Դավոյանի «Ռեքվիեմի» նոր հրատարակությունը՝ վերջակե՞տ, թե՞ բազմակետ

Ազգային բանաստեղծական արվեստի մեծերից Ռազմիկ Դավոյանի գլուխգործոցը՝ «Ռեքվիեմ» պոեմը հայոց վերացական, միստիկ ուղղվածության գրական ժառանգության ամփոփ ու նորացված արտահայտությունն է։ Պոեմի առանցքը ոչ թե սյուժեն է, իրադարձությունների շարքը, այլ տեսիլային պատկերավորությունը, որի ատաղձն է խոսքը, շատ ավելի լայն իմաստով՝ լեզուն, դրա անսահմանափակ հնարավորությունները: Բառերի տարերքն է շարժում ու կյանք հաղորդում բանաստեղծական տեքստին․ Սերո Խանզադյանի գնահատմամբ՝ պոեմում «հանգիստ չկա, կա կյանքի բուռն բաբախը»։

«Ռեքվիեմը» մերթ խոսք է ընդ Աստծո, մերօրյա աղոթք՝ ուղղված Բարձրյալին, թե ճակատագրին («Հավանական Աստված, Հավանական Ոգի»), մերթ՝ մենախոսություն (խոստովանություն, ինքնախարազանում, ինքնաներշնչում): Այն ժողովրդի ոգու, նրա տվայտանքների բանաձևումն է, ա՛յն ժողովրդի, որը փշրում է «բոլոր փակերն աշխարհի», ճեղքում ցավի հունդերը, իր եղելությամբ երկրից վերացնում թույնն ու ոխը․․․

Բանաստեղծի շուրթերով բարբառում, արտահայտվում է ազգը, և ապա ազգի միջոցով՝ մարդկությունը։ Ռեքվիեմը պատմության ոլորաններով անցած, հավիտենապես մեռնող ու հառնող ժողովրդի մորմոքն է․

Տվեք ինձ իմ շուրթերը.

Ես նրանցով հողից ծաղիկներ կհանեմ,

Կհամբուրեմ ժայռը - և նա կդառնա վանք,

Կհամբուրեմ ձեր աչքերը, ձեր շուրթերը, ձայնը,

Կհպվեմ ջրերին - ջրերը կքրքջան,

Կհամբուրեմ լռությունը,

Եվ նա կբարբառի հեքիաթային խոսքեր․-

Կհամբուրեմ գույները - նրանք լաց կլինեն,

Երջանկության դողով կխառնվեն իրար,

Եվ մենք կմոլորվենք գույների մեջ:

Երևանի «Արդեան» ցուցասրահի «Մշակութային հինգշաբթի» նախագծի շրջանակում օրերս տեղի ունեցավ պոեմի ութերորդ, ամբողջական հրատարակությանը նվիրված գրական-երաժշտական երեկո։

Բանաստեղծի կնոջ՝ լեզվաբան, թարգմանչուհի, գրքի կազմող Արմինե Թամրազյան-Դավոյանի խոսքերով՝ խորհրդային գրաքննության արդյունքում պոեմի առաջին հրատարակությունում շեղումները բնագրից բավական շատ են։ Որպես օրինակ նա մեջբերեց պոեմի առաջին տողերը, որոնց փոփոխված լինելն ակնհայտ է նույնիսկ առաջին իսկ ընթերցումից․

Մենք կյանքից հոգնել էինք,

Սակայն հավաքվելիս

Խոսում էինք կյանքի հրաշքների մասին։

Բացի այն, որ խախտված են տեքստի ռիթմն ու տրամադրությունը, նաև անհասկանալի է, թե քսանամյա հեղինակը այդ ե՞րբ պիտի հասցներ հոգնել կյանքից, որ կյանքի հրաշքների մասին հավաք-խոսակցություններն էլ ինչ-որ անցյալում մնային։

Տիկին Արմինեն իր բացատրությունն ունի. «ես Խորհրդային Միությունում չեմ ապրել, բայց ենթադրում եմ, որ խորհրդային քաղաքացուն կյանքից ձանձրանալ չէր կարելի», ուստիև գրաքննությունը փոխել էր ժամանակաձևը, «ձանձրացել»-ը փոխարինել «հոգնել»-ով ու հանել «միշտ» բառը։ Նման անհարկի փոփոխություններ «Ռեքվիեմի» առաջին հրատարակությունում շատ են եղել, դրանք շտկվել են հետագայում, մասնավորապես 1997-ի՝ արդեն գրաքննության կաշկանդումներից զերծ հրատարակության ժամանակ, երբ պոեմի առաջին և երկրորդ մասերը տպագրվեցին միասին։ վերջին հրատարակության ելակետը եղել է հենց այդ հրատարակությունը, սակայն համեմատելով տարբեր հրատարակությունները՝ Արմինե Թամրազյանը այլ վրիպակներ և տարընթերցումներ է հայտնաբերել («համընթաց քարավան»-«համրընթաց քարավան», «հոգին արթուն»-«հոգին արյուն» և այլն), թեկուզ պակաս ակնառու, որպես կանոն, տրամաբանական տարբերակները հենց 1997-ի հրատարակության տարբերակում են գտնվել, միայն մեկ բացառությամբ․ պոեմի առաջին մասի վերջում այսպիսի տողեր կան․

Ով իմ սուրբ աշխարհ,

Իմ սուրբ հայրենիք,

Ահա իմ սիրտը

Քո ձեռքին սովոր թռչունի նման

Խաղում է ոսկե մատներիդ վրա

Եվ քո ափի մեջ

Երգի ոգեղեն հասկեր է կտցում.-

Եվ քո ափի մեջ

Երգի կաթնաբույր շաղախ է հունցում...

Այնինչ 1997-ի հրատարակությունում «ոգեղեն»-ը «ոսկեղեն» է դարձել, ինչը Թամրազյանի համոզմամբ Դավոյանին բնորոշ չէ․ «անհնար է, որ մեկ-երկու տող տարբերությամբ լիներ «ոսկե մատներ» և «ոսկեղեն հասկեր», Ռազմիկի գործերի մեջ ոչ մի տեղ նման բան չեք գտնի, խոսքս, իհարկե, մտածված կրկնությունների մասին չէ, որոնք շատ են նրա գործերում»։ Ինքն էլ՝ անգլերեն թարգմանելիս չնկատելով սա, որպես «ոսկեղեն» է թարգմանել։ Ի վերջո՝ երկար փնտրտուքներից հետո իբրև հիմք ծառայել է հեղինակային ձայնագրությունը, որում Դավոյանը «ոսկեղեն»-ի փոխարեն «ոգեղեն» է արտասանում։

Նոր հրատարակութունում ճշտվել են և այլ վրիպակներ, բացթողումներ, կրկնվող տողերի կորուստները։ Եղել է նաև դեպք, երբ առաջին հրատարակությունից հետո հեղինակն է մի քանի տող հանել․ դրանք, անշուշտ, չեն վերականգնվել։ Արմինե Թամրազյանը լիահույս է, որ ստացվել է «մի տարբերակ, որն առայժմ ամենամոտն է այն տողերին, որ քսան տարեկան Ռազմիկը գրել է մանկավարժական համալսարանի հանրակացարանի իր կիսանկուղային սենյակում։ Այս գրքով, երևի, փակում ենք «Ռեքվիեմի» այն բաց էջը, որ Ռազմիկն իր ամբողջ կյանքի ընթացքում այդպես էլ չկարողացավ փակել, անընդհատ կարիք ունեցավ շարունակել և շարունակել, ուստի դնում ենք, չգիտեմ, վերջակե՞տը, թե՞ բազմակետը»․․․

Գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը դրվատանքով խոսեց տիկին Արմինեի՝ «հանգի, վանկի, տառի, հնչյունի ճշգրտությամբ» արված հանգամանալից պրպտումների մասին, ինչն անհրաժեշտություն է, երբ գործ ունես բանաստեղծական ժառանգության հետ։ Նա պատմեց, թե ինչպես 1969 թվականին  ամառային զինվորական ծառայության օրերին Գյումրիի (այն ժամանակ՝ Լենինական) գրախանութում տեսել է նոր լույս տեսած «Ռեքվիեմը», ձեռք բերել և համալսարանական ընկերների հետ կլանված կարդացել այն․ այդ տարիներին «այսպիսի վերնագրով գիրք տպագրելն արդեն իսկ հերոսություն էր»։ Ըստ գրականագետի՝ «Ռեքվիեմը» եղավ Դավոյանի կյանքի գիրքը, իզուր չէ՝ որ 1997-ին նա գրեց երկրորդ մասը, ապա որդու՝ Մհերի մահվանից հետո՝ նրան նվիրված մասը, որը «եկավ ամբողջացնելու այս շղթան»։

Դավոյանի պոեզիան գնահատելով որպես «բարձր գրականություն» (այնտեղ «մնայուն արժեքներ կան, որոնք պիտի իրենց տեղը գտնեն հայ քնարերգության ընտրանիում»)՝ Գասպարյանը կարևորեց նաև նրա արձակը, մասնավորապես «Գերդաստան» ինքնակենսագրական պատումը, որի համար ժամանակին առաջաբան է գրել․ «հրաշալի գիրք է, ով չի կարդացել և Ռազմիկին ճանաչում է միայն որպես բանաստեղծ և ո՛չ որպես արձակագիր, անպայման խորհուրդ կտամ այդ գիրքը կարդալ։ Շատ անկեղծ է գրել՝ ընտանիքն է, գերդաստանն է, ինքն է, կյանքի ճանապարհն է՝ որտեղից եկավ, ինչպես հասավ, ինչ եղավ․․․»։ Գրականագետի եզրահանգմամբ՝ այս պատումը Դավոյանին դնում է դասական դարձած մեր գրողների շարքին՝ Գուրգեն Մահարի, Վահագն Դավթյան և այլք, որոնք մեծարժեք կենսապատումներ են ստեղծել։

Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը նշեց, որ Դավոյանն անմահականների դասից է և ի տարբերություն իր սերնդակից շատ բանաստեղծների՝ երբեք «չկորցրեց մանկության հեքիաթը»։ Խաչիկ Մանուկյանը դրվագներ պատմեց Դավոյանի հետ իր հիշարժան հանդիպումներից․ «որտեղ լինում էր Ռազմիկ Դավոյանը, միանգամից մի զրնգուն վիճակ էր ստեղծվում․․․ Շատերին թվում է, թե գրականությունը գալիս է ժողովրդի սերը ստանալու։ Ո՛չ, ընդհակառակը՝ ավելի սեր կա մեջդ, բերում ես տալու։ Իր մեջ շատ սեր կար, բերեց ու բաշխեց այն։ Սերունդները կհաղորդվեն այդ սիրուն»։

Երեկոյի գեղարվեստական մասում ՀՀ վաստակավոր արտիստ Գրետա Մեջլումյանը հատվածներ կարդաց Դավոյանի գործերից՝ յուրահատուկ, արդիական շեշտադրումներով։

Երգահան Վահան Արծրունին կատարեց Դավոյանի խոսքերով գրված երգերի իր շարքից մի քանիսը, որոնք վաղուց ընդունել և սիրել է հայ ունկնդիրը․ Արծրունին սեփական վառ արտահայտված հնչողությունը ունեցող, միշտ ճանաչելի մեր բացառիկ երաժիշտներից է։ Միևնույն ժամանակ, բանաստեղծական հիմքն էլ պակաս կարևոր չէ նրա ստեղծագործություններում, քանզի դրանք միշտ խոր (ու ինչը պակաս կարևոր չէ՝ ժամանակի ընթացքում չհնացող) ասելիք ունեն։

Դավիթ Գասպարյանի բնորոշմամբ երեկոն «գրական տոն» էր․․․ Դահլիճը լեփ-լեցուն էր դավոյանական պոեզիայի սիրահարներով, և, ինչ խոսք, բանաստեղծի աներևույթ ներկայությունն զգալի էր շատերիս համար․․․

 

Աշոտ Գրիգորյան