Դարյա Չերդինցևա. «Ես շատ եմ աշխատում իմպրովիզի հետ»

«SUMMEET» ժամանակակից պարի միջազգային հայաստանյան ամառային փառատոնն արդեն երկրորդ տարին է, ինչ հանդիսատեսին է ներկայացնում կինոպարի իր հատուկ ծրագիրը: Այս տարի փառատոնային ծրագրում տեղի ունեցավ հանրահայտ «Conny Jansen Dunst» պարային ընկերության (Նիդեռլանդներ) «FRAMED» ֆիլմի երևանյան պրեմիերան։ Իսկ ցուցադրության նախօրեին «Կինոպարը դա․․․» դասախոսության ընթացքում Դարյա Չերդինցևան պատմեց կինոյի և պարի սահամանգծում գտնվող այս յուրահատուկ ուղղության ակունքների, տարբեր տարիներին գրված մանիֆեստների և կինոպարի ժամանակակից հեղինակների մասին։ Դարյա Չերդինցևան արդի արվեստի տարբեր հարթակներում ներկայանում է որպես լուսանկարիչ, վիդեո արտիստ, ռեժիսոր ու նաև կինոպարի շարժումով հետաքրքրվող ստեղծագործող, չափազանց տարված է արվեստի այդ ուղղություններով ու աշխատում է մշտապես և´ ուսումնասիրել-դիտել կինոպարը, և´ նկարահանել, և´պարել։ «ArtCollage»-ը ներկայացնում  է Դարյա Չերդինցևայի հետ Սոնա Արսենյանի հարցազրույցը:

-Ի՞նչ նկատի ունեք, երբ ասում եք «կինոպարի շարժում»։

-Մենք տարբեր կերպ կարող ենք սահամանել՝ ինչ է պարը։ Լայն իմաստով, թերևս, ցանկացած շարժում կարող է ընկալվել որպես պար։ Եվ դա կախված է այն բանից, թե ինչպես ենք դիտում շարժումը, որքան երկար ենք մտորում դրա շուրջ, որքան ուշադիր ենք այն պրոցեսներին, որոնք տեղի են ունենում մեր իսկ ներսում, երբ շարժվում ենք և այլն։ Ինձ թվում է, որ շատ կարևոր ու հետաքրքիր է հասկանալ՝ ինչպես է ամենասովորական, կենցաղային ժեստը դառնում պար, և որտե՞ղ է առհասարակ պարի ու «չպարի» սահմանը, կա՞ արդյոք այդ սահմանագիծը։ Օրինակ, վերջերս ես ստեղծագործական լաբորատորիա անցկացրեցի ՆՓԱԿ-ում, որտեղ մենք աշխատում էինք հենց կենցաղային ժեստերի հետ՝ ուսումնասիրելով յուրաքանչյուրիս պլաստիկ «բառապաշարը» ու վերածելով այն պարի։ Այս հարցում ես ոչ առաջինն եմ, ոչ էլ հարյուրմեկերորդը, բայց բուն գործընթացն, ինքնին, շատ հետաքրքիր է։

-Այսինքն, խոսքն այն մարդկանց շարժման մասին է, որոնք պարը շատ ավելի լայն իմաստով են հասկանում՝ առանց սահմանների ու շրջանակների։

-Այո՛։ Մի ժամանակ պարը որպես բեմական, գուցեև էլիտար արվեստ, ընկալվում էր որպես մի տարածություն, որտեղ մարդը որոշակի արտահայտչամիջոցների շնորհիվ որոշակի ուղերձներ է հղում հանդիսատեսին։ Բայց չէ՞ որ կարելի է այլ կերպ վարվել։ Ես պատմեցի Իվոնա Ռայների մասին, որը ժամանակին հրատարակել է «ՈՉ» մանիֆեստը ու մարմնի կենցաղային շարժումները ուշադրության կենտրոն բերել։ Նա ասում էր, որ մեր սովորական շարժման ընթացքում արդեն իսկ կա մարմին, որը որոշակի կերպով տեղակայված է տարածությունում։ Եվ դա արդեն իսկ հետաքրքիր է։ Պարի նման ընկալմամբ մենք, կարծես, պակաս ձևական ենք դառնում։ Ու շատ տրամաբանական է, որ այս նոր ընկալումը մի օր առաջ պիտի գար, որպեսզի չստացվի, որ բոլորն, ի վերջո, ինչ-որ բան են ձևացնում․ պարողը ձևացնում է իր արտահայտչականությունը, իսկ հանդիսատեսը ձևացնում է, որ ընկալում է դա։ Ուշադրություն դարձնելով հենց մարմնին՝ մենք խոսում ենք այն բանի մասին, ինչն իրականում կա և, հուսով եմ, որ ավելի անկեղծ ենք դառնում։

-Նրանց համար, ովքեր չէին եկել դասախոսությանը, կարո՞ղ եք շատ հակիրճ բացատրել՝ ի՞նչ է կինոպարը։

-Կինոպարը կինոյի սինթետիկ ուղղություն է, որը ենթադրում է սինթետիկ՝ համատեղ ֆիլմ. այն ստացվում է և´պարի, և´ նկարահանման տարբեր լուծումների շնորհիվ։ Այսինքն կինոպարը պարզապես պարող մարդուն նկարահանելը չէ, այլ տեսախցիկի և կատարողի համատեղ պարը։ Դա, իհարկե, չի նշանակում, որ տեսախցիկը ֆիլմում պետք է անընդհատ շարժվի։ Այն կարող է ստատիկ լինել, բայց դա բոլոր դեպքերում չափազանց կարևոր որոշում է։

Ես միշտ ասում եմ՝ կինոպարում մենք անընդհատ պետք է հարցնենք՝ ինչո՞ւ է հենց այս շարժումը հենց այսպես նկարահանվել։ Այստեղ տրամաբանական է հիշել կինոպարի հիմնադիր Մայա Դերենին, որն ասում էր․ «Ես ապշել էի, երբ հասկացա, որ կարող եմ ոչ միայն շարժման հետ աշխատել (երիտասարդ տարիքում նա հանրահայտ Կատրին Դենեմի օգնականն էր), ու ոչ միայն նկարահանել, այլև շարժման ու տեսագրման համադրության արդյունքում մի այնպիսի պար ստեղծել, որն իրականում գոյություն չունի»։ Եվ իսկապես, այն ինչ մենք տեսնում ենք կինոպարում, չի կարող գոյություն ունենալ իրական աշխարհում, որովհետև այստեղ մենք ունենք մոնտաժ, շարժման արագությունը փոխելու, շարժումը կրկնելու կամ երկարացնելու, առաջ ու հետ տալու հնարավորություն։

-Ի՞նչ խորհուրդ կտաք դիտել նրանց, որոնք նոր են սկսել հետաքրքրվել կինոպարով։

-Կարծում եմ, սկսել պետք է հենց Մայա Դերենից։ Նրա ֆիլմերը նկարահանվել են գրեթե մեկ դար առաջ, սակայն մինչև հիմա էլ բերանդ բաց ես դիտում դրանք՝ տեսնելով, թե որքան հետաքրքիր ու անսովոր են։ Դերենն ամբողջ կյանքում նկարում էր 16 միլիմետրանոց տեսախցիկով, այսինքն՝ ամենասիրողական տեխնիկայով, ու մշտապես խիստ քննադատում էր Հոլիվուդի մեծ ու մասշտաբային ֆիլմարտադրությունը։ Նա համոզված էր, որ ոչ թե արտադրությունը պետք է բարդ ու բազմաշերտ լինի, այլ՝ գաղափարը, միտքը։ Այն, ինչ նա է բացահայտել, այսօր էլ շատ  արդիական է․ ինչպես է նա կառուցում ֆիլմը, որքան ուշադիր է շարժման հանդեպ, ինչպես է աշխատում կադրի հետ։

-Շատ լավ, կինոպարը տեսագրման լուծումների և նկարահանված պարի համադրություն է։ Բայց նման ֆիլմ դիտելիս Դուք ավելի շատ պարի՞ն եք նայում, թե՞ մոնտաժին, թե՝ ինչի՞ն։

-Ես հենց սինթեզին եմ հետևում։ Ինձ համար կարևոր է այն կախարդական պահը, երբ հայտնվում է մի բան, որը հնարավոր չէր ստանալ միայն պարով, կամ միայն կադրում։ Եվ, իհարկե, մոնտաժին եմ մեծ ուշադրություն դարձնում։ Որովհետև իմաստը կադրում չէ, այլ՝ միացման կետում։

-Եթե կինոպարը պարի և տեսախցիկի հարաբերությունն է, իսկ տեսախցիկը հանդիսատեսի աչքն է, կարո՞ղ ենք, արդյոք, ասել, որ կինոպարը պարի և դիտողի հարաբերությունն է։

-Կինոպարն ամեն դեպքում կինոյի մի ուղղություն է։ Իսկ կինոն «ամենաբռնակալ» արվեստներից մեկն է, մի արվեստ, որ քեզ ինչ-որ բան է ցույց տալիս։

-Իսկ ի՞նչն է փոխվում ռեժիսորի համար, երբ նա կինո է նկարում և ու երբ՝ կինոպար։

-Իմ ֆիլմերում ես շատ եմ աշխատում իմպրովիզի հետ, ու կինոպարի միջոցով սովորում եմ ուշադիր լինել այն ամենի հանդեպ, ինչ կատարվում է այստեղ և հիմա։ Դա այնքան էլ հեշտ չէ։ Որովհետև երբ նկարահանման հրապարակ ես գալիս, արդեն իսկ շատ սպասելիքներ ունես։ Բայց այն, ինչ ի վերջո ստացվելու է, միշտ էլ տարբերվելու է քո գլխում եղած կերպարներից։ Իսկ կինոպարը սովորեցրել է ինձ մի կողմ դնել իմ սպասելիքները ու հետևել՝ ինչ է տալիս իրականությունը։ Որովհետև շատ հաճախ կյանքը շատ ավելի իմաստուն և արժեքավոր է, քան մենք կարծում ենք։ Եվ քո ներսում եղած ձևերի հետևից վազելով՝ դու ամեն ինչ բաց կթողնես։ Այ այդ իրականությունը տեսնելն ու զգալն ինձ կինոպարն է սովորեցրել։

 

Սոնա Արսենյան