Ձյուն

Վերջին տարիներին Նոդա Սանկիտին սովորություն էր դարձրել Ամանորի երեկոյից մինչև հունվարի 3-ի առավոտ բոլորովին միայնակ անցկացնել Տոկիոյի շքեղ հյուրանոցներից մեկում: Հյուրանոցի անվանումը հարգանք էր առաջացնում, բայց ինքը՝ Սանկիտին, այն անվանում էր «Տեսիլք»։

-Հայրիկը գնացել է իր «Տեսիլք»,- այսպես էին արձագանքում երեխաները՝ որդին ու դուստրը, իրենց հյուրերին, որոնք գալիս էին Ամանորը շնորհավորելու։ Հյուրերը դա ընկալում էին որպես ինչ-որ կատակ, որը կոչված էր թաքցնելու Սանկիտիի գտնվելու իրական վայրը։ Ոմանք էլ արձագանքում էին․

-Հիանալի վայր է։ Այնտեղ կարելի է հրաշալի արձակուրդ անցկացնել։

Բայց նույնիսկ Սանկիտիի ընտանիքը չէր պատկերացնում, որ այդ հյուրանոցում նրան իսկապես տեսիլքներ էին այցելում։

Ամեն տարի Սանկիտին մնում էր նույն՝ «Ձյունե» սենյակում: Իրականում այդ սենյակը հերթական համար ուներ, և միայն Սանկիտին էր այն այդպես անվանում։

Հյուրանոց հասնելուն պես Սանկիտին փակում էր վարագույրները, պառկում էր անկողնում և փակում աչքերը։ Երկու-երեք ժամ նա այդպես էր անցկացնում։

Թվում էր, թե նա այդպես էր ազատվում հոգնածությունից ու դյուրագրգռությունից, որոնք կուտակվել էին ամբողջ դժվարին տարվա ընթացքում։ Բայց այն բանից հետո, երբ գրգռվածությունն անհետանում էր, նրան մի այլ հոգնածություն էր պարուրում։ Սանկիտին գիտեր, թե ինչպես է դա լինում և հետևաբար սպասում էր մինչև հոգնածությունը հասներ իր գագաթնակետին։ Երբ թմրում էր նրա պարանոցը ու այլևս չէր կարողանում շարժել ձեռքը կամ ոտքը, այդ ժամանակ տեսիլքներ էին այցելում նրան։

Նրա փակ կոպերի հետևում, մթության մեջ հետզհետե հայտնվում էին կորեկի չափ պարող լույսի հատիկներ։ Հացահատիկները թափանցիկ էին, նրանց պատյանը փայլում էր անփայլ ոսկով։ Երբ ոսկին վերածվում էր սպիտակի, թեթև հատիկների թռիչքի ուղղությունը դանդաղում էր և կանոնավոր դառնում․  այդժամ սկսում էր ձյուն տեղալ։ Ինչ-որ տեղ՝ հեռվում, ձյան փաթիլներ էին թափվում։

«Այս տարի էլ ձյուն եկավ»։

Դա այն ձյունն էր, որը պատկանում էր միայն Սանկիտիին։ Ձյուն էր տեղում, քանի որ Սանկիտին էր այդպես ուզում։

Հետո ձյունը մոտենում էր՝ թափանցելով փակ աչքերի մթության մեջ։ Ապա ձյան փաթիլներն ուռչում էին ու նմանվում էին քաջվարդի։  Ձյան փաթիլներն ավելի էին մեծանում և ավելի դանդաղ էին թափվում։ Սանկիտին տարրալուծվում էր քաջվարդերի այս լուռ ձյունաթափի մեջ:

Արդեն կարելի էր բացել աչքերը։

Երբ Սանկիտին բացում էր աչքերը, սենյակի պատը ծածկված էր լինում ձյունով։ Փակ կոպերի հետևում նա միայն ձյուն էր տեսնում։ Այնտեղ, որտեղ նախկինում պատ էր, այժմ նրա առջև բացվում էր ձնառատ բնապատկեր։

Առատ ձյուն էր տեղում ընդարձակ դաշտն ի վար, իսկ դաշտում մնացել էին ընդամենը հինգ կամ վեց տերևները կորցրած ծառեր։ Ձյունը գալիս էր ու գալիս՝ ծածկելով և՛ գետինը, և՛ խոտը։ Ոչ տուն, ոչ ծառ: Այս դաշտում ցուրտ էր ու միայնակ, բայց իր տաք անկողնում Սանկիտին դա չէր զգում։ Միայն ձմեռային բնապատկեր կար, ինքը՝ Սանկիտին, չկար։ «Ո՞ւր գնալ, ո՞ւմ տեսնել»,- Սանկիտին ինքն իրեն հարց էր տալիս, և այս հարցը ձյան թելադրանքով էր ծագում։

Անշարժ դաշտ, միայն երկնքից անվերջ ձյուն է թափվում։ Հանկարծ այս դաշտը հոսում է դեպի սարերը։ Մեր աչքի առաջ վեր են խոյանում լեռնագագաթները, նրանց ստորոտում գետ է հոսում։ Ձյունածածկ գետը տեղում կարծես սառչում է, բայց իրականում ջրերը շարունակում էին անաղմուկ հոսել։ Դա հաստատում է  ժայռից ջուրն ընկած ձյան մի կտոր, որը շարունակում է լողալ։

Ժայռի բյուրեղյա գագաթին հայտնվում է Սանկիտիի հայրը։ Նրա գրկում Սանկիտին է։ Նա երեք կամ չորս տարեկան է։

«Հայրիկ, զգո՛ւյշ եղիր, ժայռն այնքան բարձր է, քարերը՝ սուր։ Ոտքերդ խփել ես, չէ՞»։

Սանկիտին հիսունչորս տարեկան է։ Հյուրանոցի համարի մահճակալին պառկած նա խոսում է հոր հետ։ Ձյուն է գալիս։

Ժայռը երկինք է բարձրանում սուր բյուրեղյա գագաթներով, որոնք վնասում են հոր ոտքերը։ Լսելով Սանկիտիի նախազգուշացումը՝ հայրը փորձում է ավելի զգույշ քայլել, իսկ հետո ժայռից ևս մի ձնագունդ է ընկնում գետը։ Հայրն է՛լ ավելի ամուր է գրկում Սանկիտիին։

«Տարօրինակ է, որ նույնիսկ նման ձյունը չի կարող լցնել գետը», -ասում է հայրը: Հոր գլուխն ու ուսերը, ձեռքերը, որոնցով նա գրկել է Սանկիտիին, ձյունից են։

Հետո պատի ձյունը սկսում է գետով դեպի վեր շարժվել։ Այժմ այն հոսում է լճի վրայով։ Լիճը լեռներում է։ Ձյան սպիտակ փաթիլները ձեռք են բերում մոխրագույն երանգ և ափից հեռանալով՝ խտանում են ամպերի մեջ։ Հանդիպակաց ափը հազիվ է երևում։

Որոշ ժամանակ Սանկիտին հետևում է, թե ինչպես են ձյան փաթիլները հասնում ջրին ու լուծվում ջրի մեջ։ Նա ինչ-որ շարժում է նկատում մյուս ափին։ Մոխրագույն երկնքով ինչ-որ բան է լողում դեպի Սանկիտին։ Թռչունների երամ է։ Թռչուններն ահռելի սպիտակաթույր թևեր ունեն։ Թվում է՝ թևերը ձյունից են աճել։ Թռչուններն անցնում են ուղիղ Սանկիտիի աչքերի առջևով, բայց թևերի թափահարման ձայնը չի լսվում։ Թևերը բացվում են, բայց ձայն չի լսվում։ Իսկ գուցե ձյո՞ւնն է տանում թռչուններին։

Սանկիտին փորձում էր հաշվել թռչուններին։ Քանի՞սն են։ Յո՞թը։ Տասնմե՞կը։ Սանկիտիին չի անհանգստացնում այն փաստը, որ չի կարողանում հաշվել դրանք։ Ընդհակառակը, նա իրեն երջանիկ է զգում. «Ինչ  թռչուններ են դրանք։ Քանի՞սն են»։

-Ես թռչուն չեմ. Չես տեսնո՞ւմ, թե ինչ է թևիս վրա:

-Այ հիմա հասկացա, -պատասխանում է Սանկիտին։

Ձյունից դուրս թռչող թռչունների թևերի վրա կանայք են, որոնք սիրում էին Սանկիտիին: Նրանցից ո՞ր մեկը խոսեց Սանկիտիի հետ:

Ձյան տեսիլքը թույլ էր տալիս Սանկիտիին կանչել բոլոր նրանց, ովքեր սիրում էին իրեն։

Ամանորի առաջին օրվա երեկոյից մինչև հունվարի երեքի առավոտ Սանկիտին անցկացնում էր «Տեսիլք» հյուրանոցի «Ձյունե սենյակում»։

Վարագույրները փակ էին, սնունդը բերում էին սենյակ։ Այս օրերի ընթացքում նա անկողնուց վեր չէր կենում։ Նա գալիս էր տեսնելու այն մարդկանց, որոնք սիրում էին իրեն։

 

Թարգմանությունը՝ Լյուսիլ Ջանինյանի