Դիլիջանը, որ այնքա՜ն նման էր Քաշմիրին

Տավուշը Հնդկաստանի հետ ոչ մի կապ չունի, եթե չհաշվենք Դիլիջանի միջազգային քոլեջում սովորող մի քանի հնդիկ ուսանողներին, բայց Դիլիջանն էլ դրանով Քաշմիրը չդարձավ։ Սիրո մասին պատմությունները, սակայն, այլ բան են վկայում:

Բորիսիկը, որ տասնհինգ տարին լրանալուն պես Բորիս էր դարձել, իրենց գյուղի դպրոցի ութամյա կրթությունը շարունակելու էր գնացել Դիլիջան, որ մարդ դառնա, էդ անտերուդուրս՝ աշխարհից կտրված գյուղից դուրս գա: Չնայած որ պապի անունն էր կրում, իրեն ամենևին չէր համարում Բորիկ պապի հետնորդը, քանի որ դա կնշանակեր հավերժ դատապարտված լինել ապրելու՝ գետի եզերքին ու անտառի խորքում, որտեղ նույնիսկ չգիտեն թե «Օրիֆլեյմն» ինչ է։ Իսկ ինքը հաճախ էր տատի ու մոր համար «Օրիֆլեյմից» զարդեր, դիմափոշի ու շպարի այլ պարագաներ պատվիրում։ Իսկ այդ ամենով հպարտանալու ամենամեծ ու հարմար հարթակը գյուղի փռի առաջ էր, որտեղ կանայք շաբաթը մեկ հավաքվում էին հաց թխելու։

-Բորիսս ա առել,-հպարտանում էր մայրը՝ Տիրուհին։

Իսկ գյուղի կանայք անվերջ հաճոյանում էին Բորիսիկին, որ մի բան էլ իրենց համար պատվիրի, բայց Բորիսը գիտեր թե ում համար՝ ինչ։

Հերթական անգամ Դիլիջանից գյուղ գալիս Բորիսի գլուխը խառն էր. մտածում էր՝ ձեռքի զարդերը տա մորը, թե՞ …

Իսկ «թե»-ն նշանակում էր բժշկական քոլեջի մի ապագա ուսանողուհի, որին Բորիսիկն առավոտյան տեսել էր Դիլիջանի «կալցավոյի» կողքի խանութից դուրս գալիս, և հետևել, իսկ օրիորդի քայլերը տարել էին դեպի բժշկական քոլեջ։

Հետաքրքրվել ու իմացել էր որ անունը Անուշիկ է, մի «բիթի ախպեր» տեղյակ էր պահել, որ Անուշիկը հարուստ ընտանիքից է:

-Գործ չունես, սրա հերը շառ ա,-ասել էր նա, և այս ամենը Բորիսի հոգին տակնուվրա էր արել:

Այդ խոսքերը չէին խանգարում դեպի գյուղ գնացող ավտոբուսի մեջ երազել, իսկ Բորիսը պատկերացնում էր.

«Կգնամ տուն, կասեմ՝ մամա, քու հմար մի նհենց հարս եմ ճարել, որ հարևաննիդ նախանձից ինֆարկտ կստանան, երկար, շեկ մազերով, նիհար ու բոյով, աչքերն էլ՝ խաժ։ Կգնամ բանակ կգամ, կբերենք, հետո ես կգնամ Ռուսաստան փող կըշխատեմ, կգամ՝ Անուշիկին էլ կտանիմ»:

Այս ամենին զուգահեռ Բորիսը պատկերացնում էր նաև մոր փայլող աչքերն ու արդեն երևակայական թոռին գրկած, թոռն էլ հարսի պես՝ շեկլիկ ու սիրուն։

Արթմնի երազները, սակայն, ավելի արագ են բախվում իրականությանը, և Բորիսը հիշելով Անուշիկի հարուստ ընտանիքից լինելու փաստը՝ միանգամից հուսահատվում էր, բայց որոշել էր, որ մորն անպայման պետք է պատմի։

Ավտոբուսը գյուղ հասնելուն պես Բորիսը շտապեց տուն, ձայն տվեց մորը, որն այդ պահին իրենց տուն այցելած հերթական հյուրերին էր սպասարկում, իսկ նրանց օջախը միշտ լիքն էր մարդկանցով, երբեմն՝ լավ, երբմեն էլ այնպիսի, որոնց թվում է թե՝ գյուղի բարեկամները պարտք են իրենց, և պետք է սպասարկեն իրենց ինչպես ռեստորաններում։

Մայրը շնչակտուր եկավ ու սկսեց բողոքել տղային, թե.

-Այ Բորի՛ս ջան, էս հորդ բարեկամները կյանքս կերել են արդեն՝ Տիրուհի հարսիկ (այդպես են դիմում բարեկամի՝ տարիքով ոչ այնքան մեծ կնոջը) սա ենք ուզում, էս եփի, էն եփի… և այլն։

Բորիսը միանգամից ընդհատեց մոր խոսքն ու պատմեց, թե ինչպիսի չքնաղ աղջկա է հանդիպել Դիլիջանի «կալցավոյի» մոտի խանութից դուրս գալիս, դա էլ քիչ է`ապագա բուժքույր։

Տիրուհու աչքերը խոժոռվեցին, այդ պահին Բորիսն ասաց.

-Մամա, բայց ասում են հերը հարուստ ա, նա ինձ դժվար թե աղջիկ տա:

Տիրուհին մի քմծիծաղ տվեց ու ասաց.

-Ո՞վ կարա իմ էս պեպլած տղին աղջիկ չտա, ես, որ քու հորն ուզել եմ տղա ջան, որ դիմանում եմ էսքան վախտ, ուրեմն աշխարհքումս էլ անհնար բան չկա, էգուց հետդ գալիս եմ, վեջդ չգցես,- մի տեսակ՝ տեղի ակցենտին հատուկ առոգանությամբ վրա բերեց Տիրուհին։

Բորիսի սիրտը ձորով հոսող գետի աղմուկին զուգահեռ թրթռում էր, թվում էր՝ սրտի ձայնը խլացրել է գետի ձայնը, նմանատիպ բան նա զգացել էր երբ գյուղ մի անգամ համերգ էր եկել, ու գեղեցկադեմ երգչուհին փորը բաց շորով ինքնամոռաց պարում էր գյուղի ամոթխած ջահելների ու ահելների առաջ, իսկ ինքը մտածում, որ կուզենար  նման սիրուն կին ունենալ, բայց ոչ այսքան «դուրս ընկած», որ փորը բացի համայն հանրության առաջ: Այնուամենայնիվ, Անուշիկի հանդեպ զգացածը բոլորովին այլ էր, ավելի քնքուշ ու մեղմ զգացմունք։

Լույսը բացվելուն պես, մայր ու տղա բռնեցին դեպի Դիլիջան տանող ավտոբուսն ու գնացին ուղիղ դեպի բժշկական քոլեջ, որտեղ քննություն էր ընթանում, համբերատար հայացքով նստեցին մոտակա նստարանին, իսկ քիչ անց աստիճաններից դուրս եկավ Անուշը՝ երկար ու ոսկեշող մազերով, խաժ աչքերով ու գեղեցիկ կազմվածքով: Տիրուհին մտքում պատկերացրեց նույն այն երևակայական թոռին, որին Բորիսն էր պատկերացնում ավտոբուսի մեջ։

-Բորիս ջան, կուկլայա կուկլա...

Ու քանի որ Անուշն արդեն երեկ ֆիքսել էր Բորիսի սիրահարված հայացքը, և ինքն էլ, փաստորեն, անտարբեր չէր, եկավ ու նստեց ուղիղ Տիրուհու կողքին, իսկ Տիրուհին պահը չկորցնելով՝ սկսեց հարցաքննել աղջկան.

-Աղջիկ ջան անունդ ի՞նչ է:

-Զաքարյան Անուշ,-ամոթխած պատասխանեց Անուշը, իսկ Տիրուհին ասաց, որ իր տղան էլ է Դիլիջանում սովորում, բայց ապագան միայն դրսում է տեսնում։

Պարզվեց, որ աղջիկը Դիլիջանի մասշտաբով ունևոր մարդու աղջիկ է, և դա էլ քիչ է՝ գերազանցիկ է։

Երբ կարդացին դիմորդների գնահատականները, Տիրուհին հպարտությունից մի այնպիսի կեցվածք ընդունեց, որ թվում էր թե Անուշին ինքն է լույս աշխարհ բերել, քանի որ ամբողջ խմբում ամենաբարձր գնահատականներն ինքն էր ստացել։

Բորիսն ու Անուշիկը Տիրուհու թեթև ձեռքով արդեն մտերմացել էին, իսկ Տիրուհին գյուղ հասնելուն պես պատմել էր տնեցիներին, թե ինչ հրաշք են գտել, անընդմեջ պատմում էր ու հիանում, հիանում էր ու պատմում…

Տուն եկած հյուրերին նույնպես սրտի մեծ թրթիռով էր ներկայացնում ապագա հարսնացուին.

-Աղչի ջան, ոնց որ զգար էդ երեխեն, որ իրա հետևից եմ գնացել, եկավ ու ցից նստեց կողքիս։

Զաքարյան Անուշի անունը հոլովվում էր տանն ընթացող բոլոր քեֆերի ժամանակ, բարեկամ մարդիկ խմում էին ապագա զույգ ծաղիկների կենացը, իսկ առավել հաճախ՝ միայն Զաքարյան Անուշի, քանի որ Տիրուհին ոգևորվում էր դրանից։

Բորիսն արդեն մոռացել էր տատի ու մոր մասին, և «կատալոգից» պատվիրած բոլոր նվերները տալիս էր Անուշին, մինչև որ մի օր Անուշի հայրը նկատեց աղջկա հեռախոսի մեջ գրված Բորիսի անունը։

Բանը բանից անցավ, ապագա խնամիները իրարով եկան, քանի որ Անուշի հայրը չցանկացավ իր աղջկա ապագան տեսնել Բորիսի կողքին, իսկ հոր ահից Անուշը հետ կանգենց Բորիսի հետ կյանքը կապելու մտքից։

Նրանց սերը Դիլիջանի քոլեջի  բակից թռավ ու խիտ անտառներով գնաց, մոլորվեց այդ քաղաքի գլխապտույտ ոլորաններում։

Անուշը չգիտեմ, բայց Բորիսն իր ճակատագրին հանդիպեց Կիսլովոդսկի ծաղկաշատ պուրակներից մեկում։

 

Ասպրամ Սարատիկյան