Դու ու քո Աստվածը, չպարտվես

Սոս Սարգսյանի խոհագրությունից այս երկու հատվածներն անկախության դժվար սկզբի, տառապանքներով լի ընթացքի, բայց և բաղձալի տարիների խտացման  խորհրդանիշն են: Առաջինը գրվել է 31 տարի առաջ, 2-րդը՝ փոքր-ինչ ավելի ուշ, և  երկու հատվածներում էլ հնչող տագնապները, մտահոգություններն ու հույսը վերստին վկայում են՝ մեր ժողովուրդը պատմությունից դասեր քաղել չգիտի ու պատմական շրջապտույտը մեզ միշտ նույն խնդիրներին է բախում:

 

***

Մոսկվայում հացադուլ արած

Իմ եղբայրներին՝ Վիկտոր Համբարձումյանին,

Զորիկին, Վաչեին ու Սիմյոնին:

 

Հայաստան երկրի կյանքն էլի դժվարացավ... Մեր տուն-տեղը քանդվեց, ավերվեց, գաղթականն ու չունևորը էլի հայտնվեցին, լավն ու վատը խառնվեց, ավազակները բուսնեցին... Ներսից են քրքրում... Դրսինը քիչ էր...

Բայց և էնպես ապրում ենք, կանք, շնչում ենք, պայքարում, հույս ունենք... Ու պահեր ենք ունենում ուրախության, կնունք, հարսանիք, ծնունդ... Բայց և էնպես ղողանջում են մեր եկեղեցու զանգերը, ու մենք մեր հորենական օրենքով, մեր հին կարգով ժամ ենք գնում, խաչակնքում ենք, աղոթում...

Գիտենք՝ զարթնել ենք ու կանգնել նոր ճամփի գլխին... Պիտի մեր քայլն անենք, մեր նոր քայլը, որ ծանր է, դժվար, պատասխանատու...

Բայց և էնպես զարթնել ենք, ու արթնացողը համայն հայության դու ես եղել, իմ Արցախ...

Իմ քույրեր ու եղբայրներ, ձեզնից ես ոչ մի օր չեմ բաժանվում, կարոտն ինձ խեղդում է, ու ամեն մեկիդ՝ մեծ թե փոքր, կրում եմ սրտիս մեջ, իմ սիրելի, իմ չգուրգուրված, իմ խենթ ու հպարտ, առասպելական... իմ իմաստուն ու համեստ, իմ ազնվական, իշխանական... Մորից կտրված ու չկոտրված... Կուրծքդ բաց, կուռդ՝ քար, ճակատդ՝ բարձր, իմ խիզախ...

Քեզուքեզ ոտքի ելար, ազգդ ոտքի կանգնեցրիր... Մեկտեղ քայլ անենք, շարժվենք առաջ...

Մեր ձեռքը չի հասնում քեզ, դեռ շատ չի երկար, մեր տեղն էլ է նեղ, ու էլի մենակ ես համարյա...

Եվ դու չպետք է երերաս, չպիտի ընկրկես, մեր հետևում անդունդ է...

Մեր քարավանի նառն ու առաջնորդը դու ես էսօր, ու կտրելու ես անապատը... Մեր բախտի աստղ, մեր կապույտ հորիզոն, Արցախ...

Դուրս արի քարի արանքից, նորից ուժ առ, նորից լցվիր իմաստությամբ...

Հրաշքդ գործիր, Մովսեսի նման գերությունից ազատիր ցեղն հայոց...

Առանց քեզ Հայաստան չկա, առանց քեզ հենարան չկա, առանց քեզ հեռուներ չկան...

Իմացիր: Ես ինչքա՜ն սիրեմ քեզ, սուրբ Արցախի իմ սուրբ քույրիկ, իմ եղբայր, ի՞նչ անեմ, որ արժանի լինեմ քեզ...

Դու ու քո Աստվածը, չպարտվես...

Մենք ու մեր Աստվածը, քայլենք...

 

17 սեպտեմբեր, 1990թ., Մոսկվա

 

***

Ոչ թե այնտեղ և այն ժամանակ

Այլ այստեղ և հիմա...

 

Քսաներորդ դարում ճակատագիրը մեզ երկու անգամ հրամցնում է անկախություն, երկու դեպքում էլ պատրաստ չէինք: Երկու դեպքում էլ զուրկ էինք քաղաքական հասուն մտքից, էն մտքից, որ կարող էր միակ ճիշտ ուղին բռնել: Պետական, քաղաքական միտք ունենալու համար պետք է ունենալ պետական կենսագրություն: Չունեինք: Հասարակական մտքի կուլտուրա, չունեինք: Չունենք:

Չունեինք նաև վտանգի զգացողություն: Էս վերջինը շատ զարմանալի է մի ազգի համար, որ անթիվ անգամ է վտանգվել:

Ուրեմն՝ որ պատրաստ չէինք մի կերպ հասկանալի է, բայց որ երկու դեպքում էլ միամտություն ունեցանք նպաստել (մեր ուժերի չափով) էն համակարգի փլուզմանը որի մեջ ապրում էինք, միամտություն էր՝ հիմարության հասնող:

Կորուստներն անհաշվելի են:

Հայ հեղափոխականները, հրեաների հետ ձեռք-ձեռքի տված քանդում էին ցարական իշխանությունը, մի համակարգ, թող որ անունը լինի կայսրություն, որի շնորհիվ հայությունը Այսրկովկասի տերն էր, գրեթե բոլոր բնագավառներում ուներ մեծ հեղինակություն, կուտակել էր հոգևոր ու նյութական վիթխարի հարստություն:

Կայսրությունը քանդեցինք, կորցրինք հայաբնակ Կարսը, Իգդիրը, Անին, Նախիջևանը, Արցախը, սահմանագծով անջատվեցինք Ջավախքից: Կորցրինք Մոսկվայի, Պետերբուրգի, Կրասնոդարի, Լվովի համայնքները, Բաքվի, Թիֆլիսի մշակութային կենտրոնները, հայոց դպրոցները, եկեղեցիները...

Հայ հեղափոխականները պայքարում էին համաշխարհային հեղափոխության հաղթանակի համար... Պայքարում էին «նացիոնալիստ» դաշնակցականների դեմ, քայքայում նրանց բանակը...

Բայց հայ էին... Բա մեր խելքն ո՞ւր էր...

1990-ականի սկզբին քշեցինք կոմունիստ ղեկավարներին (էլի քչից-շատից սրանք մի բան գիտեին, պետություն ղեկավարելու փորձ ունեին, շատ հայրենասեր ու հմուտ մարդիկ էլ կային սրանց շարքերում): Չէ՝ ասինք՝ «դալոյ» ու... Ու ղեկավարվեցինք ամբոխի կրքերով, տղաների «խելքով»:

Խելոք ազգի համբավ ունենք, էդ ինչի՞ց ենթադրեցինք, որ սրճարանների էս «տղաները» հանկարծ, մի հրաշքով կերպափոխվեցին ու դարձան մեզ համար պետական այրեր, Չերչիլներ, Դը Գոլներ...

Դե հիմա արի ու սրանց սարքած շփոթից գլուխ հանի...

Արի ու հայի մեջ խելք գտի...

 

Սոս Սարգսյան