Դմիտրի Լիխաչով . Ինչպես գրել

Յուրաքանչյուր մարդ պետք է ոչ միայն գեղեցիկ խոսի, այլև գեղեցիկ գրի։ Խոսքը, գրավոր թե բանավոր, անհատին բնութագրում է ավելի, քան նույնիսկ նրա արտաքինը կամ իրեն տիրապետելու հմտությունը։

Խոսքում երևում է մարդու իմաստնությունը, ստույգ և տրամաբանված մտածելու կարողությունը, նրա հարգանքն ուրիշների նկատմամբ, նրա «մաքրասիրությունը» այդ բառի լայն իմաստով։
Այժմ ես կխոսեմ միայն գրավոր լեզվի մասին և առավելաբար կանդրադառնամ դրա այն տեսակին, որին ինքս եմ ավելի վարժվել, այսինքն՝ գիտական լեզվին (հիմնականում՝ գրականագիտական): Կխոսեմ նաև ամսագրային գիտահանրամատչելի հոդվածների ոճի մասին։
Նախ՝ մեկ ընդհանուր դիտարկում։ Որպեսզի սովորես հեծանիվ վարել, պետք է սկսես հեծանիվ վարել։ Գրել սովորելու համար պետք է սկսել գրել։ Հնարավոր չէ զինվել ճիշտ գրելու մասին լավ խորհրդատվական նյութերով և միանգամից խոսքը շարադրել ճիշտ ու գեղեցիկ․ բան դուրս չի գա։ Դրա համար նամակներ գրեք ձեր ընկերներին, օրագիր վարեք, հուշեր գրեք (հուշեր գրել կարելի է և պետք է հնարավոր վաղ տարիքից, անգամ ոչ թե պատանեկության շրջանից, այլ, օրինակ, մանկությունից)։
Հաճախ են ասում, թե գիտական աշխատություններն ու դասագրքերը գրվում են անհրապույր լեզվով՝ հեղեղված գրասենյակային բառապաշարով։ Այսպիսի մեղադրանքներից ամենաշատ «տուժածները» գրականագիտական և պատմագիտական աշխատություններն են։ Եվ նման դժգոհությունները մեծ մասամբ արդարացի են։ Արդարացի են, բայց ոչ այնքան հստակ։ Պետք է գրել գեղեցիկ, այլ ոչ թե տգեղ․ սա բոլորն են հասկանում, և հազիվ թե գտնվեն մարդիկ, որոնք կխոսեն հակառակ տեսանկյունից։ Բայց թե այդ ո՛րն է գեղեցիկ լեզուն, և ինչպես ձեռք բերել գեղեցիկ գրելու հմտություններ, հազվադեպ է խոսվում։
Իրականում «լավ լեզու» որպես այդպիսին չկա։ Լավ լեզուն գեղագրություն չէ, որը կարող ես պատրաստի վերցնել ու կիրառել յուրքանչյուր դեպքի համար։ Մաթեմատիկական աշխատության լավ լեզուն, գրաքննադատական հոդվածի լավ լեզուն և պատմվածքի լավ լեզուն տարբեր լավ լեզուներ են։
Հաճախ ասում են․ «Նրա հոդվածի լեզուն լավն է, պատկերավոր» և նույնիսկ դպրոցական աշխատանքների համար պահանջում են պատկերավոր լեզու։ Մինչդեռ պատկերավորությունը միշտ չէ, որ գիտական խոսքի համար հարստություն է։
Գեղարվեստական գրականության լեզուն պատկերավոր է, բայց գիտնականի տեսանկյունից՝ ստույգ չէ։ Գիտությունը կոնկրետություն է պահանջում, իսկ գեղարվեստական տեքստում, ընդհակառակը, կարևորվում է բազմանշանակ խոսքը։ Դիտարկենք Եսենինի տողերը․ «Տափաստանային անհոգ վարգի մեջ զանգն է ծիծաղում արտասվելու չափ» (գեղ․ թարգմ․ - Ն․ Ա․)։ Մեր առջև պատկեր է՝ շատ հարուստ բովանդակությամբ, բայց ոչ՝ մեկ կոնկրետ իմաստով։ Ի՞նչ է սա․ զանգակի ուրախ զրնգո՞ց․ իհարկե՝ ոչ միայն դա։ Մեծ նշանակություն ունի, որ այս տողում հիշվում է նաև արտասուքը, թեպետ մակերեսային ընթերցման դեպքում հնարավոր է և ոչ մի կարևորություն չտանք դրան՝ ամբողջ կապակցությունը համարելով պարզապես սովորական դարձվածք, այն է թե՝ շատ բարձր ծիծաղել։
Պատկերը որոշակիանում է համատեքստի շնորհիվ և ամբողջովին հասկանալի է դառնում միայն բանաստեղծության վերջում․ «Անցյալում թողած ամենի վրա զանգն է ծիծաղում արտասվելու չափ»։ Այստեղ առաջ է մղվում ճակատագրին հեգնանքով նայելու գաղափարը, այն մարդու ճակատագրի թեման, որը ծիծաղում է կյանքի վաղանցուկ էջերի վրա։
Գեղարվեստական պատկերի իմաստն ասես անդադար «պեղվում» է ընթերցողների համար։ Գրողն ընթերցողին մասնակից է դարձնում ստեղծագործելու պրոցեսին։ Գրական պատկերի այդ աստիճանական ինքնաբացահայտումը և ընթերցողի՝ ստեղծագործական պրոցեսին մասնակից դառնալը գեղարվեստական գրականության խիստ էական կողմերից են։ Դրանցից կախված է ոչ միայն գեղագիտական հաճույքը, որ մենք ստանում ենք գրական ստեղծագործությունը կարդալիս, այլև այդ ստեղծագործության՝ որպես արվեստ համոզիչ լինելը։ Հեղինակն ասես ստիպում է ընթերցողին անձամբ հանգել անհրաժեշտ եզրակացությանը։ Նա ընթերցողին դարձնում է, կրկնում եմ, իր գործակիցը ստեղծագործելիս։
Գեղարվեստական պատկերի իմաստն ասես անդադար «պեղվում» է ընթերցողների համար։
Նույնը կարելի է ասել և գեղարվեստական խոսքի այն տեսակի մասին, որն է կատակը։ Կատակն անփոխարինելի զենք է, օրինակ, հրապարակային բանավեճում։ Լսարանին ստիպել ծիծաղել՝ նշանակում է նրան կիսով չափ արդեն համոզել ձեր տեսակետի ճշմարտացիության հարցում։
Գեղարվեստական պատկերը կամ կատակը օգնում են ընթերցողին կամ լսողին մտածել հեղինակին համընթաց։ Ֆրանսիական ասացվածք կա․ «Կարևոր է ծիծաղողներ ունենալ կողմնակիցներիդ մեջ»։ Նա, ում հետ ծիծաղում են, հաղթում է բանավեճում։
Կատակը մեծ նշանակություն ունի դժվար պահերին․ այն վերականգնում է հոգեկան հավասարակշռությունը։ Սուվորովը կատակելով զգաստացնում էր իր զինվորներին։ Ահա թե ինչու այնտեղ, որտեղ կարևոր է ոչ միայն տրամաբանական ընկալումը, այլ նաև էմոցիան, մեծ է գեղարվեստական պատկերի և կատակի դերը։ Դրանք մեծ դեր ունեն նաև գիտահանրամատչելի աշխատանքներում և հրապարակախոսական ելույթներում։ Ցանկացած բանախոս գիտի՝ որքան կարևոր է վերականգնել մտացրիվ լսարանի ուշադրությունը կատակի միջոցով։ Կատակը, նույնիսկ ավելի, քան գեղարվեստական պատկերը, պահանջում է ակտիվ մասնակցություն, այն ստիպում է ոչ թե պասսիվորեն լսել, այլ ակտիվորեն «ամբողջացնել» սրամտությունը։
Բայց գիտական աշխատանքում պատկերավոր արտահայտություններն ու սրմատությունը թույլատրելի են միայն որպես որոշակի դիվերտիսմենտ։ Իր բնույթով գիտական լեզուն խստորեն տարբերվում է գեղարվեստական գրականության լեզվից։ Այն պահանջում է ձևակերպումների հստակություն, առավելագույն սեղմություն, խիստ տրամաբանվածություն, բացառում է «եզրակացրությունը թողնելն» ընթերցողին։ Գիտական խոսքում չպետք է «կռահել թաքնագրերը»․ այն պետք է պարզ լինի։
Գիտական աշխատանքի լեզուն պիտի «աննկատ» մնա։ Եթե մարդը կարդա գիտական աշխատությունը և ուշադրություն չդարձնի՝ լավ է այն շարադրված, թե ոչ, ուրեմն՝ այն լավ է շարադրված։ Լավ դերձակը կոստյումն այնպես է կարում, որ այն մեր հագով է լինում առանց մեր «զգալու»։
Գիտական ձևակերպման ամենամեծ արժանիքը (այստեղ ես արդեն խոսում եմ առհասարակ շարադրման կերպի, այլ ոչ թե միայն ոճի մասին) տրամաբանված և հետևողական անցումն է մի մտքից մյուսին։ Այս կամ այն միտքը զարգացնելու կարողությունը ոչ միայն տրամաբանություն, այլև ձևակերպման հստակություն է պահանջում։
Շատ կարևոր է, որ գիտնականը «զգա» իր ընթերցողին, ստույգ գիտենա՝ ում է դիմում։ Հարկավոր է մտքում միշտ հստակ տեսնել ապագա աշխատության հասցեատերին և այն շարադրել այնպես, ասես գրի ես առնում նրա հետ քո զրույցը։ Թող այդ երևակայական ընթերցողը սկեպտիկ լինի, համառ ընդդիմախոս, մարդ, որը հակված չէ հավատալու ամեն ասածի։ Խիստ գիտական աշխատանք գրելիս այդ մտացածին կերպարը պիտի իմաստուն լինի, պրոֆեսիոնալ տվյալ ոլորտում։ Գիտահանրամատչելի գրականության դեպքում ձեր պատկերացրած ընթերցողը պետք է մի փոքր «դժվար հասկացող» լինի (միայն չափի մեջ․ սեփական ընթերցողին չի կարելի «վիրավորել»)։
Զրուցելով այդպիսի երևակայական ընթերցողի հետ՝ գրառեք այն ամենը, ինչ նրան ասում եք, որքան մոտ է ձեր գրավոր խոսքը բանավորին, այնքան այն անկաշկանդ է, բազմերանգ, բնական հնչերանգով։ Միայն գրավոր լեզվին հատուկ կազմությունները ծանրացնում են խոսքը։ Դրանց կարիքը չկա։ Սակայն բանավոր խոսքն էլ իր բացերն ունի․ միշտ չէ, որ այն քերականորեն ճշգրիտ է, նաև ամփոփ չէ և հաճախ կրկնություններ է ունենում։ Նշանակում է՝ գրառելով ձեր զրույցը երևակայական խոսակցի հետ, պետք է հետո կարելվույն չափ համառոտեք այն, ուղղեք, ազատեք քերականորեն ոչ ստույգ ձևակերպումներից, չափազանց խոսակցական արտահայտություններից։ Այդպես գիտական աշխատությունը «սեղմվում» է, դառնում «կոմպակտ», հստակ, պահպանում է կենդանի խոսքի հնչերանգը, և, որ գլխավորն է, նրանում զգում ես նաև հասցեատիրոջ՝ հեղինակի զրուցակցի «ներկայությունը»։
Հարուստ գրավոր խոսքն ու նրա թեթևությունը հաճախ բխում են առօրյա-խոսակցական լեզվից, որից կարելի է փոխառել առանձին բառեր և ամբողջական արտահայտություններ։ Բայց պետք է հիշել, գրավոր խոսքում խոսակցական տարրերը ոճականորեն այնքան ազդեցիկ են ու նկատելի, որ գիտական տեքստում դրանք չի կարելի գործածել իրար շատ մոտ։

 

Թարգմանությունը ռուսերենից՝ Նշան Աբասյանի