարունակվում Միրզոյանների տանը, ինչպես Մաեստրոյի կենդանության օրոք էր, երբ մայիսի 12-ը բաց դռների օր էր բոլոր ցանկացողների համար: Նրան կարող էր շնորհավորել յուրաքանչյուր ոք, որին հարազատ էր նրա ստեղծած երաժշտությունը, նրանք, որոնք Միրզոյանին աշակերտելու և նրանից սովորելու պատիվն են ունեցել և բոլոր նրանք, որոնց համար էդվարդ Միրզոյան անունը մի ամբողջ երաժշտական դարաշրջան ու արժեհամակարգ է խորհրդանշում: Այսօր, Մաեստրոյի 100-ամյակի առիթով Պանթեոնում դարձյալ  տարածվեց խնկաբույրը, և Միրզոյանի անմոռանալի կերպարի շուրջ վերստին բացվեց թանկ հիշողությունների կծիկը: Մեծ կոմպոզիտորի հիշատակն այստեղ է  համախմբել նրա արվեստի երկրպագուներին, մտավորականների, մշակութային գործիչների, ուսանողների և միրզոյանական պատանեկան փառատոնի մասնակիցներին: Հայ երաժշտարվեստին անմնացորդ նվիրումով, ազգային երաժշտական ավանդույթների և նորարարության ներդաշնակությամբ հագեցած ստեղծագործական անկրկնելի ձեռագրով և իր քնարական ու դրամատիկ երաժշտությամբ Էդվարդ Միրզոյանը նախորդ դարի կեսերին երաժշտական մեծ  և միջազգային վերելքի ճանապարհ սկսեց՝ ճանապարհ հարթելով  կոմպոզիտորների հետագա սերունդների համար: Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը մեծ բարեբախտություն է համարում այն իրողությունը, որ ժամանակին հնարավորություն է ունեցել ուսանել Միրզոյանի մոտ. «Կարելի է շատ խոսել Միրզոյանի մասին. նա փայլուն կոմպոզիտոր էր, հիանալի ընկեր, փայլուն պետական գործիչ և դիվանագետ: Նա կարողանում էր ըստ արժանվույն ներկայացնել հայ արվեստը, հայ կոմպոզիտորներին. նրա  շնորհիվ մեր շատ կոմպոզիտորներ գտել են իրենց ճանապարհը: Իմ բախտը բերել է, որ արդեն ասպիրանտուրայում սովորել եմ նրա մոտ. իրենից այնքան բան եմ  սովորել: Գիտեք, մարդկայնորեն ամեն ղեկավար կարող է պարտադրել ցանկացած բան, բայց Էդվարդ Միխայլովիչն առանց պարտադրելու կարողանում էր մարդկանց ներքաշել տարբեր վիճակների մեջ և նրանց բացատրել, թե որն է իրենց սխալը և որ հարցում են իրենք ճիշտ: Զարմանալի անձնավորություն էր. ինչքան բարձր էր և ինչքան հեռու էր նայում: Եվ ես համոզված եմ, որ մենք  պետք է մեր տեղը գտնենք այս երկնքի տակ, որովհետև Միրզոյանը մեզ ցույց էր տալիս, որ հայը ոչ միայն իրավունք ունի, այլև պիտի փայլատակի այս երկնակամարում»:

Տասնամյակների հեռավորությունից արդեն դժվար է հավատալ, թե որքան երկար, տքնաջան ու տառապագին էր ստեղծագործում Միրզոյանը. բայց մտերիմները, նախկին ուսանողներն ու գործընկերները վերհիշում են նրա ամենահայտնի ստեղծագործությունները՝ «Տոնական նախերգանքը», «Ինտրոդուկցիա եվ պերպետում մոբիլեն», Մստիսլավ Ռոստրոպովիչի համար հատուկ գրված «Թավջութակի սոնատը», «Լարային կվարտետը», «Ալբոմ թոռնիկիս» և իհարկե՝ կինոերաժշտությունը, որ կոմպոզիտորի գլխում հնչել, անվերջանալիորեն փոփոխվել և կատարելագործվել են և տառապագին որոնումներից հետո միայն վերածվել նոտաների: Կոմիտասի անունը կրող երևանյան կոնսերվատորիայում, որտեղ առ այսօր Միրզոյանի դասավանդման շրջանը վերածվել է երաժշտական առասպելի, շարունակում են հիշել և առաջնորդվել միրզոյանական ճշմարտություններով: Կոնսերվատորիայի ռեկտոր  Սոնա Հովհաննիսյանի գնահատմամբ Միրզոյան երևույթը շարունակվում է իր երաժշտությամբ. «Ինձ շատ հարազատ մարդ էր, և երաժիշտների բազմաթիվ սերունդների համար նույնպես: Նրա պակասը շատ ենք զգում, մշտապես մեջբերում ենք նրան. կարծում եմ երաժշտությամբ շարունակվող մեծ  արվեստագետ է և մեծ հայ մարդ: Եվ բոլորիս կենսագրության մեջ իր անձնական տեղն ունի: Բառեր չեմ գտնում, մենք ամեն օր զգում ենք իր ներկայությունը և պակասը: Գիտեք էսպիսի խոսք ուներ, ասում էր՝ լավ չէ, որ ամեն ինչ լավ է վերջանում, որովհետև եթե վերջանում է, արդեն լավ չի: Լավն այն է, որ լավ շարունակվում է: էսպիսի բազմաթիվ խորիմաստ խոսքեր ուներ, որ բոլորս հիշում ենք և կարոտում ենք անչափ՝ և՛ որպես մարդ, և՛ որպես երաժիշտ, և՛ խորհրդատու: Կենդանի և շատ հետաքրքիր մարդ էր՝ իր բոլոր դրսևորումներով»:

Միրզոյանի կատարելության ձգտումը և բացառիկ խստապահանջությունն իր հանդեպ ոչ միայն երաժշտարվեստում, այլև մանկավարժական ու հասարակական գործունեության ոլորտում՝ ուղենիշ էր թե´ երիտասարդ սերնդի, թե´ գործընկերների համար: Մարդ մնալու պատգամը Մարտին Վարդազարյանը Մաեստրոյից ստացել է ամբողջ կյանքի համար. « Նա մարդ լինելու չափանիշ էր իր բոլոր դրսևորումներով: Նրա խոսքերից միայն մեկը հիշեցնեմ. ասում էր՝ եթե կարող ես օգնել՝ օգնիր, եթե չես  կարող՝ էլի օգնիր: Եվ ինքը հենց այդ սկզբունքով էր առաջնորդվում կյանքում: Ինձ համար ուսուցիչ էր, ավագ ընկեր էր, խորհրդատու, թող չափազանցություն չթվա՝ նաև մեծ եղբայր էր: Նրա բոլոր մտքերը, արտահայտություններն ինձ ուղեկցում են  ամբողջ կյանքի ընթացքում: Ափսոս որ մեծ ժառանգություն չթողեց, բայց այն ինչ  թողել է, յուրաքանչյուրը մեկ ադամանդ է: Գիտեք, երբ Սիմոնովը նկարում էր նրան, հարցրեց՝ իսկ ձեզ չի խանգարում հասարակական գործունեությունը, իսկ ինքն այդ ժամանակ Դիլիջանի կոմպոզիտորների տան դահլիճն էր կառուցում, Նա պատասխանեց, ասաց թե դեռ հայտնի չէ, որն է ավելի լավ՝ ևս մեկ սիմֆոնիա գրել, որը կլսեն թե չեն լսի, թե դահլիճի շինարարությունը, որը կմնա սերունդներին»:  

Միրզոյանի յուրաքանչյուր նոր նախաձեռնություն հաջողության նոր պատմություն էր, նրա անունն ու կազմակերպական հմտություններն անհնարինը հնարավոր դարձնելու սովորություն ունեին. մեծ կոմպոզիտորին մտերիմները գիտեին նաև որպես նուրբ դիվանագետ, տաղանդավոր շինարար և հմուտ պետական-հասարակական գործիչ, որի լավագույն վկայությունը Կոմպոզիտորների միությունում ու Հայաստանի խաղաղության ֆոնդում կոմպոզիտորի երկարամյա աշխատաքն էր: Երվանդ Երզնկյանը հատկապես բարձր է գնահատում արվեստի մարդկանց հմուտ ղեկավարելու ու առաջնորդելու Միրզոյանի նրբանկատությունն ու իմաստությունը. «Նա ունիկալ մարդ էր, երկրորդ Էդվարդ Միխայլովիչ չի լինելու՝ ափսոս: Ինքը հայ երաժշտության պատմության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում ոչ միայն այն պատճառով, որ հրաշալի երաժշտություն է գրել, այլ որովհետև երաժիշտներին ղեկավարելու շնորհ ուներ և կարողանում էր կազմակերպել կոմպոզիտորների աշխատանքը: Ամեն մի կոմպոզիտոր  անհատականություն է և արվեստով զբաղվող մարդիկ յուրահատուկ են. շատ հաճախ իրար հետ յոլա չգնացող են, իսկ Էդվարդ Միխայլովիչը երկար տարիներ այդ ծանր գործը յուղի պես էր անում: Ինքը կարող էր մեկ-երկու ֆրազով քեզ էնքան բան տալ, որ տարիների ընթացքում չէիր հասցնի վերցնել: Ինձ համար նա կյանքի մեծ փորձառություն ունեցող մարդ էր, ես բախտ եմ ունեցել շփվել նրա հետ և շատ բան եմ սովորել կյանքում»:

Միրզոյանի ամենահայտնի գործերից մեկը, որ երաժշտական ձոն է հավերժական շարժմանն ու կյանքի կենսահաստատ սկզբին, երաժշտական նշանագրերի է վերածել կոմպոզիտորի մեծ սերը կյանքի, զարմանալիորեն փոփոխվող աշխարհի ու  բանական մարդու հանդեպ: 

 

Նունե Ալեքսանյան